500 անբարոյական եվրոպացի ռաբբիներն վաճառում են հոգիները ադրբեջանական սատանային - Mediamax.am

500 անբարոյական եվրոպացի ռաբբիներն վաճառում են հոգիները ադրբեջանական սատանային
11015 դիտում

500 անբարոյական եվրոպացի ռաբբիներն վաճառում են հոգիները ադրբեջանական սատանային


Անցյալ ամիս ես գրել էի «արդարամիտ հրեաների» երկու խմբի մասին, որոնք հորդորել էին Իսրայելի կառավարությանը միջամտել Ադրբեջանի գործերին՝ Լաչինի միջանցքը բացելու համար։

Տասնյոթ իսրայելցիներից բաղկացած առաջին խումբը, այդ թվում՝ ռաբբիներ, լրագրողներ և մտավորականներ, 2023 թվականի հունվարի 15-ին նամակ էր հղել Իսրայելի արտաքին գործերի նախարարին: Երկրորդ խումբը բաղկացած 35 իսրայելցիներից, այդ թվում՝ ռաբբիներ, մտավորականներ, լրագրողներ, կաբինետի նախկին նախարար և Կնեսետի անդամ, ճարտարապետներ ու գիտնականներ, նամակ էր ուղարկել Իսրայելի նախագահին։

Համեմատեք վերը նշված երկու իսրայելական խմբերի արդարացի գործողությունները եվրոպացի 500 ռաբբիների անբարոյական պահվածքի հետ, որոնք ծրագրում են նոյեմբերին Ադրբեջանում համաժողով անցկացնել նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, ըստ Jewish News Syndicate-ի (JNS)։ Այցը կազմակերպել է Եվրոպայի ուղղափառ ռաբբիների միությունը, որը միավորում է ավելի քան 700 կրոնական առաջնորդների ամբողջ Եվրոպայի համայնքներից:

«Ադրբեջանը հրեա ժողովրդի համար յուրահատուկ հիշողության վայր է և աշխարհում ամենաեզակի հրեական համայնքներից մեկի տունը», ասել է Եվրոպական ռաբբիների համաժողովի նախագահ ռաբբի Պինկաս Գոլդշմիդտը, որն այս տարվա սկզբին հանդիպել է Ալիևին:

Ռաբբի Գոլդշմիդտի խոսքերին հաջորդեց նախագահ Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովի ծիծաղելի հայտարարությունը. «Այն փաստը, որ Եվրոպական ռաբբիների այս համաժողովը կանցկացվի այստեղ՝ Բաքվում, ճանաչումն է այն բանի, որ մարդիկ այստեղ իրենց ապահով են զգում. սա ճիշտ տեղն է»։ Նույնքան ծիծաղելի էր Բաքվի ռաբբի Զամիր Իսաևի հայտարարությունը, որն ասել է JNS-ին՝ Ադրբեջանը «շատ ավելի ապահով է, քան Եվրոպայի որևէ երկիր»: Այս ռաբբիները երևի թե մոռացել են, որ ընդամենը երկու ամիս առաջ ահաբեկչական մի խումբ պատրաստվում էր պայթեցնել Բաքվում Իսրայելի դեսպանատունը։

JNS-ը հայտնել է, որ «ծրագրված ուղևորությունը տեղի է ունենում Իսրայելի և Ադրբեջանի միջև աճող հարաբերությունների ընթացքում, որոնք երկու երկրների միջև երկար դարերի մտերմությունից վերածվել են աննախադեպ ռազմավարական գործընկերության»: Ինչպե՞ս կարող էին Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններն ունենալ «երկար դարերի մտերմություն», եթե Ադրբեջանը պետություն է դարձել ընդամենը 1918 թվականին, իսկ Իսրայելը՝ 1948-ին։

Իրականում, երկու երկրների հարաբերությունները ամենևին էլ հիմնված չեն «մտերմության» վրա, այլ այն բանի վրա, որ Ադրբեջանը ապահովում է Իսրայելի էներգետիկ կարիքների գրեթե կեսը, իսկ Իսրայելը Ադրբեջանին վաճառում է ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք՝ իր ժամանակակից զենքերի 70 տոկոսը, ներառյալ անօրինական կասետային ռումբեր, որոնք Բաքուն օգտագործեց 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ հազարավոր հայ զինվորների սպանելու և վիրավորելու համար։

Շտապելով հրճվել եվրոպացի ռաբբիների՝ Բաքու սպասվող ժամանումով, Aze.Media-ն հոդված է հրապարակել «Ռաբբիների համաժողով մահմեդական Ադրբեջանում» վերնագրով, տեղեկացնելով, որ «ադրբեջանական ազգը հպարտանում է բազմամշակութային հարուստ քաղաքականությամբ, որը հավասարապես հարգանք է տածում Ադրբեջանում ապրող բոլոր հավատքների ու կրոնների նկատմամբ»։ Սա կատարյալ սուտ է, քանի որ Ադրբեջանում բոլոր փոքրամասնությունները տառապում են խտրականությունից և մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումից։ Տեղաբնակ ադրբեջանցիներն իրենք ևս դառնում են հետապնդումների զոհ Ադրբեջանի կառավարության կողմից, եթե որևէ քննադատական խոսք ասեն նախագահ Ալիևի հասցեին:

Ադրբեջանի սերը Իսրայելի և հրեաների նկատմամբ ունի շատ ավելի չարամիտ օրակարգ, քան պարզապես նավթի փոխանակումը զենքի դիմաց: Դա պայմանավորված է ադրբեջանական հակասեմիտիզմով՝ հիմնված է այն կեղծ համոզմունքի վրա, որ «հրեաները Ամերիկայում վերահսկում են ամեն ինչ», և եթե Ադրբեջանը լավ վերաբերվի հրեաներին, ապա նրանք կազդեն ԱՄՆ-ի վրա՝ ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրելու համար։ Սա ԱՄՆ-ում հայկական «լոբբիին» հակազդելու Բաքվի ակնհայտ ծրագիրն է։

Մինչ Թուրքիան և Ադրբեջանը սիրաշահում են ամերիկացի հրեաներին և Իսրայելին՝ հուսալով օգուտ քաղել ԱՄՆ-ում նրանց լոբբինգից, Իսրայելի և հրեաների համար անխոհեմ կլինի գնալ և ամրապնդել ադրբեջանցի պաշտոնյաների հակասեմական դիրքորոշումը: Մի խումբ անբարոյական եվրոպացի ռաբբիների մոտ թյուր տպավորություն է ստեղծվել, որ ադրբեջանցիներն իրենց գրկաբաց ընդունում են հրեաների հանդեպ ունեցած սիրո պատճառով։ Այս ռաբինները չեն գիտակցում, որ իրենք ուղղակի թույլ են տալիս, որ շահագործվեն Ադրբեջանի ենթադրյալ քաղաքական շահերի համար։

Մինչ Իսրայելը իր դեսպանատունը բացեց Բաքվում 1993 թվականին, Ադրբեջանն իր դեսպանատունը Թել Ավիվում հիմնեց 2023 թվականին, միայն այն բանից հետո, երբ հայտարարեց իր ներկայացուցչության բացման մասին Ռամալլահում, Հորդանան գետի արևմտյան ափին, որը համարվում է Պաղեստինի դե ֆակտո մայրաքաղաքը՝ մեղմելու համար բազմաթիվ մահմեդականների հակազդեցությունը Ադրբեջանում և ամբողջ աշխարհում:

Ֆրանսիացի պատմաբան Մարկ Նոբելը օգոստոսի 8-ին վրդովված հոդված գրեց Le Point ֆրանսիական թերթում՝ կոշտ քննադատության ենթարկելով եվրոպացի ռաբբիների ծրագրած այցը Բաքու։ Նոբելը գրեց. «Պարոնա՛յք ռաբբիներ, ես ամաչում եմ և ես հրեա եմ»:  Հատկանշական է, որ նա հայտնեց, որ Ֆրանսիայի գլխավոր ռաբբի Հայիմ Կորսիան չի ուղեկցի մյուս ռաբբիներին Ադրբեջան՝ «Բաքվի բռնապետին շողոքորթելու համար և թույլ չի տա, որ նման վարչակարգը կաշառի իրեն»։

Հինգ հարյուր անբարոյական եվրոպացի ռաբբիները, սովի մատնված 120 հազար արցախցիների կողքին կանգնելու փոխարեն, Բաքվում իրենց հոգիները վաճառում են սատանային։

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին