Փաշինյանական աբսուրդի թատրոնի 7-րդ արարը - Mediamax.am

Փաշինյանական աբսուրդի թատրոնի 7-րդ արարը
6551 դիտում

Փաշինյանական աբսուրդի թատրոնի 7-րդ արարը


Սեպտեմբերի 20-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանը՝ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին:

Իսկ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը «հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին»:

«Սողացող պատերազմի» պայմաններում ապրող Հայաստանի ղեկավարը ժամանակ ունի հանդիպել մարդկանց, որոնց մեծ մասն անգամ քաղաքական գործիչ կոչվելու իրավունք չունի:



Ինչի՞ մասին կարելի է խոսել Տիգրան Արզաքանցյանի հետ, որը ոչ մի լեզվով նորմալ խոսել չի կարողանում եւ կարծում է, որ նախորդ ամուսնու ազգանունը հպարտորեն կրող իր տիկինը կարող է Երեւանի քաղաքապետ դառնալ:

Ի՞նչ կարելի է քննարկել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանի հետ, եթե այդ կուսակցությունը 2021 թվականի ընտրություններում ստացել է 964 ձայն:

Ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին, որն ասում է, թե Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Ռուբեն Հախվերդյանին:

Հանդիպման մասնակիցներից առանձնանում է միայն «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որին, կարծում եմ, պատիվ չի բերում այդ ձեւաչափի մաս կազմելը:

Թվում է, այս օրերին Նիկոլ Փաշինյանը պետք է «քիթ սրբելու» ժամանակ չունենա՝ թշնամին բառացի մեր երկրում է: Թվում է, որ պետք է հանդիպումներ անցկացնի զինվորականների եւ դիվանագետների հետ, լուծումներ փնտրի: Բայց նա հանդիպում է իր սիրելի խմբակի անդամների հետ՝ քաջ գիտակցելով, որ նրանցից որեւէ օգտակար խորհուրդ չի ստանալու:

Թող վիրավորական չթվա «սիրելի խմբակ» բնորոշումս: Ըստ կառավարության կայքի, միայն այս տարի Փաշինյանը նրանց հետ հանդիպել է 7 (!!!) անգամ: Այսինքն՝ գրեթե յուրաքանչյուր ամիս:

Եթե Նիկոլ Փաշինյանին հաճելի է այդ մարդկանց հետ շփումը, կարող է նրանց հյուրընկալել իր տանը՝ ոչ աշխատանքային ժամերին: Իսկ աշխատանքային ժամերին թող մտածի, որ, օրինակ, իր վերջին լիարժեք մամուլի ասուլիսը տվել է ավելի քան 2.5 տարի առաջ՝ 2020 թվականի հունվարին: Կամ որ իր իշխանության 4.5 տարիների ընթացքում ընդամենը մեկ (!) հանդիպում է ունեցել իր նախկին գործընկերների՝ լրատվամիջոցների ղեկավարների հետ:

Իր սիրելի խմբակի անդամներին 7 անգամ հանդիպելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը կարող էր, օրինակ, նախաձեռնել եւ Հայաստան հրավիրել ռուսաստանցի, եվրոպացի, իրանցի, ամերիկացի քաղաքագետների եւ փորձագետների եւ փորձել նրանց հետ քննարկումներ ունենալ, նրանց աչքերով նայել Հայաստանին եւ տարածաշրջանին:

Շատ բան կարող էր անել այդ 7 անիմաստ եւ անօգուտ հանդիպումների փոխարեն: Բայց չի արել եւ չի անելու: Եվ սարսափելին այն է, որ իր շրջապատում չկա գոնե մեկը, որ կառաջարկեր վերջ դնել այս խեղկատակությանը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին