Արդեն վաճառքում է Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը գիրքը, որն այս թվականի մարտ եւ ապրիլի ամիսներին պաշտպանության նախկին նախարարի հետ իմ 5 երկար զրույցների արդյունքն է:
Այս գիրքն իր ծննդով պարտական է մեկ այլ գրքի: 2025 թվականի սկզբին լույս էր տեսել «44. Պարտություն» գիրքը, որի համահեղինակը փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանն է։ Նա ինձ էլեկտրոնային տարբերակը տրամադրել էր նախքան շնորհանդեսը։ Ես էլ ուղարկեցի այն Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ում ճանաչում եմ 2001 թվականից։ Գրքին ծանոթանալուց հետո ասաց, որ որոշ հատվածներում կանխակալություն
է տեսնում։
Փետրվարին գրքի շնորհանդեսին հանդիպեցի իմ վաղեմի բարեկամ, շվեյցարահայ գրող եւ լրագրող Վիգէն Չըթըրեանին։ Նա է գրել գրքի վերլուծական բաժինը՝ հիմնվելով Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական պատասխանատուների, պատերազմի մասնակիցների հետ վարած հարցազրույցների վրա։
Վիգէնին փոխանցեցի Դավիթ Տոնոյանի խոսքերը։ Ասաց, որ հնարավորության դեպքում կցանկանար հանդիպել նախկին նախարարի հետ եւ փարատել վերջինիս կասկածները։ Հանդիպումը կայացավ իմ «միջնորդությամբ» եւ չնայած նախնական որոշակի լարվածությանը՝ դրական մթնոլորտում անցավ՝ «ոչ հրապարակման համար» ձեւաչափով։
Մի քանի օր անց ինձ մոտ գաղափար առաջացավ հանգամանալից զրույց ունենալ Դավիթ Տոնոյանի հետ՝ այն հրապարակելու նպատակով։ Նա համաձայնեց, եւ 2025 թվականի մարտին եւ ապրիլին 5 զրույց ունեցանք՝ մոտ 10 ժամ ընդհանուր տեւողությամբ։
Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել էր 2020 թ. նոյեմբերին, իսկ 2021 թ. սեպտեմբերի վերջին կալանավորվել էր «ժանգոտ հրթիռների» գործով եւ անազատության մեջ անցկացրել գրեթե երեք տարի, իր բնորոշմամբ՝ «քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման» ենթարկվելով։ Փաստացի սա նրա առաջին ծավալուն հանրային խոսքն է 2024 թվականի օգոստոսին խափանման միջոցի փոփոխությունից հետո։
Զրույցների ընթացքում ձգտել եմ տալ այն հարցերը, որոնք հուզում են մեր հանրությանը՝ հատկապես հաշվի առնելով, որ գիրքը լույս է տեսնելու 2020 թվականի պատերազմի 5-րդ տարելիցին ընդառաջ։ Պատերազմը եւ մեր պարտությունը, անշուշտ, այս գրքի կարեւոր մաս են կազմում, բայց ինձ հետաքրքիր էր հասկանալ, թե ինչը նախորդեց պատերազմին, եւ արդյոք դրանից հնարավո՞ր էր խուսափել։ Փորձել եմ պարզել, թե ինչպես էին կառուցվում զինվորականների եւ քաղաքական ղեկավարության հարաբերությունները վերջին տասնամյակների ընթացքում. Դավիթ Տոնոյանն աշխատել է երեք վարչակազմերում։ Հուսով եմ՝ ստացվել է որոշ չափով ներկայացնել նաեւ զինված ուժերի վերափոխման եւ զարգացման գործընթացը. այսօր քչերն են հիշում ծավալուն ռազմական բարեփոխումները, որոնք մեկնարկել էին մոտ երկու տասնամյակ առաջ։
Այս գրքի նպատակը ոչ թե Դավիթ Տոնոյանի «դիմանկարի», այլ հնարավորինս ամբողջական պատկերի ստացումն էր, ինչը կարող է օգտակար լինել 44-օրյա պատերազմի դասերն ավելի լավ հասկանալու համար։
Արդյոք ինձ գոհացրե՞լ են զրուցակցիս բոլոր պատասխանները։ Ո՛չ։ Բայց անգամ չհամաձայնելով՝ չեմ փորձել իմ «ճիշտը առաջ տանել»։ Ինձ համար ավելի կարեւոր էր այն, որ Դավիթ Տոնոյանը մեր համատեղ աշխատանքին մոտեցավ պատասխանատու կերպով։ Չփորձեց խուսափել ոչ հաճելի հարցերից, բայց միաժամանակ զերծ մնաց հանրությանը հաճոյանալու գայթակղությունից: Ի սկզբանե զգուշացրել էր, որ չի հրապարակելու որեւէ տեղեկություն, որը պետական կամ ծառայողական գաղտնիք է պարունակում:
Զրույցների ընթացքում տեսել եմ, որ Դավիթ Տոնոյանը շատերիս պես ցավոտ հարցերի պատասխաններ է փնտրում, եւ միշտ չէ, որ գտնում է դրանք: Իսկ գիրքն այսպես է ավարտվում.
- Հետ նայելով՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդուն, որը երբեւէ կորոշի ստանձնել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը:
- Թող չհավատա, որ կարող է ամեն ինչ կանխատեսել եւ կանխել: Թող երբեք չկորցնի զգոնությունը ու համարձակություն ունենա ամենածանր պահերին հստակ «այո» կամ «ոչ» ասել: Այդ թվում՝ անմիջական վերադասին:
Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը գիրքը կարող եք գնել «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութներում, ինչպես նաեւ առցանց այս հղումով. https://premium.mediamax.am/am/books/davit-tonoyan:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: