15 տարեկան երջանկությունը - Mediamax.am

15 տարեկան երջանկությունը
3099 դիտում

15 տարեկան երջանկությունը


15 տարի առաջ՝ 2010 թվականի մարտի 26-ին եւ 27-ին, ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի: Եթե այդ օրերին ներկա եք եղել Deep Purple-ի վոկալիստ Իեն Գիլանի բարեգործական համերգներին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դուք ինձ կհասկանաք:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Համերգների եւ դրանց պատրաստման ընթացքի մասին գրել եմ իմ «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքում, բայց հիշողություններն այնքան շատ են, որ թեման անսպառ է թվում:

Ամենից լավ եմ հիշում մարդկանց դեմքերը համերգների վերջնամասում եւ դրանց ավարտից հետո: Բոլորը՝ անկախ տարիքից, խանդավառ էին, բոլորը մոռացել էին իրենց մեծ ու փոքր խնդիրներն ու հոգսերը: Բոլորը երջանիկ էին:

Իեն Գիլանը 1990 թվականից հետո առաջին անգամ էր ելույթ ունենում Հայաստանում: 20 տարվա դադարից հետո նա իսկապես վայելում էր հանդիսատեսին, հանդիսատեսն էլ՝ իրեն:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գիլանը անկեղծ հիացմունքով էր խոսում մեր նվագախմբի երաժիշտների մասին: Անցել է 15 տարի, իսկ ես պարզ հիշում եմ փողային գործիքներ նվագող երաժիշտների չարչարված դեմքերը, որոնց վրա առանձնանում էին գովասանքի
խոսքերից փայլող աչքերը: Գիլանն ինձ ասել էր, որ այդ համերգները իր կարիերայի «կուլմինացիոն պահերից» էին, իսկ նա բառեր շռայլող մարդ չէ:

15 տարի առաջ մի քանի անգամ ասել եմ եւ հաճույքով կկրկնեմ այսօր՝ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը նոր շենք ունեցավ բոլոր այն մարդկանց շնորհիվ, որոնք 2010 մարտին համերգների տոմսեր էին գնել: Նրանք բոլորը 2013 թվականից վերաբացված դպրոցի եւ այնտեղ կրթություն ստացող երեխաների հաջողությունների համահեղինակներ են:



Երկար կարող եմ գրել, բայց միեւնույն է, բառերն ի զորու չեն նկարագրել այն անհավանական եռամիասնությանը, որը ձեւավորվել էր Իեն Գիլանի, նվագախմբի եւ հանդիսատեսի միջեւ: Ուստի կառաջարկեմ դիտել երկրորդ համերգի վերջնամասը: Պարզապես նայեք մարդկանց դեմքերին՝ երջանկությունը հենց այդպիսին է լինում:



Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին