Ժան Միշել Ժառի 75-ամյակը եւ Սեմբելոյի Maniac-ը - Mediamax.am

Ժան Միշել Ժառի 75-ամյակը եւ Սեմբելոյի Maniac-ը
3711 դիտում

Ժան Միշել Ժառի 75-ամյակը եւ Սեմբելոյի Maniac-ը


Կան երգեր, որոնք լսելով՝ մտովի տեղափոխվում եմ մանկություն կամ պատանեկություն: Կարող եմ դրանք տարիներով, անգամ տասնամյակներով չլսել, մեկ էլ լսում եմ եւ գլխումս հիշողությունների եւ ասոցիացիաների մի ամբողջական շարան է ստեղծվում:

Վերջերս պատահական վերաբացահայտեցի Մայքլ Սեմբելոյի Maniac երգը՝ թողարկված 1983 թվականին.



Չգիտեմ, թե ինչպես էր այն ներթափանցել Խորհրդային Միություն (միգուցե՝ «Երաժշտական փոստարկղ» հեռուստատեսային հաղորդման միջոցով), բայց լսելով այն այսօր՝ հստակ հիշում եմ որոշ դրվագներ իմ դպրոցական տարիներից:

Բայց նոստալգիայիս աղբյուրների շարքում առաջին տեղը պատկանում է Ժան Միշել Ժառին, որը 2023 թվականի օգոստոսի 25-ին դարձավ 75 տարեկան։

Խորհրդային հեռուստատեսությունը հաճախ էր օգտագործում նրա երաժշտությունը տարբեր հաղորդումներում, ուստի այն խորը նստվածք է թողել իմ սերնդի մարդկանց հիշողության մեջ: Ժառին համաշխարհային փառք պարգեւած եւ էլեկտրոնային երաժշտության աշխարհում հեղափոխություն կատարած Oxygene ալբոմն ու ես տարեկիցներ ենք՝ ծնվել ենք 1976 թվականին:

Իսկ 1983-ին, երբ Մայքլ Սեմբելոն թողարկում էր Maniac երգը, Ժառը թողարկեց «Երաժշտություն սուպերմարկետների համար» ալբոմը, որը տպագրվեց ընդամենը մեկ օրինակով: Նրան առաջարկել էին երաժշտություն գրել նկարչական մի ցուցահանդեսի համար, որը թեման սուպերմարկետներն էին: Գրելով երաժշտությունը, Ժառը որոշեց, որ թողարկվելու է ընդամենը մեկ վինիլային սկավառակ, որը աճուրդի կհանվի ցուցահանդեսի ժամանակ, իսկ մաստեր-ձայնագրությունը եւ բոլոր նյութերը կոչնչացվեն մարդկանց աչքի առջեւ: Սկավառակը վաճառվեց 69 հազար ֆրանկով: Երջանիկ գնորդը Մ. Ջերարդ անունով մարդն էր, որը ժամանակին կոմայից դուրս էր եկել այն պահին, երբ իր հիվանդասենյակում ռադիոյով հաղորդել էին Ժառի Souvenir of China ստեղծագործությունը: Գրում են, որ 2007 թվականից հետո սկավառակը երկու անգամ վերավաճառվել է եւ ներկայիս տերը հայտնի չէ:

Սկավառակի վաճառքից որոշ ժամանակ անց Ժառը Լյուքսեմբուրգի ռադիոյին թույլատրեց հեռարձակել «Երաժշտություն սուպերմարկետների համար» ալբոմը, ինչի շնորհիվ այսօր այն հասանելի է բոլորին (թեեւ ոչ բարձր որակով):




Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին