Լյուիսը, Ջոնսոնը, Էմմիյանը եւ Շալամանով-Սուլեյմանօղլուն - Mediamax.am

Լյուիսը, Ջոնսոնը, Էմմիյանը եւ Շալամանով-Սուլեյմանօղլուն
9308 դիտում

Լյուիսը, Ջոնսոնը, Էմմիյանը եւ Շալամանով-Սուլեյմանօղլուն


Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերը, իմ տպավորությամբ, երեխաներին եւ պատանիներին այնքան էլ հետաքրքիր չեն: Իսկ երբ մենք էինք դպրոցական, Օլիմպիական խաղերը հսկայական իրադարձություն էին:

Հատկապես լավ եմ հիշում 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերը: Այնտեղ ԽՍՀՄ բասկետբոլի հավաքականը (որի կազմում հանդես էր գալիս իմ սիրելի Շարունաս Մարչյուլյոնիսը) օլիմպիական չեմպիոն դարձավ:

Երեւի, արդեն երկրորդ դասարանից իմ սիրած թերթը Советский спорт-ն էր: «Ծայրից ծայր» կարդում էի եւ տեղյակ էի խորհրդային եւ համաշխարհային սպորտի բոլոր նորություններին: Շատ-շատ հետաքրքիր էր:

Որոշ դրվագներ լավ հիշում եմ մինչ օրս: Օրինակ, ամերիկացի եւ կանադացի թեթեւ աթլետներ Կառլ Լյուիսի եւ Բեն Ջոնսոնի դիմակայությունը: Նրանք աշխարհում ամենաուժեղն էին 100 մետր վազքում եւ հեռացատկում:

1988 թվականին Ջոնսոնը Սեուլում հաղթեց Լյուիսին՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով` 100 մետրը վազելով անհավատալի 9,89 վայրկյանում: Երեք օր անց, սակայն, նա ստիպված էր վերադարձնել ոսկե մեդալը՝ նրա արյան մեջ արգելված խթանիչներ հայտնաբերվեցին: Ավելին, նրան զրկեցին նաեւ 1987 թվականի Աշխարհի առաջնության ոսկե մեդալից եւ համաշխարհային ռեկորդից: Այդպես հերոսը մեկ օրում վերածվեց հակահերոսի:

Մենք ունեինք նաեւ մեր հերոսին՝ հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանին: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը 1987 թվականի մայիսի 22-ին Ծաղկաձորում Եվրոպայի ռեկորդ սահմանեց՝ ցատկելով 8.86 մ: Դա ընդամենը 4 սանտիմետրով պակաս էր լեգենդար Բոբ Բիմոնի համաշխարհային ռեկորդից (8.90մ), որը սահմանվել էր հեռավոր 1968 թվականին: Այդ ռեկորդը գերազանցվեց միայն 1991 թվականին՝ ամերիկացի Մայք Փաուելը ցույց տվեց 8.95մ արդյունք:

Էմմիյանի արդյունքը առ այսօր մնում է չորրորդն աշխարհում, իսկ նրա սահմանած Եվրոպայի ռեկորդը չեն կարողանում գերազանցել արդեն 37 տարի:

Հիշողությանս մեջ դաջված է նաեւ, թե ինչպես էինք 1986 թվականում մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գարիկ Սեմյոնովիչի հետ քննարկում բուլղարացի ծանրորդ Նաում Շալամանովի քայլը: Պարզվել էր, նա էթնիկ թուրք էր եւ Մելբուռնում միջազգային մրցաշարին մասնակցելուց հետո Բուլղարիա չէր վերադարձել եւ փախել էր Թուրքիա, որտեղ վերականգնել էր իրական անունն ու ազգանունը՝ Նաիմ Սուլեյմանօղլու: Որպեսզի մարզիկը կարողանար հանդես գալ Թուրքիայի դրոշի ներքո, անհրաժեշտ էր բուլղարական կողմի թույլատրությունը, որի դիմաց Սոֆիայից պահանջեցին վճարել 1 250 000 դոլար: «Ներդրում»-ը ամբողջությամբ արդարացված էր՝ 1988-ին, 1992-ին եւ 1996-ին Սուլեյմանօղլուն օլիմպիական չեմպիոն հռչակվեց:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին