Հունվարի 8-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում էր: Հրաժեշտի այց էր՝ հունվարի 20-ից իշխանությունն ԱՄՆ-ում կանցնի Դոնալդ Թրամփի թիմին:
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեք ու կես ժամանոց հարցազրույց էր տվել տեղական հեռուստաալիքներին, որի զգալի մասը նվիրել էր Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուն: Նաեւ մեղադրանքներ էր հնչեցրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ նրա «սորոսական» թիմի, եւ, իհարկե, իր թիվ մեկ ախոյան դարձած Ֆրանսիայի նախագան Էմանյուէլ Մակրոնի հասցեին: Դրանով չէր սահմանափակվել ու ասել էր, որ Ֆրանսիան ոչ միայն պետք է դադարեցնի սպառազինություն մատակարարել Հայաստանին, այլեւ հետ վերցնի արդեն տրամադրվածը:
Ալիեւի հարցազրույցի հաջորդ օրն իրենց «արեւմտամետ» հռչակած հայաստանյան քաղաքական ուժերը (ավելի ճիշտ՝ հիմնականում մարդ-կուսակցությունները) եւ փորձագետները (ավելի ճիշտ՝ հիմնականում քաղաքական շառլատանները) սկսեցին համոզել, որ առանձնապես մտահոգվելու կարիք չկա, Ալիեւը միշտ է սպառնում, բայց քանի որ Հայաստանը արտաքին քաղաքական «շրջադարձ» է կատարել, այժմ գտնվում է Արեւմուտքի պաշտպանության ներքո:
Մի պահ ինքս ինձ ստիպեցի պատկերացնել, որ ամեն ինչ հենց այդպես է: Ու քանի որ վառ երեւակայություն ունեմ, ենթադրեցի, որ Բլինքենի հանդիպումները Փարիզում լավ առիթ են Ալիեւի հայտարարություններին անդրադառնալու համար:
Ուշադիր կարդացի Բլինքենի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը:
Բացելով այն, ֆրանսիացի նախարարը խոսեց Լիբանանի մասին, հետո նշեց, որ Ամերիկայի հետ միասին աշխատում են, որպեսզի օգնեն Ուկրաինայի դիմակայել Ռուսաստանի ագրեսիային: Ասաց, որ քննարկել են Սուդանի մարդասիրական ճգնաժամը:
Բլինքենն իր բացման խոսքում եւս խոսեց Լիբանանի, ապա՝ Սիրիայի, Ուկրաինայի, Չինաստանի մասին:
Լրագրողների հարցերը Գրենլանդիայի, Կորեայի, Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի մասին էին: Դե, Բլինքենն ու Բարոն ինչ մեղք ունեն, որ իրենց Հայաստանի հասցեին Ալիեւի հնչեցրած մեղադրանքների մասին հարց չեն տալիս:
Հույսեր առաջացրեց սղագրության այն հատվածը, որտեղ հարց էր տալիս ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակիցը: Բայց նա էլ Ադրբեջանն ու Հայաստանը անտեսեց եւ իր խոսքում հաջողացրեց չորս հարց տեղավորել՝ եվրոպական անվտանգության ապահովման, Ուկրաինայի, Եվրոպայում ընտրական գործընթացներին Ռուսաստանի միջամտության եւ Վրաստանում ծավալվող իրադարձությունների մասին:
Լավ, մտածեցի, Վրաստանի հիշատակումը լեգիտիմ հնարավորություն կտա Բլինքենին եւ Բարոյին սահուն կերպով անցում կատարել դեպի հարեւան երկրներ եւ վերջապես դատապարտել Ալիեւին եւ հայտարարել Հայաստանին աջակցելու մասին: Բայց դա էլ չեղավ: Հետո մանրամասն պատասխանեցին Սիրիայի իրավիճակի եւ դրանում Թուրքիայի դերակատարության մասին հարցին եւ ասուլիսն ավարտվեց:
Անմիջապես հետո Բլինքենը մեկնեց Ելիսեյան պալատ՝ հանդիպելու Էմանյուէլ Մակրոնին: Մտածեցի, որ գոնե այդ հանդիպմանը հաստատ կխոսեն Հայաստանի եւ Ադրբեջանի մասին ու սկսեցի կարդալ Պետդեպարտամենտի հաղորդագրությունը.
«Պետքարտուղարը եւ նախագահ Մակրոնը քննարկել են մեր հաստատակամ աջակցությունն Ուկրաինային՝ Ռուսաստանի դաժան ագրեսիային դիմագրավելու համար եւ Չինաստանի կողմից Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական համալիրին աջակցության վերաբերյալ մտահոգությունները: Նրանք ընդգծել են Սիրիայում անցումային գործընթացի կարեւորությունը, որը ներառական է եւ պաշտպանում է սիրիացի ժողովրդի իրավունքները: Քննարկել են նաեւ Գազայում հրադադարի համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, որը կապահովի բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակումը»:
Բայց արդեն այսօր մարդ-կուսակցությունները եւ քաղաքական շառլատանները դեմքի բազմանշանակ արտահայտությամբ հրամցնելու են մոտավորապես այս խոսքերը.
«Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի թեման քննարկվել է: Պարզապես որոշում է կայացվել քննարկումների այդ հատվածը չհանրայնացնել: Քաղաքականությունն ու այսբերգը շատ նման են՝ երեւում է միայն գագաթը, բայց խորքում լրջագույն գործընթացներ են ծավալվում»:
P.S. Բլինքենը շատ գեղեցիկ (ամենայն լրջությամբ) ելույթ է ունեցել Պատվո Լեգեոնի շքանշան ստանալիս՝ այն հասանելի է այս հղումով:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: