Թվայնացված «Գարունը», Մեսչյանը, խզումն ու խրախճանքը - Mediamax.am

Թվայնացված «Գարունը», Մեսչյանը, խզումն ու խրախճանքը
3336 դիտում

Թվայնացված «Գարունը», Մեսչյանը, խզումն ու խրախճանքը


Վերջին օրերի, թերեւս, միակ լուսավոր լուրը Հայաստանի Ազգային գրադարանի հաղորդագրությունն էր. թվայնացվել է լեգենդար «Գարուն» ամսագրի ամբողջական արխիվը՝ 1967-ից մինչեւ 2018 թվական: Բոլոր համարներն անվճար հասանելի են այս հղումով:

Մի քանի տարի առաջ գրված Տատիկս եւ «Գարունը» սյունակում պատմել էի այն կարեւոր դերակատարության մասին, որ ամսագիրն ունեցել էր պատանեկությանս տարիներին: Ու այսօր՝ «թերթելով» 80-ականների թվայնացված ամսագրերը, բացահայտում եմ, որ շապիկներից շատերը պարզ հիշում եմ. դրանք տեսել եմ տատիկիս տանը:

«Գարունի» արխիվի ուսումնասիրությունը որոշեցի սկսել 1988 թվականի 1-ին համարից: Զարմանքով հայտնաբերեցի, որ ամսագրի բաժնի խմբագիրներից մեկի անունը Արա Թադեւոսյան էր: Ցավոք, որքան համացանցը փորփրեցի, այդ մարդու մասին որեւէ տեղեկություն չգտա:

Շատ ավելի հետաքրքիր բացահայտումը սպասում էր ինձ ամսագրի 54-րդ էջում՝ խմբագրությանը հասցեագրված մի շարք նամակների հեղինակներ խնդրում էին պարզել, թե ինչու այլեւս ելույթ չի ունենում Արթուր Մեսչյանը: «Գարունն» էլ հրապարակել էր Մեսչյանի պատասխանը.

«Հարցնում եք, թե ինչու եմ ես հեռացել ասպարեզից: Իսկ մի՞թե հնարավոր է իմ երաժշտական կյանքի ողբերգությունը արտահայտել մի քանի նախադասությամբ: Գուցե գտնվեն մարդիկ, որոնք իրենց ապրումները բոլոր նրբերանգներով կարողանան արտահայտել համարժեք բառերով, իսկ ես երաժիշտ եմ, եւ ինձ համար ավելի հեշտ է զգացումս արտահայտել թեկուզ մեկ երգով, որի մեջ խտացված կլինի նյարդերի մեծ լարվածության գնով ապրած պատասխան:

Մի՞թե միայն մենք հեռացանք բեմից: Եվ վերջապես ասպարեզից հեռանալը հետեւանք էր այն հոգեւոր խորթացման, որ ծնեց ժամանակը: Մենք արժեքների վերագնահատման ժամանակաշրջանի սերունդ էինք, եւ մեր առջեւ խնդիր էր ծառացել նորովի արժեքավորել այն ժառանգությունը, որ ծանրացավ մեր ուսերին՝ 60-ական թվականների վերջին: Ժառանգություն, որ մի ահռելի կծիկ էր՝ հյուսված անտարբերության, ստի, գորշության, ցուցամոլության, հավատքի կորստի, մտածողության բացակայության գզգզված թելերից: Իհարկե, ոմանք կարող են քմծիծաղել, որ երեք երիտասարդ «պատերազմ հայտարարեցին» այն ամենին, ինչի դեմ պայքարում է այսօր ամբողջ երկիրը: Սակայն քմծիծաղում է նա, ով չի պատկերացնում երգի հնարավորությունները, ուժը, ոգին եւ շունչը, որ այն կարող է ներարկել նույնիսկ ամենաանտարբեր ունկնդրին: Այս համոզմունքը թույլ չտվեց ինձ դավաճանել երգին, եւ վերջին տարիների ընթացքում ստեղծեցի մի շարք, որը հնարավորության դեպքում կներկայացնեմ ձեզ: Այսօր երաժշտական արվեստի մեջ խզում է գոյացել՝ խզում ստեղծագործողի եւ ունկնդրի միջեւ: Այդ խզումը գալիս է արվեստից եւ ոչ թե ունկնդրից: Մեր հայկական երգարվեստի «ցուցանիշը» երիտասարդության ներկա հոգեւոր ճգնաժամն է: Մենք վերջնականապես կորցրել ենք երգ հասկացողության ստույգ ըմբռնումը: Այն դեպքում, երբ հայկական երգը երբեւէ ճգնաժամ չի ապրել, նույնիսկ դժնդակ տարիներին: Հիմա ամենուրեք տարածում է գտել երգի կիրառական կերպը, որի հետեւանքն է մեր երգարվեստում տիրող գորշությունը: Այդ գորշության կողմնակիցներն են իմ արվեստի հակառակորդները: Նրանց (ն ոչ միայն նրանց) ստեղծած մթնոլորտը ինձ դուրս մղեց երաժշտության ասպարեզից, սակայն կարծում եմ` ոչ ընդմիշտ»:

35 տարի անց կարդում եմ այս տողերը եւ եզրակացնում, որ մեր արվեստագետների (ինտելեկտուալների) եւ հասարակության` միմյանց չհասկանալու երեւույթը նոր չէ: 39-ամյա Մեսչյանը խոսում է երիտասարդության հոգեւոր ճգնաժամի մասին, բայց ընդամենը մեկ-երկու տարի անց հենց այդ երիտասարդությունը դարձավ 1988-ի Շարժման շարժիչ ուժը: Այդ երիտասարդներից շատերը, որպես կամավորներ, պատերազմ գնացին եւ հաղթանակ տարան: Ցավոք, այդ երիտասարդներից շատերը հետո չդիմացան փառքի եւ փողի փորձությանը եւ, կամա թե ակամա, արեցին ամեն ինչ՝ այդ հաղթանակը արժեզրկելու համար:

2023 թվականի փետրվարին կլրանա Շարժման 35-ամյակը, որին մոտենում ենք ամենեւին ոչ տոնական տրամադրությամբ: Եվ պատճառներից մեկն այն է, որ Մեսչյանի հիշատակած ստեղծագործողի եւ ունկնդրի (հասարակության) միջեւ խզման համար պատասխանատու ենք բոլորս, բայց հասարակությունը նախընտրում է մեղադրել ինտելեկտուալներին, նրանք էլ՝ հասարակությանը: Այդ իրողությունը մի քանի տարի առաջ շատ լավ նկարագրել է «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը.

«Խզումը նախեւառաջ մեր մեջ է, առկա է ներքին խզում, մարդն ինքն իրեն անհաղորդ է, շփոթված ու մոլոր, իր էությանն օտարացած ու խորթացած, մասնատված ու «մասնագիտացած»: Ներքին երկխոսությունը դառնում է անհրաժեշտություն, բայց մենք խուսափում ենք, նախընտրելով փախուստը կամ զվարճանքը (որ ըստ էության նույնն է): Փախուստ, ոչ միայն տարածքից, այլ նաեւ ժամանակից` անցյալից, ներկայից, ապագայից: Ժամանակը «խեղդվում է» զվարճանքի մեջ, դրա վկայությունը ակնառու կերպով տալիս են հեռուստաեթերը, իրար հաջորդող անբովանդակ «միջոցառումները»:

Լուսանցքային մարդն ունակ չէ ինքն իրեն գնահատելու, նա փորձ չի անում ինքնաճանաչման, կարիք ունի ուրիշի, որ ճանաչվի եւ գնահատվի: Ուզում է սիրված լինել, բայց ինքնասիրություն չունի: Ուզում է, որ իրեն պատվեն, արժեւորեն, բայց արժանապատվություն չունի: Դրսից հրամանների եւ ուրիշի անհրաժեշտություն ունի: Իր մայրենի լեզվից ու մշակույթից անվերջ խորշող… Եվ վերջապես. նա հայրենիք չունի: Դժվար է այսպիսի մարդկանց հետ երկխոսել: Այստեղ է հիմնական խզումը: Հեշտ է լուսանցքում լինել, քանի որ պատասխանատվություն չես կրում. ամեն ինչ քո փոխարեն մտածված է, քեզ մնում են միայն «զվարճանքն ու խրախճանքը»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին