Հակոբ Հակոբյան. Հայերի հանճարը չի վերջացել - Mediamax.am

Հակոբ Հակոբյան. Հայերի հանճարը չի վերջացել
2086 դիտում

Հակոբ Հակոբյան. Հայերի հանճարը չի վերջացել


Մաս Ա

Շրջադարձային իրադարձություններով ու հանրահայտ մարդկանցով գերհարուստ իմ կյանքում կան մարդիկ, որ իմ հպարտությունն են ու իմ ցավը: Անանվանելի երջանկություն է եղել նրանց հետ շփումը, նրանց աշխարհներին հաղորդակցվելը: Հակոբ Հակոբյանը մեկն է այդ մարդկանցից, որ դարձել են Հայաստանի Հանրապետության ինքնության ու հավերժության երաշխավորը՝ մարդկանց ու Աստծո առաջ:

Հակոբ Հակոբյանը «իմ» նկարիչը չէր, իմը Մինաս Ավետիսյանն էր՝ գույների, հույզերի, զգացումների հրավառությունը, անգամ տառապանքից կենսահաստատ ուժ քամելու կարողությունը, ճիչը: Հակոբ Հակոբյանն ինձ համար սառն էր, մեխանիկական ու… մի քիչ էլ անհասկանալի՝ իր կտավների գունատ գույներով, իր կտավների «լռությամբ»: Ժամանակ էր պետք, որ հասկանայի՝ Հակոբ Հակոբյան-Մինաս Ավետիսյան անխախտ միասնությունը ու հաստատուն ուժը: Ու սիրեի ոչ միայն Հակոբ Հակոբյան նկարչին, այլև՝ մարդուն՝ խորունկ, նուրբ, իմաստուն, ապստամբ ու հանճարեղ:

***

«ՀՀ»-ի խմբագիր Այդին Մորիկյանը, ի տարբերություն ինձ, սիրում ու հասկանում էր Հակոբ Հակոբյանի նկարչությունը, նրա կտավի ու խոսքի արժեքն ու դերը գիտեր: Նրա հորդորով ես 1995-ի հունիսին զանգահարեցի Հակոբ Հակոբյանին ու խնդրեցի իր խոսքն ասել Սահմանադրության նախագծի մասին: Մի քիչ լռությունից հետո հարցրեց. «Այդքան կարևոր կնկատի՞ք իմ խոսքը»: Իհարկե՝ պատասխանեցի միանգամից ու ասացի, որ նաև կարող եմ այցելել, եթե հարմար չի համարում հեռախոսով թելադրելը: Ասաց՝ կմտածի ու կզանգահարի, եթե հեռախոսահամարս թողնեմ: Համարն ասացի ու որոշեցի՝ չի զանգի: Սխալվեցի, զանգահարեց ու թելադրեց. «Սահմանադրության ընդունումը մեր վերջին տարիների ամենակարևոր պահերից մեկն է լինելու մեր ժողովրդի համար: Որոշ չափով ծանոթ եմ նախագծի շուրջ ընթացած քննարկումներին, երբ կողմ ու դեմ շատ կարծիքներ բախվեցին, առաջարկություններ եղան: Եվ դա բնական է: Մեզնից ամեն մեկը պետք է կարողանա ճիշտ ըմբռնել, որ հուլիսի 5-ը մեր ժողովրդի հազարամյա պատմության մեջ ամենաճակատագրական պահերից մեկն է, որովհետև մեր պետության հաստատումը, այդ պետության մեջ օրենքներ ունենալը, ողջ ժողովրդին օրենքներով կազմակերպելու հնարավորությունը չպետք է կորցնենք: Պետություն-անհատ-ժողովուրդ հարաբերությունները պետք է ճշտվեն: Միանշանակ «Այո» պետք է ասվի Սահմանադրությանը: Ես սա բնականոն եմ համարում մեր երկրի ամեն մի քաղաքացու համար: Ես այժմ ստեղծագործական սովորական կյանքով եմ ապրում և քաղաքականությամբ զբաղվելու կարիքը բնավ չունեմ: Սակայն երկրի համար կարևորագույն, շրջադարձային ժամանակներում արվեստագետը միշտ էլ իր ժողովրդի ու իր երկրի ապագայի պատասխանատուն է: Ոչ մի ժամանակ միտք չեմ ունեցել թողնել-գնալ Հայաստանից, նույնիսկ ամենածանր օրերին: Իսկ այժմ, երբ մեզնից ամեն մեկը իր խղճի առաջ պատասխանատու է, երբ մեզնից յուրաքանչյուրի ասած «Այո»-ն կամ «Ոչ»-ը կանխորոշելու է դժվար նվաճված մեր երկրի վաղվա օրը, դավաճանություն կլինի հեռանալը: Իսկ մնում եմ, որպեսզի «Այո» ասեմ վաղվա օրվան, իմ հարևանի, բարեկամի, քաղաքի, երկրի վաղվա օրվան, «Այո» ասեմ Սահմանադրությանը»: «Ինչպե՞ս էր»՝ թելադրելուց հետո հարցրեց Հակոբ Հակոբյանը: «Հարցազրույց էր»՝ պատասխանեցի, ծիծաղեց ու ասաց. «Ուրախ եմ, որ հավնեցաք: Կհանդիպենք»:

***

Հանդիպեցինք 1996-ի հունիսին, հարցազրույցը տպագրվեց «Հայաստանի Հանրապետութիւն»-ի հունիսի 28-ի համարում՝ «Իմ տեղը իմ երկրում» վերնագրով:  

Առաջին անգամ էի գնում նկարչի տուն, Կասյան փողոցով իջնում էի, ծաղիկներ էին վաճառում, չգիտեմ ինչու՞ մի մեծ փունջ դաշտային ծաղիկներ գնեցի: Թերևս այն պատճառով, որ դաշտային, ոչ պաշտոնական՝ վարդեր, մեխակներ, կակաչներ, ծաղիկները միշտ եմ սիրել: Դուռը բացեց տիկին Մարին ու հուզվեց իմ ծաղիկներից. «Օ, ինչ հոտավետ են, ինչ լավն են, Հակոբ, տես, տես, ինչ հրաշք են»: Քսքստացնելով հողաթափերը՝ սենյակից դուրս եկավ Հակոբ Հակոբյանը, նախ զննեց ծաղիկները, հետո ինձ ու ասաց՝ «Սուրճը որտե՞ղ խմենք, խոհանոցում, թե՞ ինձ մոտ»: Չիմանալով՝ որտե՞ղ է «Ինձ մոտը», ասացի՝ «Ձեզ մոտ»: Ու գնացինք արվեստանոց, որ նույն շենքի վերնահարկում էր: Ես հայտնվեցի սպիտակ տարածության մեջ ու կտավների, ու… մոռացա, որ հարցազրույցի եմ եկել:



Ասել, որ գեղեցիկ էին սպիտակ պատերը, ապակեպատ տարածքից թափանցող շքեղ լույսը, որոշակի, ասես՝ ցուցադրության համար դասավորված կտավները, նշանակում է՝ ոչինչ չասել: Ես կտավից կտավ էի անցնում, վերադառնում էի նորից ու նայում էի-նայում լույսի փոփոխության հետ փոխվող գույներին, երբ լսեցի Հակոբ Հակոբյանի ձայնը. «Սուրճը պաղեց»: Դա քաղաքավարի հրավեր էր՝ իրականություն վերադառնալու ու հարցեր տալու:

-Ինչպիսի՞ն պիտի լինի մտավորական-հասարակություն փոխհարաբերությունը, ո՞րն է մտավորականի տեղը հասարակական կյանքում:

-Իսկ ի՞նչ եք հասկանում մտավորական ասելով: Կրթությու՞նը: Հոգեվիճա՞կը: Աշխարհատեսությու՞նը: Անշուշտ, մարդուն առաջնորդողը գլուխը պետք է լինի, ոչ թե մկանները: Եթե ինտելեկտը չղեկավարի, հասարակությունը դժվար թե զարգացում ապրի: Երևի թե հիմա քաղաքական գործիչ մտավորականների ժամանակներ են, մարդկանց, որ կոչված են կարգավորել ժողովրդի կյանքը: Եվ երկիրը ղեկավարողները պետք է մտքի, սրտի, մեծ կրթության ու խոր գիտելիքների տեր մարդիկ լինեն, նրանց հոգու դրությունն ու աշխարհատեսության մակարդակը մեծամասամբ որոշում է հասարակության կենսակերպն ու քաղաքականությունը:

-Քաղաքականությունն այս կամ այն կերպ ներխուժել է բոլորիս կյանքը, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում քաղաքականությանը:

-Ես հայ նկարիչ եմ և ապրում եմ այս երկրի, այս ժողովրդի կյանքով: Գիտեմ, որ քաղաքականությունը բարդ ու դժվար վիճակ է, չեմ կապում բարոյական կատեգորիաների հետ, երբեմն նույնիսկ երկրի կյանքը կարգավորող ուժերը երկրի ներսում չեն: Թերևս ոչ մի երկիր այսօր առանց իր քաղաքականությունը աշխարհաքաղաքականությանը  համապատասխանեցնելու չի կարող գոյություն ունենալ: Ամեն երկիր իր ուժի չափ տեղ ունի աշխարհի քաղաքականության մեջ: Մենք փոքր ժողովուրդ ենք, շատ ավելի ուժեղ ու մեծ երկրների հետ գոյակցելու հնարավորություններ պիտի գտնենք՝ իմ կարծիքով: Մեր քաղաքականության չափն ու աստիճանը սա է: Ինչպե՞ս պիտի պահպանենք մեր գոյությունը, մեր անցյալը, մեր երազները, մեր հիշողությունը: Եթե կարողանանք, ուրեմն արժանի ենք անկախ լինելուն: Բայց և ամենամեծ չարիքը ներքին քաղաքականության մեջ կարող է լինել, եթե հանկարծ երկպառակություն ծագի, և մենք չգնահատենք մեր պետականության կարևորությունը:  

-20-րդ դարավերջ հասած հայ ժողովուրդը իր գոյության որակական նոր փուլ է մտել: Տնտեսության մեջ սկսվել են շուկայական հարաբերությունները, ինչպե՞ս անդրադարձավ այս փոփոխությունը հոգևոր կյանքում, հասարակական կյանքի ներկա տեղաշարժերը Ձեր կարծիքով դեպի ու՞ր են տանում:

-Ես գտնում եմ, որ մշակութային-հոգևոր կյանքը մարդու գոյության անբաժանելի վիճակ է: Հավատացած եմ, որ մարդու հոգեկան կյանքը երբեք չի դադարում, բայց պետք է լինեն տնտեսական որոշ նախադրյալներ, բարեկեցության որոշակի մակարդակ, որ հնարավոր դառնան մշակույթի, գիտության, արվեստի առաջաքայլը: Զուտ ֆիզիկական գոյությամբ ազգը չի ապրի: Կարծում եմ՝ մեզ ժամանակ է պետք երկրի տնտեսական կյանքը կարգավորելու համար: Նախևառաջ ամենամեծ հարցն այսօր ժողովրդին աշխատանքով ապահովելն է, եթե մարդիկ չեն աշխատում, ոչինչ չեն ստեղծում, դժվար թե կարողանան գոյության նվազագույն պայմաններն ապահովել: Պետության դերն այս հարցում անչափ մեծ է: Ցանկացած պետության առաջնահերթ խնդիրը մարդու զբաղվածության ապահովումն է, որ իր քաղաքացին ճակատի քրտինքով, կանոնավոր կերպով իր դրամը վաստակել կարողանա:


Հակոբ Հակոբյանև ու Տիգրան Մանսուրյանը

Այդ դեպքում մտավորական կյանքն էլ կզարգանա: Հայ ժողովուրդը դարերի ընթացքում դրսևորել է իր հոգևոր ուժը, իր կարողությունը, այսօր մենք ունենք մեր ազգային մշակույթը, որ, ճիշտ է, եթե աշխարհի մշակույթի հետ համեմատենք, իր ծավալով ու խորությամբ գուցե մեծ չէ, բայց իր ինքնատիպությամբ զարգացման մեծ հնարավորություն ունի: Պետք չէ, որ տնտեսական կամ շուկայական հարաբերությունները նպաստեն ցածրաճաշակ մշակույթի անարգել ու անկաշկանդ տարածմանը, որ կարող է խաթարել մեր ազգային նկարագիրը:

-1914-ին Վահան Տերյանը Ցոլակ Խանզադյանին գրում էր. «Մենք անկուլտուրական ազգ ենք»: Ընդունե՞նք, որ դարասկզբին այդպիսին լինելով՝ դարավերջին էլ մնացել ենք այդպիսին հոգևոր առումով:

-Հենց Տերյանի գոյությունն ապացույց էր, որ մենք դարասկզբին էլ անկուլտուրական ազգ չէինք: Անշուշտ, երկար դարեր կորցրած լինելով մեր անկախությունն ու պետականությունը, ենթարկված լինելով ուրիշ ժողովուրդների կամքին ու կամայականություններին, չէինք կարող անխաթար պահել մեր մշակույթը: Մեր արվեստի ոսկեդարը մեր պետականության օրոք էր: Օսմանյան կայսրության տիրապետման տակ մեր գերխնդիրը ֆիզիկական ինքնապահպանությունն էր, հոգևոր հետամնացություն, նախնականություն, կոպտություն, անշուշտ, եղել է, տակավին կա, և դրա դրսևորումն է հենց այն փաստը, որ մենք հիմնականում անտեղյակ ու անհաղորդ ենք այլ երկրների ու ժողովուրդների արվեստին: Ինքներս մեր մեջ կենտրոնացած՝ գերագնահատում ենք մեզ, առանց համեմատելու այլոց մշակույթի հետ: Չեմ կարծում, որ առանց Գերմանիա գնալու Կոմիտասը Կոմիտաս կդառնար, Թամանյանը ճարտարապետական կրթությունը Ռուսաստանում չստանար, մենք այսպիսի Երևան չէինք ունենա, Աճառյանը չուսաներ Փարիզում, գուցե Արմատական բառարանը չլիներ: Մենք արժանի ենք ավելի լավ կյանքի, ավելի լավ մշակույթի, օտարների լավագույնն օգտագործելով՝ մեր թե ֆիզիկապես, թե հոգեպես կատարելագործմանը, մտքի մշակմանը:

***

-Ձեր կարծիքով՝ կա՞ այսօր նկարչության ճգնաժամ, եթե այո՝ ո՞րն է պատճառը:

-Դուք նկատի ունեք այս մի քանի տարինե՞րը՝ իրենց տնտեսական դժվարություններով: Եթե որևէ երևույթ կտրվում է իր արտաքին շփումներից, սկսվում է տեղապտույտ, ուրեմն և մեր արվեստի ու աշխարհի արվեստի հատման կետում սկսվում է արվեստի զարգացումը:

-Կարո՞ղ ենք ասել, որ այդ կետում ձևավորվում է չափանիշը:

-Անշուշտ, եթե Սարյանը շփված չլիներ համաշխարհային մշակույթին, չէր կարող ստեղծել համահայկական արվեստի չափանիշը: Արվեստն անհատական վիճակ է, և ամեն արվեստագետ ազատ է ապրելու իր կամքի, մտքի թելադրանքով, իր զգացողություններով, իր որոնումներով: Այսօր մենք ունենք երիտասարդ և շատ օժտված նկարիչներ, բայց մեր 30 տարեկանների մեջ կա՞ Մինաս: Հազիվ թե:

-Ինչպե՞ս կբանաձևեք այսօր հայ նկարչության տեղն աշխարհում:

-Հայ նկարչության և ծագումով հայ նկարիչների՝ սկսենք այս ճշտումից: Դարասկզբից մենք բացառիկ վիճակում ենք, երբ ժողովրդի կեսն իր հայրենիքից դուրս է և հակառակ օտար միջավայրի՝ ապացուցում ենք, որ կարող ենք մշակութային մեծ արժեքներ ստեղծել: Գառզուն, Ժանսեմը Ֆրանսիայում, Արշիլ Գորկին Ամերիկայում, Սարյանը, Կալենցը, Մինասը Հայաստանում ցույց տվեցին, որ մեր փոքր թվաքանակի համեմատ մենք համաշխարհային արվեստում մեծ տեղ ունենք: Հայերի հանճարը չի վերջացել: Եթե Սարյան է եղել, եթե Մինաս է եղել մեկ անգամ, լինելու է նորից:

-Նկարիչը որոշակի ձիրք ունի, ի՞նչն է նրան դարձնում հանճարեղ:

-Դա աստվածային լուծում ունեցող խնդիր է: Նախ՝ ընդունակությունը, հետո՝ բնավորությունը: Ամեն ժողովուրդ դարերով կուտակում է իր ուժերը՝ հանճարներ ծնելու համար: Անձնական նկարագիրը, կարգապահությունը, առաջադրված խնդրի մեծությունը գումարելիներ են, որ հանճար են ստեղծում:

-Իսկ հասարակական կյանքի մակընթացություններն ու տեղատվություննե՞րը:

-Ես չեմ կարծում, որ դա մեծ նշանակություն ունի: Սարյանը, օրինակ, ապրեց թե ցարական, թե սովետական ժամանակներում, տեսավ թե ճնշումներ, թե ազատություն, քանի որ ի բնե հանճարեղ էր, պահեց իր հանճարը, թեպետ այլ պայմաններում նրա գործը շատ ավելին կլիներ: Հայ ժողովրդի կորուստն է, դժբախտությունը, որ իր հանճարեղ զավակները հաճախ ինքնարտահայտման հնարավորություն չեն ունենում: Դա ամենացավալին է: Միշտ չէ, որ այդ մարդիկ գալիս են, եթե եկել են, պետք է նրանցից առավելագույնը քամել: Մեր ժողովրդի ողբերգությունն է նաև այն, որ ամեն սերունդ գրեթե նորից է սկսում, չի շարունակում նախորդների ճանապարհը, մինչդեռ այդ շարունակությունը մշակույթի զարգացման հիմքն է:

-Ո՞րն եք համարում նկարչի տեղն այսօրվա կյանքում:

-Նկարչությունը մարդու հետ ծնված հատկություն է, կենդանուց մարդուն տարբերող հատկանիշ: Իր գոյության ամենասկզբնական շրջանում մարդը սկսել է նկարել, գուցե խոսելուց առաջ նույնիսկ, երբ ցանկացել է ինչ-որ բան նկարելով հասկացնել: Նկարչությունը մարդու բնական վիճակն է, կյանքից անբաժան նկարչության դրսևորումը սահմաններ չունի: Նկարչությունը չի սկսվում և չի ավարտվում կտավի սահմաններում, կյանքի մասն է տարբեր բնագավառներում, տարբեր հանգամանքներում: Մարդկանց կյանքը շատ աղքատ և շուրջբոլորը շատ անշուք կլիներ առանց նկարչության, ինչպես առանց երաժշտության, առանց ճարտարապետության: Ինչպե՞ս է օգտագործվում նկարչությունը, ինչպե՞ս է ապրում նկարիչը, այս հարցերի պատասխանը պարզում է հասարակության քաղաքակրթության մակարդակը:

***

-Կարծու՞մ եք, որ անցած տարիներին մենք սովորեցինք անկախ երկրի քաղաքացի լինել:

-Մենք նույնիսկ նոր բառեր սովորեցինք, որ առաջ չգիտեինք: Մարդիկ ապրում են իրենց կյանքը և սովորում միմյանցից, բայց յուրաքանչյուրն ունի իր ապրելակերպը, հոգեբանությունը, անձնական նկարագիրը, կենսափորձը, ինչը բնական է շվեդի համար, կարող է անընդունելի լինել հայի համար: Մենք պիտի ստեղծենք մեր պետությունը, մեր գիտակցությունը, մեր քաղաքականությունը, մեր օրենքները, պիտի սովորենք ենթարկվել օրենքներին, հարգել ու կատարել: Կյանքն է ճշմարիտ չափանիշը: Ինչ մի ժամանակ անընդունելի էր, հետո դառնում է ընդունելի, երեկ անհայտն այսօր ակնհայտ է: Պետք է մեր երկրում այսօր ապրենք այնպես, որ իրար հետ լավ զգանք: Դա քարոզով չի լինում: Դա զգացողություն է, մտածողություն, հոգեբանություն:



Երբ տարիքդ առնում ես, հասկանում ես, որ ավելի շատ պետք է լսել երիտասարդներին, քան ծերերին: Ծերացած մարդը հեռացողի հոգեբանությամբ է նայում կյանքին, երիտասարդը ծրագրեր ու եռանդ ունի, ծերունու իմաստնությունն ու փորձառությունը ջահելության հանդգնությունը չունի: Կյանքը դյուրին չէ, շատ խորհրդավոր, շատ հրապուրիչ է, լավն ու վատը, չարն ու բարին մարդկային վիճակներ են՝ երիտասարդական հախուռնությունը նահանջում է հասունության զգուշավորության ու ծերունական անտարբերության առաջ: Հետո ամեն ինչ կրկնվում է նորից:

***

-Հայաստանը և Դուք 2000 թվականին:

-Ես արդեն 73 տարեկան եմ և չգիտեմ՝ բախտ կունենա՞մ մինչև 2000 թվականն ապրել: Հայաստանը, հարկավ, 2000-ին էլ, 3000-ին էլ կլինի: Եթե ճիշտ ընտրվի ճանապարհը, 2010-2020-ին Հայաստանն աշխարհում իր արժանի տեղը կունենա: Հարյուրավոր տարիներ պետություն չենք ունեցել: Հայաստանի առաջին հանրապետությունը երկու տարի տևեց: Մենք արդեն հինգ տարի ապրում ենք: Ապրելու ենք՝ պահպանելով մեր երկիրը, մեր մշակույթը:

***

-Ո՞րն է Ձեզ համար Հայաստանի խորհրդանիշը:

-Ես ծնվել եմ օտարության մեջ, և ինձ ճնշել է օտարության զգացողությունը, երբ տանը խոսում ես մեկ, դրսում մեկ այլ լեզվով: Օտարությունն անապահովություն է նախևառաջ: Բայց քիչ առ քիչ մեծանում ես ու հասկանում՝ ի՞նչ ասել է Երևան, Էջմիածին, Արշակունյաց թագավորություն: Գիտակցում ես, որ իրավ քո պատմությունն ու քո պետության մեկ մասը կորցրել ես, բայց մեկ մասն էլ ունես, ուրեմն աշխարհի որ անկյունում էլ լինես, պիտի վերադառնաս քո երկիրը: Հայաստանի խորհրդանիշն ինձ համար իմ տեղն է իմ երկրում: Ինձնից առաջ եղել է, ինձնից հետո լինելու է Հայաստանը, Հայաստանի խորհրդանիշն ինձ համար իմ ապրած կյանքն է:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին