Accuradio-ն եւ 1976-ը - Mediamax.am

Accuradio-ն եւ 1976-ը
109 դիտում

Accuradio-ն եւ 1976-ը


2019 թվականի հունվարին Իեն Գիլանի հետ էլեկտրոնային փոստով քննարկում էինք հունիսին նրա եւ Թոնի Այոմիի Հայաստան կայանալիք այցի ծրագիրը՝ Rock Aid Armenia նախաձեռնության 30-ամյակի կապակցությամբ:

Գիլանն այդ ժամանակ արձակուրդում էր՝ Կարիբյան ծովի Կայմանյան կղզիներում (այնտեղ է ապրում իր մենեջեր Ֆիլ Բենֆիլդը) եւ սովորականից ավելի ընդարձակ էր պատասխանում նամակներին:

Ծրագրի նախնական տարբերակից բացի նրան էի ուղարկել Անհավատալի բացահայտումներ՝ ամսական $ 5.99-ով սյունակս՝ հետաքրքիր էր իր կարծիքը լսել: Պատասխան նամակում գրել էր, որ երբ վերջերս Լոնդոնում այցելել էր մի երիտասարդ բժշկի, վերջինս ասել էր. «Այսօր երաժշտությունը շատ ավելի լավն է, քան նախկինում»: Ու մինչեւ Գիլանը փորձում էր հասկանալ բժշկի միտքը, վերջինս պարզաբանել էր, որ ի նկատի ունի երաժշտության մատչելիությունը եւ ոչ թե որակը:

Այդ նույն նամակում Գիլանն ինձ համար բացահայտեց Accuradio անվճար օնլայն ռադիոն, որտեղ յուրաքանչյուրդ կարող եք ձեր ճաշակին համապատասխան ալիք գտնել: Ասաց, որ հյուրախաղերի ժամանակ առավել հաճախ լսում է ‘Africa Calls’ ալիքը, որը հասանելի է «Համաշխարհային երաժշտության» հատվածում: «Այն միշտ արեւ է բերում հյուրանոցի իմ սենյակ՝ անկախ նրանից, թե դրսում ինչ եղանակ է», - գրել էր նա:

Accuradio-ն պարբերաբար լսում եմ գրասենյակում: Նախկինում աշխատելիս երաժշտություն չէի լսում՝ խանգարում էր, հիմա ընդհակառակը՝ օգնում է: Վերջերս էլ բացահայտեցի, որ Classic Rock ալիքում կար ենթաալիքներ, որտեղ ներկայացված են կոնկրետ տարեթվին թողարկված երգերը: Պարբերաբար լսում եմ 1976-ին (ծննդյանս տարեթիվն է) գրված երգերը: Շատ հետաքրքիր զբաղմունք է՝ փորձել հասկանալ, թե մարդիկ ինչ երաժշտություն էին գրում եւ լսում այն ժամանակ, երբ դու նոր էիր ծնվել:

Ի դեպ, 1976-ին շատ հայտնի խմբեր հայտնի ալբոմներ են ձայնագրել: Թվարկեմ մի քանիսը՝ Led Zeppelin-ի Presence-ը, Thin Lizzy-ի Johnny the Fox-ը, Genesis-ի Wind & Wuthering-ը, Aerosmith-ի Rocks-ը, AC/DC-ի High Voltage-ը: Ի դեպ, իռլանդական Thin Lizzy-ին վերջին տարիների իմ ամենավառ բացահայտումներից մեկն է:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Accuradio-ն եւ 1976-ը
Մեր ընտրանին