Փաշինյանի «գյուտը», «հերոսները» եւ կանադացի փիլիսոփայի ախտորոշումը - Mediamax.am

Փաշինյանի «գյուտը», «հերոսները» եւ կանադացի փիլիսոփայի ախտորոշումը
5209 դիտում

Փաշինյանի «գյուտը», «հերոսները» եւ կանադացի փիլիսոփայի ախտորոշումը


Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ «Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է»: Նույն հաջողությամբ կարող էր ասել, որ թիվ 1 հերոսը առավոտյան եւ երեկոյան ատամները լվացող քաղաքացին է։ Գոնե իմ համար հարկ վճարելը (թե որպես անհատ, թե որպես 25-ամյա պատմություն ունեցող ընկերության տնօրեն) երբեք հերոսություն չի եղել, այլ բնական գործողություն՝ ինչպես, օրինակ, ատամ լվանալը։

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ արժեզրկում է «հերոս» հասկացությունը։ Ըստ էության, նոր բան չի անում՝ շարունակում է այն գիծը, որով եկավ իշխանության: Իր ընտրազանգվածին ասում է մոտավորապես հետեւյալը.
 
«Եթե կյանքում մեծ ձեռքբերումների չեք հասել, ոչ էլ ձգտում եք, մի մտածեք, ես ձեզ կհամահարթեցնեմ նրանց հետ, ովքեր հաջողությունների են հասել, բոլորդ հավասար կլինեք։ Իսկ որ ձեզ հատկապես լավ զգաք, ձեզ «հերոս» կասեմ»:

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ արժեզրկում է «քաղաքացի» հասկացությունը։ Ըստ նրա, եթե հարկ ես վճարում, արդեն քաղաքացի ես։ Անկախ նրանից, թե ինչ ես անում (կամ ավելի հաճախ՝ չես անում) հասարակության եւ պետության համար։ Քաղաքացու եւ հարկատուի նույնացումը ի վերջո բերելու է մեկ այլ կետի. վճարիր հարկերը եւ առանձնապես մի մտածիր, թե ինչ պետություն ես պահում քո փողով։

Մի պահ մի կողմ դնենք ակնհայտ եւ թաքնված վտանգները, որոնք կան Փաշինյանի հայտարարություններում: Կարեւոր հարց է բաց մնում՝ մենք մեր «հերոսությունն» անում ենք (հարկերը վճարում ենք), իսկ ինչպե՞ս է դրանք տնօրինում Փաշինյանի իշխանությունը: Մի կողմից, նա ասում է, որ «նրա («հերոսի») վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում եւ գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը», մյուս կողմից գնում է վերանորոգվող դպրոց ու ասում. «Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել»:

Վերադառնամ հարկատուի եւ քաղաքացու նույնացման վտանգներին: Որքան էլ Փաշինյանը համոզված լինի, որ ինքը հասարակական հարաբերությունները «վերագործարկելու» գյուտեր է անում, զարգացած երկրներում խելացի մարդիկ վաղուց արտահայտվել են դրանց մասին: Օրինակ կբերեմ Կանադայից, որի վարչապետ Ջասթին Թրյուդոն Նիկոլ Փաշինյանի ընկերն է (վերջինիս բնորոշմամբ):




Փիլիսոփա, Սըդբըրիի համալսարանի դասախոս Ռեչել Հալիբյորթոնը դեռեւս 2016 թվականին գրել էր.

««Քաղաքացի» հասկացությունը ներառում է եւ՛ իրավունքները, եւ՛ պարտականությունները, որոնք մենք ունենք որպես համայնքի անդամներ: Այն ներառում է ամեն ինչ՝ սկսած առողջապահական խնամքի, կրթության եւ իրավական պաշտպանության մեր իրավունքներից, մինչեւ քվեարկելու մեր պարտականությունը, եւ, այո, հարկերի արդար բաժինը վճարելու մեր պարտավորությունը: Իհարկե, մեր կողմից ընտրված պաշտոնյաները եւս պարտավոր են «լավ քաղաքացիներ» լինել եւ ընդհանուր ռեսուրսները օգտագործեն ընդհանուր բարօրության համար:

«Հարկատուն» ավելի նվազ հասկացություն է: «Հարկատուի» հայեցակարգը չունի փոխադարձ պարտականությունների եւ ընդհանուր նպատակների շրջանակը, որը մարմնավորում է «քաղաքացիություն» հասկացությունը: Եթե մենք մեզ հիմնականում կամ բացառապես որպես «հարկատուներ» ենք ընկալում, դա նշանակում է, որ համայնքում միմյանց հետ մեր կապերը կրճատել ենք այնքան, որ դրանք նմանվել են այն հարաբերություններին, ինչպիսիք գոյություն ունեն ապրանքներ եւ ծառայություններ վաճառողների եւ գնորդների միջեւ: Կարճ ասած, «քաղաքացի» հասկացությունն ընդգրկում է «հարկատու» հասկացությունը, բայց ոչ հակառակը:

Երբ մենք ցանկանում ենք, որ մեր կողմից ընտրված պաշտոնյաները մեզ վերաբերվեն որպես «հարկատուների», այլ ոչ թե որպես «քաղաքացիների», իրականում նրանցից ավելի քիչ բան ենք ակնկալում: Մենք խնդրում ենք, որ նրանք լցնեն փոսերը, պետական պատվերները չշնորհեն իրենց ընկերներին, բայց չենք պահանջում, որ անկեղծ խոսեն մեզ հետ։ «Հարկատուների» միջեւ յուրաքանչյուր խոսակցություն վերածվում է քննարկման այն մասին, թե ինչն ինչ արժե։ Իսկ քաղաքացիների միջեւ զրույցը կարող է ներառել շատ այլ թեմաներ: Որպես «հարկատուներ» մենք հաճախորդներ ենք, որոնք գումար են փոխանակում ապրանքների եւ ծառայությունների հետ, այլ ոչ թե հավասար մասնակիցներ, որոնք ներգրավված են համայնք ստեղծելու եւ պահպանելու ընդհանուր եւ շարունակական նախագծում»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին