Վերջին օրերին Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը եւ համախոհները ակտիվ «փոխհրաձգության» մեջ են: Ինքս միայն մի քանի դրվագ եմ նկատել, բայց դա էլ բավարար էր կատարվողի մասին պատկերացում կազմելու համար:
Կարծում եմ, վաղուց գաղտնիք չէ, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց ամիսներ հետո նրա հարաբերությունները իրեն հետնորդ հռչակած Ռոբերտ Քոչարյանի հետ սկսեցին փչանալ:
Այն, ինչ կատարվում է այսօր, 17 (!!!) տարի անց, թերեւս, նրանց անձնական եւ քաղաքական «ապահարզանի» կուլմինացիան է: Տարբերությունն այն է, որ 2008 թվականին Արցախը կորսված չէր, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զրկված չէին իրենց հայրենիքն ու հարազատների շիրիմները այցելելու հնարավորությունից, Հայաստանը կանգնած չէր գոյաբանական խնդիրների առջեւ, իսկ եթե որեւէ մեկն ասեր, որ 2025 թվականին Բաքվում դատելու են իրենց ընկերներին՝ Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին, այդ մարդուն անհապաղ հոգեբուժարան կուղարկեին:
2020 թվականի նոյեմբերից եւ հատկապես 2023 թվականի սեպտեմբերից հետո ինքս ինձ տասնյակ անգամներ տվել եմ այս հարցը եւ հուսահատվել եմ պատասխան չգտնելու անզորությունից՝ Արցախի կորստից ի՞նչ ավելի սարսափելի բան պետք է տեղի ունենա, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները: Կամ գոնե դրանք նման կերպով ի ցույց չդնեն:
2012 թվականի դեկտեմբերին, երբ շատերը շունչները պահած սպասում էին՝ արդյո՞ք Քոչարյանն առաջադրվելու է 2013 թվականի ընտրություններում, նա հարցազրույց տվեց եւ, մասնավորապես, ասաց.
«Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է»:
Նաեւ ավելացրել էր. «չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը»:
Փաստացի՝ 13 տարի անց, երբ իրականությունը որեւէ աղերս չունի 2012 թվականի «խաղաղ ժամանակների» հետ, կատարվողն այլեւս տհաճություն չի պատճառո՞ւմ:
2008 թվականի հուլիսի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանը ասուլիս էր հրավիրել իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ: Նախագահի թիմի անդամները ինձ առաջարկեցին, որ Սերժ Սարգսյանին խնդրեմ մեկնաբանել կարծիքները իր եւ պաշտոնաթող նախագահի միջեւ լուրջ տարաձայնությունների մասին, որոնք տարածվել էին Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերից հետո, որ եթե ինքը շարունակեր ղեկավարել երկիրը, ապա Թուրքիայի նախագահը Երեւան գալու հրավեր չէր ստանա:
Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր.
«Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը եւ ինչպես Դուք եք ասում, ավելի ճիշտ՝ գուցե ոչ թե Դուք եք ասում, այլ փոխանցում եք հասարակության մեջ շրջանառվող կարծիքը, խոր հակասություններին, ես կարծում եմ՝ Քոչարյանի հայտարարությունն իր մեջ բացարձակապես որեւէ քննադատություն չի պարունակում: Ուղղակի նախագահ Քոչարյանն իր անհամաձայնությունն է հայտնել իմ կոնկրետ քայլի նկատմամբ: Նախկինում էլ բոլոր հարցերում չէ, որ մենք միակարծիք ենք եղել, եւ ես նախընտրել եմ իմ կարծիքը նրան հայտնել ոչ հրապարակավ: Ես հարգում եմ նրա որոշումը՝ հրապարակավ հայտնելու իր կարծիքը, եւ այստեղ որեւէ տարօրինակ բան չեմ տեսնում: Ինչ վերաբերում է խոր հակասություններին՝ շատ երկար տարիներ բազմաթիվ մարդիկ մշտապես փորձել են հակասություններ, տարաձայնություններ գտնել իմ եւ Քոչարյանի միջեւ: Ընդ որում, նրանք եղել են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչներ, այլեւ՝ մարդիկ, ովքեր գտնվել են իշխանության մեջ, բայց բավարարված չեն եղել իրենց դիրքով: Գուցե ոմանք ինձ համարել են իրենց հակառակորդը եւ մշտապես փորձել բաժանել, գժտեցնել մեզ: Նրանց դա չի հաջողվել: Հիմա էլ նույնն են շարունակում: Այդ մարդիկ ուղղակի չկարողացան հասկանալ, որ իրենց ջանքերը զուր են, եւ, ընդհանրապես, կարծում եմ՝ պետք չէ մութ սենյակում սեւ կատու փնտրել, մանավանդ որ այն չկա»:
Ցավոք, փաստացի ստացվեց, որ «կատուն» այս ամբողջ ընթացքում սենյակում էր:
2018 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանի հետ մեծ հարցազրույց էի արել: Նշել էի, որ վերջին 10 տարիներին նա շատ է քննադատել իշխանություններին եւ ուղիղ հարցրել էի.
- Զղջո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանին ընտրեցիք որպես հետնորդ:
Պատասխանն այսպիսին էր.
«Պատմությունը ենթադրություններ չի սիրում, այնպես որ՝ պոստֆակտում գնահատականներ չեմ տա»:
Իսկ երբ հարցրել էի՝ արդյո՞ք կորցրել եք Ձեր ընկերոջը, ասել էր.
«Մենք չենք վիճաբանել, չենք կռվել, բայց մեր հարաբերությունները վերածվել են ֆորմալ շփումների՝ ծննդյան օրերի շնորհավորանքների կամ մտերիմների մահվան դեպքում՝ ցավակցությունների տեսքով: Ինձ համար դա հեռավորության գիտակցված պահպանում էր այն քաղաքականությունից, որը ես, այս կամ այն չափով, չէի ընդունում: Մենք երկար տարիներ ընկերներ էինք, մամուլը միշտ սերտորեն կապում էր մեզ իրար հետ, եւ ես ցանկանում էի մարդկանց ցույց տալ, որ չեմ կիսում իշխանությունների քաղաքականությունը մի շարք ուղղություններով»:
Կարող եք ինձ միամիտ կամ իդեալիստ անվանել, բայց ես վստահ եմ, որ խնդիրը հենց այստեղ է. «մենք չենք վիճաբանել, չենք կռվել»: Բավական լավ եմ ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, որոշ չափով՝ Սերժ Սարգսյանին, եւ ապշում եմ, որ այս մարդիկ՝ 17 (!!!) տարի տարաձայնություններ ունենալով, որեւէ անգամ մի սենյակում չեն փակվել, «տղամարդավարի» չեն խոսել եւ գոնե չեն ուրվագծել այն «կարմիր գծերը», որոնք չեն հատելու: Սա մի բան է, որը ես երբեք չեմ հասկանա եւ չեմ ընդունի:
Ես չգիտեմ, թե ով է մեղավոր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վեճում: Բայց գիտեմ, որ մեդալը միշտ երկու կողմ ունի եւ հարաբերություններում չեն լինում իրավիճակներ, երբ մեկը 100 տոկոսով ճիշտ է, իսկ մյուսը՝100 տոկոսով սխալ: Ու եթե մարդիկ ընդունում են, որ ընկերներ են եղել, պարտավոր են լուծումներ գտնել եւ եթե ոչ «բարիշել», ապա գոնե գիտակցել, որ Արցախի կորստից, իրենց կյանքի գործի անէացումից հետո իրենց վեճը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում հասարակությունում:
2012 թվականի փետրվարին բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը հրապարակել էր Սերժ Սարգսյանի հետ 2000 թվականին արված հարցազրույցի ամբողջական սղագրությունը: Այն այսպես էր ավարտվում.
«Գիտեք, մենք Քոչարյանի հետ բավական երկար գրպանում նռնակ էինք պահում՝ կապված ձգանով» («Знаете, мы с Кочаряном довольно долго ходили с гранатой в кармане, чека которой была завязана»):
Կրկնվեմ՝ կարող եք ինձ միամիտ եւ իդեալիստ համարել, բայց ես միշտ կարծել եմ, որ նման բաների վրայով մարդիկ չպետք է անցնեն: Հատկապես, երբ այդ «անցումից» օգտվում է մեկ մարդ՝ «Իրական Հայաստան» կառուցողը:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: