105 տարի առաջ, 1920 թվականի հոկտեմբերի 14-ին, Կարսում լույս է տեսնում «Դիրքերում» թերթի անդրանիկ համարը: Ընդհանուր առմամբ, թերթը 5 թողարկում ունեցավ՝ հոկտեմբերի 14-ին, 17-ին, 19-ին, 21-ին եւ 22-ին:
Առաջին համարի առաջին էջում երեք հոդված էր հրապարակվել:
Առաջինը խմբագրականն էր.
«Մենք մեր թերթը հրատարակում ենք նրանց համար, ովքեր դիրքերում են ապրում:
Անձրեւի տակ, ցուրտ գիշերներին, թշնամու գնդակների դիմաց պաշտպանում են մեր հայրենիքի ազատությունը: Նրանք պաշտպանում են մեր ժողովրդի պատիվն ու կյանքը: Պաշտպանում են Հայաստանի անկախությունը: Ծանր է նրանց գործը, բայց եւ վեհ, որովհետեւ նրանց անձնազոհության շնորհիվ է, որ գոյություն ունի ազատ Հայաստանը: Այն Հայաստանը, որի համար սերունդներ են երազել ու զոհվել:
Այն Հայաստանը, որ դարավոր ստրկությունից զարթնած՝ ուժգին թոթափել է իր ուսերից ստրկության անարգ լուծը եւ այնպես վսեմորեն մտել ազատ պետությունների շարքը:
Դժվար է, այո, հայ զինվորի կյանքը դիրքերում: Մենք ուզում ենք գոնե մասամբ թեթեւացնել նրա վիճակը, կապել նրան արտաքին աշխարհի հետ, տեղյակ դարձնել այն դեպքերին, որոնք կատարվում են Հայաստանի ներսը եւ արտասահմանում:
Մենք ուզում ենք ծանոթացնել դիրքերում ապրողներին, թե ինչ է կատարվում թիկունքում, եւ թիկունքին ցույց տալ, թե ինչ կյանքով են ապրում մեր դիրքերի հերոսները:
Թող թիկունքը արթուն լինի եւ ավելի ուշադիր դեպի առաջավոր դիրքերը: Թող դիրքերում եւ թիկունքում ապրողները հոգով ու գործով ձուլված լինեն իրար հետ, որովհետեւ առանց ճակատի չկա թիկունք եւ առանց թիկունքի չկա ճակատ»:
Երկրորդը Արտաշես Բաբալյանի հեղինակած «Պիտի հաղթենք» հոդվածն էր.
«Պիտի հաղթենք: Այդ է պահանջում հայ ժողովրդի պատիվր, նրա գոյության իրավունքը: Պիտի հաղթենք, քանզի այդ hաղթությամբ է, որ պիտի ամրապնդենք մեր անկախությունը, փրկենք մեր ազատությունը: Պիտի հաղթենք, որովհետեւ ուրիշ ելք չկա: Այլեւս փակված են բոլոր ճանապարհները: Ոչ Վրաստան, ոչ Հյուսիսային Կովկաս՝ այսուհետ տեղ չունի հայ գաղթականը: Ճանապարհը փակված է: Քաղցն ու հիվանդությունը դարան մտած սպասում են հայ շինականին: Ելք չկա: Միայն առաջ, առաջ շարժվելով է, որ կփրկենք մեր ժողովուրդը:
Պիտի հաղթենք, որովհետեւ այդ է պահանջում հայ զինվորի, հայ սպայի պատիվը: Եվ այսպես ամբողջ ժողովուրդը մեկ գիտակցությամբ լցված կհաղթե»:
Երրորդ հոդվածը կոչվում է «Կարսի բերդը», իսկ հեղինակը հրամանատար Սեպուհն է՝ քաղաքի պաշտպանության ղեկավարներից մեկը.
«Կարսի բերդը Հայաստանի բանալին է: Կարսը տվինք, Հայաստանը պետք է համարել տված:
Այս անառիկ եւ անմատչելի բերդը պաշտպանում է մեր փոքրիկ Հանրապետությունը եւ դուռ բաց անում դեպի Կարին ու Սպեր:
Ամեն մի հայ, երիտասարդ թե ծեր, զինվոր, թե սպա, զորապետ ու զորավար հասկանալու են, որ մեր գոյությունը միայն կպահպանվի Կարսով, ուստի ես կոչ եմ անում ամեն նրան, որուն համար թանկ է արյունով ձեռք բերած այս ազատությունը, թողնե իր առօրյա բոլոր գործերը եւ զենքը ձեռին վազե դեպի դիրքերը:
Սեպուհը
Մեր դուշմանը, այդ անգութ թուրքը, եթե ձեռք բերի այս անառիկ բերդը, խրախճանքներ է կատարելու մեր դժբախտ ժողովրդի ու կանանց
հետ:
Ես ինքս, որպես զինվորական, կկարծեմ, որ մեր դուշմանը այն ուժերը երեւան հանել չի կարող, որ մեր ձեռքից խլի Արասի ու Գեւորգ Մարզպետունու անառիկ բերդը՝ միայն թե մենք մի քանի օրով վճռենք թողնել ամեն ինչ եւ կռվենք այն թշնամու դեմ, որը չքնաղ երկիրը դիակներով ծածկել է եւ այսօր միլիոնավոր անմեղների ոսկորները անթաղ են մնացել:
Էհ, քաջարի զինվորներ, առաջ դեպի թշնամին եւ հավատացեք, որ մերն է հաղթությունը»:
***
«Դիրքերում»-ի անդրանիկ համարի լույս տեսնելուց մոտ երկու շաբաթ անց, 1920 թվականի հոկտեմբերի 30-ին, Կարսն ընկավ եւ թուրքական բանակը հայացքն ուղղեց Ալեքսանդրապոլին:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: