Միայնակ փոթորկի առջեւ - Mediamax.am

Միայնակ փոթորկի առջեւ
12281 դիտում

Միայնակ փոթորկի առջեւ


Հայաստանն ու հայկական աշխարհը կանգնած են կրիտիկական մարտահրավերների եւ սպառնալիքների առջեւ, ինչը կապված է միաբեւեռ համակարգի քանդվելու եւ նոր աշխարհակարգի ճարտարապետության աստիճանական ձեւավորման հետ։ Որպես հայ՝ ես միշտ իմ պարտքն եմ համարել կուտակված գիտելիքներն ու հնարավորություններն օգտագործել իմ երկրի անվտանգությունն ու առաջընթացն ամրապնդելու համար։ Ես փորձել եմ օգտակար լինել որպես գիտնական, փորձագետ եւ ընդդիմադիր շարժման անդամ՝ դառնալով Ազգային ժողովի պատգամավոր։ Ինչ-որ պահի որոշեցի մի փոքր դադար վերցնել, որպեսզի փորձեմ հասկանալ մեր անհաջողությունների եւ ձախողումների խորքային պատճառները: Ելնելով դրանից՝ սկսում եմ իմ վերլուծական էսսե-մտորումների շարքի հրապարակումը, որոնք արտացոլում են ընթացող գործընթացների վերաբերյալ իմ անձնական սուբյեկտիվ գնահատականը եւ ունեն մեկ նպատակ՝ հայկական աշխարհում տալ մեծ բանավեճերի շրջանի մեկնարկը այն հիմնարար հարցերի շուրջ, որոնցից բառացիորեն կախված է մեր գոյությունը։

ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը դարձել է պատմական երկար ժամանակաշրջանում միջազգային հարաբերությունները պայմանավորող ավանդական սկզբունքների համակարգային բեկման առավել վառ նշան: 1809-1917 թվականներին Ֆինլանդիան պաշտոնապես եղել է Ռուսական Կայսրության մաս, սակայն ունեցել է ինքնավարության բարձր կարգավիճակ։ Ֆինները բավականին վարպետորեն օգտվեցին 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից եւ հասան նրան, որ Լենինի գլխավորած խորհրդային նոր կառավարությունը ճանաչի Ֆինլանդիայի անկախությունը։ Հետագայում աշխարհաքաղաքական տարածքային վեճերի պատճառով տեղի ունեցավ խորհրդա-ֆիննական երեք պատերազմ։ Վերջին առճակատման արդյունքում (1941-1944 թթ.) Խորհրդային Միությունը տարավ ռազմական հաղթանակ, սակայն քաղաքական տեսանկյունից ֆիններին հաջողվեց խուսափել իրենց տարածքի օկուպացիայից՝ Մոսկվային տալով ռազմաքաղաքական չեզոքությունը պահպանելու երաշխիքներ։ Իմաստուն դիվանագիտության շնորհիվ նրանց հաջողվեց ձեւավորել արտաքին քաղաքականության հավասարակշռված ռազմավարություն եւ ստանալ ոչ բլոկային երկրի կարգավիճակ։ Սա հնարավորություն տվեց դե ֆակտո լինելով ԽՍՀՄ ազդեցության գոտում՝ կառուցել շուկայական տնտեսության մոդել եւ իշխանության ժողովրդավարական ինստիտուտներ։ Հավասարակշռման այս մոդելը տարբեր գնահատականների է արժանացել, սակայն երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից այն ցուցաբերել է բարձր արդյունավետություն։

Այժմ պաշտոնական Հելսինկին մտնում է ՆԱՏՕ, ինչը նշանավորում է «ֆինլանդացման» դարաշրջանի ավարտը ոչ միայն բուն ֆինների, այլեւ դերակատարների մեծամասնության համար։ Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք հակադիր ճամբարների եւ բաժանարար գծերի ձեւավորման փուլում։ Չեզոքությունը որպես տարբերակ գոյության սպառնալիքի տակ է, եւ փոքր երկրներն ու ժողովուրդները կրկին բախվում են ճիշտ եւ սխալ կողմի ընտրության մահացու մարտահրավերին: Մեծամասնությունը վաղ թե ուշ ստիպված կլինի այս կամ այն ընտրությունը կատարել: Այդպիսին է պատմության կամքը, այդպես եղել է եւ այդպես կլինի։ Այնուամենայնիվ, նման իրավիճակները նաեւ բացառիկ հնարավորություններ են ընձեռում այն երկրներին ու ժողովուրդներին, ովքեր ունակ են ճանաչել եւ ճիշտ օգտագործել իրենց եզակի հատկություններն ու իրավասությունները: Այդ առանձնահատուկ ժողովուրդներից են հայերը։ Եվրատլանտյան աշխարհաքաղաքական աշխարհում ապրում է ավելի քան 4 միլիոն հայ, որոնց մեծ մասը բնակվում է կենտրոնական պետություններում՝ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում։ Մյուս կողմում եվրասիական աշխարհն է, որտեղ ավելի քան 5 միլիոն հայ կա։ Այսպիսով, հայերը զգալի ներուժ ունեն ստեղծելու սեփական անդրազգային ցանցը, որը ներդաշնակորեն կներկառուցվի նոր աշխարհակարգում՝ G-2 հայեցակարգի շրջանակներում (երկբեւեռ աշխարհակարգ՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի գլխավորությամբ):

Եվ հարցը բոլորովին քանակի մեջ չէ։ Հայկական էթնոսը պատմականորեն այդ աշխարհների անմիջական ստեղծողներից է, եղել եւ մնում է այս աշխարհների համակարգաստեղծ տարրերից մեկը, խորապես ինտեգրված է այդ աշխարհների քաղաքական, տնտեսական, կրոնական եւ մշակութային կյանքին։ Պակաս կարեւոր չէ նաեւ բոլոր մայրցամաքներում հայկական աշխարհի դրական ընկալման գործոնը։ Ոչ ոք չի ճնշել կամ վտարել հայերին, ստիպել փոխել իրենց կրոնը, նրանց համար մշտական բնակության գիծ չի սահմանել։ Ի տարբերություն հենց նույն հրեաների, որոնք անհամեմատ ավելի մեծ հաջողությունների հասան ոչ թե երկու աշխարհների աջակցությամբ, այլ դրանց կամքին ու ցանկությանը հակառակ։

Խորհրդային Միության փլուզումից հետո անկախ պետականության ի հայտ գալը ուղիղ ճանապարհ բացեց հայ-ատլանտյան եւ հայ-եվրասիական աշխարհները մեկ միասնական կենտրոնում միավորելու համար: Հայաստանը կդառնար հետխորհրդային տարածքում առաջին եւ միակ ցանցակենտրոն երկիրը եւ կարող էր արագ միանալ հզոր անդրազգային դուետին՝ Իսրայելին եւ Իռլանդիային: Նման կենտրոնն՝ ի դեմս Երեւանի, չափազանց պահանջված կլիներ բոլոր խոշոր խաղացողների համար, ինչը հայկական աշխարհի համար դուռ կբացեր դեպի գլոբալ քաղաքականություն՝ որպես չեզոք եւ անկախ սուբյեկտի։ Միայն նման առանձնահատուկ կարգավիճակը կարող էր դառնալ անվտանգության իրական երաշխիք, մնացած բոլոր մեխանիզմները (մի խաղացողի հովանավորությունը կամ մի խաղացողի փոխարինումը մյուսով) ապրիորի դատապարտված էին ձախողման։ Պատմությունը վաղուց ապացուցել է, որ նման մեխանիզմների պահպանման ժամկետը ողորմելի կարճ է:

2020 թվականի Արցախյան պատերազմում կրած պարտությունը, եւ Ադրբեջանի թելադրած կապիտուլյացիայի միակողմանի պայմաններն ընդունելու Երեւանի պատրաստակամությունը խոսում են Հայաստանի գաղութացման նոր գործընթացի մեկնարկի մասին։ Աշխարհագրությունը եւ մարդաբանությունը թույլ են տալիս պնդելու, որ Անդրկովկասյան տարածաշրջանում այսպես կոչված խաղաղությունը նշանակում է ոչ թե բոլոր դերակատարների հավասար գործընկերություն, այլ մեկի գերիշխանությունը մյուսների նկատմամբ։ Հայաստանը բաց թողեց Անդրկովկասի կուրատորը դառնալու իր հնարավորությունը, իսկ Բաքուն ռեւանշ վերցրեց, փոխեց տարածաշրջանի կոնֆիգուրացիան, եւ այժմ առաջատար ուժային կենտրոնները դրա հետ հաշվի են նստում։ Այստեղից էլ նոր իրողությունը՝ ոչ ոք դեմ չէ, որ Ադրբեջանը ստանձնի տարածաշրջանի գործառնական վերահսկողության գործառույթը եւ դառնա ներկայիս եւ ապագա աշխարհատնտեսական նախագծերի անվտանգության երաշխավորը։ Սա նշանակում է, որ հենց Բաքվից է կախված լինելու հայկական պետականության նույնիսկ ֆորմալ անկախության աստիճանը։ Հետագա գործընթացների զարգացման տրամաբանությունը պարզ է՝ Սյունիքի, Տավուշի եւ Գեղարքունիքի նկատմամբ վերահսկողության հաստատում (կենսատարածքի նեղացում) եւ տեղի հայերի խմբերից իրենց ենթակա պրոքսի ուժերի ստեղծում, որոնք կառաջադրվեն քաղաքական պաշտոններում եւ գերիշխող դիրք կգրավեն ուժային կառույցներում (ներքին կոտրում)։ Պարզ է նաեւ վերջնական արդյունքը՝ վերջին հայկական սուվերենի ամբողջական եւ վերջնական վերացումը իր բնական արեալից։

Ուժերի նման դասավորվածությունը այստեղ է եւ հիմա, բայց այն կարող է փոխվել ցանկացած պահի։ Եվ ոչ ոք չի չեղարկել Օտտո ֆոն Բիսմարկի անմահ դասական խոսքերը՝ «քաղաքականությունը հնարավորի արվեստ է»։ Եվրատլանտյան եւ եվրասիական աշխարհների երկարատեւ դիմակայության մեջ միշտ կլինեն շատ անհայտ փոփոխականներ, իսկ «սեւ կարապները» կժամանեն նախանձելի հաճախականությամբ։ Սպառնալիքներին, բացթողումներին եւ սխալ հաշվարկներին կփոխարինեն ակնհայտ եւ թաքնված (ավելի հավանական) հնարավորությունները, որոնք անհրաժեշտ կլինի առաջին դեպքում ճիշտ օգտագործել, իսկ երկրորդում՝ ժամանակին ճանաչել եւ օգտագործել։ Այսինքն՝ ժամանակը դառնում է հիմնական ռեսուրսը, եւ մենք չենք կարող մեզ այն զուր վատնելու շքեղությունը թույլ տալ։ Հայաստանում եւ Սփյուռքում գործող քաղաքական խմբավորումները պետք է հասկանան, որ պայքարում են ոչ թե իշխանության, այլ պատրանքների համար, քանի որ գաղութացված երկրում չի կարող լինել ազգային իշխանություն, քանի որ տեղապահ լինելը չի նշանակում լինել իշխանություն։

Արթուր Ղազինյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դոցենտ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Միայնակ փոթորկի առջեւ

Հայաստանի բոցավառվող լույսը
Մեր ընտրանին