Հայաստանում հիմնավորապես արմատացած քաղաքագիտական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ խնդիրներն ու իրադարձությունները, թե մի բան տեղի ունեցավ, առավելապես «սև ու սպիտակի» շրջանակում են դիտարկվում ու այն, ինչն հանրայնացվում է, ըստ էության հաճախ այլ բան չէ, քան ինքնաբուխ արձագանք ի խորոց սրտի … բովանդակություններն էլ ըստ կանխատրամադրվածության … առաջին տպավորությամբ ձևակերպված որպես վերլուծություն հանրայնացվող ընկալումը միշտ չէ, որ մակերեսային է, բայց ավելի հաճախ խորքային չէ ընդհանրապես … իսկ որտեղ չկա խորություն, այնտեղ երաշխավորված է սխալ հետևությունը։ Կառարկեք, թե` բա մի քանի տող վերևում գրված է Ի ԽՈՐՈՑ սրտի …. այո, այդպես է, սակայն սրտի խորքից բխած խոսքը ամենևին էլ փաստարկ չէ կոնցեպտուալ մտածողության առկայության օգտին ….
Իսկ խորագիտակ, խորաթափանց, համապարփակ ու համակարգային վերլուծություններ չեն կամ քիչ են երևում ոչ միայն այն պատճառով, որ դրանց համար վճարող ու սպառողը չկա, այլև, որ շատ դեպքերում անտեսված են բազմագործոնության, ստրատեգիական, նաև տակտիկական բովանդակությունների, միջնաժամկետության ու երկարաժամկետության, ինչպես նաև բազմաթիվ այլ հանգամանքներ .... հաճախ ակնառու է անգամ էլեմենտար կոմպետենտության բացակայությունը, էլ ուր մնաց, որ կոնցեպտուալ մտածողություն ակնկալենք …. ուստի զարմանալի չէ, որ այդպես էլ ողջ 2024-ի ընթացքում տարվա ամենակարևոր իրադարձությանն ուղեկցած (ԱՄՆ-ում նախագահի ընտրություն), մի քանի կարևոր հանգամանք Հայաստանում էական ուշադրության չարժանացավ։ Դրանցից մի երկուսն այստեղ արժե հիշել, քանի որ նշանակություն ունեցել ու ունենալու են քաղաքական գլոբալ զարգացումների հետագա ընթացքի վրա։
Սկսենք հարցով` արդյո՞ք, ամերիկյան խորքային պետությունը որևէ ազդեցություն ունեցավ Դոնալդ Տրամպի դատական «ծանրաբեռնվածությունը» թեթևացնելու ու նրան մեղադրանքներից գրեթե մաքրելու գործում, որոնք նախընթաց փուլում առաջադրվել էին ամերիկյան արդարադատության ձեռամբ …. այս ողջը պատահականություն է՞ր, թե այն ոչ պատահական պատահականություններից, որ այս դեպքում հիմքեր է տալիս ենթադրել` Տրամպն էր խորքային պետության նախընտրելի թեկնածուն։
… ևս մեկ հանգամանք …. հընթացս երևակվեց ու հիմնավորապես դրսևորվեց նաև մեկ այլ ազդեցիկ գործոն. թվային իշխանությունները որոշեցին` այլևս ունեն այնքան զորություն, որ կարող են գործնական, անթաքույց ազդեցություններ բանեցնել գլոբալ քաղաքականության ու ընտրական գործընթացների վրա .... աշխարհում նոր իշխանություն, նոր բնույթի իշխանություն, այլևս անխորտակելի իշխանություն է ի հայտ եկել ու այս առիթով այս փուլում մի թեթևակի բարև էլ Իլոն Մասկին ուղարկենք ...
.... իսկ հիմա ոչ թե արդեն եղածի, այլ լինելիքի մասին ....
Դոնալդ Տրամպը, հակառակ նրա մասին շրջանառվող այլազան-զանազան-զարմանազան խոսակցություններին, ընտրվել է ԱՄՆ-ի, շեշտում եմ` ԱՄՆ-ի՛ նախագահ .... ասել է, թե` ի հեճուկս ամերիկյան շահերից դուրս նրանից ակնկալիքներ ունեցող շրջանակների, որևէ իրողությամբ չհիմնավորվող սպասումները վերընտիր/նորընտիր նախագահից ի դերև են ելնելու … արդեն իսկ, այս փուլում մինչև նրա պաշտոնամուտն անգամ նկատելի է Տրամպին թիկունք կանգնած խորքային պետության ինտենսիվ գործունեությունը։
... որևէ մեկին որևէ խորհուրդ տալ, մանավանդ, եթե քեզնից նման բան չեն խնդրում, առնվազն չարժե ... բայց քաղաքականության մասին, մանավանդ գլոբալ քաղաքականության մասին խոսելուց առաջ ու ընթացքում, քարտեզին նայել անհրաժեշտ է .... դե, եթե, իրոք առկա է որակյալ խոսակցության ցանկություն ...
սակայն այն ծրագիրը, ինչի մասին դեռևս կիսաբերան է խոսում ամերիկյան խորքային պետությունը, հասկանալու համար քարտեզին նայելը քիչ է .... պետք է գլոբուսին նայել տեսնելու համար, թե ինչ կա Պանամա-Մեքսիկա-ԱՄՆ-Կանադա-Գրենլանդիայի շուրջը։ Իսկ սա արևմտյան կիսագնդի ողջ վերհասարակածային հատվածն է ... ստացվում է մոլորակի, որը կոչվում է Երկիր, մեկ քառորդի նկատմամբ Տրամպը հավակնություն է դրսևորում .... սա, ըստ էության, սկզբունքային հակադրության մեջ է այն կոնցեպտների հետ, որոնց ընդհանրական անունն է ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀ, ուստի պետք է արձանագրել, որ եթե ֆիզիկական իրականության մեջ և ի հետևանս` ուղեղներում կարևոր իրողություններ չփոխվեն ու բոլորն էլ հաստատուն մնան իրենց դիրքորոշումներում, ապա հակասությունների այս հսկայական պոտենցիալի սանձազերծմամբ, ինչպես ընդունված է ասել, կինոն նոր-նոր կսկսվի …
…. իսկ ի՞նչն է այս խորապատկերին էականը …
1. անկախ նրանից, Տրամպին ով ինչ է համարում՝ խեղկատակ, հանճար, թե այլ մի բան, խորքային պետությունը պատմության այս փուլում, գեոէկոնոմիկ ու գեոպոլիտիկ իրականության այսօրվա իրողությունների պայմաններում նպատակահարմար համարեց նրա միջոցով հանրայնացնել ամերիկյան հնարավոր ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ .... երկարաժամկետ իրագործման, հնարավոր է նույնիսկ երկար ու ձիգ տասնամյակների հաշվարկով ... բայց առնվազն գոնե որպես ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏ …
2. ըստ ճաշակի ու ընտրության, կուզեք ՊՏՏԵՔ ԳԼՈԲՈՒՍԸ, կուզեք ՊՏՏՎԵՔ ԳԼՈԲՈՒՍԻ շուրջը ... ինչո՞ւ .... որպեսզի լավ երևա մոլորակը, մանավանդ Պանամա-Մեքսիկա-ԱՄՆ-Կանադա- Գրենլանդիայի շուրջ եղած ողջ ջրաշխարհը, Արկտիկ, Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների ընդգրկումով ... այստեղ, երևի թե, երկրաչափական, այսինքն՝ Երկիրը չափելու, խնդիր կա .... այս դեպքի համար, իհարկե, աչքաչափը չափման լավագույն միավոր չէ, բայց գոնե այդպես .... որովհետև աչք հաստատ պետք է տեսնելու համար, որ այդ «չարաբաստիկ» Պանամայի ջրանցքն է, որ կապում է Ատլանտյան ու Խաղաղական ավազանները ու եթե այստեղով չուզենաս կամ չկարողանաս անցնել, խնդրեմ այլընտրանքը .... Մագելանի նեղուց ու Cabo de Hornos՝ հրվանդան, որ շատ հեռու չէ այդտեղից՝ ընդամենը մի 7000 կիլոմետր ...
.... շատ չէ, մի 100 տարի էլ անցել է այն օրերից, երբ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտն ասում էր, որ 20-րդ դարի բոլոր պատերազմները կլինեն կոմունիկացիաների համար, մինչդեռ նոր պատերազմները չեն բացառվում, քանի որ հենց Տրամպն է, որ հրապարակայնորեն ու պաշտոնապես չի բացառում հաղորդակցությունները վերահսկելու նպատակով 21-րդում ևս ուժի կիրառման հնարավորությունը … բարոյակա՞ն մարդ է արդյոք վերընտիրը՝ կհարցներ Օստապ Բենդերը …. բայց այս դեպքում, վստահ եղեք, նա չի խաբում, քանի որ աշխարհակարգը բնորոշող-բնութագրող առաջնային գործոնները ռազմականի ու տնտեսականի կողքին, այսօր նաև կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունն ու թվային տիրույթում հեգեմոնիկ դիրքերն են .....
... բայց, կարծես թե հեռացանք ու սխալ ուղղություն վերցրեցինք` դեպի ամերիկյան հարավ, մինչդեռ, այս դեպքում, ասելիքի համար ավելի կարևոր են Հյուսիսային բևեռն ու Արկտիկ օվկիանոսը .... ինչո՞ւ .... 2017 թվականի հունիսի 1-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց կլիմայի փոփոխությունները և գլոբալ տաքացումը սահմանափակելուն կոչված Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, դա պատճառաբանելով իր երկրի համար տնտեսական բացասական ազդեցությունները չեզոքացնելու անհրաժեշտությամբ։ Պաշտոնական գործընթացն իր լրումին հասավ 2020 թվականի նոյեմբերի 4-ին:
.... որ առաջիկա տասնամյակներում Արկտիկ օվկիանոսի սառույցներն այն ծավալներով կարող են հալչել, որ Հյուսիսային բևեռով Ամերիկա-Եվրասիա նավագնացության համար ավելի կարճ ճանապարհ կբացվի, խորքային պետությունը, պարզվում է, դիտարկում էր վաղուց ու Տրամպի պաշտոնամուտով նախապատրաստական աշխատանքների չհայտարարված մեկնարկը տրվեց: Իհարկե, այն ինչ համարվում է խորքային պետություն, միատարր զանգված չէ, այն տարբեր բացահայտ ու քողարկված, երբեմն հակոտնյա շահեր հետապնդող շրջանակների ամբողջությունն է, որտեղ կան ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների տարբեր թևերի համակիրներ, որոնք առավելապես ներկայացված են պետական, նաև բիզնես ու լոբբիստական համակարգերում:
… իսկ այն, ինչ ուրվագծվում է այսօր, Տրամպի երկրորդ պաշտոնամուտին, ամերիկյան նորօրյա գլոբալ աշխարհատեսությունն է, որը հայտնի չէ դեռ, բերվե՞լ է արդյոք ստրատեգիական պլանավորման աստիճանի, թե`ոչ, բայց որի իրագործման պարագայում (որի կեսի իրագործման պարագայում անգամ), էապես կխամրեն բազմաբևեռության հեռանկարները ..... մեկնարկում է նոր գործընթաց և այս խորապատկերին ուկրաինական «գամբիտը» լոկալ նշանակության խաղի է վերածվում, որտեղ, Տրամպը հաստատակամորեն դիրքավորվել է զիջողականության, նույնիսկ զոհաբերման դիրքերում, բայց դե, դեռ չի ասել, թե ինչ է ուզում դրա դիմաց ....
… թե ինչ կուզի՝ չգիտենք … ինչ-ինչ, բայց Տրամպին ազարտի մեջ չես կասկածի, այսինքն` հստակ է, որ նա գնալու է իր ասածի հետևից, էքսպերիմենտն արդեն իսկ գործողության մեջ է, ինչն անխուսափելիորեն հարուցելու է հակասություններ ….. սակայն նվազագույն ծրագիրը, նորից պետք չէ կասկածել, կյանքի կկոչվի։ Տրամպի թիմը ջանալու է այստեղ ու այնտեղ, Պանամայում օրինակ (բայց ոչ միայն), տարիֆները վերատեսության ենթարկել, ստանալով նորանոր արտոնություններ ԱՄՆ-ի, միաժամանակ բարդություններ առաջացնելով բոլոր հնարավոր մրցակիցների, առաջին հերթին Չինաստանի համար …. դեպքեր էլ կլինեն, որ կգնան ռազմական ներկայություն ունենալու գաղափարի հետևից։
….. և այդուհանդերձ, գեոստրատեգիկ այս տեսլական/էքսպերիմենտի նկատմամբ դեռ լրջագույն վերապահումներ ու դիմադրություններ կլինեն՝ ընդհուպ մինչև ուղիղ կամ պրոքսի զինված բախումներ, որոնց տեղն ու ժամանակը կանխատեսելն անհնար է այսօր .... վերապահումներ կլինեն գոնե նրանց կողմից, ովքեր իրենք էլ գլոբալ ամբիցիա ունեն, հարևանների կողմից, նաև նրանց կողմից, ովքեր բանակցել գիտեն .......
… սակայն ամենաազդեցիկ դիմադրությունները, բացահայտ կամ քողարկված, կլինեն ուրույն տրամաբանություն ունեցող ներամերիկյան խաղում, որում Տրամպի թիմը դեռ պիտի կարողանա իր համար ապահովել խորքային պետության կրիտիկական զանգվածի գոնե միջնաժամկետ համակրությունը, ինչն այնքան էլ դյուրին գործ չի լինելու …. ուստի վաղաժամ է վերջակետ դնելը, քանզի առաջիկա տասնամյակների՝ փոխնիփոխ ժպտալիք ու խոժոռվելիք հայացքն արդեն իսկ ծիկրակում է Երկրի երեսին, Երկրի ջրերում ու երկնքում բացառիկ հետաքրքրության զարգացումներ դիտարկելու խոստումով ....
P.S. թեպետ լրագրության ժանրերը նման վերջաբան չեն ենթադրում, բայց սա էլ ասեմ`Պանամայի ջրանցքից ոչ շատ հեռու, ինչպես ասում է Անրի Վերնոյի հերոսը, աղջկա գեղեցիկ անունով մի երկիր կա … Վենեսուելա … Տրամպի օրոք նրա մասին էլ կլսենք ….
Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրենն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: