Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող երկարատեւ հակամարտությունը ստվեր է գցում Հարավային Կովկասի վրա, որն էական նշանակություն ունեցող տարածաշրջան է համաշխարհային էներգետիկ ուղիների եւ աշխարհաքաղաքական կայունության ապահովման համար։ Սույն հոդվածը վերլուծում է, թե ինչպես է Հայաստանը՝ մշտական սպառնալիքի տակ գտնվող այս փոքր պետությունը, վերանայում պաշտպանական իր ռազմավարությունը տարածաշրջանային լարվածության սրման եւ Ադրբեջանի ռազմական ակտիվ հզորացման պայմաններում։ Այն բացահայտում է Եվրոպան եւ Ասիան կամրջող փխրուն տարածաշրջանում այս հակամարտության առավել լայն հետեւանքները ժողովրդավարական դաշինքների, ռազմական արդիականացման եւ խաղաղության համար:
Նախապատմություն
(2020 թվականից ի վեր այս տարածաշրջանը դարձել է անկայունության օջախ, որտեղ Հայաստանը շարունակաբար ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից)։ 2020 թվականից սկսած՝ այդ պետությունների միջեւ տեղի են ունեցել մի շարք լայնածավալ էսկալացիաներ, որոնք ներառում էին 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը, 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա ամբողջական վերահսկողություն սահմանելը եւ 2021 ու 2022 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի որոշակի տարածքների ուղղակի օկուպացիան։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ձեռք բերեց այն ամենն, ինչ ցանկանում էր 2020 թվականի պատերազմից առաջ, եւ Երեւանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել, Բաքուն անդադար շարունակում է ռազմական ճնշում գործադրել՝ Հայաստանից էլ ավելի զիջումներ ստանալու նպատակով։ Առանցքային հարցն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է. ճանապարհ, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի էքսկլավի հետ՝ Հայաստանի տարածքով եւ պետք է լինի Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից դուրս:
Հայաստանի պաշտպանական ծախսերի աճը արձագանք է երկարատեւ սպառնալիքներին եւ տարածաշրջանային անկայունությանը: Երեւանն ուշադրությունը կենտրոնացրել է իր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության վրա: Այս մարտահրավերների պայմաններում Հայաստանի պաշտպանական ռազմավարությունը ձգտում է ստեղծել վստահելի զսպող մեխանիզմ, որը հիմնված կլինի ժողովրդավարական պետությունների հետ դաշինքների եւ արդիականացված ռազմական ենթակառուցվածքներում ներդրումների վրա: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է իր ռազմականացման գործընթացը եւ զինված ուժերի արդիականացումը, ինչին նպաստում են Իսրայելից, Թուրքիայից եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից զենքի զգալի գնումները: Հոդվածում մանրամասն ներկայացված են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական բյուջեների հատկացումները վերջին հինգ տարիների ընթացքում:
Ռազմական ծախսերը
Ադրբեջանի ծախսերի հետագիծը ապշեցուցիչ է՝ 2.2 միլիարդ ԱՄՆ դոլարից (2020թ.) 2025 թվականին կհասնի կանխատեսվող 5 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս 127 տոկոս աճն ընդգծում է ռազմական գերակայությունը պահպանելու Բաքվի նպատակը: (2021 թվականին՝ 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար, 2022 թվականին՝ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլար, 2023 թվականին՝ 3.1 միլիարդ ԱՄՆ դոլար, 2024 թվականին՝ 3.8 միլիարդ ԱՄՆ դոլար):
Հայաստանի պաշտպանական ծախսերն արտացոլում են մշտական ռազմական սպառնալիքներին վճռական, բայց զուսպ պատասխանը։ 2021-ից 2025 թվականներին բյուջեի պլանավորված 252% աճը (1.7 միլիարդ ԱՄՆ դոլար) ցույց է տալիս առաջնահերթությունների զգալի փոփոխություն: Այնուամենայնիվ, Հայաստանի պաշտպանական հատկացումների ընդհանուր ծավալն Ադրբեջանի համեմատ մնում է աննշան։ Երեւանը 2020 թվականին հատկացրել է 745 միլիոն ԱՄՆ դոլար (ներառյալ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետ կապված ծախսերը), 2021 թվականին՝ 673 միլիոն ԱՄՆ դոլար, 2022 թվականին՝ 820 միլիոն, 2023 թվականին՝ 1.3 միլիարդ, 2024 թվականին՝ 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար։
Հայաստանի պաշտպանական բյուջեն կենտրոնացած է զինված ուժերի վրա, մինչդեռ Ադրբեջանի բյուջեն ներառում է լրացուցիչ հատկացումներ տարբեր հաստատությունների համար: Ադրբեջանի 2025 թվականի 5 միլիարդանոց պաշտպանական բյուջեից 1.57 միլիարդ ԱՄՆ դոլարը նախատեսված է զինված ուժերի, 275 միլիոն ԱՄՆ դոլարը՝ ազգային անվտանգության, 318 միլիոն ԱՄՆ դոլարը՝ սահմանային ծառայության եւ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարը՝ «պաշտպանությանը եւ ազգային անվտանգությանն ուղղված այլ միջոցառումների համար»: Այս վերջին կատեգորիայի մեծ մասը ֆինանսավորում է սպառազինությունների գնումները՝ Ադրբեջանի հիմնական պաշտպանական բյուջեն հասցնելով մոտ 4.3 միլիարդ ԱՄՆ դոլարի: Հատկանշական է, որ այդ ծախսերից մի քանիսը, ինչպիսիք են՝ ռազմածովային ծախսերը, կապված չեն Հայաստանի հետ հակամարտության հետ: Ի սկզբանե Ադրբեջանը նախատեսում էր 2025 թվականի համար իր պաշտպանական բյուջեի նվազագույն աճ՝ տնտեսության աճի դանդաղ տեմպերով պայմանավորված։ Այնուամենայնիվ, Հայաստանի 2025 թվականի պաշտպանական բյուջեի 20%-ով ավելացումը Բաքվին դրդեց պետական նավթային հիմնադրամից լրացուցիչ 1 մլրդ դոլար հատկացնել իր ռազմական առավելությունը պահպանելու նպատակով։ Օրինակ՝ միայն 2025 թվականի համար Ադրբեջանի նախատեսվող գնումների ծախսերը գերազանցում են 2022 թվականի վերջից Հայաստանի կատարած պաշտպանական գնումների ընդհանուր ծավալը, որը գնահատվում է մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս զարգացումներն ընդգծում են Ադրբեջանի վճռականությունը հզորացնելու իր ռազմական պոտենցիալը եւ պահպանելու իր ռազմավարական առավելությունը Հայաստանի նկատմամբ՝ չնայած խաղաղություն հաստատելու Հայաստանի կառուցողական ջանքերին, ինչի մասին վկայում են զիջումների գնալու վերջինիս պատրաստակամությունը եւ իր պաշտոնյաների կողմից հաշտեցմանը նպաստող բազմիցս հնչեցված հրապարակային հայտարարությունները։
Գնումներ եւ դաշինքներ
Բյուջեի ցուցանիշներից բացի, չափազանց կարեւոր է ուսումնասիրել ռազմական գնումների, դաշինքների եւ երկու երկրների զինված ուժերի համագործակցության զարգացումները:
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը զինամթերքի լայնածավալ գնումներ է իրականացրել Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, Սերբիայից եւ Սլովակիայից։ Համաձայն հրապարակված տվյալների՝ ձեռքբերումները ներառում են 48 միավոր 155 մմ տրամաչափի Nora B-52NG ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ) Սերբիայից՝ 339 միլիոն ԱՄՆ դոլարով, 70 միավոր 155 մմ տրամաչափի Dita ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ-ներ) Սլովակիայից, Պակիստանից՝ JF-17 կործանիչներ՝ 1.6 միլիարդ ԱՄՆ դոլարով, Թուրքիայից Akinci ծանր հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգեր Իսրայելից՝ 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Բացի այդ, Ադրբեջանը գաղտնի կերպով այլ ռազմական տեխնիկա է ձեռք բերել Իսրայելից, արդիականացրել է իր ավիացիոն հնարավորություններն Իտալական C-27J Spartan ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով, ինչպես նաեւ Թուրքիայում արդիականացրել է իր Su-25 գրոհիչները՝ կառավարվող ռումբերի եւ հրթիռների կիրառման նպատակով։
Թուրքիան շարունակում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ, մարզել վերջինիս զինված ուժերը եւ աջակցել Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը: Թուրքիան Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը կապում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցությունների հետ: Ադրբեջանը համատեղ զորավարժություններ է անցկացրել նաեւ Հայաստանի հարեւան եւս մեկ երկրի՝ Իրանի հետ:
Հայաստանը, որը ձգտում է 2020 թվականին կրած պարտությունից հետո վերականգնել իր ռազմական ներուժը, ի սկզբանե դիմել է իր պայմանագրային դաշնակից Ռուսաստանին: Սակայն 2021 թվականի օգոստոսյան պայմանագրերով ձեռք բերված սպառազինության մեծ մասն այդպես էլ չի մատակարարվել։ 2021 եւ 2022 թվականներին Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումներից հետո Երեւանը սկսեց հեռանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) եւ Ռուսաստանից՝ կենտրոնանալով Հնդկաստանի եւ Ֆրանսիայի վրա՝ միաժամանակ ընդլայնելով անվտանգության ոլորտում համագործակցությունը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ: 2022 թվականից սկսած Հայաստանն իրականացնում է իր պատմության մեջ ամենանշանակալի գնումները, որոնք գնահատվում են 2 միլիարդ դոլար: Հնդկաստանի հետ վերջին պայմանագրերը ներառում են 155 մմ տրամաչափի քարշակվող ATAGS հաուբիցների, 72 միավոր 155 մմ տրամաչափի MARG ինքնագնաց հրետանային կայանքների (ԻՀԿ), Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ), Akash «զենիթա-հրթիռային համակարգերի» (ԶՀՀ), Zen անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համակարգերի, Konkurs-M հակատանկային հրթիռների, հրազենի եւ զինամթերքի ձեռքբերում: 2024 թվականին Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կադրերի վերապատրաստման եւ ինստիտուցիոնալ գործընկերության վերաբերյալ համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
Հայաստանը Ֆրանսիայից գնել է երեք GM-200 ռադար, 50 միավոր Bastion զրահատեխնիկա, 36 միավոր 155 մմ տրամաչափի Cesar ԻՀԿ, հրազեն եւ այլ տեխնիկա։ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները աջակցում են Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին: Միեւնույն ժամանակ, Երեւանը զգալի միջոցներ է ներդրել իր սահմանների ամրապնդման աշխատանքների ուղղությամբ, ռազմավարություն, որը դժվար թե արտացոլի հարձակողական մտադրություններ՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ ռեսուրսները:
Եզրակացություն
Ադրբեջանը, 2020 թվականի իր հաղթանակից եւ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո, շարունակում է ռազմականացման իր ջանքերը՝ Հայաստանի նկատմամբ որոշիչ ռազմական առավելությունը պահպանելու նպատակով։ Չնայած պաշտպանությանն ուղղված ծախսերի զգալիորեն բարձրացմանը, Բաքուն հաճախ մեղադրում է Հայաստանին ռազմականացման եւ ռեւանշիզմի մեջ՝ օգտագործելով այդ պնդումներն ապագա ռազմական գործողություններն արդարացնելու համար, չնայած այն հանգամանքին, որ էական տարաձայնությունները, որոնք ժամանակին հրահրել են հակամարտությունը, հիմնականում կարգավորվել են:
Հայաստանի կայունության իրական ուղին վերջինիս զինված ուժերի այն մակարդակի վերականգնումն է, որը բավարար է թշնամական հարեւանների կողմից լայնածավալ ագրեսիան զսպելու եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Նրանց միջեւ հակամարտությունների կայուն կարգավորումը կարող է հիմնված լինել միայն փոխադարձ շահերի, երկխոսության եւ վստահության վերականգնման, ինչպես նաեւ համագործակցության խթանման ընդհանուր հանձնառության վրա:
Լեոնիդ Ներսիսյանը APRI Armenia-ում ռազմական վերլուծաբան եւ հետազոտող է: Նա «Փոթորկին սպասող. Հարավային Կովկաս» եւ «Փոթորիկ Կովկասում» գրքերի համահեղինակն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: