Հնդկաստանի հետ համագործակցությունը՝ Հայաստանի ռազմավարական ներուժի ավելացման հնարավորություն - Mediamax.am

Հնդկաստանի հետ համագործակցությունը՝ Հայաստանի ռազմավարական ներուժի ավելացման հնարավորություն
16481 դիտում

Հնդկաստանի հետ համագործակցությունը՝ Հայաստանի ռազմավարական ներուժի ավելացման հնարավորություն


2020 թ. արցախյան պատերազմում կրած պարտությունը «սառը ցնցուղ էր» Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության համար: Այդ պարտությունը ի դերեւ հանեց մի շարք արմատացած կարծրատիպեր, որոնց թվում կարելի է հիշատակել «հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում», «Ռուսաստանը երբեք թույլ չի տա Թուրքիաի ուղղակի ներգրավումը հայ-ադրբեջանական նոր պատերազմում», «Արեւմուտքը կկանխի ավտորիտար Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումը ժողովրդավարության ճանապարհն ընտրած Հայաստանի վրա» թեզերը: 2020 թ. նոյեմբերից հետո Հայաստանը հայտնվեց ներքաղաքական ցնցումների մեջ, որոնք մասամբ հանգուցալուծվեցին 2021 թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո, արդեն երրորդ անգամ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի իշխանություններն ինտենսիվ բանակցություններ սկսեցին Ադրբեջանի հետ Ռուսաստանի, իսկ 2021 թ. դեկտեմբերից սկսած, նաեւ Եվրամիության եւ ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ: Թվում էր, թե Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը երկարաժամկետ հեռանկարում կապահովի Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ չանցած տարածքներում բնակվող հայերի անվտանգությունը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը առաջընթաց կարձանագրեն խաղաղության բանակցություններում: Սակայն իրադարձությունները զարգացան այլ սցենարով:

2021 թ. մայիսին ու նոյեմբերին, եւ 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» եզրույթի եւ «Արեւմտյան Ադրբեջան» հայեցակարգի ինտենսիվ շրջանառումը հստակորեն ի ցույց դրեցին Ադրբեջանի ռազմավարական նպատակը՝ չբավարարվել միայն Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատմամբ, եւ մեծացնելով ճնշումը Հայաստանի նկատմամբ, այն ի վերջո վերածել Ադրբեջանից կախյալ պետության: Օգտվելով 2022 թ. փետրվարին Ուկրաինայում մեկնարկած պատերազմի հետեւանքով Թուրքիայից եւ Ադրբեջանից Ռուսաստանի կախվածության մեծացման, ինչպես նաեւ Ռուսաստանի ռեսուրսների՝ ուկրաինական ճակատում կենտրոնացման հանգամանքից, վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը ինտենսիվ քայլեր է ձեռնարկում Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատման ուղղությամբ: 2022 թ. դեկտեմբերից «էկոակտիվիստների» միջոցով Լաչինի միջանցքի փաստացի շրջափակումը, եւ 2023 թ. ապրիլի 23-ին Հակարի գետի կամրջի վրա հսկիչ անցագրային կետի տեղադրումը այդ ռազմավարության բաղկացուցիչ մասերն են:

Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետությունը ունի երկու ճանապարհ. հրաժարվել Արցախին որեւէ կարգավիճակ տրամադրելու, Արցախում երկարաժամկետ միջազգային ներկայացվածություն ապահովելու, Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերման պահանջներից, Ադրբեջանին «վերադարձնել այսպես կոչված անկլավները», եւ այդ զիջումների  միջոցով փորձել խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, կամ խաղաղ բանակցությունների շարունակությանը զուգահեռ քայլեր ձեռնարկել սեփական ռազմավարական ներուժի մեծացման ուղղությամբ՝ դա դիտարկելով որպես Ադրբեջանի հետ ընդունելի պայմաններով խաղաղության հասնելու միակ ճանապարհ:

Երկրորդ տարբերակի ընտրության դեպքում Հայաստանին անհրաժեշտ է վերանայել արտաքին եւ պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները: Մինչեւ 2020 թ. դրանք հիմնականում ուղղված էին դեպի Ռուսաստան, սակայն թե արցախյան երկրորդ պատերազմը, եւ թե դրան հաջորդած իրադարձությունները ապացուցեցին, որ Հայաստանին անհրաժեշտ է արտաքին եւ պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացիա:

Ռուսաստան – Արեւմուտք ընթացող փաստացի պատերազմի պայմաններում Արեւմուտքի հետ պաշտպանական – անվտանգային ոլորտում հարաբերություների կտրուկ ինտենսիֆիկացումը կարող է Հայաստանը ներքաշել Ռուսաստան – Արեւմուտք հակամարտության մեջ եւ էլ ավելի վատթարացնել Հայաստան – Ռուսաստան հարաբերությունները, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Իրանի հետ պաշտպանական համագործակցության խորացումը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, եւ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Վերոշարադրյալի հաշվառմամբ Հայաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացման հիմնական ուղղություն կարող է դառնալ Հնդկաստանը:

Սկսած 1991 թ. հայ-հնդկական հարաբերությունները, հենվելով պատմական հարուստ փորձի վրա, պահպանել են իրենց բարիդրացիական բնույթը: Այնուամենայնիվ, մինչեւ 2020 թ. արցախյան պատերազմը Հարավային Կովկասը Հնդկաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում ընդգրկված չէր, ակտիվ չէին նաեւ երկու պետությունների տնտեսական կապերը: Հնդկաստանը Հայաստանում հիմնականում ասոցացվում էր ուսման նպատակով Հայաստան ժամանող ուսանողների, երաժշտական ֆիլմերի եւ սերիալների հետ: Հնդկաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած էր հարեւան պետությունների հետ հարաբերությունների, Պակիստանի հետ հակամարտության, Չինաստանի հետ մրցակցության կառավարման եւ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կապերի զարգացման վրա: Միեւնույն ժամանակ վերջին քսան տարիների ընթացքում Հնդկաստանը տնտեսական ինտենսիվ աճ է արձանագրել՝ 2022 թ. վերջին նոմինալ ՀՆԱ-ի չափով աշխարհում գրավելով հինգերորդ հորիզոնականը: Զգալի զարգացում է ապրել նաեւ հնդկական արդյունաբերությունը, այդ թվում նաեւ ռազմարդյունաբերությունը: Վերջին տարիներին Հնդկաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում հիմնականում զենք ներմուծող պետությունից սպառազինություն արտահանող պետության վերածվելու ուղղությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ Հարավային Կովկասը Հնդկաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէր, տարածաշրջանին հարեւան Թուրքիան վերջին 5-7 տարիներին հայտնվել էր Հնդկաստանի ուշադրության կենտրոնում: Դրա պատճառը թուրք-պակիստանյան հարաբերությունների ինտենսիվ զարգացումն էր, առաջին հերթին ռազմարդյունաբերության ոլորտում: Դեռեւս 2016 թ. հունիսին Թուրքիայի եւ Պակիստանի միջեւ պայմանագիր էր ստորագրվել թուրքական STM ընկերության կողմից պակիստանյան երեք սուզանավերի արդիականացման վերաբերյալ: Թուրքիայի կառավարությունը, նախագահ Էրդողանի գլխավորությամբ, վերջին տարիներին հանդես է գալիս հակահնդկական դիրքորոշումներով, լիովին պաշտպանելով Պակիստանին Քաշմիրի հարցում:

Վերջին տարիներին թուրք-պակիստանյան ռազմական համագործակցությունը նոր թափ է ստացել, այդ թվում Թուրքիայի կողմից Պակիստանի համար ռազմանավերի կառուցման պայմանագրի ստորագրմամբ: 2022 թ. նոյեմբերին Պակիստանի վարչապետի՝ Թուրքիա կատարած այցելության ընթացքում մեծ շուքով տեղի ունեցավ ռազմանավերից մեկի Պակիստանին հանձնման արարողությունը:

2020 թ. արցախյան պատերազմում պակիստանյան զինված ուժերի մասնակցության մասին տեղեկությունները, ինչպես նաեւ 2020 թ, նոյեմբերի 10-ին Բաքվում կայացած «հաղթանակի տոնախմբությունների ժամանակ» պակիստանյան դրոշների առկայությունը, չէր կարող չնկատվել Հնդկաստանում: Պատերազմի ավարտից ընդամենը երկու ամիս անց, 2021 թ. հունվարին Իսլամաբադում տեղի ունեցավ  Ադրբեջան – Թուրքիա – Պակիստան արտգործնախարարների եռակողմ երկրորդ հանդիպումը, որի ավարտին կողմերը ընդունեցին եռակողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ Իսլամաբադի հռչակագիրը: Թուրքիայի հակահնդկական արտաքին քաղաքականությունը եւ Պակիստանին Հարավային Կովկաս բերելու Թուրքիայի ջանքերը տարածաշրջանը ներառեցին Հնդկաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Հարավային Կովկասում թուրքական եւ պակիստանյան ազդեցության հետագա ընդլայնումը բացասաբար է ընկալվում Հնդկաստանի կողմից, եւ այդ համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների ինտենսիվացումը, եւ Հայաստանի հզորացումը բխում է Հնդկաստանի ռազմավարական շահերից: Պատահական չէ, որ 2021 թ. հոկտեմբերին տեղի ունեցավ 1991 թ. ի վեր Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցը Հայաստան:

Արդեն 2022 թ., Հայաստանի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի պայմաններում, Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին պաշտպանական ոլորտում համագործակցության առաջին պայմանագրերը: Հաշվի առնելով Հնդկաստանի ռազմավարական համագործակցությունը ԱՄՆ-ի, ինչպես նաեւ բարեկամական հարաբերությունների պահպանումը Ռուսաստանի հետ, Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար զերծ է արտաքին քաղաքական հիմնական գործընկերներից որեւէ մեկի հետ լարվածություն առաջացնելու ռիսկից:

Միեւնույն ժամանակ, հայ-հնդկական հարաբերությունները չպետք է հենվեն միայն Թուրքիայի դեմ պայքարի հարցում շահերի համընկնման վրա: Այստեղ անհրաժեշտ է դրական օրակարգ, եւ առկա են մեծ հնարավորություններ այդ օրակարգի ձևավորման համար: Երկու պետությունները մեծ ներուժ ունեն սերտացնելու կապերը թվային տեխնոլոգիաների, դեղագործության, եւ գյուղատնտեսության բնագավառներում: Համապատասխան ենթակառուցվածքների առկայության դեպքում Հնդկաստանը պատրաստ է բազմակի ավելացնել Հայաստանում սովորող հնդիկ ուսանողների թիվը: Համագործակցության մեկ այլ ոլորտ է փորձի փոխանակումը սփյուռքյան կառույցների աշխատանքի, հայրենիքի հետ կապի մեխանիզմների ձեւավորման հարցում, որտեղ հայկական սփյուռքի փորձը կարող է արժեքավոր լինել Հնդկաստանի համար:

Համագործակցության մեկ այլ կարեւոր ուղղություն է Սուեզի ջրանցքը շրջանցող Հնդկաստան – Եվրոպա առեւտրային նոր երթուղու գործարկումը, այդ թվում՝ Հնդկաստան – Իրան – Հայաստան – Վրաստան  - Սեւ ծով ճանապարհով: Հասկանալի է, որ քանի դեռ Հայաստանը ավարտին չի հասցրել Սիսիան  - Քաջարան – Ագարակ նոր ավտոճանապարհի շինարարությունը, իրատեսական չէ դիտարկել Իրան – Հայաստան միջազգային մեծածավալ բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունը: Այնուամենայնիվ, այստեղ եւս առկա է հնդկական շինարարական կազմակերպությունների եւ ֆինանսավորման աղբյուրների ներգրավման հնարավորություն:

Հայ-հնդկական կապերի զարգացման գործում էական նշանակություն ունի վերլուծական կենտրոնների համագործակցությունը: Այս առումով կարեւոր է ընդգծել ՀԲԸՄ-ի կողմից 2022 թ. հիմնված ԱՊՐԻ Արմենիայի եւ Հնդկաստանի առաջատար ORF վերլուծական կենտրոնի միջեւ համագործակցության հաստատումը: ԱՊՐԻ Արմենիան հովանավորի կարգավիճակով մասնակցել է 2023 թ. մարտի սկզբին Դելիում կայացած ORF-ի կողմից կազմակերպված «Ռաիսինա երկխոսություն 2023» միջազգային վեհաժողովին: Ներկայումս բանակցություններ են ընթանում 2024 թ. Երեւանում ORF-ի հետ համատեղ «Երևան երկխոսություն 2024» միջազգային վեհաժողովի կազմակերպման վերաբերյալ: Դելի կատարած այցելության ընթացքում ԱՊՐԻ Արմենիայի փորձագետները հանդիպել են շուրջ մեկ տասնյակ հնդկական վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ եւ քննարկել համագործակցության հաստատման հնարավորությունները:

Համաշխարհային անվտանգային ճարտարապետության կերպափոխման պայմաններում աշխարհը մուտք է գործել տուրբուլենտության դարաշրջան, որը կարող է շարունակվել տաս եւ ավելի տարիներ: Սպասվող մարտահրավերները հաղթահարելու համար Հայաստանը նախաձեռնողական արտաքին քաղաքականության եւ նոր գործընկերների ձեռք բերման կարիք ունի: Այս համատեքստում հայ-հնդկական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը եւ դրանք ռազմավարական համագործակցության մակարդակի հասցնելը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հնդկաստանի շահերից:

Բենիամին Պողոսյանը ԱՊՐԻ-Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին