«Գոյ»աբանական պայքար ռնգ[ԿԳՄՍ]եղջյուրի դեմ - Mediamax.am

«Գոյ»աբանական պայքար ռնգ[ԿԳՄՍ]եղջյուրի դեմ
2997 դիտում

«Գոյ»աբանական պայքար ռնգ[ԿԳՄՍ]եղջյուրի դեմ


1993-1994 թվականներին, երբ Հայաստանում ապրելը դժվար էր, «Գոյ» թատրոնի «նախահայր» Թատրոն-լաբորատորիան այն վայրերից ու երեւույթներից էր, որն ինձ եւ ընկերներիս ոչ միայն օգնեց մարդ մնալ, այլեւ մեծ ազդեցություն ունեցավ մեր հետագա կյանքի վրա: Ամեն ամիս գնում էինք Թատրոն-լաբորատորիա՝ «Գոդոյին սպասելու» եւ ռնգեղջյուր չդառնալու համար:

Ռեժիսոր Արթուր Սահակյանը պատերազմող եւ հյուծված Հայաստանում ռոք-համերգներ էր կազմակերպում՝ մեզ հույս եւ հավատ պարգեւելով։ Արթուրի հետ վերջին անգամ շփվել եմ մոտ երկու տարի առաջ, երբ տասնամյակներ տեւած դադարից հետո նորից գնացել էինք «Գոյ» թատրոն եւ հիացել էինք նոր ներկայացմամբ:

Անձամբ ճանաչում եմ նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին՝ բավականին արդյունավետ համագործակցել ենք, երբ նա Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի խորհրդականն էր։

Այստեղ չեմ ուզում շարադրել «Գոյ»-ի եւ ԿԳՄՍ նախարարության վեճի մանրամասները՝ յուրաքանչյուր կողմ իր «ճշմարտությունն» ունի եւ այն ապացուցելու տասնյակ փաստարկներ:

Վեճն ընկալում եմ որպես արվեստագետի եւ չինովնիկի վեճ, եւ ես համակրում եմ արվեստագետին:

Նախ, չեմ հիշում որեւէ փորձ, երբ չինովնիկների նախաձեռնած «օպտիմալացման» կամ «բարեփոխման» արդյունքում արվեստն իսկապես շահի: Ամենաթարմ օրինակը. 2021 թվականին փակեցին (ըստ պաշտոնական վարկածի՝ միավորեցին Պարոնյանի անվան թատրոնի հետ) Պետական կամերային երաժշտական թատրոնը, իսկ թատրոնի շենքը փոխանցեցին Սերգեյ Սմբատյանի սիմֆոնիկ նվագախմբին: Անցել է 1.5 տարի՝ ոչ կամերային երաժշտական թատրոնի մասին եմ որեւէ բան լսել, ոչ էլ այն մասին, որ Սմբատյանի նվագախումբը նոր շենքում փորձեր է անում:

Արթուր Սահակյանը պնդում է, որ «Գոյ»-ը փակելու ԿԳՄՍ նախարարության
ցանկության հիմքում իր քաղաքացիական դիրքորոշումն է եւ իշխանությունների հասցեին իր կողմից հնչեցվող քննադատությունը: Եթե դա իսկապես այդպես է, բնականաբար, ԿԳՄՍ նախարարը կամ փոխնախարարը դա երբեք չեն խոստովանի: Բայց ամեն դեպքում պարոն Խզմալյանի համար կբերեմ մի օրինակ, որն ազդել է իմ աշխարհընկալման վրա:

Դպրոցում ռուսաց լեզվի եւ գրականանության մեր ուսուցիչ Մարկ Գրիգորյանը սկսել էր դասավանդել 1989 թվականին: Նա երիտասարդ էր եւ նորարար, ինչը միանգամից նկատվել էր: Մի օր նրան կանչում է դպրոցի տնօրեն Ալբերտ Բեգլարյանն եւ ասում.

- Ես ուզում, որ Դուք իմանաք՝ ինձ դուր չի գալիս այն, ինչ Դուք անում եք: Բայց քանի որ Դուք այն լավ եք անում, գնացեք եւ շարունակեք:

Ինձ ճանաչողները գիտեն, որ ստեղծագործ լինելով, ես միաժամանակ ծայրաստիճան պրագմատիկ եմ այն հարցերում, որոնք վերաբերում են Մեդիամաքսի տնտեսական գործունեությանը եւ, պատկերավոր ասած, մեր «ոտքերի» երկարությունը մշտապես համապատասխանում է մեր «վերմակի» երկարությանը: Բայց երբ գործ ունես արվեստի հետ, ամեն ինչը չէ, որ կարող է չափելի լինել: Եթե թատրոնը 3 միլիոն դրամով իր «պլանը» չի կատարել, դա չի կարելի «չարաշահում» համարել:

Հարցերի հարցը հետեւյալն է. «Գոյ»-ը լավ ու կայացած թատրո՞ն է, թե՞ ոչ: Կարծում եմ, որ այս թատրոն երբեւէ այցելած մարդկանց մեծ մասը դրական պատասխան կտա: Իսկ թատրոնը գնահատում է հանդիսատեսը, անգամ եթե թատրոնը պետական է եւ փող է ստանում պետությունից: Շեշտեմ՝ պետությունից, ոչ թե օրվա իշխանությունից: Իսկ քանի որ վերջին շրջանում իշխանությունը չի ապահովում իր ամենագլխավոր գործառույթը՝ պետության անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանությունը, հաստատ կարող է «աչք փակել» արվեստագետների «թերացումների» վրա:

Այս պատմության կատարյալ լուծումը կլիներ այն, եթե «Գոյ»-ը դառնար մասնավոր թատրոն, պետությունից ոչ մի լումա չստանար եւ աներ այն, ինչ ճիշտ է համարում: Ցավոք, դժվար դա իրականություն դառնա տեսանելի ապագայում: Ուրեմն, կամ ԿԳՄՍ նախարարությունը կհրաժարվի «Գոյ» թատրոնը փակելու մտքից, կամ էլ ի վերջո կհասնի իր ուզածին: Եվ քանի որ պարոն Խզմալյանի համար մեկ օրինակ բերեցի, ինձ թույլ կտամ նաեւ մի խորհուրդ տալ իրեն. ընթերցեք (կամ՝ վերընթերցեք) Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» պիեսը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին