Կառլոս Գոնի եւ Ռուբեն Վարդանյանի ճակատագրերը - Mediamax.am

Կառլոս Գոնի եւ Ռուբեն Վարդանյանի ճակատագրերը
77190 դիտում

Կառլոս Գոնի եւ Ռուբեն Վարդանյանի ճակատագրերը


10 տարի առաջ՝ 2013 թվականի սեպտեմբերին զանգ ստացա Ռուբեն Վարդանյանից.

- Կառլոս Գոնն է Հայաստանում: Եթե կուզես, կարող ես հարցազրույց վարել իր հետ, իր նախնական համաձայնությունը ստացել եմ:

Իհարկե, անակնկալի եկա: Գիտեի, որ Ռուբենը միջազգային լայն կապեր ունի, բայց, միեւնույն է, դժվար էր հավատալ, որ նրա հրավերով Երեւանում է Renault եւ Nissan ընկերությունների գլխավոր տնօրեն, Renault-Nissan դաշինքի ղեկավար լեգենդար Կառլոս Գոնը: Բրազիլիայում ծնված ծագումով լիբանանցի Գոնը համաշխարհային ճանաչում ստացավ նրանից հետո, երբ Nissan-ը դուրս բերեց խորը ճգնաժամից՝ ծախսերի կրճատման կոշտ ծրագրի միջոցով:

Ժամանակին հենց Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա-Դիալոգ»-ն էր Renault-Nissan-ը ներգրավել որպես «ԱվտոՎԱԶ»-ի ներդնող:

Հարցազրույցն արեցի, Կառլոս Գոնը, մասնավորապես, ասել էր.

«Վաղուց էի ցանկանում Հայաստան այցելել, եւ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանի հրավերը շատ տեղին էր: Ես լիբանանցի եմ, իսկ Լիբանանում կա մեծ հայկական համայնք, ուստի ծանոթ էի հայկական խոհանոցին, սովորույթներին, լեզվին: Շատ երկրներում ունեմ հայ ընկերներ:»

Այդ հարցազրույցից 5 տարի անց, 2018 թվականի նոյեմբերին, համաշխարհային բոլոր լրատվամիջոցները հայտնեցին, որ Կառլոս Գոնին կալանավորել են Ճապոնիայում: Հաջորդ տարվա մարտին նրա խափանման միջոցը փոխեցին՝ գրավի դիմաց, իսկ 2019-ի դեկտեմբերին Կառլոս Գոնին Տոկիոյից մասնավոր օդանավով գաղտնի տեղափոխեցին Լիբանան: Գործարարին թաքցրել էին երաժշտական գործիքների արկղի մեջ:

Ցավոք, անհավանական է պատկերացնել, որ Ռուբեն Վարդանյանին կհաջողվի նման հնարքի միջոցով դուրս պրծնել Բաքվի բանտից: Մնում է հուսալ, որ Կառլոս Գոնը եւ համաշխարհային ճանաչում եւ ազդեցություն ունեցող այլ մարդիկ կանեն հնարավորը՝ նրան օգնելու համար:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին