2020 թվականից անցել է 5 տարի: Այս օրերին հինգ տարի առաջ Երևանն աստիճանաբար վերակենդանանում էր, սոցիալական հեռավորության նորմերը աստիճանաբար մեղմվում էին, ու մենք ագահաբար ըմբոշխնում էինք երկար սպասված ամառը, առանց գիտակցելու, թե ինչ արհավիրք է սկսվելու սեպտեմբերի 27-ին:
Հինգ տարի անց երևանյան ամառն էլ ավելի խայտաբղետ է: Այն ամենն, ինչի մասին այս քաղաքի մարդիկ երազել են, իրականանում է: Բոլորի քիմքին վայել մի բան հաստատ կգտնվի: Երաժշտասերները վայելում են աշխարհահռչակ արտիստների համերգները, գուրմանները գնահատում են մեկը մյուսից ինքնատիպ կոնցեպտով նորաբաց սրճարանները: Դասական արվեստի սիրահարների կյանքը ևս հագեցած է, իսկ սփյուռքից ժամանած հայերի կարոտած աչքերը կարելի է որսալ ամենուր: Այս ամենը հրաշալի է, բայց… Բայց տղերքը չկան:
Այս միտքը վրա է հասնում պարբերաբար: Ընկերների հետ անցկացրած ուրախ երեկոյի ընթացքում, կարևոր միջոցառման կիզակետին կամ պարզապես մայրամուտով հիանալու ընթացքում: Տղերքը չկան:
Երբ համալսարանում էի սովորում, արաբերենի մեր դասախոսը` Էմմա Բենովնան, 1990-ականների մասին խոսելիս, տխրություն արտահայտող ժպիտով հաճախ կրկնում էր. «Մեր սերնդից էնքան լավ տղերք զոհվեցին պատերազմի ընթացքում»: Սիրտս միշտ կծկվում էր այս մտքից, քանի որ Էմմա Բենովնայի սերնդակից ավագ հորեղբայրս նույնպես զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ:
Այժմ ես երկրորդում եմ սիրելի դասախոսիս և հաճախ կրկնում «մեր սերնդից էնքան լավ տղերք զոհվեցին պատերազմի ընթացքում»: Ցավոք, այս միտքը կարող են կրկնել նաև կրտսեր և ավագ սերունդները, քանի որ 44-օրյա պատերազմը չխնայեց ոչ մեկին:
2020 թվականի ամառը տղերքի վերջին ամառն էր: Եթե չլիներ պատերազմը, տղերքից շատերը հիմա մեր հետ միասին կվայելեին երևանյան ամառվա վայելքները: Ոմանք, մոտենալով 30 տարեկանին, գուցե էքզիստենցիալ մտքերի մեջ կլինեին, ոմանք հարսանիքը կպլանավորեին, ոմանք էլ սեփական ստարտափը կունենային…Բայց, ցավոք, պատմության ու «եթե»-ի ջրերը երբեք մի առվով չեն հոսել, ու…տղերքը չկան:
Ամերիկյան Green Day խմբի “Wake Me Up When September Ends” երգում այսպիսի մի տող կա. “As my memory rests, but never forgets what I lost”. (Հիշողությունս հանգստանում է, բայց երբեք չի մոռանում կորցրածս): Հաճախ եմ հիշում հենց այդ տողը, երբ մտքիս են գալիս 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր հորեղբայրս, մեր համալսարանի` ՀՌՀ-ի Տիգրանը (Տիգան), ԵՊՀ-ից Արշակյան Գևը, տատիկիս հարևանուհու տղան` Նարեկը:
Նրանց պես հազարավոր տղերք մեր հետ չեն, բայց ամենուր են ու ամեն տեղ, երբ հիշում ես վայելածդ ամառվա համար վճարված գինը և փորձում պատվով ապրել նրանց չապրած ամառը:
Սոնա Միրզոյանը հաղորդակցության մասնագետ է։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: