«Երեւա, երեւա, Երեւան»-ը՝ երեք տարի անց - Mediamax.am

«Երեւա, երեւա, Երեւան»-ը՝ երեք տարի անց
251 դիտում

«Երեւա, երեւա, Երեւան»-ը՝ երեք տարի անց


Երեք տարի առաջ Մեդիամաքսի «Գրքերի տաղավար» շարքում պատմել էինք Լուսինե Հովհաննիսյանի «Երեւա, երեւա, Երեւան» գրքի մասին: 

«Գրքերի տաղավարը» իմ հատուկ հպարտության առարկան է: Գրեթե ամեն շաբաթ պատմում ենք Հայաստանում լույս տեսած նոր գրքի մասին՝ զրուցելով հեղինակների կամ թարգմանիչների հետ: Շարքը վարում է Արմինե Սարգսյանը՝ նա մոտ 10 տարի առաջ մեր խմբագրություն եկավ եւ համագործակցություն առաջարկեց: Երբ մարդիկ գալիս են առանց նախապես պայմանավորվելու, դու էլ խրված ես լինում ընթացիկ գործերի մեջ, սովորաբար կարճ ու անբովանդակ զրույց է լինում, բայց շատ ուրախ եմ, որ Արմինեի պարագայում այդպես չեղավ: Արմինեն այն եզակի լրագրողներից է, որը երբեք հեղինակի կամ թարգմանչի հետ չի զրուցում՝ առանց նախապես գիրքը կարդալու: Դա է պատճառը, որ իր զրույցները մշտապես հետաքրքիր են ստացվում:

Երբ կարդացի Արմինեի զրույցը Լուսինե Հովհաննիսյանի հետ, հասկացա, որ սա այն գրքերից է, որ պետք է անպայման կարդալ: Հաջորդ օրը գիրքը գնեցի, բայց որոշեցի դեռ չկարդալ: Այդ շրջանում ակտիվ գրում էի Բաղրամյանի պողոտայի մասին գիրքս (որը դեռ անավարտ է մնում), եւ մտածեցի, որ Երեւանի մասին մեկ այլ գիրք կարդալը կարող է ինձ խանգարել: Որոշեցի, որ գիրքս կավարտեմ, հետո հանգիստ կկարդամ «Երեւա, երեւա, Երեւան»-ը: Հետո այլ գրքեր գրեցի, իսկ Լուսինեի գրքի մասին չէի հիշում:


Վերջերս հանդիպել էի գիրքը հրատարակած «Վերնատուն» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանի հետ: Խոսում էինք սեպտեմբերին կայանալիք Yerevan Book Fest-ի մասին, հետո զրույցի ընթացքում եկանք հասանք «Երեւա, երեւա, Երեւան» գրքին: Արմենն ասաց, որ անպայման կարդամ:

Ապրիլին Starmus փառատոնի մեկնելիս տեղեկացել էի, որ Վիեննայից Տեներիֆե թռիչքը 5,5 ժամ է տեւելու եւ գիրքը հետս վերցրեցի: Ամբողջ թռիչքի ընթացքում կլանված կարդացի ու ափսոսացի, որ այդ հաճույքից ինձ զրկել էի 3 տարի: Լուսինեն ինձնից տարիքով մի փոքր մեծ է, բայց գրքում գտա իմ մանկության Երեւանը: Ավելի ճիշտ, այն զգացողությունները, համերը, հոտերը, որ եղել են իմ մանկության Երեւանում: Դրվագներ կային, որոնք կարծես իմ եւ ծնողներիս մասին լինեին: Շատ իսկական գիրք է, որի մեջ շատ սեր կա: Եթե կարոտում եք ձեր մանկության Երեւանը, գնացեք գրախանութ եւ գնեք «Երեւա, երեւա, Երեւան»  գիրքը:

Բայց, երեւի, «մի բան գիտեի», որ գիրքը երեք տարի առաջ չկարդացի: Վերջին հատվածներում Լուսինեն պատմում է իր նոր տան հարեւանուհիներից մեկի մասի եւ ամեն հաջորդ նախադասությունը կարդալիս համոզվում էի, որ հիմա ես եմ այդ տիկնոջ հետ նույն հարկում ապրում: Իսկ երեք տարի առաջ տիկինը դեռ մեր հարեւանը չէր եւ գրքիս ընկալումը հաստատ այլ էր լինելու:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին