Կանգնած ենք շրջանաձև։ Յոթերորդ դասարանի աղջնակը, որ շիկնում է ամեն հարց տալուց առաջ և հետո, դպրոց այցելած հյուրերից մեկի պատասխանից հետո ասում է.
-Առաջ Ձեր պատասխանից կբարկանայի ու կվիճեի, բայց հիմա մտածում եմ՝ սա էլ է հետաքրքիր տեսակետ, արժե մտածել դրա շուրջ։ Ինչպես ընկեր Հ.-ն է սովորեցրել։
Ընկեր Հ.-ն նրանց ֆիզիկայի ուսուցիչն է։
Ուժի, ծանրության, օրենքների, ֆիզիկական երևույթների արանքում աշակերտների հետ հաճախ է խոսում նրանց ներքին ուժի, պատասխանատվություն ստանձնելու ծանրության, հասարակության մեջ ընդունված նորմերի, կանոնների, օրենքների ու տարատեսակ երևույթների մասին։
Երբ առաջին անգամ դասալսում էի իրականացնում նրա մոտ, դպրոցի ուսուցիչ մեկ այլ գործընկեր նրան խորհուրդ տվեց՝ աշակերտների հետ այդքան շփվել չարժե, տուժում է ֆիզիկան։
Մենք երկար քննարկում էինք՝ ո՞րն է ուսուցչի դերը՝ առարկայի վերաբերյալ գիտելիքները ներբեռնել աշակերտների ուղեղնե՞ր, թե մեկ այլ, ավելի լայն ու մեծ դեր ունի ուսուցիչը։
***
«Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը` ձեռիդ,
Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե բարեկամըդ և թե թշնամիդ»:
«Մարդկային աշխարհ, արյան բաղանիք, ուր թույլն` հանցավոր և հզորն` արդար,
Ուր մարդը տխեղծ` ինչ-որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար»։
Իսահակյանի այս տողերն է առանձնացրել գրականության ուսուցչուհին, ում գրած դասի պլանն եմ դիտարկում։
Թեման՝ «Աբու-Լալա Մահարի», ու մեջբերված տողերի տակ ուսուցիչը նշել է՝ աշակերտների շրջանում միմյանց վիրավորելու, բուլինգի դրսևորումներ են առկա։
Դասաժամին կքննարկենք այս հարցը՝ «Եթե աշխարհում մարդիկ վատ են վարվում միմյանց հետ, դու ի՞նչ կարող ես անել քո դասարանում, քո ընտանիքում կամ ընկերներիդ շրջանում։ Ինչպե՞ս կապացուցես Աբու-Լալա Մահարիին, որ մարդկությունը, մարդասիրությունը դեռ ապրում է»։
Դասը թեքել է դեպի մարդասիրությունը. թեման մի քանի ժամով են անցնում, ամեն ժամի համար մեկ արժեք է առանձնացրել։
Կտուժի՞ գրականությունը։ Կտուժի՞ «ծրագիրը»։ Կտուժի՞ ինչ-որ բան։
Գիտեմ միայն, որ կշահի մարդը, կշահի երեխան, կշահի հասարակությունը։
***
Դպրոցում, որտեղ դասավանդել եմ, պարբերաբար փոխադարձ դասալսումներ էինք իրականացնում։
Ուսուցիչներն ինձնից մեծ էին տարիքով, փորձառու, սկզբում, մեծամտաբար, այնքան էլ չէի կարևորում նրանց մոտ դաս լսելը, որովհետև համոզմունք ունեի, որ հին մեթոդներով, ստանդարտ, անհետաքրքիր դասեր են լինելու։
Հայոց պատմության դասին գնացի չուզելով։ Դասալսման թերթիկը մի կողմ դրի՝ վստահ, որ վերջում մի երկու թեթև նկատառում կգրեմ, կանցնի, կգնա։
Ընկեր Ա.-ն անակնկալ ասաց՝
- Նախորդ դասը չեմ հարցնելու, գրքերը փակեք։ Այսօր քննարկելու ենք կոնկրետ իրադարձության ազդեցությունը մեր երկրի և պատմության վրա։
Գրատախտակին գրեց մեկ նախադասություն՝ 301 թվականին հայերն ընդունեցին քրիստոնեություն։
Ապա եղավ հարցերի տեղատարափը՝
- Ի՞նչ տարբերություններ և նմանություններ կային հեթանոսական և քրիստոնեական արժեքների միջև։
- Ինչպիսի՞ քաղաքական, մշակութային կամ արտաքին վտանգներ կարող էին կանխել քրիստոնեության ընդունմամբ։
- Ի՞նչ ազդեցություն ունեցավ քրիստոնեությունը հայ մշակույթի զարգացման վրա։
- Արդյո՞ք Հայաստանի քրիստոնեացումը կարող էր ունենալ բացասական հետևանքներ։ Եթե այո, ապա ինչպիսիք։
- Եթե դուք ապրեիք այդ ժամանակաշրջանում, կընդունեի՞ք քրիստոնեություն, թե կհավատարիմ կմնայիք հեթանոսական հավատքին։ Ինչու՞։
- Ինչպե՞ս են 301 թվականի իրադարձությունները ազդում ժամանակակից Հայաստանի ինքնության և մշակույթի վրա։
- Արդյո՞ք կրոնի պետական դառնալը կարևոր էր հայ ժողովրդի միասնականության համար։ Ինչպիսի՞ իրավիճակ է այսօր։
Հարցերը, որ հնչում էին, միանգամից բռնկեցին աշակերտներին տվյալ թեմայով՝ բուռն քննարկումների, աչքերի փայլի, հավանության, անհամաձայնության 15 րոպե էր դա։
Տեսակետները տարբեր էին, միմյանց հետ երբեմն համաձայն էին, երբեմն՝ ոչ, բայց որևէ մեկն իրեն վիրավորված չէր զգում իր կրոնական համոզմունքների համար։
Ես գիտեի, որ ընկեր Ա.-ն, ով այս հարցերը բերել էր դասարան, աթեիստ է, սովետական մարդ էր՝ եկեղեցու հետ քիչ առնչված, պոլիտեխնիկն ավարտած( և այո, հայոց պատմություն էր դասավանդում)։
Բայց ոչ հարցերում, ոչ աշակերտների պատասխանների արձագանքներում չէիր տեսնի նրա աթեիստ լինելը. Նա այդ պահին ուսուցիչ էր՝ աշակերտների քննական մտածողությունը զարգացնող, աշակերտների արտահայտմանը նպաստող, վերլուծել, վիճարկել սովորեցնող։
Հաջորդ դասն ինձ մոտ գրականություն էր։ Ես բոլորովին այլ կերպ էի պլանավորել դասն անցկացնել. հատուկ նպատակ ունեի աշակերտների համար բացահայտել Խաչատուր Աբովյանի կատարած գործի անհերքելի մեծությունը։
Բայց ներսումս շարունակում էին եռալ մարդու մտածողության զարգացման կարևորության մասին մտքերը. վիճարկել, վիճարկել, վիճարկել- կրկնում էի մտքում։
«Աբովյանի՝ տվյալ ժամանակի ժողովրդական-խոսակցական լեզվով գրելը խաթարեց գրականության դասական լեզվի զարգացումը և հեռացրեց մեզ գրաբարյան և միջնադարյան գրականությունից»:
- Համաձա՞յն եք, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կփաստարկեք։ Վիճարկեք կամ պաշտպանեք այս միտքը։
Դասի վերջում ես գիտեի, որ դուրս եմ գալիս դասարանից, որտեղ աշակերտները կույր փառաբանողներ չեն, որտեղ մարդիկ են մեծանում, ովքեր ամենահեղինակավոր կարծիքի դիմաց էլ կկարողանան կանգնել պաշտպանելու կամ վիճարկելու՝ փաստերով ու հարգալից բոլոր կողմերի հանդեպ։
***
Սեպտեմբերն է, ուսուցիչը, ում այցելել եմ, կյանքում 3-րդ անգամ է մտնում դասարան։
Խոսում է հուզված, անընդհատ իմ հայացքն է որոնում։
Ափերը քրտնած են, բայց գիտեմ՝ հաջողելու է։
Պաստառը, որի վրա գրված է «Դասարանային պայմանագիր», պահել է իր դիմաց։
Կապույտ աչքերով չարաճճի մի երեխա ասում է՝
-Էդ բանը դարտակ դի՞ ըլիլ (դատարկ է լինելու՞)։
-Ոչ, - ծիծաղը հազիվ զսպում է նորաթուխ ուսուցչուհին, - հիմա միասին կնքելու ենք մեր դասարանային պայմանագիրը։ Իսկ միասին ենք կնքելու, քանի որ սա ոչ թե իմ, այլ մե՛ր պայմանագիրն է, ու կետերը ինքներդ եք որոշելու։
Ուսուցչուհին երկար խոսում է կանոնների մասին։ Հատուկ նշում է՝ կանոններ որոշելիս պետք է առաջնորդվել հետևյալ հարցով՝ «Ինչպե՞ս եմ ուզում, որ ինձ հետ վարվեն», և եթե, օրինակ, ուզում եք հարգալից վարվեն, գրում եք կանոն՝ լինել հարգալից միմյանց հանդեպ։
Երբ հասնում են կանոնների խախտմանը, աշակերտներն սկսում են աղմկել։
-Օրինակ, էն օրը մեր դասարանի վարագույրը Արմենը ճղեց, ո՞նց ենք պատժելու իրան։
-Անկյուն կանգնացնենք։
-Դասարանից հանենք։
-Ծնող կանչենք։
Ուսուցչուհին դժվարությամբ լռություն է հաստատում, ու հարցեր է տալիս՝
-Եթե վարագույրը պատռելու համար Արմենին անկյուն կանգնեցնենք, վարագույրը կդադարի՞ լինել պատռված։
Երեխաները ծիծաղում են։
-Իսկ եթե վարագույրը հանենք և խնդրենք Արմենին, որ մինչև վաղը իր արածի հետևանքները վերացնի, կլինի՞։
-Այսինքն, տանեմ- կարե՞մ,- աչքերը կլորացնում է նա։
-Այո, այսինքն, եթե ցանկացած որևէ կանոն խախտենք, ոչ թե մտածենք պատժի մասին, այլ մտածենք հետևանքի մասին։ Ոչ թե վախենանք, այլ պատասխանատու լինենք։
Աշակերտներից մեկն առաջարկում է՝ օրինակ, եթե որևէ մեկը մյուսին վատ բառ ասի, ոչ թե մենք էլ իրեն վատ բառ ասենք, այլ հետևանք տանք, ասենք, գնա՝ ներողություն խնդրի, կլինի՞։
Հետո միտքը զարգացնում, ու «անհարգալից լինելու դեպքում ընկերոջը պարզաբանող ու ներողություն պարունակող նամակ գրելն» են ընտրում որպես հետևանք։
Վերջում մատները թաթախում են ջրաներկի մեջ, ու մատնահետքերով ստորագրում են իրենց պայմանագիրը։
-Այլևս դարտակ չի, տես,- ժպտում է կապույտ աչքերով աշակերտին։
Դպրոցից տուն վերադարձին մտածում եմ՝ քանի՞ դպրոցում այսօր կնքված կլինի դասարանային պայմանագիր, վարվելակերպի համաձայնագիր, քանի երեխա մտածած կլինի, որ կարևոր է «Վարվիր այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն»-ը դառնա կանոն բոլորի համար, այլապես չի աշխատի։
***
-Ծնողն ինձ միայն խանգարում է, անընդհատ պաշտպանում է երեխային, իր փոխարեն գրում է տնային աշխատանքը, - հուզված վրա է բերում մեր ուսուցիչներից մեկը, ում աշակերտը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի, սակայն նրա հետ աշխատանքը չի ստացվում արդեն երկու տարի։
- Իսկ ինչու՞ է պաշտպանում, ինչու՞ է վախենում երեխային թողնել, որ տնայինը ինքը գրի՝ թեկուզ սխալ։
-Դե… մի անգամ նկատողություն եմ արել իր ներկայությամբ, երեխան հուզվել է, - ասում է ուսուցիչը՝ մեղքի զգացումով։
-Իսկ խոսե՞լ ես ծնողի հետ առանձին, միասին պլանավորե՞լ եք իր երեխայի աճը, գոնե փոքրիկ նպատակներ սահմանե՞լ եք միասին։ Ծնողը վստա՞հ է, որ դու պատրաստ ես աջակցել իրեն ու իր երեխային։
Պարզվում է՝ ծնողի հետ առանձին, մտերմիկ զրույց այսքան ժամանակ չեն ունեցել, ինքը ծնողից է վախեցած, ծնողն՝ իրենից։ Եվ հետևաբար ինքը ծնողին է մեղադրում չհաջողելու մեջ, ծնողն՝ իրեն։
Երկու ամիս է անցել այս խոսակցությունից։ Ուսուցիչը, ում հետ զրույցը տեղի էր ունենում, ինձ լուսանկարներ է ուղարկում՝ տարին են ամփոփում։ Նկարների մեջ կանգ եմ առնում մեկի վրա՝ ինքը, ԿԱՊԿ ունեցող երեխան և նրա ծնողը՝ միասին։
Երեքն էլ ժպտում են։ Ծնողի ձեռքում ուսուցչի կողմից տրված խրախուսանք- հավաստագիրն է՝ «Տրվում է … …-ին, այս կիսամյակում ուսումնական պրոցեսին և աշակերտի աճին նպաստելու համար»։
Երբ առաջընթացի համար ոգևորող նամակ եմ ուղարկում ուսուցչին, ասում է՝ շնորհակալ եմ, որ ինձ այն ժամանակ ուղղեցիք այն հարցերը։ Այսքան ժամանակ որևէ մեկը չէր հուշել, որ ծնողների հետ աշխատանքը, անկեղծ զրույցն այդքան բան կարող է փոխել։
Ես դասավանդում եմ արդեն 10 տարի, իսկ ծնողն, ախր, առաջին անգամ է ծնող, ինքն էլ չգիտի՝ ինչպես վարվել։
***
Ամեն անգամ, երբ ծածկադմփոցի լճակն ինչ-որ քար է ընկնում ու ջրի երես են դուրս գալիս արժեքների, գիտելիքի, կրթության, դաստիարակության պակասը, մենք նոր ուժով ենք անակնկալի գալիս։
Քննարկում, վրդովվում, մեղավորներ գտնում։
Այո, մենք կարող ենք պաշտպանել կամ դատապարտել ուսուցչին սոցցանցերում, հեռացնել տնօրենների, ծնողներին ստիպել՝ երեխային տեղափոխի այլ դպրոց, բայց արդյո՞ք դրանով կփոխենք ինչ-որ բան։
Եվ մենք կարող ենք ուժեղացնել ուսուցչին՝ կրթել, օգնել, աջակցել, խրախուսել, բարձրացնել նրա դերը։
Մենք սովորեցրե՞լ ենք մեր ուսուցչին պաշտպանել ինքն իրեն, տվե՞լ ենք բավարար ռեսուրս թույլ ու վիրավորված չլինելու։
Մենք կարող ենք ու պետք է ակնկալիքներ ունենանք տնօրենից, իսկ մենք սովորեցրե՞լ ենք տնօրենին կառավարել մարդկանց, կոնֆլիկտներ հարթել։
Եվ մենք կարող ենք անընդունելի համարել ծնողների քայլերը, դատապարտել, կոչ անել զրկել ծնողական իրավունքից, խոսել դաստիարակության կարևորությունից։
Բայց մենք նաև կարող ենք փոխել մոտեցումները, կրթել ծնողին, սովորեցնել դաստիարակել, կրթության կողմ դարձնել ծնողին՝ լսել, կապի մեջ լինել, օրինակ լինել նրա համար։
Մենք կարող ենք վիրավորել երեխաներին, դատապարտել նրանց պահվածքը:
Բայց մենք կարող ենք հարց տալ ինքներս մեզ՝ երեխան գիտի՞ ՝ ինչ է ինքնակարգավորումը, երեխան ունի՞ հուզական բավարար ինտելեկտ, երեխային սովորեցրե՞լ են՝ ինչ է դրական վարվեցողությունը, դասարանային մշակույթը։
Երեխան գիտի՞ վերլուծել, վիճարկել, քննադատաբար մոտենալ հարցերին։
Մենք տվե՞լ ենք մեր երեխաներին բավարար արժեքներ, բավարար հմտություններ։
Երեխան գիտի՞, որ ինչ-որ պահի կանոն է դառնում այն, թե ինչպես է ինքը վարվում ուրիշների հետ։
Մարդն ու հասարակությունն, ի վերջո, ձևավորվում են բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, մենք մեզ փնտրե՞լ ենք այդ գործոններում։
Մենք հիմա կարող ենք հարց տալ ինքներս մեզ՝ ե՞րբ, որտե՞ղ պետք է սկսվի մեր հասարակության առողջացումը։
-Ընտանիքներից,- արդարացիորեն կասեք դուք։
Իսկ այդ ընտանիքներում մեր երեկվա աշակերտները չե՞ն։
-Դպրոցներից,- արդարացիորեն կասեք դուք։
Իսկ այդ դպրոցներում նույն ուսուցիչները չե՞ն, ովքեր դասավանդել են այս երեխաներին, այս ծնողներին։
Ուրեմն միայն մի կողմում մեղավորներ փնտրելը, մեղավորներ փնտրելն ընդհանրապես, կօգնի՞ առողջացմանը։ Թե՞ քայլեր են պետք բոլորիս կողմից։
Թե՞ մեզնից ամեն մեկը՝ ուսուցիչ, կրթության կազմակերպիչ, նախարար, աշակերտ, ծնող, պետք է գոնե մի պահ, գոնե մի անգամ փնտրի նաև մե՛ր պատասխանատվության բաժինը մեր երկրում, մեր դպրոցներում, մեր հասարակությունում տիրող իրավիճակի համար։
Վերջիվերջո, կարևոր չէ, թե քարն ով է նետում, որովհետև միշտ քարեր նետվելու են, կարևոր է, թե ինչ ենք ամբարել ջրի տակ ու ամեն հուզումից հետո ինչ է դուրս գալիս ջրի երես։
Նարինէ Վարդանեանը լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: