Ռոմանո Պրոդին եւ «լեգիտիմ բռնապետը» - Mediamax.am

Ռոմանո Պրոդին եւ «լեգիտիմ բռնապետը»
4309 դիտում

Ռոմանո Պրոդին եւ «լեգիտիմ բռնապետը»


Այս շաբաթ Հայաստանում էր Իտալիայի նախկին վարչապետ եւ Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդին: 84-ամյա գործիչը ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում ստացավ, տեսակցեց վարչապետին, նախագահին, Վեհափառին, մի շարք այլ հանդիպումներ ունեցավ:

Շատ են գրում, որ Եվրոպայի այսօրվա քաղաքական գործիչները զիջում են ոչ միայն 1980-ականների եւ 1990-ականների առաջնորդներին, այլեւ նրանց, ովքեր ղեկավարում էին մայրցամաքը 2000-ականների սկզբին:

Եվ իսկապես, արդյո՞ք այսօր Եվրոպայում կա գործիչ, ով կարող է խոսել այնպես, ինչպես դա 2003 թվականի հոկտեմբերին արել էր Ռոմանո Պրոդին: Այն ժամանակ Եվրոպական Հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանում «ընտրությունների կազմակերպումը, ընթացքը, ինչպես նաեւ արդյունքները կատարյալ ֆարս էին. ընդդիմադիր թեկնածուներին ընձեռնված չէր նույնիսկ չնչին հնարավորություն ընտրությունների արդար արդյունքին հասնելու համար»:

Այսպիսով, շեշտել էր Պրոդին, Ադրբեջանի նախագահ ընտրված Իլհամ Ալիեւին կարելի է իր երկրի «լեգիտիմ բռնապետ» համարել: Մյուս կողմից, Պրոդիի խոսքերը որեւէ քաղաքական եւ իրավական շարունակություն չունեցան. «լեգիտիմ բռնապետ»-ին շարունակեցին ընդունել եվրոպական մայրաքաղաքներում, որտեղ Ալիեւի վարչակարգը շռայլ ներդրումներ էր անում: Օրինակ, 2012-ին Հռոմի ամենահայտնի վայրերից մեկում, Վիլլա Բորգեզեի տարածքում, Մեհրիբան Ալիեւան բացեց Նիզամի Գյանջեւիի արձանը:

2004 թվականի սեպտեմբերին Ռոմանո Պրոդին այցելել էր Երեւան, Բաքու եւ Թբիլիսի: Այցի մասին պատող հոդվածում ֆրանսիական Le Figaro թերթը գրել էր, որ Պրոդիի հետ հանդիպմանը Իլհամ Ալիեւն ասել էր.

«Իմացե`ք, բացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ձեր օգնությունից, մենք ձեր մասնակցության կարիքն առանձնապես չունենք: Մենք այստեղ մեկ ու կես միլիարդ տոննա նավթ ենք արդյունահանելու»:

Պրոդին էլ արձագանքել էր.

«Նավթի հաշվին դուք կարող եք հարստանալ: Բայց կարող եք նաեւ մահանալ»:

Այսօր թվում է, որ Ալիեւը ավելի հեռատես գտնվեց, քան բազմափորձ Պրոդին:

Բայց արժե հիշել, թե ինչպես ավարտվեց նավթի շնորհիվ իրենց անպարտ համարող Սադամ Հուսեյնի եւ Մուամար Քադաֆիի կյանքը: Հատկապես վերջինս իր անփառունակ մահվանից ընդամենը մի քանի տարի առաջ հաճախ այցելում էր եվրոպական մայրաքաղաքներ եւ հյուրընկալվում էր «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովներում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին