Starmus-ի մոգական ուժն ու «Վանոն ու Վազգենը» գրքի ստեղծման գաղտնիքը - Mediamax.am

Starmus-ի մոգական ուժն ու «Վանոն ու Վազգենը» գրքի ստեղծման գաղտնիքը
2362 դիտում

Starmus-ի մոգական ուժն ու «Վանոն ու Վազգենը» գրքի ստեղծման գաղտնիքը


2021 թվականի դեկտեմբերին հանդիպել էինք «Վերնատուն» հրատարակչության հիմնադիր Ներսես Տեր-Վարդանյանի հետ։ Խոսում էինք այն մասին, որ Հայաստանի նորագույն պատմության վերաբերյալ չափազանց քիչ գրքեր կան, ու հենց այդ պահին մի միտք կայծակեց իմ գլխում. պետք է գիրք գրել Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի մասին։

2022 թվականի հունվարին խոսեցի առաջին զրուցակցիս՝ Տիգրան Հակոբյանի հետ: Հետո եւս մի քանի հարցազրույց վերցրեցի ու կանգ առա: Հասկացա, որ ամենօրյա զբաղվածությանս պայմաններում չեմ հասցնելու ողջամիտ ժամկետներում խոսելու ցանկում ներառված մոտ 30 մարդկանց հետ, որոնք պետք է պատմեին Վանոյի եւ Վազգենի մասին:

Մեր լրագրող Լուսինե Ղարիբյանին խնդրեցի օգնել ինձ եւ միանալ աշխատանքին: Լուսինեն միանգամից համաձայնեց եւ գործի անցավ: Ավելին, իր բոլոր հարցազրույցները ժամանակին սղագրում եւ ինձ էր հանձնում, իսկ իմ հարցազրույցները, որոնք վերցրել էի 2022 եւ 2023 թվականներին, մնում էին չվերծանված: Լուսինեի առջեւ անընդհատ ամոթի զգացում ունեի՝ ինքը պարտաճանաչ աշխատում էր, իսկ ես դոփում էի տեղում:

Ժամանակ առ ժամանակ բացում էի համակարգչիս այն պանակը, որտեղ հավաքված էին զրույցներիս ձայնագրությունները, անհույս նայում էի դրանց ու փակում:



Զրուցակիցներիս թվում պետք է լիներ նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամը: Մի քանի ամիս մեր հանդիպումը ոչ մի կերպ չէր ստացվում: Ի վերջո, հանդիպեցինք մայիսի 10-ին:

Հաջորդ օրը մեկնում էի Բրատիսլավա՝ Starmus փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը ինձ հրավիրել էր մեկ շաբաթ անցկացնել Սլովակիայի մայրաքաղաքում, որն այս տարի հյուրընկալել էր փառատոնը: Թեեւ Բրատիսլավա հասանք վաղ առավոտյան, հյուրանոցի սենյակն անմիջապես տրամադրեցին: Ինչո՞վ զբաղվել վաղ առավոտյան, երբ քնելու ցանկություն այլեւս չկա: Ինքս ինձ «թասիբի գցեցի» ու որոշեցի սղագրել Արամ Սարգսյանի հետ զրույցը: Չգրված «ոսկե կանոնն» աշխատեց՝ «թարմ» հարցազրույցը շատ ավելի հեշտ է սղագրել:

Այդ գործն ավարտելուց հետո ներքին անհասկանալի ոգեւորություն զգացի ու մտածեցի՝ «ինչ ափսոս է, որ մնացած ձայնագրություններն ինձ մոտ չեն, կարելի էր դրանցով էլ զբաղվել»: Մեկ էլ հասկացա, որ բոլորն էլ ունեմ՝ գրասենյակի համակարգիչ տեղափոխելուց հետո դրանք պահել էի նաեւ ձայնագրիչի մեջ:

Քանի որ Starmus-ի խոսնակներից շատերը Նոբելյան մրցանակակիրներ են եւ պատկառելի տարիքում են, փառատոնն իր աշխատանքը սկսում էր ոչ թե առավոտյան, այլ ժամը 14:00-ին: Դա ինձ հնարավորություն տվեց մի քանի օր շարունակ առավոտյան 06:00-ից մինչեւ կեսօր զբաղվել 2022 եւ 2023 թվականին ունեցած մոտ 15 զրույցների սղագրությամբ:

Մտավախություն ունեի, որ երբ վերադառնամ Երեւան, ոգեւորությունը կանցնի եւ գործը կրկին կկանգնի: Բայց այդպես չեղավ՝ մոտ 1.5 ամսում ավարտեցինք աշխատանքը:

Այս գրքի ծնունդը կարծես հրաշք լինի՝ մինչեւ հիմա հավատս չի գալիս, որ 4 ամսում ավարտեցինք այն, ինչը սկսվել էր գրեթե 3 տարի առաջ եւ «մեռած» վիճակում էր: Գրքի «Երախիտիքի խոսքեր» բաժնում առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնել Գարիկ Իսրայելյանին:



Ինչպես գրել եմ գրքի առաջաբանում, եթե չլինեին 2020 թվականի պատերազմն ու մեր պարտությունը, թերևս չէր ծնվի այս գիրքը գրելու գաղափարը։ Այդ պարտությունը փլուզեց այն աշխարհը, որում ես ապրում էի գրեթե 30 տարի։ Բայց նաեւ սովորեցրեց, որ նոր աշխարհ կառուցելու համար պետք է փորձել հասկանալ անցյալը:

Մեր նպատակը սենսացիա կամ ինտրիգ փնտրելը չէր։ Հենց դրանց սիրահարները Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի կենդանության օրոք ջանք չէին խնայել նրանց հարաբերություններում պառակտման որդը մտցնելու համար: Բայց անգամ մեծ հակասություններ ունենալով, նրանք իրենց ընկերությունը դավաճանությամբ չպղծեցին:

«ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը կարող եք առցանց գնել այս հղումով. https://premium.mediamax.am/am/books/vano_vazgen եւ Երեւանի գրախանութներում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին