«Միայն քաղաքական ինտելեկտի դրսեւորմամբ կարելի է կանխել վերահաս աղետը» - Mediamax.am

«Միայն քաղաքական ինտելեկտի դրսեւորմամբ կարելի է կանխել վերահաս աղետը»
3684 դիտում

«Միայն քաղաքական ինտելեկտի դրսեւորմամբ կարելի է կանխել վերահաս աղետը»



(Տիգրան Հայրապետյանի հոդվածների ժողովածուի առաջին երեք հատորների գրախոսություն)


Կարդացեք նաեւ Արեւելագետի «քաղաքագիտական մարգարեությունը». նա այս օրերը տեսել է երեք տասնամյակ առաջ

Հայաստան եւ աշխարհաքաղաքական իրողությունները

Տիգրան Հայրապետյանի վերլուծություններին խորքային բնույթ հաղորդող հանգամանքներից մեկն էլ այն է, որ Հայաստանի եւ ընդհանրապես հայության խնդիրները դիտարկում է աշխարհաքաղաքական զարգացումների եւ իրողությունների համապատկերում, դրանք համադրելով իրար հետ եւ ցույց տալով դրանց ուղղակի եւ անուղղակի շաղկապվածությունը: Բացի այդ, եւս մեկ անգամ պարզ տեքստով ներկայացնում է համաշխարհային քաղաքականության սկզբունքներն ու խաղի կանոնները, որոնք հեռու են հումանիզմից ու մեզ համար այդքան կործանարար միամիտ, քաղաքական ռոմանտիզմով պարուրված հավատը այդ ամենի հանդեպ էլ ավելի ողբերգական է դարձնում դրա հետեւանքները Հայաստանի ու հայության համար:

Լինելով արեւելագետ՝ Տիգրանը նախ դիպուկ եւ հստակ սահմանում է արեւելքում դարեր շարունակ տիրող իրավիճակը, իրողությունները եւ հակամարտությունների շարունակական բնույթն ու դրանց լուծելու հարցում արեւմտյան մեթոդների ոչ էֆեկտիվությունը: 1992 թ. գրված եւ ստորեւ մեջբերվող տողերը լավագույնս են պատկերում արեւելքում երեկ, այսօր եւ վաղը գործընթացների տրամաբանությունը. «Աշխարհի ոչ մի շրջան այնպես հագեցած չէ ազգային, կրոնական, տարածքային եւ սոցիալական խնդիրներով, ինչպես Միջին Արեւելքը: Այստեղ դժվար է առանձնացնել մի երկիր, որն իր անմիջական հարեւանների հետ վիճելի հարցեր չունենա: Սա այն տարածքն է, որտեղ հազարամյակներ շարունակ ոչ մի խնդիր վերջնական կամ տրամաբանական լուծում չի գտել: Նույնիսկ լուսավորյալ ժամանակներում խնդիրների լուծման լավագույն տարբերակը եղել եւ մնում է բիրտ ուժի գործադրումը: Արեւմուտքում ծնունդ առած եւ զարգացում ապրող միջազգային իրավունքի նորմերն ու համամարդկային արժեքները, առերեւույթ ընդունելով հանդերձ իրականում փշրվում են՝ բախվելով ազգային-կրոնական ինքնատիպությանն ու աշխարհընկալման յուրօրինակությանը, որ հատուկ է միայն Միջին Արեւելքին: Այս շրջանում գոյատեւում են միայն հզոր պետությունները, եւ նրանք, ովքեր կարողանում են համատեղել իրենց շահերը տարածքային ընդհանուր շահերի եւ մեծ քաղաքականության ստրատեգիական ծրագրերի հետ»:

Այս միտքը առավել արդիական է դարձել մեր օրերում, քանի որ գործող իշխանությունները չեն պատկերացնում ու կարծես չեն էլ ուզում այլեւս պատկերացնել այն արեւելյան աշխարհաքաղաքական եւ սովորույթային միջավայրը, որը շրջապատում է մեր պետությանը: Եվ կրկին քաղաքական մարգարեության ժանրի օրինակ կարող ենք համարել Տիգրան Հայրապետյանի այն դիտարկումը, թե իշխանությունները ապրելով արեւելքում, իրենց ուզում են տեսնել անհոգ արեւմուտքում ու դրանից էլ սկիզբ են առնում քաղաքական, մարտավարական եւ դիվանագիտական սխալների մի մասը:

Չնայած որ Տիգրան Հայրապետյանը 1992 թ. այս միտքը գրելիս նկատի է ունեցել այն ժամանակվա իշխանություններին, սակայն    նրա դիտարկումները, որպես քաղաքական մարգարեություն լիովին վերաբերվում են նաեւ 2018-ից հետո իշխանության գտնվող ուժին. «Նորաստեղծ հայկական պետականությունն ու նրա ժողովուրդը, որ տասնամյակներ շարունակ մեկուսացած էր իր բնական միջավայրից՝ Միջին Արեւելքից, եւ իր հիշողության մեջ սերնդեսերունդ պահպանում էր շրջանում իր տառապյալ պատմության արյունոտ էջերը, պատրաստ չգտնվեց Միջին Արեւելքի երկրների հետ ծավալուն փոխհարաբերություններ հաստատելուն եւ, խուսափելով Արեւելքում սպասվող բնական բարդություններից, հայացքն ուղղեց դեպի բարեհամբույր եւ դյուրամարս Արեւմուտք: Հայաստանը հերթական անգամ անտեսեց իր եւ իր խնդիրների արեւելյան բնույթը, ոգեւորվեց արեւմտյան արժեքների ու սկզբունքների գրավչությամբ եւ նորից փորձում է արեւելյան խնդիր հանդիսացող «հայկական հարցին» արեւմտյան լուծում գտնել»: Այս տողերը կարծես ամբողջությամբ պատկերում են նաեւ արցախյան հարցում Հայաստանի այս պահի իշխանությունների եվրոպական քաղաքական վոյաժներն ու սին ակնկալիքների ողջ սնանկությունը:

Բայց արցախյան ու հայաստանյան խնդիրները մեծերի քաղաքական առեւտրի օրակարգին սիրահոժար մատուցելու սխալմունքը նույնպես չի վրիպել Տիգրան Հայրապետյանի աչքից եւ 1992 թ. քննադատաբար գրել է այն բացասական հեռանկարի հնարավորության մասին, որը 2020-ին դարձավ իրականություն: «Նորաստեղծ պետականության քաղաքական միտքը ոչ միայն չկարողացավ խուսափել ռուսական մուրճի եւ թուրքական սալի միջեւ կոխկրտվելու վտանգից, այլեւ այս երկուսին ավելացրեց արեւմտյան հնոցը, որն առատ ջերմություն է մատակարարում առաջին երկուսի հակահայկական արդյունավետ գործողություններին: Ուստի այսօրվա գերխնդիրն է դուրս բերել հայ ժողովրդին այս աղետաբեր եռանկյունու շրջանակներից»: Այդ աղետաբեր եռանկյունու շրջանակից Հայաստանը դուրս բերելու հրամայականը ինչպես անցյալում, այնպես էլ հիմա ու առավել եւս մեր օրերում ձեռք է բերել գոյութենաբանական նշանակություն եւ դարձել հավասարազոր պետականությունը պահպանելու հարցին:

Պատերազմի հավանականությունը այս տարածաշրջանում, Հայաստանի դեմ, Արցախի դեմ. սրանք հարցեր են, որոնք խոսվում են մեր պետականության գոյության ողջ ընթացքում եւ այսօր ոչ միայն չեն դադարել, այլեւ հնչում են ավելի այլ ու փոփոխված անհանգստությամբ: Սակայն այդ խնդիրը եւ դրա խորքային էությունը հասկանալու համար կարեւոր են ոչ միայն այս պահին տեղի ունեցող զարգացումները, այլեւ տեսական հարթությունը, որը կարող է ծնունդ տալ պատերազմներ, ուժեղացնել եւ թուլացնել դրանց հավանականությունը: 1990-ականներին Տիգրան Հայրապետյանը ուրվագծել էր ահա այդ տեսական միջավայրը, որի վրա հենվելով արել էր կանխատեսումներ, որոնք այսօր մենք անվանում ենք մարգարեական, որովհետեւ անգամ կոնկրետ տարածքներն են նշված, որոնց հանդեպ թշնամին կարող է ոտնձգություն անել: Սակայն այդ ամենը եթե փոքր ինչ էմոցիոնալ հարթությունում մեզ թույլ ենք տալիս անվանել մարգարեական, ապա մեկ այլ տեսանկյունից կարելի է ուղղակի սահմանել տեսական հարթության ճիշտ ընկալում եւ սահմանում, որից բխում են հնարավոր քայլերը: Այսպես, 1992 թ. իր հոդվածներից մեկում Տիգրան Հայրապետյանը գրում է. «...քաղաքական աշխարհագրության մեթոդիկայով նախնական ուսումնասիրությունները վկայում են, որ նույնիսկ հայ-ադրբեջանական հակամարտության բացակայության դեպքում Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքն ակնհայտ էր երկու հատվածում՝ Սեւանի ավազանում եւ Զանգեզուրում: Այս սպառնալիքն ամրացված է աշխարհքաղաքական, տնտեսական եւ գոյապահպանական գործընթացների զարգացման հիմնական միտումներով, եւ այն կանխարգելելու համար պետք է նախաձեռնել նպատակային, կոնկրետ գործողություններ»: «Առանց Մեղրու շրջանի Հայաստանն իջնում է ԼՂՀ կարգավիճակին՝ վերածվելով պարզունակ անկլավի»:

Կամ հաջորդ միտքը կրկին 1992-ին գրված հավանական պատերազմի եւ այլ պետություններին մեր դիմելու հնարավորությունների մասին որքան ճշգրտորեն է պատկերում այսօրվա վիճակը. «Ինչպես հատուկ է մեծ հակամարտությունների ընթացքին, ուժերի փորձարկման առաջին փուլն իրականացվում է երրորդ երկրների տարածքներում...Այս մեծ պայքարի փոքրիկ, բայց կարեւոր հանգույցներից մեկն էլ Հայաստանն է ու «Հայկական հարցը»: ...Անիմաստ են դառնում հուսահատ պարբերական դիմումները Ռուսաստանին, որ նա, ի վերջո, պաշտպան կանգնի սեփական ստրատեգիական շահերին: Եթե նույնիսկ ապագայում Ռուսաստանը սթափվի եւ լրջորեն մտահոգվի իր քաղաքական ապագայով, Հայաստանի համար արդեն ուշ կլինի: Ինքնախաբեություն է ապավինել Արեւմուտքի ողորմածությանը կամ հակաարեւմտյան դաշինքի «խոստումնալից» աջակցությանը...»:

Դե իսկ ստորեւ մեջբերվող հոդվածի հատվածը կարծես առնչվում է ժամանակի մեքենայի գործառույթներին եւ 1992 թ. Տիգրան Հայրապետյանը ոչ միայն կանխատեսել, այլ կարծես սղագրել է 2023 թ. օգոստոսի 16-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը կապված Լաչինի միջանցքի հետ. «Հայաստանի քաղաքական թուլությունը լավ են գիտակցում Թուրքիայի եւ ԵԱՀԽ երկրները, որոնք ճնշում կգործադրեն հայկական կողմի վրա՝ ԼՂՀ խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից դիտարկելու ուղղությամբ: Ցավոք, համաեվրոպական ատյանում այսօր չկա մի երկիր, որ ջանքեր կգործադրեր քննարկումների նման ընթացքը փոխելու համար: Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրն ընդունվի որպես հիմք, ապա հաջորդ քայլով կբարձրացվի Հայաստանի կողմից նրա ներքին գործերին միջամտելու անթույլատրելիությունը, զինված կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը ԼՂՀ-ից եւ, որ ամենակարեւորն է, գաղթականներին իրենց բնակության նախկին վայրերը վերադարձնելու «մարդասիրական» պահանջը:

Պետք է սպասել, որ հայկական կողմն իր հերթին շեշտը դնելու է շրջափակումների վերացման, մարդասիրական միջանցքների ստեղծման եւ խաղաղարար ուժերի տեղաբաշխման վրա»:

Աշխարհի, այդ թվում եւ արեւմուտքի քաղաքական գերակայությունների ընկալման առումով իրատես քաղաքական գործիչների, վերլուծաբանների մոտ կարծես թե վաղուց ամեն ինչ պարզ է, նրանք որեւէ պատրանք եւ քաղաքական ռոմանտիզմի տարրեր չունեն: Ինքը՝ արեւմուտքը, ըստ էության, չի թաքցնում իր մոտեցումները, կամ հետեւելով դարերի տրադիցիային կիրառում է մեկ-երկու հերթապահ ու անիմաստ կիսադիվանագիտական բառեր: Տիգրան Հայրապետյանը այդ ամբողջ իրողությունը ներկայացնում է մերկ եւ սառը իրականության լույսի ներքո. « …կարելի է հանգել այն պարզ ճշմարտությանը, որ միջազգային կազմակերպությունների սկզբունքները, ինչպեսեւ արեւմտյան «անխախտ» արժեքները քաղաքական գործոն են դառնում միայն այն ժամանակ, երբ դրանք համընկնում են իրենց իսկ շահերին»: Իսկ գալով կոնկրետ արցախյան խնդրին՝ նա դեռեւս 1992 թ. գրում է. «Բայց չէ՞ որ միջազգային կազմակերպություններն ու շահագրգռված երկրները ԼՂՀ խնդրի էությունը հասկանալու ցանկություն չդրսեւորեցին եւ հենց սկզբից հարցը դիտարկեցին մարդու իրավունքների ու ազգային փոքրամասնության, այսինքն՝ ԼՂՀ ժողովրդի պաշտպանության պարզեցված կարծրատիպերով: Մինչդեռ ԼՂՀ ժողովուրդն իր պատմական հայրենիքում իրեն ամենեւին էլ չէր ընկալում ազգային փոքրամասնություն ու ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ ընդհանրություն կա անկախություն հռչակած ԼՂՀ-ի դեմ ագրեսիայի եւ մարդու իրավունքների պաշտպանության լոկալ խնդրի միջեւ: ...Ակնհայտ էր, որ ԼՂՀ ժողովրդի համար մշակութային-լեզվական ինքնավարության գաղափարը, որը ծնվել էր ԵԱՀԽ կուլիսներում, մահապատժի վճիռ էր, քանի որ էթնոմշակութային  ամբողջովին տարբեր հանրույթներ երբեք չէին կարողանա կառուցել միասնական պետություն, առավել եւս չորս տարվա արյունալի պատերազմից հետո: Լեռնային Ղարաբաղում բոլորի համար ակնհայտ էր, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ոչ մի որոշում ու նույնիսկ մեծ տերությունների որեւէ վստահեցում չի երաշխավորելու նրանց տարրական անվտանգությունը մի երկրում, որտեղ արմատավորվել են ազգամիջյան խնդիրները ջարդելով ու բռնի  տեղահանմամբ լուծելու հին ու ամուր ավանդույթներ, որի փաստերը դժվար չէ գտնել պատմության մեջ եւ ոչ վաղ անցյալում»: Ուստի, ինչ է մնում. կամ Արցախի ժողովուրդը ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ կոտորվում է, սակայն պայքարելով, կամ ստիպված լքում է իր հազարամյակների բնօրրանը: Իսկ այն հարցը, թե արդյոք աշխարհը արդյոք պատրաստ է դրան, կամ կանի որեւէ կանխարգելիչ քայլ հնչում է առավել քան հռետորական. «...ԼՂՀ-ն Ադրբեջանին ենթարկեցնելու միակ տարբերակը ԼՂՀ բնակչության ոչնչացումն է կամ արտաքսումը: Պատրա՞ստ են աշխարհի երկրները 20-րդ դարի վերջին ընդունել խնդրի այդ լուծումն ու դա համարել գոհացուցիչ»: «Վերջապես բալկանյան իրադարձությունները ցույց տվեցին համաշխարհային հումանիզմի հաղթանակին ապավինող քաղաքական գործիչների ամբողջ սնանկությունը: Աշխարհն այսօր, ինչպես եւ 100 տարի առաջ, կարող է համակերպվել առանձին ժողովուրդների համազգային աղետի հետ: Այսօր էլ հնարավոր են առանձին պետությունների մասնատումը, բնակչության զանգվածային տեղահանումները եւ «խարանված հողի» քաղաքականությունը»:

Այս նույն հարցի դիվանագիտական, քաղաքական քննարկումների ժանրին անդրադառնալով՝ Տիգրան Հայրապետյանը 1992 թ. նկարագրում է Արցախի հայերի ֆիզիկական հավանական կոտորածի դիվանագիտական զուգահեռը. «Այսպիսով, կասկածից վեր է, որ ԵԱՀԽ շրջանակներում ԼՂՀ խնդրին առնչվող աշխատանքային շքերթն ընթանալու է թուրքական տեսակետի գերակայության պայմաններում: Արեւմտյան տերությունները կոչված են միայն հեղինակավոր տեսք տալու աշխատանքներին եւ մեղմելու որոշումների հակահայկական բնույթը դրանց գեղեցկատես շարադասությամբ ու միջազգային կեղծ երաշխիքներով»:

Սակայն կարեւոր ենք համարում նկատել, որ Տիգրան Հայրապետյանը այս ամբողջ պատկերի եւ իրողության միակ մեղավոր չի համարում արեւմուտքին եւ Ռուսաստանին. եթե վերջիններիս պարագայում դա իրենց քաղաքական ոճն է եւ ընդհանրապես մեծ քաղաքականության գրված եւ օրինաչափ բնույթը, ապա հայկական քաղաքական մտքի համար այդ իրողությունների բնույթը դարեր շարունակ չընկալելը, հարյուրավոր անգամներ նույն քաղաքական, մարտավարական սխալները տարբեր դարերում թույլ տալը վերածվել է, ըստ էության, ֆատալիստական մի փակ շղթայի, որից հայ ժողովուրդը չի կարողանում դուրս գալ եւ ամեն մի նոր սերունդ անում է իր սխալը, որն իրականում գենետիկորեն իր նախորդներից ժառանգած «ազգային բռենդի» վերածված սխալի նորացված, տվյալ դարին հատուկ տարբերակն է: Այդ առումով Տիգրան Հայրապետյանը հստակ նկարագրում է 1990-ականների սկզբի վիճակը, որը նույնական է մ.թ.ա. եւ 21-րդ դարի վիճակների հետ. «Հայկական հարցի լուծման հերթական սցենարը եւ նրա մասնակիցները մեզ բավականին ծանոթ են մեր արյունոտ ու ողբերգական պատմության էջերից: Վերջին 200-ամյակում հայ ժողովուրդը բազմիցս տուժել է հայկական հարցի լուծման արեւմտյան տարբերակի հետեւանքներից: Սարսափելին այն չէ, որ եւ՛ Արեւմուտքը, եւ՛ Թուրքիան, եւ՛ հատկապես նրանց համագործակցության տեսքն ու բովանդակությունը մնացել են նույնը: Սարսափեցնում է այն, որ մե՛նք չենք փոխվել: Նույնիսկ 70-ամյա քաղաքական անդորրը, որի ընթացքում կարելի էր վերագնահատել անցյալը եւ ըմբռնել Ռուսաստան-Թուրքիա-Արեւմուտք եռանկյունում մեր ազգային որոնումների անմխիթար վերջաբանի իրական պատճառները, իզուր է անցել»:

Ուստի լուծումը իմ կարծիքով այդ ֆատալիստական շղթայի կոտրումն է, քաղաքական պատրանքներից ձերբազատվելը, մեծ քաղաքականության մեջ այդպես էլ միամիտ երեխայի կերպարից դուրս չգալու բեռից ազատվելը: Իսկ Տիգրան Հայրապետյանը 1992-ին գրած այս տողերը հենց մեր օրերում սպասվող, դամոնկլյան սրի պես Հայաստանի ու Արցախի գլխին կանգնած աղետը կանխելու ամենաառաջին, ամենապարտադիր եւ ամենապարզ քայլն է. «Կարեւորագույն խնդիրը պետք է դիտարկել այն, որ Հայաստանը չստորագրի ոչ մի փաստաթուղթ, որը կսահմանափակի ԼՂՀ իրավական կարգավիճակը»:

Ռուս-ուկրաինական պատերազմի կանխատեսում

Կարեւոր է փաստել, որ Տիգրան Հայրապետյանը իր վերլուծություններում առանցքում ունենալով Հայաստանն ու Արցախը՝ չի սահմանափակվել միայն այդ խնդիրներով եւ անդրադարձել ու փորձել է կանխատեսումներ անել ավելի գլոբալ հարցերի վերաբերյալ: Նման խնդիրներից է ռուս-ուկրաինական հարաբերությունները, որոնք հիմա թշնամական են, իսկ նախկինում երկու եղբայր ժողովրդի կամ նույն ժողովրդի կոնցեպտի մեջ էին ընկալվում: Սակայն դեռեւս 1993 թվականին Տիգրան Հայրապետյանը նկատում է այն վտանգավոր զարգացումները, կամ այն թշնամանքի սաղմերը, որոնք հանգեցնելու էին ռուս-ուկրաինական պատերազմի արդեն 2022 թ.: Օրինակ՝ 1993 թ. իր հոդվածներից մեկում Տիգրանը գրում է. «Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին տեղի ունեցած եւ տեղի ունեցող իրադարձությունները կարծես թե այլեւս տարածություն չեն թողել զարմանքի կամ անակնկալի համար, սակայն այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, հավակնում է գերազանցել ամենաուժեղ երեւակայության սահմանները: Եթե Բելովեշչյան թավուտում երեք սլավոնական ժողովուրդների առաջնորդները գրչի մի հարվածով քանդեցին բազմադարյան ռուսական տերության հիմքերը, եւ դա ինչ-որ կերպ բացատրելի էր, ապա իրենց միջեւ թշնամանքի հետեւողական սերմանումն այն նույն առաջնորդների կողմից սկսում է տխուր մղձավանջ հիշեցնել»: Արեւելագետ-վերլուծաբանը նաեւ հստակ ներկայացնում է ռուս-ուկրաինական թշնամանքի սերմանման ճարտարապետներին, որոնք կարծես երբեք էլ չեն թաքցրել իրենց նպատակները թեկուզ ի հաշիվ հայրուր հազարավոր զոհերի, ավերածությունների. «Իսկապես ռուս-ուկրաինական հարաբերությունների տպավորությունը մտահոգիչ է, սակայն եթե անգամ որեւէ ծրագիր նախապատրաստվում է վելիկոռուսներին եւ մալոռուսներին արյունալի գոտեմարտի մեջ ներքաշելու ուղղությամբ, ապա անկասկած դա արվում է արեւմտյան մայրաքաղաքների գողտրիկ արվարձաններից մեկում, բայց ոչ Մոսկվայում»: «Միացյալ Նահանգների պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը ժամանում է Կիեւ «Ռուսաստանի եւ Ուկրաինայի փոխհարաբերություններում լարվածությունը թուլացնելու». մի՞թե սա ցնցող չէ: Կամ երկու ժողովուրդների կրոնական պառակտումը, որին աշխուժորեն մասնակցեցին երկուսի հովվապետները: Սրա շուրջ նույնիսկ արդեն արյուն է թափվել: Թեկուզ առայժմ քերծվածքներից եւ ոչ խոր վերքերից, սակայն հայտնի է, որ մեծ հրդեհները կարող են փոքրիկ բռնկումից ծագել: Ապագա ողբերգության նախերգանքը չե՞ն երգում «Մայակ» ռադիոկայանի կիեւյան թղթակիցները, երբ ի լուր ամբողջ Ռուսիայի հայտարարում են, թե «երբ մենք Կիեւյան Ռուսիան էինք կերտում, ռուսները դեռ ծառերի վրա էին ապրում», «ուկրաինուհի Յարոսլավնան Ֆրանսիայի թագուհի է եղել» եւ նմանօրինակ բազում այլ «անմեղ» պատմագիտական ճշգրտումներ»:

Ռուս-ուկրաինական պոտենցիալ հակամարտությունը Տիգրան Հայրապետյանը ներկայացնում է համեմատելով արաբական ժողովուրդների մոտ տեղի ունեցած համանման զարգացումների հետ եւ գալիս, ըստ էության, տրամաբանական եզրահանգման. «Իսկապես, եթե արաբական ժողովուրդները կարող են նախանձելի հետեւողականությամբ թշնամանք տարածել միմյանց միջեւ, պատերազմել եւ ավերակների կույտի վերածել «Վուատան ալ Արաբին» (արաբական հայրենիքը), ապա ինչո՞ւ նույնը չեն կարող անել սլավոնական ժողովուրդներն իրենց ընդհանուր «դերժավայի» հետ: Որքան էլ այս միտքը մերժելի, անգամ արտառոց թվա, ինչպես ասում են, փաստերը խոսուն են»: «Արաբական եղբայրասպանության դառը եւ ցավալի օրինակը պետք է որ ահազանգ հնչեցնի Կրեմլի պատասխանատուների համար, քանզի «այդպիսի բան պարզապես չի կարող լինել» ավանդական փաստարկն օրեցօր ավելի անհամոզիչ է հնչում»:

Եվ այս ամենի համապատկերում շատ բնական է ուկրաինական ազգայնամոլության աճին նպաստելը բացահայատ եւ անուղղակի մեթոդներով: Այդ ազգայնամոլությունը բնականաբար պետք է որպես առաջնային թիրախ դիտարկեր Ռուսաստանը, ռուսներին եւ այլն: Դեռեւս 1998 թ. Տիգրան Հայրապետյանը այդ առնչությամբ գրում է. «Ուստի պատահական չէ, որ Խորհրդային Միության փլուզման դարակազմիկ իրադարձության համատեքստում ի սկզբանե առանձին կարեւորություն է տրվում ուկրաինական ազգայնականության աճին եւ այդ երկրում հակառուսականության արմատավորման խնդրին: Եթե հաշվի չենք առնում այս հանգամանքը եւ այն աշխարհքաղաքական դերը, որը հատկացված է նորանկախ Ուկրաինային հետսառըպատերազմյան Եվրոպայում հակակշիռների համակարգի ձեւավորման գործում»:

21-րդ դարի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի որոշ առանձնահատկություններ. յայացք 1990-ականներից

Կարդալով Տիգրան Հայրապետյանի գրավոր ժառանգության եռահատորը՝ զարմանքով, սակայն երեւի թե օբյեկտիվ սպասումով նկատեցի, որ նրա կանխատեսումները վերաբերվում են ոչ միայն արտաքին խնդիրներին, այլեւ ներհայաստանյան որոշ իրողություններին. ավելի կոնկրետ՝ Տիգրանը 1990-ականներին ուրվագծել էր այն տեսական առանցքը, որը Հայաստանի ներքին զարգացումները տանելու էին 2018 թվականի աղետին՝ այսպես կոչված, հեղափոխությանը: Սակայն Տիգրան Հայրապետյանը երեւի չէր կարող կանխատեսել, որ նախ իր տեսական վատատեսական սահմանումները այդքան բառացի կյանքի էր կոչելու 2018-ին իշխանության հասած ուժը, որի ղեկավարի՝ Ն. Փաշինյանի հետ, ինչպես արդեն նշեցի, ըստ ականատեսների՝ նա ծանոթ է եղել եւ լավ հարաբերություններ ունեցել: Եվ երկրորդ՝ 1990-ականների սկզբի իշխանություններին քննադատելիս՝ Տիգրանը թերեւս չէր մտածի, որ այդ բնութագրումները այդքան ճշգրտորեն վերաբերելի են լինելու Հայաստանի այսօրվա իշխանություններին եւ նրանց գործելաոճին:

Առաջինը վերաբերում է 2018 թ. ժողովրդին հանկարծակի եւ անսպասելի երկընտրանքի առջեւ կանգնեցնելուն, երբ փողոցային շարժման լիդեր Ն. Փաշինյանը հայտարարեց, որ կամ ինքը կդառնա վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Ես չգիտեմ՝ արդյոք Փաշինյանը ժամանակին կարդացել է Տիգրան Հայրապետյանի այն հոդվածը, որտեղ նա խոսում է աֆրիկյան Զաիր երկրի բռնապետ նախագահ Մոբուտուի մասին, ով բառացի հայտարարել է. «Կա՛մ ես կմնամ իշխանության գլուխ, կա՛մ երկրում քաոս կլինի»: Կամ-կամով առաջնորդվող քաղաքական գործիչները իրենց կառավարումը ավելի են կարեւորում քան երկիրը եւ շարունակելով թեման ու փորձելով տեսնել դրա տեսական հիմքերը՝ կրկին մեջբերենք Տիգրան Հայարպետյանի հոդվածից, որտեղ վերջինս էլ հղում անելով ֆրանսիացի մասնագետներին գրում է. «Ֆրանսիացի տեսաբաններից մեկի կարծիքով, սկսած այն պահից, երբ առաջնորդը հարց է դնում «կա՛մ ես, կա՛մ քաոս», այդ պահից սկսած նա ոչ թե կառավարում է երկիրը, այլ իր բոլոր կարողություններն ուղղում է քաոսի նախապատրաստմանը»: Եվ այսօրվա Հայաստանը, հատկապես կարեւոր երկու ճակատագրական շրջափուլերից հետո՝ 2018 թ. եւ 2021 թ. (խորհրդարանական ընտրություններ) գտնվում է խորը եւ համապարփակ քաոսի մեջ, որը տեսանելի է ոչ միայն մասնագետների, այլ պարզ, սակայն գիտակից յուրաքանչյուր քաղաքացու համար:

Տիգրան Հայրապետյանը 1994 թ. քննադատելով 1990-ականների սկզբի իշխանություններին՝ ձեւակերպել է միտք, որն ավելի հարիր է 2018-ից հետոյի իշխանություններին եւ կարծես գրված է մերօրյա աղետը, իշխանությունների պետականակործան եւ ազգակործան գործելաոճը տեսնելուց հետո. «Ոչ մի օտար իշխանություն այդքան ծանր հետեւանքներ չէր կարող ունենալ այս երկրի եւ նրա ժողովրդի համար, որքան սեփականը:…Հայաստանի պարանոցը պարուրած օղակն օրեցօր ձգվելու է, մինչեւ որ նա չձերբազատվի իր ժամանակն ապրած վարչակարգից»:

Ուշագրավ է, որ Տիգրան Հայարպետյանը նաեւ վերլուծել է ոչ բռնի ճանապարհով իշխանության եկած ուժի տրանսֆորմացիան դեպի ամեն կերպ իշխանությունը պահելու մոլուցք եւ առանձնացրել դրան հասնելու պարզ եւ դասական համարվող մեթոդները. «Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ լիակատար ու անսահման իշխանություն ունեցող առաջնորդն է գիտակցում, որ մի օր պատասխան է տալու իր արարքների համար: Եվ այդ առաջնորդի վախը հավանաբար այնքան է խորանում, որ նա համակվում է իր ժողովրդի հանդեպ ատելությամբ եւ ձգտում ամբողջ ուժով վրեժ լուծել նրանից, քանի կարող է: Ահա ինչու է ռեժիմը ցանկանում երկիրը լցնել իրեն հնազանդորեն ենթարկվող համազգեստավոր մարդկանցով, որոնց կկարողանա նետել վերջին ու վճռական մարտի: Իհարկե, ցանկալի է, որ այդ մարտը լինի արյունալի, որպեսզի դրանից հետո ռեժիմին պատասխանատվության ենթարկելու ուժ ոչ ոք չունենա»: Իհարկե վերլուծության վերջին հատվածի ապոկալիպտիկ սցենարը ամենաանթույլատրելին է առաջին հերթին հենց պետականության տեսանկյունից, սակայն մերօրյա Հայաստանում համազգեստավորների՝ ոստիկանների թվի ավելացումը, նրանց աշխատավարձերի եւ պարգեւավճարների շեշտակի աճը եւ որ ամենազազրելին է՝ նրանց կողմից առանց խտրականության զոհվածների ծնողների, վաստակ ունեցող զինվորականների, տարեցների, պատանիների հանդեպ կիրառվող տարատեսակ բռնությունները կարծես թե Տիգրան Հայրապետյանի ուվագծած սցենարին լիովին համապատասխանում են:

Նա տեսել է 2020 թ. 44-օրյա պատերազմը 1997-ին

Շատերը, ովքեր ծանոթանում են կամ ծանոթ են Տիգրան Հայրապետյանի գրավոր ժառանգությանը՝ առանձնացնում են նրա քաղաքագիտական մարգարեության հատկապես այն դրվագը, որը վերաբերվում է Արցախի խնդրի շուրջ պատերազմի կանխատեսմանը, ընդ որում շատ կոնկրետ ձեւակերպումներով: Եվ իրոք, երբ կարդում ես 1997 թ. գրված տեքստը, ապա ավելացնելու քիչ բան է մնում. «Մենք կանխատեսում ենք իրադարձությունների զարգացման մոտավորապես հետեւյալ տարբերակը՝ նման աշխատանքի դեպքում թույլատրելի շեղումներով: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ինքը կվերսկսի ռազմական գործողությունները Հայաստանի հյուսիս-արեւելքում եւ Լեռնային Ղարաբաղից հարավ-արեւելք ընկած տարածքում: Պատերազմի առաջին փուլում հայերն այդ ուղղություններում ջախջախիչ պարտություն կկրեն, ընդհուպ մինչեւ Իջեւան-Նոյեմբերյան հատվածի ժամանակավոր կորուստը եւ օրհասական վիճակը Զանգեզուրի շրջանում»:

Տիգրան Հայրապետյանը գրում է նաեւ այդ սցենարի չեղարկման կամ կանխման փոքր հնարավորությունների մասին. «Եթե հնարավոր լինի հասնել նրան, որ գործարքը չկայանա, անհրաժեշտ չափով ամրացվեն Իջեւան-Նոյեմբերյան սահմանային գիծը եւ Ֆիզուլի-Հորադիս ճակատային գիծը, ապա ադրբեջանական հարձակումը կարելի կլինի կանխել սահմանին՝ թույլ չտալով հակառակորդի ներթափանցումը երկիր, ուստի կարելի կլինի խուսափել «հաղթական» հակահարձակումից, նոր տարածքների ձեռքբերումից եւ բնականաբար հակամարտության գոտի խաղաղապահպան ուժերի մուտքից: Դրանով մենք կշրջանցենք «փուլային տեղատվության» մի ամբողջ փուլ, կփրկվեն հազարավոր կյանքեր եւ ժամանակ կլինի ինքնապաշտպանության նոր տարբերակների մշակման համար»:

Հույս եւ ելք

Ամփոփելով արեւելագետ-հրապարակախոս-քաղաքագետ Տիգրան Հայարպետյանի 1990-ականների գրված հոդվածների երեք հատորների գրախոսությունը՝ ուզում եմ նկատել, որ դրանք բացի կանխատեսումներից, խորքային վերլուծություն-գնահատականներից, պարունակում են նաեւ խնդիրների լուծման քիչ, բայց իրատեսական ուղիներ: Հայաստանը արդեն տեւական ժամանակ է գտնվում է ոչ պրոֆեսիոնալիզմի, ապազգային մտածելակերպի, անհիմն ինքնավստահության գերդոզավորմամբ ժամանակավոր պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների ստեղծած տարաբնույթ ճահճուտում: Ի դեպ, 2021 թ. ընտրություններում արտաքին քաղաքականության մեջ ծեծված, ներքին քաղաքականության մեջ ծեծող ուժի վերընտրվելը, որը քաղաքական, քաղաքագիտական եւ պատմական անոմալիա է, անգամ Տիգրան Հայրապետյանը դժվար կպատկերացներ, սակայն նրա հոդվածներից մեկում արված մեջբերումը դիպուկ բնութագրում է 2021 թ. Հայաստանում արձանագրված սեփական քաղաքացիների մի մասի կողմից սեփական պետությունը քանդելուն միտված քայլը՝ խորհրդարանական ընտրությունները: Տիգրան Հայրապետյանի մոտ կարդում ենք. «Միեւնույն ջուրը երկու անգամ չես մտնի» -ուսուցանում էր իմաստուն չինացին, եթե իհարկե, դա այն ճահիճը չէ, որը քեզ կուլ է տալու»: Այո, 2021 թ. Հայաստանը «շնորհիվ» 680 000 քաղաքացիների երկրորդ անգամ մտավ նույն ջուրը՝ ընտրեց ՔՊ-ին եւ շատ արագ հայտնվեց այն քաղաքական ճահճում, որը անկասելիորեն հիմա կուլ է տալիս մեր պետականությունը:

Սակայն հույս, շատ փոքր, բայց, այնուամենայնիվ, հույս կա եւ դա Տիգրան Հայրապետյանի բնութագրմամբ ամենեւին. «…Հայաստանի վարչակարգերի ինքնագոհ քնարերգությունը» չէ, որը «չի փրկելու ո՛չ այդ իշխանություններին եւ ո՛չ էլ նրանց երկրներն ու ժողովուրդներին»: Միակ ռեալ հույսն ու ճանապարհը մնում է հայ ժողովրդի որոշակի հատվածում առկա քաղաքական ինտելեկտն ու ազգային միտքը: Տիգրան Հայրապետյանը այդ հույսի ու ելքի ճանապարհը հետեւյալ կերպ է սահմանում եւ ուրվագծում դեռեւս 1992 թվականին. «Ինքնուրույն, զարգացած եւ բարձրորակ ազգային միտքը ցանկացած ժողովրդի ազգային անվտանգության միակ կայուն եւ իրական երաշխիքն է: Այլ ճանապարհի ընտրությունը տանում է հայրենիքը դեպի հարատեւ խավար, որի մեջ կկորսվեն ազատության, պետականության եւ ազգային երազները»: Գերճշգրիտ այս բնութագրումը մեր այսօրվա իրականությունն է՝ խավարը, դիլետանտիզմի, ապազգայնության խավարը կլանում է Հայաստանի պետականությունը եւ մեր ազգային երազները: Դա կանխելու ուղին ըստ Տիգրան Հայրապետյանի. «Միայն քաղաքական ինտելեկտի դրսեւորմամբ կարելի է կանխել վերահաս աղետը: Մնացած՝ հուսահատ զիջողականությունը կամ հոխորտ դիմակայությունը, կեցվածք է. իր պատմության մեջ հերթական անգամ մահացու վտանգի առաջ հայտնված եւ իրադարձությունների զարգացումը փոխելու անընդունակ ժողովրդի կեցվածք»:

Կարդացեք նաեւ Արեւելագետի «քաղաքագիտական մարգարեությունը». նա այս օրերը տեսել է երեք տասնամյակ առաջ

Ռուբեն Մելքոնյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին