Հանքարդյունաբերության ոլորտում իմ գործունեության 25 տարիների կուտակած փորձն ու գիտելիքները, միջազգային ամենատարբեր ներդրողների հետ տարիների շփումները, միջազգային հանքարդյունաբերական համայնքի հետ բազմամյա կապերն ու փորձի փոխանակումը ինձ թույլ են տալիս համեմատականներ անցկացնել տարբեր երկրների հանքարդյունաբերական ոլորտների միջեւ, տեսնել այն առավելություններն ու հնարավորությունները, որոնք ունի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը, ինչպես նաեւ առանձնացնել այն խնդիրները, որոնց լուծումը թույլ կտա ոլորտը զարգացնել:
Հանքարդյունաբերությունը` տնտեսական զարգացման բանալի
Տարիներ շարունակ Հայաստանում մենք փնտրում ենք տնտեսական զարգացման բանալին` առաջնահերթություն տալով IT ոլորտին, տուրիզմին կամ գյուղատնտեսությանը: Սակայն ամեն անգամ համաշխարհային ու տարածաշրջանային ցնցումներից հետո պարզ է դառնում, որ այդ ոլորտները բավարար չեն տնտեսության կայուն զարգացման եւ հարեւան պետությունների հետ մրցակցության համար: COVID-19 համավարակը, պատերազմը, դրամի արժեւորումը եւ տարածաշրջանային անկայունությունը ցույց տվեցին, որ վերոնշյալ ոլորտները շատ ավելի զգայուն են նման ցնցումների դեպքում եւ չեն կարող լինել այն հենասյունը, որի վրա կարող է հենվել հայրենի տնտեսությունը:
Հակառակը կարող ենք ասել հանքարդյունաբերության ոլորտի մասին: Այս բարդ ժամանակահատվածում ոլորտը դրսեւորեց կայունություն եւ երկրի հիմնական ֆինանսական բեռը վերցրեց իր վրա: Ուստի պետք չէ հեծանիվ հորինել տնտեսական զարգացման բանալին գտնելու համար: Ընդամենը պետք է ուսումնասիրել զարգացած տնտեսությունների անցած ուղին ու փորձը եւ տեսնել, թե ինչպես է հանքարդյունաբերությունը նպաստել տնտեսության հետագա զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը:
Այս առումով վերջին երկու տասնամյակում հատկապես աչքի են ընկնում Արաբական Միացյալ Էմիրությունները: Անապատ հիշեցնող երկիրը կարճ ժամանակահատվածում, օգտագործելով իր բնական ռեսուրսները, դարձավ աշխարհի զարգացած երկրներից մեկը, իսկ Դուբայ էմիրությունը` աշխարհի ամենագրավիչ ֆինանսական, առեւտրային ու տուրիստական կենտրոնը:
Դեռեւս 1960-ական թվականներին Դուբայի շեյխ Ռաշիդ բին Սաեեդ Ալ Մաքթումը գտավ տնտեսական զարգացման բանալին` նավթը: Մինչեւ 1990-ական թվականները նավթը կազմում էր Դուբայի տնտեսության 95%: Հետագայում որպես հեռատես կառավարիչներ Սաեեդ Ալ Մակթում եւ նրա որդին` հաջորդ շեյխը, օգտագործեցին այդ բանալին իրապես դիվերսիֆիկացված, առաջատար տնտեսություն կառուցելու համար: Նրանք մշակեցին եւ կյանքի կոչեցին «Երեք T»-ի (trade, tourism, transport) գաղափարը. նավթից գոյացած ֆինանսական ռեսուրսները ուղղեցին տրանսպորտի, տուրիզմի եւ առեւտրի զարգացմանը՝ միջազգային ներդրողներին ներգրավվելով: Այսօր Դուբայում են գտնվում աշխարհի ամենամեծ երկու նավահանգիստը, միջազգային չափանիշներին համապատասխան աշխարհի ամենամեծ օդանավակայաններից մեկն ու աշխարհի ամենաբարձր երկնաքերը: Այսօր Դուբայում եւ ողջ Արաբական Միացյալ Էմիրություններում անապատի ավազը ոչ թե աղքատության, այլ շքեղ տուրիզմի խորհրդանիշն է: Իսկ բանալին բնական ռեսուրսների շահագործումն էր:
Նման օրինակները շատ են: 19-րդ դարում հանքարդյունաբերությունը դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության հիմնական ուղղություններից մեկը, որի հիման վրա էլ ձեւավորվեց ներկայիս տնտեսական համակարգը: ԱՄՆ-ն այսօր անվանական ՀՆԱ-ով ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրն է աշխարհում: Ու չնայած այսօր ԱՄՆ-ում զարգացած են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հանքարդյունաբերությունը շարունակում է իր հաստատուն եւ կարեւոր դերն ունենալ` մոտավորապես վերջին 20 տարիների ընթացքում ապահովելով ՀՆԱ-ի միջինում 2%-ը:
Հայաստանի չօգտագործված հնարավորությունը
Հայաստանը եւս ունի տնտեսական զարգացման այս բանալին: Մեր ընդերքը հարուստ է բնական պաշարներով, երկիրը ունի չուսումնասիրված հսկայական ներուժ, որը կարող է գրավիչ դառնալ միջազգային ներդրողների համար: Բայց քննարկումները հանքարդյունաբերության շուրջ Հայաստանում առավելապես եղել են հանքարդյունաբերություն ունենալ-չունենալու մակարդակի վրա: Ոլորտը անհարկի թիրախավորվել եւ հեղինակազրկվել է` միեւնույն ժամանակ իր վրա վերցնելով երկրի հարկային բեռի հիմնական մասը: Իհարկե, պետք է ընդունենք, որ ոլորտում կան խնդիրներ, արդիականացման եւ ստանդարտների խստացման կարիք կա, ինչն էլ իրականում պետք է քննարկման առարկա դառնա: Բայց ոլորտին համապատասխան պետական եւ հանրային մոտեցում եւ վերաբերմունք է անհրաժեշտ: Բանալին պետք է ճիշտ օգտագործել տնտեսությունը ամուր հիմքերի վրա պահելու, զարգացնելու, տարածաշրջանում երկրի մրցունակությունը չկորցնելու համար:
Ինչպե՞ս հաջողեցին մեր հարեւանները
Կարծում եմ` քննարկումից դուրս է, որ զարգացած տնտեսություններն են որոշում պատերազմների ելքը, ապահովում պետությունների տարածքային ամբողջականությունն ու դրանց աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային դերը:
Վերջին մի քանի տասնամյակում մենք ականատես եղանք, թե ինչպիսի սրընթաց տնտեսական զարգացում ապրեցին մեր հարեւանները: Թուրքիան դարձավ այն երկիրը, որն այսօր տարածաշրջանային զարգացումների թելադրողն է, որի կարծիքի հետ հաշվի են նստում բոլորը: Վրաստանում մի քանի տարվա ընթացքում վերափոխվեց ու զարգացավ Բաթումի քաղաքը` Կովկասի «փոքր Դուբայը» դառնալով: Ադրբեջանական գազը ստիպեց աշխարհին իր հետ հաշվի նստել, իսկ Իրանը, թեեւ մեկուսացված է աշխարհից, բայց նավթի եւ գազի արդյունահանման շնորհիվ շարունակում է տարածաշրջանի կարեւոր դերակատարներից մեկը մնալ: Իսկ մենք անգամ ավարտին չենք հասցնել դեռեւս 2009թ. մեկնարկած Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը:
Մեր հարեւան երկրների արձանագրած հաջողությունների հիմքում եւս հանքարդյունաբերությունն է, որը թույլ է տվել դիվերսիֆիկացնել տնտեսությունը եւ դառնալ առաջատար տարբեր ոլորտներում:
Վերջին 20-30 տարում Թուրքիայի տնտեսությունը էական փոփոխությունների է ենթարկվել: Եթե նախկինում հանքարդյունաբերության ոլորտի 85%-ը վերահսկվում էր պետության կողմից, այսօր պատկերը լրիվ հակառակն է: Թուրքիան վերջին տասնամյակում ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծեց` միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների համար ճանապարհ հարթելով իր տարածքում լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Այսօր Թուրքիան Եվրոպայի ամենամեծ ոսկի արտադրողն է` տարեկան 27 տոննա։ Այստեղ գործունեություն են ծավալում օտարերկրյա մի շարք հեղինակավոր ընկերություններ (Eldorado Gold, First Quantum, Alacer Gold, Centerra Gold եւ այլն):
Իրանի տնտեսության հիմքում եւս բնական ռեսուրսների շահագործումն է, մասնավորապես, գազի եւ նավթի: Իրանը նավթի պաշարներով աշխարհում երկրորդ տեղն է գրավում: Ու թեեւ Իրանի տնտեսությունը մեծապես կախված է հանքարդյունաբերությունից, բայց սա թույլ է տվել բավականին դիվերսիֆիկացնել այն: Պատահական չէ, որ Իրանի նախորդ 5-ամյա զարգացման ծրագրում որպես առաջնահերթություն նշված էր նավթագազային եկամուտների բաշխումն ու գիտության, տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային հատվածի զարգացումը:
Ադրբեջանն արցախյան առաջին պատերազմից հետո լծվեց բնական ռեսուրսների շահագործմանը` 30 տարվա ընթացքում զարգացնելով տնտեսությունն ու դառնալով Եվրոպայի հիմնական գազ մատակարարողներից մեկը: Այնտեղ նույնիսկ քննարկում չի եղել` արդյո՞ք հանքարդյունաբերություն պետք է լինի, թե ոչ: Նրանք հրավիրեցին միջազգային հեղինակավոր ընկերություններին (օրինակ` British Petroleum) եւ բարենպաստ պայմաններ ստեղծեցին գործունեություն ծավալելու համար: Միայն BP-ի միջոցով ավելի քան 60 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրվել Ադրբեջանում: Այսօր էլ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ալիեւը շտապում գրավված տարածքներում հանքերի լիցենզիաներ բաժանել միջազգային ընկերություններին: Այս քաղաքականությունն ու բնական ռեսուրսների վրա հիմնված կենսունակ տնտեսությունն էլ թերեւս կանխորոշեցին 44-օրյա պատերազմի ելքը եւ նաեւ միջազգային հիմնական դերակատարների զգուշավոր եւ չեզոք դիրքորոշումը դրա ընթացքում: Չէ՞ որ Ադրբեջանում նրանք նաեւ սեփական ֆինանսական շահերն ունեին:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ 2003թ. հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփոխումները մեծ հետաքրքրություն առաջացրեցին օտարերկրյա ներդրողների համար եւ ներդրումների մեծ հոսքը կանխորոշեց երկրի ապագա արագ տնտեսական աճը: Ներդրումների զգալի հատված ուղղվեց հանքարդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացմանը: Արդյունքում Վրաստանը դարձավ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ կարեւոր կապող օղակ` ապահովելով իր մրցունակությունը տարածաշրջանում:
Այս հնգյակում, ցավոք, այսօր Հայաստանը հետնապահ է, քանի որ մենք այդպես էլ ամբողջությամբ չգնահատեցինք եւ չօգտագործեցինք մեր հանքային պոտենցիալը:
Ինչպե՞ս դառնալ մրցունակ տարածաշրջանում
Վերջին տարիներին գրանցվել է ոսկու, արծաթի գների զգալի բարձրացում: Աշխարհում աճող անկայունության հետեւանքով պետությունները շարունակում են գնել մեծաքանակ ազնիվ մետաղներ` որպես անվտանգության հիմնական երաշխիք: Վերականգնվող էներգիայի զարգացումն էլ բերել է հանքարդյունաբերության ծավալների ընդլայնմանը ամբողջ աշխարհում: Աճել է պղնձի, նիկելի, լիթիումի, կոբալտի եւ հազվագյուտ մետաղների պահանջարկը: Այսօր մենք ականատես ենք լինում նոր աշխարհակարգի ձեւավորմանը, որի հիմքում նաեւ բնական ռեսուրսների տնօրինումն ու դրանց վերահսկողությունն է: Արդյունքում շահելու են այն երկրները, որոնք բնական ռեսուրսների առումով աշխարհին առաջարկելու բան կունենան:
Հայաստանը թեեւ չունի նավթի եւ գազի պաշարներ, բայց մեր ընդերքը հարուստ է պղնձով, մոլիբդենով, ոսկով եւ հազվագյուտ մետաղներով: Հայաստանը ունի բնական ռեսուրսների հսկայական ներուժ, որը ներկայիս համաշխարհային պահանջարկի առումով գրեթե ուսումնասիրված չէ: Կան հանքավայրեր, որոնց պարագայում անհրաժեշտ է հստակ պետական մոտեցում դրանք գործարկելու համար:
Այդ հնարավորությունները պետք է զարգացնել եւ վերածել նյութական արդյունքի: Դրա համար նախ անհրաժեշտ է ոլորտը ճանաչել գերակա ճյուղ եւ մասնավորին հնարավորություն տալ ուսումնասիրել ունեցած հանքային պոտենցիալը: Բացի այդ, պետք է հետեւողական աշխատանք տանել նաեւ ոլորտի նկատմամբ ճիշտ հանրային ընկալում ու վերաբերմունք ձեւավորելու համար: Այստեղ անելիք ունեն թե՛ պետությունը, թե՛ մասնավոր ոլորտը եւ թե հանրությունը: Անհրաժեշտ են ներդրումներ, օրենսդրական կայուն դաշտ, հարկային խելամիտ քաղաքականություն` հանքարդյունաբերական ընկերությունների մոտ հարկային գերծանրաբեռնվածություն չառաջացնելու համար, կանխատեսելի բիզնես միջավայր: Սրանք այն առաջնային նախապայմաններն են, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի հանքարդյունաբերության ոլորտը դարձնել զարգացած եւ դիվերսիֆիկացված տնտեսության հիմք: Այս ճանապարհով են տնտեսական հաջողություններ գրանցել աշխարհի շատ երկրներ, այդ թվում մեր հարեւանները` դառնալով մրցունակ դերակատարներ աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Հիմա մեր հերթն է:
Հայկ Ալոյանը «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: