Պատերազմից հինգ տարի է անցել։ Հինգ տարի առաջ այս օրը ես մեկ ազատ օր ունեի, ու գնացել էի քաղաքից դուրս՝ ազատությունս վայելելու։ Ու գլխումս չէր տեղավորվում՝ իմ ազատ օրն ինչո՞ւ պատերազմ սկսվեց։ Ինչպե՞ս կարող էր իմ ազատ երկրում, իմ չքնաղ երկրում պատերազմ սկսել։ Զանգեցի մտերիմ ընկերոջս, ով երկար տարիներ Արցախում էր ապրել ու աշխատել, ու գիտեր Արցախն ու առաջնագիծը միլիմետրերով, մանրամասնորեն։ Ու այդպես էլ սիրում էր Արցախը։ Մեզ համար այդ սերն այնքան բնական ընդհանրություն էր։ Ընկերս ասաց՝ պատերազմ է, իսկական պատերազմ։ Ու ես հասկացա՝ երևի վերջն է։ Ուղղակի, որովհետև, ընկերս երբեք ինձ չէր ասել այդ բառը, երբեք, որովհետև խնայել էր միշտ՝ ինձ ու իմ սերը։
Պատերազմից հետո, երբ թվում էր, որ կյանքս ավարտվել է, ամեն–ամեն բան այլևս չկա, նոր աշխատանքի էի անցել։ Ու գրասենյակում ամիսներ անց գործընկերներիցս մեկը ասաց․ «Գիտես, բոլորը հարցնում են՝ դու ի՞նչ ես կորցրել, որ այդպես սգում ես»։ Ու ես հասկացա՝ ես չգիտեմ ինչ ասել մարդկանց։ Ես, որ, փառք Աստծո, չեմ կորցրել ոչ մի սիրելի, հարազատ հոգի, ոչ տուն ու տեղ, ոչ անցյալ, ոչինչ, ես, ես ի՞նչ եմ սգում այսքան անթաքույց։ Ու ես, որ երբեք չեմ դժվարացել ձևակերպում տալ
զգացմունքներիս, բառեր դարձնել տարբեր մտքերս, այսօր չգիտեմ՝ ինչ ասել մարդկանց։ Որովհետև ինքս էլ չեմ կարողանում խոստովանել, որ կորցրել եմ այն ամենը, ինչ ես էի։
Կորցրածս ու դա ձևակերպելու փնտրումների մեջ հաճախ էի վիճում մարդկանց հետ, անգամ ամենամտերիմների։ Ես չէի հասկանում՝ ինչպե՞ս է ստացվել, որ ես կորցրել եմ ամեն բան, իսկ իրենք՝ ոչինչ։ Որ ես չգիտեմ՝ ինչպես ապրել, իսկ իրենք շարունակում են, կարծես ոչինչ էլ չի եղել։ Ես չգիտեի՝ ինչպես նայեմ ավտոբուսում կողքիս նստած փոքրիկ–սիրուն տարեկից կնոջը, որի հեռախոսի էկրանին որդու նկարն է, այն մեկը, որ Եռաբլուրում տապանաքարերին է լինում։ Ես չգիտեի՝ ինչպես ապրեմ մի երկրում, որից գնալու մտքից սարսափում եմ, որի չլինելու վախից մեռնում եմ, բայց որն ինձ այսքան օտար է դարձել։
Ու մի օր, սովորական առօրյա զրույցի մեջ, ավագ գործընկերներիցս մեկը, որ ճիշտ իմ նման կորցրել է ամենը ու միաժամանակ ոչինչ, հանկարծ ասաց՝ Հայաստանի բնակիչները․․․ Ու ես հասկացա՝ ինչ եմ կորցրել ու էլ երբեք–երբեք չեմ վերգտնելու։ Ես կորցրել եմ իմ երկրում, իմ հայրենիքում ապրող մարդկանց հարազատ զգալու, նրանց պատկանելու, նրանցից մեկը լինելու զգացողությունը, որովհետև ես այլևս չեմ տեսնում «հայրենակիցներ», «համերկրացիներ», «ազգակիցներ», «քաղաքացիներ», ես տեսնում եմ մարդկանց, որ իրենց կամքով կամ դրան հակառակ, բնակվում են այս հողի վրա, բայց իրար հետ չունեն այլևս ոչ մի ընդհանուր արժեք, ոչ մի թանկ թրթիռ, ոչ մի երազանք, ոչ մի դառը ցավ։ Ես հասկացա, որ կորցրել եմ այս տեղին պատկանելու զգացողությունը։ Ահա, թե ինչ եմ կորցրել ու ինչ եմ սգում արդեն 5 տարի։
Բայց այս իմացությունն արդեն կարևոր էլ չէ։ Որովհետև հասկացել եմ՝ ես այլևս ոչ մի նյարդ չունեմ՝ կորցրածս ձևակերպելու, ընկալելի դարձնելու համար, որովհետև ուղղակի պետք է ընդունել՝ ես ունեի տեղը, որին պատկանում էի, ու որն անդառնալիորեն կորցրել եմ, բայց շատերը երբեք չեն ունեցել այն։ Ես մեկն էի հազարավորներից, թանկ, հարազատ հազարավորներից։ Հիմա ես մեկն եմ։ Ու երբեմն ընդհանրության զգացողություն ունեմ միայն նրանց հետ, որ դեռ սգում են։
Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: