Ռուբենն ու Ալիեւին ձայնակցող ոչնչությունները - Mediamax.am

Ռուբենն ու Ալիեւին ձայնակցող ոչնչությունները
12169 դիտում

Ռուբենն ու Ալիեւին ձայնակցող ոչնչությունները


Ռուբեն Վարդանյանին ես լավ եմ ճանաչում՝ ավելի քան 10 տարի: Գիտեմ նրա ուժեղ եւ թույլ կողմերը եւ մի օր, միգուցե, գիրք գրեմ իր մասին՝ փորձելով ներկայացնել այդ հետաքրքիր, բայց միաժամանակ բարդ եւ հակասական կերպարը: Նրա շատ նախագծեր տեսել եմ սաղմնավորումից մինչեւ իրականացում՝ զարգացման մեջ, ուստի ինքս կարող եմ փաստել շատ «բացահայտումների» անհեթեթ ու ճղճիմ լինելը:

Ավելի քան վստահ եմ, որ այս օրերին Ռուբենի՝ Բաքվի բանտում հայտնվելու փաստից չարախնդող, կամ էլ նրա ձերբակալությունը «թատրոն» որակող մարդկանց մեծ մասը Արցախում երբեք չի եղել: Մեկ տարի առաջ Ռուբենը թողեց եւ գնաց Արցախ: Արեց մի քայլ, որը, թվում էր, ավելի տրամաբանական կլիներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պարագայում: Հնարավոր է, որ նրա որոշման մեջ կային «տողատակեր». դրանք մեծ փողերի եւ մեծ քաղաքականության մշտական ուղեկիցներն են: Բայց փաստն այն է, որ մեկ տարի առաջ Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ եւ այսօր Բաքվի բանտում է, իսկ նրան քննադատողները՝ հարմար նստած են իրենց տներում:

Ոչնչությունները, որոնք ոչ թե Հայաստանի եւ Արցախի, այլեւ սեփական ընտանիքի համար որեւէ բան չեն արել, այսօր ծաղրում են Ռուբեն Վարդանյանին: Տաթեւի եւ Դիլիջանի վերակենդանացումը մի կողմ դնենք, խոսենք «մանր» ծրագրերի մասին: Օրինակ, երկար տարիներ անխնա վիճակում գտնվող Սասունցի Դավթի արձանը կարգի բերելը: Թող ուրիշներն անեին, ո՞վ էր խանգարում:

2008-ին Ռուբեն Վարդանյանը որոշել էր արցախյան 250 ընտանեկան զույգերին ֆինանսական օժանդակություն ցուցաբերել 5 տարիների ընթացքում՝ 2 000, 3 000 եւ 5 000 դոլար հատկացնելով առաջին, երկրորդ եւ երրորդ երեխայի ծննդյան դեպքում: Հինգ տարվա ընթացքում հատկացրել էր ավելի քան 1 միլիոն դոլար:

Մեծ ու «փոքր» ծրագրերն այնքան շատ են, որ դրանց թվարկումը մի քանի էջ կպահանջի: Բայց ոչնչությունները, միեւնույն է, կգտնեն, թե ինչին կարելի է «կպնել»: Ունակ չլինելով հասկանալ, որ իրենց զազրախոսությամբ լրացնում են Ալիեւի հրճվանքը:

Ռուբենի պապը մանուկ հասակում փրկվել էր Ցեղասպանությունից եւ նրա համար այդ թեման միշտ հատուկ կարեւորություն ուներ: Մի քանի տարի առաջ միասին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում էինք: Այնտեղ նա լինում էր հաճախ, քանի որ աջակցում էր թանգարանին: Եվ անգամ այն պարագայում, երբ լավ ծանոթ էր ցուցադրությանը, երբ կանգ առանք որբ երեխաների մեծադիր լուսանկարների մոտ, Ռուբենի աչքերում մեծ արցունքներ տեսա: Իսկ ոչնչություններից շատերը ոչ միայն Արցախում, այլեւ Ցեղասպանության թանգարանում չեն եղել՝ Ծիծեռնակաբերդն իրենց համար լավ խաշ ուտելու եւ համերգ այցելելու տեղ է միայն:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին