Վերջերս հետաքրքիր հոդված կարդացի՝ Your life is not a story: why narrative thinking holds you back (Ձեր կյանքը պատմություն չէ՝ ինչու է նարատիվային/պատմողական մտածելակերպը զսպում ձեզ):
Հոդվածի հեղինակ Քերեն Սիմեչեկը փիլիսոփայության դոցենտ է բրիտանական Ուորվիկի համալսարանում: Նա գրում է, որ մարդիկ հաճախ իրենց կյանքն ընկալում են որպես պատմություն, որն ունի սկիզբ, ընթացք եւ ավարտ, եւ այդ նարատիվային մտածելակերպը կարող է ազդել նրա վրա, թե ինչպես ենք հասկանում ինքներս մեզ եւ ինչ որոշումներ ենք կայացնում կյանքում: Ըստ հեղինակի, կյանքի ընկալումը իբրեւ պատմություն սահմանափակում է մեր աճը եւ խանգարում է լիարժեք ընկալել ներկան:
Քերեն Սիմեչեկը բացատրում է, որ երբ կյանքը ընկալում ենք իբրեւ շարունակական պատմություն, ի հայտ է գալիս անխուսափելիության զգացումը. կյանքի ցանկացած դրվագ կամ իրադարձություն պետք է պարտադիր իմաստ կամ նպատակ ունենա, իսկ դրանց բացակայության պարագայում վրա է հասնում մեղքի զգացումը:
Այս հատվածը կարդալիս հիշեցի որոշ հոգեբանների խորհուրդն այն մասին, որ երբեմն «ոչինչ չանելը» օգտակար է եւ թույլ է տալիս թարմացնել ուղեղը: Բայց, կարծում եմ, անգամ հասկանալով այդ խորհրդի օգտակարությունը, շատերս իսկապես մեղքի զգացում ենք ունենում անգամ այն մտքից, որ կարելի է կես օր կամ մի քանի ժամ ոչինչ չանել:
Հոդվածի հեղինակն առաջարկում է «ապրել ներկայում» եւ կյանքը կանխորոշված ավարտով պատմություն ընկալելու փոխարեն փորձել ապրել այսօրվա պահով եւ պատրաստ լինել փորձարկումների՝ չփորձելով դրանք տեղավորել նախապես նախանշված սյուժեում:
Քերեն Սիմեչեկը նաեւ առաջարկում է փոխել վերաբերմունքը անցյալին: Նրա խոսքով, այն մարդիկ, որոնք չեն կարողանում թոթափել իրենց նախկին արարքների կամ իրադարձությունների բեռը, կարող են հայտնվել սեփական պատմության թակարդում: Հեղինակը կարծում է, որ «ֆիքսված ինքնությունից» հրաժարվելը կարող է մարդկանց օգնել ընդունել նոր հնարավորություններն ու աճի հեռանկարը:
Բնականաբար, ոչ մի տեսություն կատարյալ չէ, բայց կարծում եմ, որ «ներկայում ապրելը» իսկապես կարող է շատ օգտակար լինել հատկապես հայերիս համար:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: