Տիգրան Մեծը, Փաշինյանի «շրջադարձը» եւ Մյունխենի «անեծքը» - Mediamax.am

Տիգրան Մեծը, Փաշինյանի «շրջադարձը» եւ Մյունխենի «անեծքը»
4415 դիտում

Տիգրան Մեծը, Փաշինյանի «շրջադարձը» եւ Մյունխենի «անեծքը»


Նիկոլ Փաշինյանը այս տարի եւս մասնակցում է Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին:

Շատ լավ եմ հիշում 2020 թվականի Մյունխենի համաժողովը, որտեղ կայացավ Հայաստանի վարչապետի տխրահռչակ բանավեճը Ադրբեջանի նախագահի հետ, որը Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս «շրջադարձային» որակեց:

Այդ «շրջադարձային» քննարկման ընթացքում Փաշինյանը, ով այսօր ոչ միայն պնդում է «Հայաստանի պատմության» դասավանդումը, այլեւ փաստացի կոչ է անում մոռանալ անցյալը, առաջնորդվում էր «Coca Cola is older than Azerbaijan» տրամաբանությամբ, եւ, մասնավորապես, ասում էր.

«Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիեւն այդքան հեռու չգնար պատմության գիրկը: Քանի որ, երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեի հետ, Հարավային Կովկասում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում չկար որեւէ պետություն, որը կանվանվեր Ադրբեջան»:

Վերջում էլ ավելացնում էր.

«Տիգրան Մեծի ժամանակներում մեր ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու ազգ կար՝ հայեր եւ վրացիներ: Եվ ոչ միայն Տիգրան Մեծի ժամանակներում, այլ նաեւ Բագրատունիների, Արշակունիների ժամանակներում: Դա կարելի է գտնել պատմության ցանկացած գրքում»:

Այդ քննարկումից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հրապարակեց կարգավորման այսպես կոչված «Մյունխենյան սկզբունքները»: Մեջբերեմ դրանցից չորսը.

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Երբ համեմատում ես այս «սկզբունքները» Նիկոլ Փաշինյանի վերջին ամիսների հայտարարությունների հետ, միայն մեկ եզրակացության ես գալիս. միայն 2020 թվականի պարտությունից, Արցախի շրջափակումից եւ կորստից հետո է նա սկսել խոսել «մտածելակերպի փոփոխության» մասին: Մինչ այդ նա շարունակել է նույն քաղաքական գիծը, ինչ եւ իր նախորդները: Չտեսնել սա՝ նշանակում է կույր կամ հիմար լինել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին