Մի «դարաշրջան» էլ ավարտվեց - Mediamax.am

Մի «դարաշրջան» էլ ավարտվեց
3828 դիտում

Մի «դարաշրջան» էլ ավարտվեց


Այս շաբաթ Մեդիամաքսի 24-ամյա պատմության մեջ մի «դարաշրջան» էլ ավարտվեց:

Մեր լրահոսի վերջին բաժանորդ հեռուստաընկերությունը խնդրեց դադարեցնել բաժանորդագրությունը: Այլեւս կարիք չկա լուրերը Mediamax.am կայքում տեղադրելուց բացի, դրանք թողարկել նաեւ HAYLUR անունը կրող մեյլ-լիստով, որում ժամանակին տասնյակ բաժանորդներ կային:

Սա օրինաչափ է՝ երբ բացվեցինք 24 տարի առաջ, Մեդիամաքսը զուտ լրատվական գործակալություն էր: Արտադրում էինք լուրեր եւ վաճառում էինք դրանց հայկական թերթերին, հեռուստա- եւ ռադիոընկերություններին, օտարերկրյա դեսպանություններին եւ միջազգային կազմակերպություններին: Մեր գործունեության առաջին տասնամյակում մեր բաժանորդներն էին Հայաստանի բոլոր խոշոր մեդիաները:

Հեռուստաընկերություններից մեր առաջին բաժանորդը Հայկական երկրորդ հեռուստաալիքն էր, հետո՝ Հ1-ը (այն ժամանակ Ազգային հեռուստատեսություն էր կոչվում) եւ Արմենիան:

Առիթներ ունեցել եմ գրելու, որ Հ1-ի տնօրեն Տիգրան Նաղդալյանը, որը նախկինում ղեկավարել էր «Փաստ» լրատվական գործակալությունը, հասկանում եւ գնահատում էր մեր աշխատանքը, ինչի շնորհիվ երկար տարիներ Մեդիամաքսը ամենից շատ էր վկայակոչվում Առաջին ալիքի լուրերում: Եվ ոչ միայն Առաջին ալիքի:

Հաճախ լինում էին դեպքեր, երբ որոշ մեկնաբաններ «մոռանում էին» վկայակոչել Մեդիամաքսը՝ եթերում մեր լուրը կարդալիս: Հատկապես ջղայնացնում էր, երբ դա
տեղի էր ունենում մեր բացառիկ լուրերի դեպքում՝ այդ ժամանակ ստիպված էինք լինում զանգել հեռուստաընկերությունների ղեկավարներին եւ բացատրություններ պահանջել:

Այս շաբաթ հրապարակել ենք Նորագույն Պատմություն շարքի հերթական գլուխը՝ 2004 թվականին Ադրբեջանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների չեղարկման մասին, որն այսպես է սկսվում.

«2004 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 16:20-ին Մեդիամաքս գործակալությունը հաղորդագրություն տարածեց՝ «ՇՏԱ՛Պ։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը չեղարկել է Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները՝ Բաքվի կողմից հայ սպաներին ընդունելուց հրաժարվելու պատճառով» վերնագրով»։

Այդ օրերին սերտ աշխատում էինք ՆԱՏՕ-ում Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Դավիթ Տոնոյանի հետ, որը վերջին 1.5 տարին անցկացնում է անազատության մեջ՝ իր իսկ բնորոշմամբ ենթարկվելով «թավշյա քաղաքական հետապնդման»: Դավիթը հսկայական դեր ուներ այդ զորավարժությունների չեղարկմանը հասնելու գործում:

Այդ օրը զանգեց ինձ եւ ասաց, որ որոշումն արդեն կայացվել է եւ կարող եմ կապվել ՆԱՏՕ-ի մամուլի գրասենյակի հետ եւ մեկնաբանություն ստանալ: Այդպես էլ արեցի, լուրը թողարկեցինք ու անմիջապես զանգեցի Ավետ Ադոնցին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետին: Նա էլ, մեր լուրը տպելով՝ շտապեց զեկուցելու նախագահին:

Գեղամ Մանուկյանն այդ ժամանակ գլխավորում էր Երկիր Մեդիայի լրատվական ծառայությունը: Մեր լուրը ստանալով, արտահերթ լրատվական թողարկում նախաձեռնեց ու «առաջ ընկավ» ժամը 17:00-ի Առաջին ալիքի լուրերի թողարկումից, որն, իհարկե, եւս սկսվեց մեր լուրը ընթերցելով:

Երջանիկ ժամանակներ էին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին