Վերջերս հրապարակել էինք Մեդիամաքսի լավ բարեկամ Սոֆիա Հակոբյանի Աստվածամոր տաճարից մինչեւ «Նվաճման մզկիթ»․Անին, մենք ու «նրանք» հոդվածը: Բացի նրանից, որ շատ հետաքրքիր ու ուսանելի էր, ջերմ հիշողություն արթնացրեց:
1994-1995 թվականներին ինժեներ-կոնստրուկտոր հայրս եւ իր ընկերը՝ ճարտարապետ Զենոն Սարգսյանը, Հրազդանի Վանատուր թաղամասի համար նախագծեցին Հովվի եկեղեցին՝ ըստ Թորոս Թորամանյանի՝ Անիի Հովվի եկեղեցու վերակազմության նախագծերի։
Եկեղեցու կառուցման նախաձեռնողը եւ ֆինանսավորողը վանատուրցի Ռուբեն Գալստյանն էր: Այն բացվեց 1996 թվականին, երբ հայրս արդեն ողջ չէր եւ բացմանը Զենոնի հետ ես գնացի: Ռուբեն Գալստյանի տան բակում սեղաններ էին գցված եւ մարդիկ տոնում էին եկեղեցու բացումը: Ես էլ հիմարի պես նեղվում էի եւ ուզում էի շուտ Երեւան վերադառնալ:
Ցավոք, մեզ հետ չէ Զենոն դյադյան, որը պապայիս «братец кролик» էր դիմում (ծագումնաբանությունը չեմ հիշում): 2018 թվականի իշխանափոխության օրերին ինձ ֆեյսբուքով գրեց Զենոնի աղջիկը՝ նկարչուհի Մարո Սարգսյանը: Որոշեցինք, որ մի օր միասին կգնանք ու նորից կտեսնենք Հովվի եկեղեցին: Որոշեցինք ու չարեցինք՝ պետք է Մարոյին հիշեցնել ու գնալ:
Մի քանի օր առաջ 30 տարվա ընդմիջումից հետո հանդիպեցի պապայի մեկ այլ ճարտարապետ ընկերոջը՝ Գեւորգ Սաֆրազբեկյանին: Գեւորգը պապայից շատ ավելի երիտասարդ է, սակայն նրան 1990-ականների սկզբին հրաշալի ընկերություն էին անում: Հետո Գեւորգը ընտանիքի հետ Մոսկվա տեղափոխվեց ու մեզ ոչ մի կերպ չէր հաջողվում հանդիպել:
Տարբեր բաներ հիշեցինք: 1994-1995 թվականներին պապան ու Գեւորգը ամառանոց էին նախագծում մի մարդու համար, ում ընդունված է «հեղինակություն» անվանել: Գեւորգին մի դրվագ պատմեցի: 1995 թվականի ամռանը, երբ հայրս արդեն անկողնային հիվանդ էր, այդ մարդը տեսակցության էր եկել: Այդ օրերին «Մոսկովսկիե նովոստի»-ում լույս էր տեսել իմ մեծ հոդվածը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, որն այնպես էին «խմբագրել», որ «Հայք» թերթը գրել էր. «Արա Թադեւոսյան. երբ ներկապնակում սեւ գույնն է միայն» (այդ պատմության մասին կարող եք կարդալ տարիներ առաջ գրված Տեր-Պետրոսյանը, Թոյնբին եւ Շեւելյովը սյունակում):
Պապան «Մոսկովսկիե նովոստի»-ն մեկնեց հյուրին եւ դառնացած ասաց. «Կարդա, տես ինչեր է գրել»: Քանի որ այդ օրերին բոլոր կողմերից «թուք ու մուր էի ուտում», պատրաստ էի ընդունել հերթական չափաբաժինը: Հյուրը անշտապ կարդաց հոդվածը, ակնոցները հանեց, թերթը դրեց մի կողմ ու շատ հանգիստ տոնով պապային ասաց. «Ապեր, սենց ասեմ. էս հոդվածից հետո տղուդ գործերը կամ շատ վատ ա գնալու, կամ՝ շատ լավ»:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: