«Սովորական» արցախցու կյանքն ու մահը - Mediamax.am

«Սովորական» արցախցու կյանքն ու մահը
5860 դիտում

«Սովորական» արցախցու կյանքն ու մահը


1992-ին, երբ սկսվեց իսկական պատերազմը, նա 16 տարեկան էր: Ինչպես եւ շատերը Արցախում, զինվոր դարձավ եւ կռվեց մինչեւ 1994 թվականի մայիսի 9-ը: Մեդալներ ու շքանշաններ չստացավ, իր գործած սխրանքների մասին էլ չխոսեց:

Նախքան պատերազմը երազում էր Երեւանում սովորել, բժիշկ դառնալ: Բայց պատերազմից հետո հազար ու մի խնդիր կար՝ բարձրագույն կրթություն ստանալու մտքից հրաժարվեց: Գյուղանտեսությամբ էր զբաղվում, շինարարությամբ-ռեմոնտով: Իրեն եւ ծնողներին պահում էր, կյանքից չէր բողոքում: Տեսնում էր, որ հասակակիցներից ոմանք թանկարժեք մեքենաներ ու Երեւանում բնակարաններ են գնում, բայց չէր ափսոսում, որ պատերազմի ժամանակ թալանով չէր զբաղվել:

Ամուսնացավ, երկու երեխա ունեցավ: Երեխաներից մեկը քրոնիկ հիվանդություն ուներ, բուժումը եւ Երեւան գնալ-գալը թանկ էր: Չէր տրտնջում, լրացուցիչ աշխատանք էր գտնում, ծերը ծերին հասցնում էր: Երեւանի հիվանդանոցներում երբեմն հանդիպում էր նախկին համագյուղացիներին, որոնք հեռախոսից ծանր բան ձեռքում չէին բռնում, մնացածի մասին հոգ էին տանում կողքից քայլող «օգնականները»:

2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ կռվեց, հետո էլ երեք ամիս պոստերում մնաց: Երբ տուն եկավ ու անցավ իր գործերին, զգում էր, որ շատ բան նախկինի պես այլեւս չի լինելու: Զգում էր, բայց հեռու էր քշում այդ մտքերը:

2018-ին Հայաստանում «հեղափոխություն» եղավ: Մի տարի հետո Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտ եկավ ու ասաց, որ «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ»: Նայեց կողքի մարդկանց ցնծությանը եւ չհասկացավ, թե ինքն ինչու չի ցնծում:

Պատճառը հասկացավ միայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: Գնաց իր թվով երրորդ պատերազմին, վիրավորվեց, բայց Աստծուն փառք տվեց, որ հաշմանդամ չդարձավ: Նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ մտածեց Հայաստան տեղափոխվելու մասին: Բայց կամքը հավաքեց բռունցքի մեջ ու որոշեց, որ չի գնալու:

2023-ի գարնանը երեխայի մոտ նոր բարդություններ առաջացան: Ինքն ու կինը մի քանի անգամ այցելեցին տարբեր պետական գրասենյակներ, որպեսզի ստանան այն տեղեկանքը, որոնցով կփորձեին Կարմիր Խաչին դիմել՝ Հայաստան տեղափոխվելու համար: Չստացվեց, պաշտոնյան ասաց, որ «ձեր երեխու հիվանդությունը ցուցակներում չկա, տեղեկանք տալ չենք կարող»:

Սեպտեմբերի 19-ին եւ 20-ին գյուղի տղերքի հետ օգնեց պոստերում կանգնած զինվորներին: «Զինադադարից» հետո տունը փակեց, ընտանիքը վերցրեց ու մի կերպ Ստեփանակերտ հասավ:

Սեպտեմբերի 25-ի երեկոյան լուր տարածվեց, որ Ասկերանի մոտ բենզին են տալիս: Մյուս լավ լուրն այն էր, որ կնոջ բարեկամները Երեւանում իրենց համար տուն էին գտել եւ սպասում էին:

Բենզինի հերթում կանգնած էր, երբ պայթյուն որոտաց, կրակի ալիքներ բարձրացան ու սկսեցին մարդկանց կուլ տալ: Աչքի առջեւ անցան իր երեք պատերազմները, կինն ու երեխաները, հայրենի գյուղը: Իսկ հետո կրակը նրան կերավ: Ու նա չիմացավ, որ ոչ մի պատերազմի չմասնակցած պաշտոնյան, որ գարնանը մերժել էր երեխային տեղեկանք տրամադրել, իր այրվելու պահին արդեն Կոռնիձորում էր: Այն բենզինով, որը դեռ գարունն էր պահեստավորել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին