Ոգեւորված վերնագրեր եմ կարդում. «Իսրայելի վարչապետն առաջին անգամ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը»:
Նախ՝ իրականությունն այլ է: Հարցազրուցավարը հարցրել է Բենիամին Նեթանյահուին՝ ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունները: Իսրայելի վարչապետը պատասխանել է.
«Կարծում եմ, ճանաչել ենք: Կարծում եմ, Քնեսեթը համապատասխան բանաձեւ է ընդունել»:
Սխալ է կարծում՝ նման բանաձեւ գոյություն չունի:
Այնուհետեւ, երբ հարցազրուցավարը հարցրել է, թե ինչու Իսրայելի վարչապետները չեն ճանաչել, Նեթանյահուն ասել է. «Հենց նոր ես դա արեցի»:
Սա Հայոց Ցեղասպանության «ճանաչում» որակելու համար պետք է շատ վառ երեւակայություն ունենալ: Ու, պարզվում է, շատերն այն ունեն: Այդ վառ երեւակայությունը չի մարում նաեւ 2020 թվականի պատերազմից հինգ տարի անց:
Վերջին տասնամյակների ընթացքում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների յուրաքանչյուր սրացման ժամանակ, Իսրայելի իշխանության այս կամ այն ներկայացուցիչն ակնարկել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին: Այսօրվա զավեշտն այն է, որ Գազայում ցեղասպանություն գործող Նեթանյահուն «ճանաչում» է Հայոց Ցեղասպանությունը: Ինձ նման «ճանաչում» պետք չէ: Ավելին՝ նման «ճանաչում»-ը պղծում է մեր նահատակների հիշատակը:
«Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գրքում հիշեցրել եմ խոսքերը, որոնք Ռուբեն Վարդանյանն ասել էր 2016 թվականին Երեւանում առաջին «Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո.
«Ինձ չի հուզում, թե ինչ կասի Բարաք Օբաման: Ես չպետք է որեւէ մեկին ապացուցեմ, որ նախնիներիս ընտանիքը սպանվել է թուրքերի կողմից»:
Կարդացեք նաեւ. Հայոց ցեղասպանության (չ)ճանաչումը Իսրայելի կողմից
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: