Մադրիդյան սկզբունքները 2019-ին եւ 2023-ին՝ Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի - Mediamax.am

Մադրիդյան սկզբունքները 2019-ին եւ 2023-ին՝ Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի
9510 դիտում

Մադրիդյան սկզբունքները 2019-ին եւ 2023-ին՝ Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի


Նիկոլ Փաշինյանը 2023թ․ ապրիլի 12-ին ԼՂ կարգավորման գործընթացի տապալման համար հերթական անգամ մեղադրեց նախկիններին, որոնք հավանություն էին տվել 2007 թվականին ներկայացված Մադրիդյան սկզբունքներին։

«2007 թվականին, երբ իշխանության փոխանցման շրջանն էր եւ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահ, այդ ժամանակ ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էր ե՛ւ տարածքային ամբողջականության, ե՛ւ ինքնորոշման սկզբունքները: Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը՝ ինչ-որ մեխանիզմով եւ այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաեւ Ադրբեջանի կողմից: Այստեղ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել։ Ինքնորոշվել՝ նշանակում է լինել որեւէ տեղ եւ ինքնորոշման իրավունքի իրականացմամբ տեղափոխվել այլ տեղ: Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը Խորհրդային Միությունն էր, մադրիդյան սկզբունքից հետո՝ Ադրբեջանը։ Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս», - ասել է Փաշինյանը՝ նշելով, որ իրենց իշխանության «մեծագույն բացթողումն» է եղել, որ 2018 թվականից հետո ժողովրդին դա չեն բացատրել։

Այսօր նպատակ չունեմ խորանալու այն հարցի մեջ, թե արդյո՞ք բարենպաստ էին հայկական կողմի համար Մադրիդյան սկզբունքները եւ արդյո՞ք կարող էին ավելի լավը լինել։ Չեմ ցանկանում նաեւ բացահայտել այն բազմաթիվ մանիպուլյացիաները, որոնք վրա կառուցված էր Փաշինյանի ապրիլի 12-ի ելույթը։

Կդիմեմ շատ ավելի պարզ մի գործողության՝ կներկայացնեմ հատվածներ նախքան 2020 թվականի պատերազմը Նիկոլ Փաշինյանի ունեցած մի քանի ելույթներից, որոնցում նա ուղղակի կամ անուղղակի հիշատակում է Մադրիդյան սկզբունքները։

2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի համանախագահությամբ տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որտեղ ունեցած ելույթում Հայաստանի վարչապետը, մասնավորապես, ասում է․

«Հաջորդ կարեւորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետեւյալն է՝ իսկ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները եւ 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարեւորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարեւոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, եւ ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարեւոր է, որովհետեւ այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետեւ մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը»:

Նկատում ենք, որ Փաշինյանը որեւէ բան չի ասում սկզբունքների անընդունելի լինելու մասին, այլ սկսում է կառուցել մի թեզ, որի համաձայն դրանք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Սա, ի դեպ, արդեն 2019-ին հարուցում է միջնորդների տարակուսանքը, որը, սակայն, այդ ժամանակ արտահայտվում է միայն փակ դռների ետեւում ։

2019 թվականի մարտի 27-ին Ազգային Ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը Փաշինյանին հարցնում է․

«Կա՞ արդյոք մադրիդյան այս 3 սկզբունքների եւ 6 տարրերի որեւէ մեկնաբանություն, որեւէ պարզաբանում, որ կարող է հայկական կողմի համար ընդունելի լինել»:
 
Փաշինյանը պատասխանում է

«Իհարկե, կարող են լինել բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք կարող են ընդունելի լինել հայկական կողմի համար, որովհետեւ քանի չենք լսել մեկնաբանությունները, կարծում եմ՝ ճիշտ չէ այս գլխից ասել ընդունելի կամ անընդունելի լինելու վերաբերյալ:

․․․Քանի դեռ ես համանախագահների մեկնաբանությունը չեմ լսել, ես ի՞նչպես ասեմ, որ այդ սկզբունքներն ընդունելի են մեզ համար, թե ընդունելի չեն: Եվ 2007 թվականին էլ, հենց այդ է ամբողջ պրոբլեմը, մենք մեկնաբանում ենք, մենք ասում ենք՝ ընդունելի է: Ես ասում եմ՝ կարող եմ հիմա մեկնաբանել: Կարող եմ ասել, սա է նշանակում, սա է նշանակում, եւ բոլորս հիանանք այդ մեկնաբանություններից, բայց ես չեմ ուզում մեկնաբանել: Ես ասում եմ՝ ով այդ սկզբունքն առաջարկել է, թող ինքը մեկնաբանի, ես հարցեր ունեմ դրա հետ կապված: Եվ հետո, երբ այդ հարցերին պատասխանեն առաջարկողները, այդտեղ ոչ միայն մենք պետք է ասենք ընդունելի է թե չէ, այլեւ Ադրբեջանը պետք է ասի՝ ընդունելի է, թե չէ, որովհետեւ այդ մեկնաբանությունների շուրջ պետք է լինի համաձայնություն, ոչ թե կոնկրետության, այլ մեկնաբանությունը կոնկրետ չէ, հենց այդ է ամբողջ խնդիրը»:

Այստեղ գործ ունենք Փաշինյանի «ֆիրմային» դեմագոգիկ ոճի հետ՝ խոսել շատ եւ ոչինչ չասել ըստ էության (ներեցեք կալամբուրի համար)։ Բայց անգամ այս դեմագոգիայի պայմաններում չենք տեսնում Մադրիդյան սկզբունքները մերժելու որեւէ միտում։ Տեսնում ենք այլ միտում՝ իրեն չհասկացողի տեղ դնել ու ժամանակ ձգել։

2019 թվականի ապրիլի 7-ին, ելույթ ունենալով ԵԿՄ համագումարում, որը տեղի է ունենում Վիեննայում միջնորդների եւ Ալիեւի հետ իր հանդիպումից հետո, Փաշինյանն ասում է․

«Ինչպես Ստեփանակերտում ասել եմ, նույն կերպ ասել եմ նաեւ Վիեննայում, որ ինձ համար՝ որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդու, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում, ի՞նչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այդ սկզբունքների արդյունքում, շրջանակում ընթացող բանակցությունները: Եվ ուզում եմ ասել, որ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել եւ միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք` որքանո՞վ են ընդունելի եւ որքանո՞վ են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, եւ ընդհանրապես ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն: Ընդհանրապես ասվում է, որ այ, Մադրիդյան սկզբունքների ամենակարեւոր առավելությունն այն է, որ ով ինչպես ուզում, մեկնաբանում է, կողմերից յուրաքանչյուրը: Ես շատ հստակ ասել եմ եւ ասում եմ իմ դիրքորոշումը, որ դա անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը, որովհետեւ պատկերացրեք իրավիճակ, երբ երկու պետությունների ղեկավարներ աշխարհի եւ հանրությունների ուշադրության ներքո հավաքվում են, հանդիպում են, մի քանի ժամ խոսակցություն են ունենում նույն սենյակում եւ հետո երբ դուրս են գալիս, նրանց պատմածները, թե ինչ է տեղի ունեցել այդ սենյակի ներսում, 180 աստիճանով տարբերվում են երբեմն իրարից: Սա անլուրջ է եւ անլրջացնում է բանակցային ողջ գործընթացը»։

Զավեշտն այն է, որ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը մեկ ամսվա ընթացքում երրորդ անգամ է հրապարակայնորեն հայտարարում, որ չի կարողանում հասկանալ մի փաստաթուղթ, որը տարիներ առաջ ստացել էր ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների աջակցությունը։ Անլուրջը (մեղմ ասած) դա էր։

2019 թվականի դեկտեմբերի 23-ին Երեւանում տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որտեղ իր ելույթում Փաշինյանը, մասնավորապես, ասում է․

«Մեր անդրանիկ համատեղ նիստի ժամանակ իմ կողմից հնչեց հարցադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող մադրիդյան երեք սկզբունքների եւ 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմքի պարզաբանման վերաբերյալ: Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք այս հարցադրման երկու տարբեր մեկնաբանություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի կողմից: Այստեղ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը: Արդյոք առաջարկվող սկզբունքները եւ տարրերը հնարավորություն են տալիս, որպեսզի Արցախը պահպանի եւ զարգացնի իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից դուրս, թե այս սկզբունքները եւ տարրերը կոչված են սահմանափակելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես դա պնդում է Ադրբեջանը: Ինչպես արդեն նշեցի՝ Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն այս հարցում էապես տարբերվում է Ադրբեջանից, ինչն իհարկե լավատեսության հիմքեր է տալիս առաջարկվող բանակցային հիմքի հանդեպ»:

Այստեղ եւս Փաշինյանը չի խոսում այն մասին, որ Մադրիդյան սկզբունքներով «Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս»։ Նկատում ենք նաեւ, որ մեկ տարվա ընթացքում Փաշինյանը չի ձևակերպում որեւէ այլընտրանքային օրակարգ, այլ հիմնականում «մուննաթ է գալիս» միջնորդների վրա՝ պարզաբանումներ պահանջելով։

Ի՞նչ եղավ հետո։ 2020 թվականին Մյունխենում տեղի ունեցավ Փաշինյանի խայտառակ «բանավեճը» Ալիեւի հետ, որը նա ոչ միայն «շրջադարձային» որակեց, այլեւ հանդես եկավ «մյունխենյան սկզբունքներով», որոնց վրա միջնորդները ծիծաղում էին արդեն բարձրաձայն։ Ցավոք, մենք չգիտեինք, որ Մյունխենից մոտ 10 ամիս անց Փաշինյանը պարտվելու է պատերազմում եւ իրագործելու է Մադրիդյան փաստաթղթի բացառապես այն կետերը, որոնք ձեռնտու էին Ադրբեջանին։

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին