Ամուլսարի ոդիսականի «նախկին» ու «ներկա» հեղինակները - Mediamax.am

Ամուլսարի ոդիսականի «նախկին» ու «ներկա» հեղինակները
4267 դիտում

Ամուլսարի ոդիսականի «նախկին» ու «ներկա» հեղինակները


2018 թվականի հուլիսին գրել էի Լիդիանն ու վարչապետը՝ հին ու նոր Հայաստանների հատման կետում սյունակը, որն այսպես էր ավարտվում.

«Կառավարությունը եւ վարչապետը պետք է հասկանան, որ այս խնդիրը լակմուսի թուղթ է իրենց համար՝ ազնիվ գործարարների եւ խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների հետ հարաբերություններ կառուցելու հարցում: Եվ ոչ միայն այդ հարցում: Ի վերջո, ո՞վ է որոշումներ կայացնում Հայաստանում՝ վարչապետն ու կառավարությունը, թե կասկածելի նպատակներ ունեցող մի քանի տասնյակ մարդիկ»:

Այն ժամանակ դեռ հույսեր կային, որ հասարակական ահռելի աջակցություն վայելող Փաշինյանը «ակտիվիստների» եւ նրանց տարատեսակ հովանավորների առջեւ չի ընկրկի եւ չի զրկի երկիրը բոլոր առումներով կարեւոր նախագծից: Այդ հույսերը սին էին:

5 տարի երկրի տնտեսության համար կարեւորագույն նշանակություն ունեցող նախագիծը մնաց արգելափակված, բաժնետերերը կորցրեցին միլիոնավոր դոլարներ, Հայաստանը՝ ներդրումային գրավչությունը: Բայց ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ նրա կառավարության անդամները որեւէ պատասխանատվություն չկրեցին նրա համար, ինչը պետք է դասագրքերում ներկայացվի որպես պետական կառավարման խայտառակ օրինակ:

Ժամանակին Ամուլսարի մասին պաշտոնյաների իրարամերժ հայտարարությունների մի ամբողջ հավաքածու էի ներկայացրել: Այսօր էլ դրանք կարդալով, փշաքաղվում եմ՝ գիտակցելով, որ Հայաստանը ղեկավարում են մարդիկ, որոնք տարրական կառավարչական հմտություններ չունեն:

Ես, իհարկե, այլեւս միամիտ չեմ եւ չէի ակնկալում, որ 2023թ. փետրվարի 22-ին, երբ հայտարարվեց Ամուլսարի ծրագրի փաստացի  «վերակենդանացման» մասին, Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմակիցները ներողություն կխնդրեն 5 տարի Հայաստանը միլիարդավոր դրամներից զրկելու համար (որոնք կարող էին ուղղվել բանակին, կրթությանը, ենթակառուցվածքներին): Բայց նաեւ չէի սպասում, որ էկոնոմիկայի նախարարը գործարքը փաստացի կներկայացնի որպես իրենց կառավարության մեծ ձեռքբերում: Մյուս կողմից, ինչո՞ւ եմ զարմանում, եթե նույն նախարարը կարող է երկնիշ տնտեսական աճ խոստանալ, իսկ հետո ասել, որ «կատակել» է:

Արդարության դեմ չմեղանչելու համար արձանագրենք, որ եթե չլիներ Սերժ Սարգսյանի իշխանության քողարկված, երբեմն էլ՝ բացահայտ հակազդեցությունը, Ամուլսարի ծրագիրը կարող էր գործարկված լինել նախքան 2018 թվականը: Բայց հենց այստեղ է ամենամեծ խնդիրն ու պարադոքսը: «Նախկինների» ժամանակ նախագիծը ուշացվեց, քանի որ «Լիդիանի» ղեկավարները հրաժարվում էին կաշառք կամ «փայ» տալ: «Ներկաների» ժամանակ նախագիծը արգելափակվեց, որովհետեւ Փաշինյանը հրաժարվում էր հավատալ, որ «նախկինների» ժամանակ հնարավոր էր ստանալ բոլոր թույլտվություններն՝ առանց կաշառքի: Ու ստացվում է, որ եթե ժամանակին «Լիդիանի» ղեկավարները պակաս սկզբունքային գտնվեին ու «սովորական ճանապարհով» գնային, ապա նախագիծը վաղուց պատրաստ կլիներ եւ կխուսափեր 5-ամյա քաշքշուկից:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին