Լորդ Բայրոնի «Մերսեդես-600»-ը եւ Տոկարչուկի նամակը - Mediamax.am

Լորդ Բայրոնի «Մերսեդես-600»-ը եւ Տոկարչուկի նամակը
2519 դիտում

Լորդ Բայրոնի «Մերսեդես-600»-ը եւ Տոկարչուկի նամակը


2012 թվականին Երեւանը հռչակվեց «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» (ի դեպ, քաղաքի որոշ հատվածներում դեռեւս կարելի է տեսնել այդ միջոցառման գունաթափված պաստառները): Դրանից մոտ մեկ տարի առաջ Լոնդոնում ապրող մեր հայրենակից Աննա Մխիթարյանն ինձ պատմել էր, որ ծանոթացել է Լորդ Ռոբին Բայրոնի հետ, ով բանաստեղծ Ջորջ Բայրոնի ուղիղ հետնորդն է:

Նա իրավաբան էր, 1883 թվականին հիմնադրված Holman, Fenwick & Willan իրավաբանական ընկերության գործընկերը եւ բրիտանական Բայրոնի Ընկերակցության նախագահը:

Երբ սկսվեցին «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» նախապատրաստական աշխատանքները, դրանց համակարգող Վիգեն Սարգսյանին ասացի, որ միգուցե արժե Ռոբին Բայրոնին Հայաստան հրավիրել: Վիգենը միտքը փոխանցեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նա էլ պաշտոնական հրավեր ուղարկեց Լորդին:

Ինչպես ասում են`«инициатива наказуема»: Մշակույթի նախարարությունում որոշեցին, որ քանի որ գաղափարը իմն է, հենց ես պետք է զբաղվեմ Ռոբին Բայրոնով: Արարողակարգային ծառայության կապույտ համարներով «Մերսեդես-600» հատկացրեցին, որով պետք է դիմավորեի Ռոբին Բայրոնին օդանավակայանում:

Լորդը զուսպ մարդ էր: Այնքան զուսպ, որ այդպես էլ չհասկացա, թե արդյո՞ք իրեն դուր եկավ Հայաստանը: Համենայնդեպս, մենք ամեն ինչ արեցինք, որ իր այցելությունը լավ անցնի: Գյումրիում այցելեցինք Բայրոնի անվան դպրոցը, Երեւանի պետական համալսարանում հանդիպեց ուսանողների հետ:

Տարիներ անց որոշեցի պարզել, թե ինչով է այսօր զբաղվում Ռոբին Բայրոնը:

2021 թվականի աշնանը լույս է տեսել նրա «Կյանքի արձագանքներ» վեպը: Հոդվածագիրը նշել էր, որ վերջին 200 տարվա մեջ առաջին անգամ գրախանութներում հայտնվել էր Լորդ Բայրոնի հեղինակած գիրքը: Հեղինակն էր ասել էր, որ այդ փաստն իրեն առանձնապես չի ճնշել. «Պարզապես ցանկանում էի տեսնել, թե արդյո՞ք կարող եմ գիրք գրել եւ պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես ձեզ կարող է թվալ»:

2011 թվականին կապ էի հաստատել նաեւ լեհ գրող Օլգա Տոկարչուկի հետ՝ նրան ցանկանում էինք տեսնել որպես «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի հատուկ հյուր: Շատ ջերմ էր արձագանքել եւ նախնական համաձայնություն տվել: Հետո ինչ-որ բան չստացվեց եւ Տոկարչուկը Երեւան չեկավ: Իսկ 2018-ին նա գրականության Նոբելյան մրցանակ ստացավ:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին