Վրաստանի հաղթանակը, իմ սիրելի Չիվաձեն եւ 1982-ի աշխարհի առաջնությունը - Mediamax.am

Վրաստանի հաղթանակը, իմ սիրելի Չիվաձեն եւ 1982-ի աշխարհի առաջնությունը
43341 դիտում

Վրաստանի հաղթանակը, իմ սիրելի Չիվաձեն եւ 1982-ի աշխարհի առաջնությունը


2024 թվականի մարտի 26-ին Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաշք գործեց եւ 11-մետրանոցներով հաղթելով Հունաստանի թիմին, ամռանը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց: Վրաստանը նույն խմբում կլինի Պորտուգալիայի, Չեխիայի եւ Թուրքիայի հավաքականների հետ:

Երբ փոքր էի, շատ էի սիրում Թբիլիսիի «Դինամոյի» ավագ Ալեքսանդր Չիվաձեին: Մի անգամ, երբ ամռանը գնացքով գնում էինք Պիցունդա կամ Գուդաուտա եւ գիտեի, որ Թբիլիսիում կարճատեւ կանգառ ենք ունենալու, ամենայն լրջությամբ ծնողներիս հարցրել էի. «Իսկ Չիվաձեն գալո՞ւ է ինձ դիմավորի»:

1982 թվականին Իսպանիայում կայացած ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը մանկական ամենավառ հիշողություններից է: ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես էր գալիս Երեւանի «Արարատի» կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանը, իսկ Թբիլիսիի «Դինամոն» ներկայացված էր մի քանի ֆուտբոլիստով: Ալեքսանդր Չիվաձեից բացի, հավաքականի կազմում էին Թենգիզ Սուլաքվելիձեն, Ռամազ Շենգելիան, Վիտալի Դարասելիան: Դարասելիան, ի դեպ, զոհվեց նույն 1982 թվականին՝ ավտովթարի զոհ դառնալով:



2015 թվականի մարտին Երեւանում պետք է Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված վետերանների խաղ կայանար, որի նախօրեին իմ ընկեր Միշա Վիգնանսկիին խնդրել էի զրուցել Ալեքսանդր Չիվաձեի հետ.

«Երեւանում մեզ մշտապես ամենաբարձր մակարդակով էին ընդունում: Իսկ մի՞ թե կարող էր այդպես չլինել: Ես մեծացել եմ թբիլիսյան Նախալովկա շրջանում՝ «իտալական բակում», ընկերություն էի անում ռուսների, հայերի, ադրբեջանցիների, հույների հետ: Այսքան տարի է անցել մեր կարիերայի ավարտից հետո, իսկ մենք Խորենի հետ մինչ այժմ ընկերներ ենք: Նա օրերս Թբիլիսի էր եկել, մենք շատ ջերմ շփվեցինք»:

Հիշելով 1982 թվականի խորհրդային հավաքականը, Ալեքսանդր Չիվաձեն ասել էր.

«Կարծում եմ, 1982 թվականի հավաքականը ԽՍՀՄ-ի պատմության մեջ ամենալավն էր, սակայն մեր բախտը մի փոքր չբերեց: Նախ` խանգարեցին առաջատար ֆուտբոլիստների՝ Լեոնիդ Բուրյակի, Վագիզ Խիդիյատուլինի, Դավիթ Կիպիանիի վնասվածքները: Եվ, իհարկե, անհասկանալի իրավիճակ էր այն առումով, որ հավաքականը ղեկավարվում էր Կոնստանտին Բեսկով-Նոդար Ախալկացի-Վալերի Լոբանովսկի եռյակի կողմից»:

Սպասենք ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը եւ երկրպագենք Վրաստանի հավաքականին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին