«Անմահանալու» լեգիտիմացված խաբկանքը - Mediamax.am

«Անմահանալու» լեգիտիմացված խաբկանքը
4253 դիտում

«Անմահանալու» լեգիտիմացված խաբկանքը


Այդպես էլ չկարողացա հաշտվել այդ բառի հետ. ամեն անգամ այն լսելիս հոգուս մեջ ինչ-որ բան կծկվում է: 2020 թվականի պատերազմի առաջին օրերին ի հայտ եկավ «անմահացած» եզրույթը: Այդպես սկսեցին անվանել զոհված տղաներին:

Աստիճանաբար այն ավելի ու ավելի հաճախ սկսեց կիրառվել, «լեգիտիմացավ» եւ ակտիվորեն օգտագործվում է առ այսօր: Չգիտեմ՝ դա հատուկ մշակված քա՞յլ էր, թե զոհվածների հարազատների վիշտը մեղմելուն ուղղված ինչ-որ մեկի բարի ցանկությունը, որը անսպասելի եւ անկառավարելի ծավալներ ստացավ: Բայց փաստն այն է, որ պետական քարոզչությունը սկսեց լայնորեն կիրառել եզրույթը:

Վստահ չեմ, որ այն ակտիվորեն օգտագործում են զոհվածների հարազատները: Իրենք բոլորից լավ գիտեն, որ իրենց սիրելի զավակները, հայրիկները կամ պապիկներն այլեւս իրենց հետ չեն. իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի: Այն կյանքը, որը մարդուն տրվում է մեկ անգամ եւ ամենաթանկն է:

Կա կյանք եւ կա մահ: «Անմահացած» եզրույթը փորձում է «վիճել» այդ փաստի հետ: «Անմահանալու» պատումը շահագործողները կամա թե ակամա փորձում են փախչել իրականությունից, մոռացության տալ մեր կրած կորուստների ահռելի չափերը: Նմանություն եմ տեսնում պատերազմի առաջին օրը Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ասածի հետ. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»:

Վստահ եմ, որ զոհվածների ընտանիքները իրենց նահատակների հիշողությունը վառ են պահում: Բայց միաժամանակ իրենք ամեն օր, ամեն ժամ զգում են նրանց բացակայությունը եւ չեմ կարծում, որ հանրային տիրույթում կարծրացած բառ-խաբկանքը օգնում է նրանց մեղմել ծանր կորստի վիշտը:

Անձնական եւ համազգային վիշտը հնարավոր է վերապրել միայն ընդունելով այն: Իրականությունից փախչելու համառ ձգտումը մեր պարտության պատճառներից մեկն էր: Բայց երբ պարտությունից հետո դարձյալ չենք ցանկանում առերեսվել իրականության հետ, դրանով իսկ անարգում ենք հայրենիքի համար կյանքը տվածների հիշատակը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին