«Ասֆալտի համից» եւ «անսասան կամքից» մինչեւ «քյասիբի ռադիո» - Mediamax.am

«Ասֆալտի համից» եւ «անսասան կամքից» մինչեւ «քյասիբի ռադիո»
3116 դիտում

«Ասֆալտի համից» եւ «անսասան կամքից» մինչեւ «քյասիբի ռադիո»


2019 թվականի հունիսին՝ իշխանափոխությունից մեկ տարի անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն, որտեղ, մասնավորապես, ասաց.

«Սիրո եւ համերաշխության մթնոլորտ ձեւավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն: Որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե կառավարությունը երկչոտության որեւէ դրսեւորում կունենա կամ կամքի որեւէ պակաս կունենա սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի եւ մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանում վերածնել բռնության քարոզչությունը եւ բռնության գործելակերպը:  Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասանվի»:



2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն ավելի ուղիղ էր խոսել.

«…Հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ։ Այդպիսի մի քանի դեպք եղել է, եւ այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի»:

Իսկ այս բառերը վարչապետն ասել է կառավարության նիստում՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին.

«Նույն մարդիկ, որ տարիներ շարունակ ճռռիկներ-վռռիկներ էին անում, շարունակում են նույնն անել: Ես կարող եմ մի քանի տարի համբերել, բայց իմ համբերության բաժակը լցվել է՝ դատական, իրավական, ուժային համակարգերի ներկայացուցիչներ, բոլորիդ ուղիղ ասում եմ։ Կներեք, բայց ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Սրա վերջն եկել է, ես էլ բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել եք, տվել եմ:

Ո՞նց կարա պետության դեմ որեւէ մեկը թպրտա, ո՞նց կարա տենց բան լինի։ Ինձ այլեւս ոչ մի բան չի հետաքրքրում, ես չեմ կարա թույլ տամ, որ այս երկրում որեւէ մեկը մտածի, թե վարչապետի ասածն է՝ «դե հա, բան էր, ասեց գնաց»։ Չի կարա տենց բան լինի»»:

Իրականում սա ոչ այլ ինչ է, քան սեփական ֆիասկոյի արձանագրում: Էլ չեմ խոսում այն մասին, թե որքանով ճիշտ է, երբ աշխարհաքաղաքական եւ անվտանգային բարդագույն խնդիրների հորձանուտում գտնվող գործիչն ինքն իրեն «քյասիբի ռադիո»  է անվանում՝ ակնհայտ հրճվանքի առիթ տալով հարեւաններից առնվազն երկուսին:

Ավարտում էի սյունակը, երբ աչքովս ընկավ այս լուրը. «Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին եւ Սեյրան Օհանյանին բերման ենթարկել՝ հաջորդ դատական նիստին նրանց ներկայությունն ապահովելու համար»:

Փաստորեն, դատական համակարգը ուշադիր հետեւել է կառավարության նիստին: Բայց Փաշինյանի ողբերգությունը հենց նրանում է, որ իր ասած «ճռռիկներ-վռռիկներ» անողները, միեւնույն է, իր ասածները բանի տեղ չեն դնելու՝ եթե համբերության բաժակը 6.5 տարի է լցվում, այն կարելի է դատարկել ու նորից անշտապ լցնել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին