Վերջին տարիներին այնքան շատ ենք լսում «արագ փոփոխվող աշխարհի» մասին, որ այդ արտահայտությունը ոչինչ չասող կլիշե է դառնում: Բայց երբեմն հանդիպում ես փաստերի, որոնք վկայում են, որ տեխնոլոգիական փոփոխությունները տեղի են ունենում ոչ միայն քո աչքի առջեւ, այլեւ քո անմիջական մասնակցությամբ:
2007 թվականին շարժական ինտերնետ Հայաստանում, կարելի է ասել, չկար: Գործում էր WAP ծառայությունը, որը շատ դանդաղ ու շատ թանկ էր: Mobbis ընկերության տեխնիկական աջակցությամբ գործարկել էինք «Ակումբ» եւ «Կինո» SMS-ծառայությունները: Բջջային հեռախոսից 1500 կարճ համարին ուղարկելով club կամ kino բառերը` բաժանորդը ստանում էր պատասխան SMS-հաղորդագրություն՝ ակումբների եւ կինոթատրոնների տվյալ օրվա ծրագրերով ու սեանսներով: Ծառայություններից յուրաքանչյուրի արժեքը 150 դրամ էր:
Դրանից մի քանի շաբաթ անց Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ ներկայացրեցինք «Բորսայական գնանշումները բջջային հեռախոսում» նախագիծը, որի միջոցով բաժանորդները կարող էին օնլայն հետեւել արտարժույթի բորսայական առեւտրին եւ միջին փոխարժեքի ձեւավորմանը, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալ արժեթղթերի գների եւ պարտատոմսերի եկամտաբերության մասին:
Ամենաեկամտաբերը, սակայն, եղավ 2008 թվականի մարտից «Ֆուտբոլ365» շաբաթաթերթի հետ համատեղ գործարկված եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնությունների արդյունքները ներկայացնող SMS-ծառայությունը: Քանի որ մեր երկրում մարդիկ դրույքաչափեր շատ են կատարում, ծառայությունը մի քանի ամիս «թնդում էր»:
Այսօր, երբ գրեթե ամեն ինչին իրական ժամանակում անվճար հետեւելու հնարավորություն ունենք, դժվար է պատկերացնել, որ 17 տարի առաջ որեւէ տեղեկություն ստանալու համար պետք էր SMS ուղարկել ու վճարել դրա դիմաց:
Բայց, անկեղծ ասած, այսօր էլ հպարտություն եմ զգում այդ նախագծերի համար, քանի որ դեռ այն ժամանակ մենք փորձում էինք դուրս գալ լրատվական գործունեության ընդունված սահմաններից: Այսօր էլ ենք փորձում: Ի վերջո, կարեւորը ստեղծարար լինելն է՝ եթե լավ գաղափար ունես, այն տեղ հասցնելու տեխնոլոգիան միշտ էլ կգտնվի:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: