Կարծում եմ, չեմ զարմացնի, եթե ասեմ, որ իմ համար այս տարվա ամենակարեւոր ձեռքբերումը «ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքն էր, որը գրեցինք Լուսինե Ղարիբյանի հետ:
Գրքի առաջաբանում ասված է.
«Գրելիս առաջնորդվել ենք մի սկզբունքով. եթե Վանո Սիրադեղյանը գիրքը կարդալու հնարավորություն ունենար, հանկարծ չասեր. «Էս ինչ ախմախ բան եք գրել»։
Ես իսկապես շատ կցանկանայի, որ Վանոն ու Վազգենն այս գիրքը կարդային: Հասկանում եմ, որ դա հնարավոր չէ՝ մեր իմացած եւ պատկերացրած աշխարհում:
Լուսանկարը՝ Շուշանիկ Թամրազյանի արխիվից
Բայց Ամանորի շեմին կարելի է երեւակայել, որ կարող եմ իրենց այս նամակը գրել.
Վանո եւ Վազգեն,
շատերն ասում են, որ ոչինչ չեն իմացել ձեր մասին, իսկ հիմա ավելի լավ են պատկերացնում 90-ականների Հայաստանը եւ այն ճանապարհը, որով այն կերտում էիք:
Վանո եւ Վազգեն,
չեք պատկերացնում, թե որքան շատ են այս գրքի երիտասարդ ընթերցողները: Շատերը ձեր մասին միայն կարծրատիպեր կամ առասպելներ գիտեին, իսկ հիմա իրենց տրամադրության տակ բավականաչափ նյութ ունեն՝ սեփական դատողություններն անելու համար: Չեմ խոստանում, որ դրանք անպայման հաճելի են լինելու, բայց վստահեցնում եմ, որ իրենց տրամադրված նյութն ազնիվ է: Տիգրան Հակոբյանը, ում երկուսդ էլ լավ ճանաչել եք, շնորհանդեսին մեզ՝ հեղինակներիս, ասաց. «Այս գրքում դուք չկաք, եւ դա լավ է»:
Վանո եւ Վազգեն,
ամենից շատ այս խոսքերն եմ լսել ծանոթ եւ անծանոթ ընթերցողներից՝ «գիրքը մտածելու առիթ տվեց»: Դուք չկաք, բայց ձեր շնորհիվ մարդկանց մոտ մտածելու պահանջ է առաջանում:
Վանո եւ Վազգեն,
ընթերցողների զգալի մասը չի էլ իմացել, որ դուք ընկերներ եք եղել: Եթե այս գրքով նպաստել ենք, որ ձեր ընկերությունը «նոր կյանք ստանա», ուրեմն՝ իզուր չենք աշխատել:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: