Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում - Mediamax.am

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում
6273 դիտում

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում


Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Հայահավաք

Այս խորագրով հրապարակված նախորդ հոդվածում ես շարադրել էի հայության ճակատագրական ընտրության առաջին հենասյան՝ Հայահավաքի ուրվագծերը։ Իրականությունը, ի վերջո, միշտ տարբերվելու է մեր նախագծերից եւ պատկերացումներից, սակայն եւ զգալի չափով զարգանալու է հենց այն ուղղությամբ, որի շուրջ մենք այսօր կփորձենք միասնական մոտեցում ձեւավորել, եւ հետո էլ համակարգված ջանք կիրառել։ Ուստի այս հոդվածով ես շարունակում եմ շարքը եւ այսօր կխոսեմ երկրորդ հենասյան՝ Արդիականացման մասին։

Սկսած Հայաստանում Արտաշեսյան իշխանության հաստատումից, այնուհետեւ քրիստոնեության ընդունումից եւ հայ գրերի գյուտից, Հայաստանը եւ հայությունը դարձան մեր տարածաշրջանի առավել առաջադիմական, կրթված եւ ստեղծագործ տարրը, եւ առնվազն մինչեւ 14-րդ դարի վերջը, երբ Հայաստանը վերջնականապես հայտնվեց թուրքական ցեղերի իշխանության տակ, սերունդ առ սերունդ ստեղծեցին հրաշալի մի քաղաքակրթություն, որի ազդեցությունը տարածվում էր Ֆրանսիական Պրովանսից մինչեւ Հնդկական Կալկաթա։

Կլիներ դա փառահեղ արքայանիստ Անին, գիտական մտքով փայլատակող Տաթեւի համալսարանը, աստվածակերտ Նարեկացու մատյանը եւ հայոց մտքի եւ ոգու բազմաթիվ այլ դրսեւորումներ՝ դարերի ընթացքում լեռներում ծվարած, իր հողին կառչած մի ժողովուրդն իր մեջ ուժ ու տաղանդ էր գտնում հարստացնելու մարդկությունը, լույս ու լուսավորություն ճառագելու, եւ դրանով հաստատագրելու իր տեղը համաշխարհային պատմության մեջ։

Նույնիսկ նրանից հետո, երբ Հայաստանը առնվազն չորս դարով ընկղմվեց թուրք ցեղերի բերած խավարի եւ ստրկության մեջ, հայ մարդիկ, տարագրվելով հայրենիքից, շարունակեցին իրենց ստեղծարար տաղանդը ծառայեցնել մարդկությանը, որտեղ էլ որ նրանք գտնվեին։ Այս չորս դարերը, սակայն, ծանր դրոշմ թողեցին հայրենիքի վրա։ Ամբողջ չորս հարյուր տարով երկրում կանգ առավ քաղաքաշինությունը, վանքաշինությունը, գիտությունը եւ արվեստները զրկվեցին իրենց բարերարներից, քաղաքական առաջնորդությունը ոչնչացվեց, ստեղծագործ տարրը զանգվածաբար տարագրվեց։ Նույնիսկ Ռուսաստանի կողմից Արեւելյան Հայաստանի նվաճումից հետո, առնվազն կես դար պահանջվեց, որպեսզի հայահավաքի եւ կյանքի պայմանների աստիճանական բարելավման արդյունքում հայությունը Հարավային Կովկասում սկսի կազմակերպվել եւ հերթական անգամ դառնա տարածաշրջանի արդիականացման, տնտեսական եւ մշակույթային զարգացման առաջամարտիկը։

Այս գործընթացը, տարբեր վայրիվերումներով, շարունակվեց մինչեւ 20-րդ դարի վերջը։ Այսպիսով՝ ընդամենը 100 տարում նորօրյա Հայաստանը նորից կարողացավ դառնալ Հարավային Կովկասի գիտական, արդյունաբերական եւ մշակութային առաջատարը, առաջ մղվելով շատ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող իր հարեւաններից։

Ճակատագրի դառը հեգնանք է, սակայն, որ ռուսական գերիշխանության ներքո 100 տարվա ընթացքում արդիականացման տպավորիչ ցատկ իրականացրած հայ ժողովուրդը, անկախանալով եւ մնալով սեփական առաջնորդների ղեկավարության ներքո, դրան հաջորդած երեք տասնամյակներում վատնեց իր ամբողջ առավելությունը, դարձավ ն Հարավային Կովկասում առավել թույլ օղակը։ Աշխարհին տասնյակ հազարավոր գիտնականներ եւ ճարտարագետներ տված ազգը պարտվեց իր կիսաբարբարոս հարեւանին նաեւ այն պատճառով, որ վերջինս կարողացել էր տեխնոլոգիապես վերազինել եւ վերակազմակերպել սեփական բանակը, իսկ հայկական բանակը, զգալի չափով, մնացել էր նախորդ դարի սպառազինության, օպերատիվ արվեստի եւ կառավարման մոդելի հույսին։

Այսօրվա հանգրվանին Հայաստանը հասել է իր տարօրինակ, երկփեղկված իրականությամբ՝ մի կողմից նրա մայրաքաղաքում արդեն ձեւավորվել է խոշոր տեխնոլոգիական հանգույց, որն ինտեգրված է համաշխարհային արժեշղթաներին, եւ սկսել է երկրի համար զգալի հավելյալ արժեք ստեղծել, մյուս կողմից, մարզային համայնքների մեծ մասը ընկղմված են աղքատության մեջ եւ տեխնոլոգիապես մնացել են նախորդ դարի կեսերում։ Մի կողմից ունենք մասնավոր դպրոցներ, որոնց շրջանավարտները ընդունվում են աշխարհի լավագույն համալսարանները, մյուս կողմից ունենք տարածաշրջանում անգրագիտության ամենաբարձր ցուցանիշը։ Մի կողմից, ունենք մեկ շնչի հաշվով նախկին ԽՍՀՄ տարածքում ամենամեծաթիվ գիտական հրատարակումները, մյուս կողմից՝ հասարակության ճնշող մեծամասնությունը որեւէ կապ չունի երկրում ստեղծվող գիտական արժեքի հետ, իսկ մի շնչի հաշվով համալսարանների շրջանավարտներով զիջում ենք ԱՊՀ երկրների մեծ մասին։

Այս երկփեղկումը, որքան էլ պարադոքսալ է, պարզ բացատրություն ունի՝ մեր երկրում անկախությունից ի վեր թագավորած վայրի կապիտալիզմը։ Վայրի կապիտալիզմի օրոք հասարակության նախաձեռնող (հաճախ նաեւ ագրեսիվ), ռեսուրսների տիրապետող, ակտիվ մասը կարողանում է իր գերիշխանությունը հաստատել երկրում, օգտվել ոչ միայն նրա բնական հարստություններից, այլեւ կրթագիտական, տեխնոլոգիական եւ մշակութային կարողություններից, եւ ժամանակի ընթացքում, ձեւավորվում են այն երկու զուգահեռ իրականությունները, որոնք մենք տեսնում ենք՝ արտոնյալ փոքրամասնությունը, որը շարունակում է վերարտադրել իրեն եւ ի վերջո բարգավաճել, եւ կրթությունից, ժամանակակից մասնագիտություններից, արդյունքում՝ նոր տնտեսական հնարավորություններից զուրկ մեծամասնությունը, որը եւս շարունակաբար վերարտադրում է իրեն, սակայն իր աղքատության եւ թշվառության մեջ։

Ինչ-որ իմաստով Նիկոլ Փաշինյանի սրընթաց վերելքը դեպի իշխանություն մեր հասարակության ունեզուրկ խավերի (որոնք այսօր առնվազն ընդհանուրի 60-70% են կազմում) ուշացած ռեակցիան էր վայրի կապիտալիզմի դեմ, եւ նրան ներվող տարատեսակ մեղքերը՝ այդ վայրի կապիտալիզմին այլեւս երբեք չվերադառնալու հասարակության կայուն ալերգիան։ Սակայն Փաշինյանի կողմից սկսված արդիականացման նախագիծը ի սկզբանե ձախողված է, քանի որ այն իրականացվում է կեղծ օրակարգով, դրսից այդ իշխանությունը վերահսկող օտար ուժերի կողմից մշակված նեոլիբերալ բաղադրատոմսերով, կիսատ-պռատ է եւ հատվածական։ Մինչ այժմ Փաշինյանի իշխանությունը կարող է հպարտանալ թերեւս միայն երկու ձեռքբերումներով՝ հանրապետական եւ տեղական նշանակության ճանապարհների ասֆալտապատմամբ եւ հարկային համակարգի արդյունավետության որոշակի բարձրացմամբ։ Հանուն արդարության, նույնիսկ այդ երկու ձեռքբերումները Փաշինյանին բազմաթիվ կողմնակիցներ են ավելացրել, մանավանդ մարզերում, որտեղ բարեկարգ ասֆալտի ճանապարհը չտեսնված շքեղություն էր նախորդ իշխանությունների օրոք։

Փաշինյանից հետո եկող ցանկացած նոր իշխանություն, հետեւաբար, կանգնելու է Հայաստանի արդիականացման կրիտիկական հրամայականի առջեւ, իսկ այդ արդիականացումը անհնար է առանց մեր երկրի քաղաքական-տնտեսական մոդելի փոփոխության, եւ պետության լծակների միջով հանրային բարիքի զգալի վերաբաշխման։ Սա պահանջելու է նոր «հանրային պայմանագիր», որով հասարակության այն հատվածը, որն արդեն հաջողության է հասել եւ ունի բարեկեցության բավարար մակարդակ, կամավոր կերպով սկսում է աջակցել այն մասին, որը դեռեւս գտնվում է աղքատության մեջ, այն հաշվարկով, որ առաջիկա 20 տարիների ընթացքում Հայաստանում հաղթահարվի աղքատությունը, բնակչության ճնշող մեծամասնությունը ապրի բարեկեցիկ բնակավայրերում, եւ կարողանա օգտվել ժամանակակից գիտա-կրթական եւ տեխնոլոգիական առաջընթացի բարիքներից։

Եթե Նիկոլ Փաշինյանից հետո եկող իշխանությունը կարողանա իրականություն դարձնել այս հանրային պայմանագիրը, ապա առկա է երկրի արդիականացման առնվազն մի քանի կարեւոր ուղղություն, որոնց վրա պետք է կենտրոնացնել ոչ միայն հանրային ռեսուրսները, այլեւ արտերկրից Հայաստան եկող տարատեսակ միջոցները։ Առաջինը եւ թերեւս առավել կրիտիկականը կրթությունն է։ Վերը նշվել էր, որ թեեւ Հայաստանը Հարավային Կովկասի առավել զարգացած գիտատեխնոլոգիական երկիրն է, այն միաժամանակ նաեւ այնտեղի առավել անկիրթ երկիրն է, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ կրթությունը հասանելի է միայն հասարակության փոքրամասնությանը։

Այսօր միջնակարգ դպրոցների շրջանավարտների միայն մեկ երրորդն են Հայաստանում ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ, ոչ բոլորն են դրանք ավարտում, եւ այդ թվի միայն մեկ քառորդն է ստանում տեխնոլոգիական մասնագիտություններ, որոնք Հայաստանի համար մրցակցային արժեք են ստեղծում։ Առաջիկա 20 տարիների հեռանկարում բարձրագույն կրթության ստացողների թիվը Հայաստանում պետք է կրկնապատկվի, իսկ տեխնոլոգիական մասնագիտություններով շրջանավարտների թիվը՝ առնվազն եռապատկվի: Բարձրագույն կրթության ընդհանուր որակի աճին զուգահեռ, դա հնարավորություն կտա էական ճեղքում կատարել Հայաստանի բնակչության թե տնտեսական մրցունակության, թե հանրային որակներում։ Այսպիսի ճեղքումը, սակայն վիթխարի ճիգեր է պահանջում։ Բարձրագույն կրթության ստացողների փոքր թիվը Հայաստանում ոչ այդքան կրթական առաջարկի խնդիր է, որքան պահանջարկի։

Աղքատության եւ բարձրորակ դպրոցական կրթության սահմանափակ առկայության պայմաններում, պատանիների մեծ մասը Հայաստանում ոչ հնարավորություն ունեն պատրաստվելու բուհական քննություններին, ոչ այնտեղ սովորելու նյութական հնարավորություն, ոչ էլ պատկերացում, թե ավարտելուց հետո ինչպես են կապիտալիզացնելու իրենց կրթությունը։

Արդյունքում, զգալի չափով կրթությունը մնում է հասարակության կրթված հատվածի երեխաների արտոնությունը, եւ այս ջրբաժանը աստիճանաբար խորանում է։ Ուստի, եթե մենք ցանկանում ենք Հայաստանում իրական կրթական հեղափոխություն իրականացնել, պետք է հասցեագրենք աղքատությամբ պայմանավորված խորքային խնդիրները, մասնավորապես.

-    Բոլոր խոշոր (1000 եւ ավել բնակիչ ունեցող) բնակավայրերում պետք է գործեն պետական ֆինանսավորմամբ մանկապարտեզներ, երեխաների կրթությունը պետք է սկսվի նախադպրոցական հասակից եւ լինի անվճար։

-    Նույն այդ բնակավայրերում դպրոցները պետք է արդիականացվեն, պետությունը պետք է ոչ միայն անվճար ուսում ապահովի, այլեւ սնունդ, համազգեստ եւ ուսման պարագաներ։

-    Համալսարաններում պետպատվերը պետք է ընդլայնվի մի քանի անգամ, բոլոր պետական համալսարանները պետք է ստեղծեն մարզային մասնաճյուղեր, պետությունը պետք է սուբսիդավորի դրանց աշխատանքը։

-    Երկրի տարածքում ամենուրեք պետք է ստեղծվեն հավելյալ կրթության հնարավորություններ, «Թումո բոքս» տիպի կառույցները պետք է հասանելի դառնան բոլոր երեխաներին։

-    Մասնավոր դպրոցները պետականներին հավասար մեկ սովորողի հաշվով ֆինանսավորում պետք է ստանան պետությունից, դա հնարավորություն կտա ստեղծել մրցակցային միջավայր, եւ շարունակաբար բարձրացնել դպրոցական կրթության որակը։

-    Համալսարանները պետք է իրապես ապաքաղաքականացվեն, եւ կենտրոնանան գործատուների հետ համատեղ որակյալ եւ պահանջարկված կրթական արժեք ստեղծելու վրա։

-    Հայաստանի առաջատար 2-3 համալսարանները, շարունակաբար բարձրացնելով կրթության որակը, պետք է հայտնվեն աշխարհի լավագույն 500 համալսարանների ցանկում, հեռանկարում ավելի բարձր դիրքեր նվաճելու նպատակով։

Այս ամենը խիստ հավակնոտ ծրագիր է, եւ հնարավոր է միայն ուժերի մեծ լարման դեպքում։ Այն պահանջելու է ոչ միայն զգալի նյութական ռեսուրսներ (տարեկան հավելյալ 300-500 մլն ԱՄՆ դոլար), այլեւ հազարավոր նվիրյալներ, որոնք կիրականացնեն այս ծրագիրը։ Այստեղ է կարեւորվում հայրենադարձությունը, քանի որ լուսավորչական այսպիսի շարժման մարտիկների զգալի մասը պետք է հավաքագրվի արտերկրից՝ կլինի դա սահմանամերձ գյուղում ֆիզիկայի ուսուցիչ, թե լավագույն համալսարանում բիոտեխնոլոգիայի պրոֆեսոր։ Լավ նորությունն այն է, որ այս ամենը, թեեւ դեռ սահմանափակ մասշտաբով, արդեն սկսվել է։ «Թումո» կենտրոնները, «Այբ» դպրոցները, «Արմաթ» լաբորատորիաները, «Դասավանդիր  Հայաստանն» ու համանման ծրագրերը՝ այս շարժումն արդեն թափ է առնում եւ ապացուցում իր կենսականությունը։ Ուստի հաջորդ փուլի խնդիրը լինելու է արդեն իրենց կենսունակությունը ապացուցած ծրագրերը մասշտաբայնացնելը, նրան յուրաքանչյուր երեխային հասու դարձնելը եւ դրանով Հայաստանի արդիականացման կարեւորագույն մարտահրավերը հաղթահարելը։

Նախորդի հետ փոխշաղկապված, արդիականացման կարեւորագույն խնդիր է լինելու Հայաստանում բնակչության առկա տարածքային բաշխումը փոխելը։ Այսօր Հայաստանի բնակչության 30% ապրում է գյուղերում, իսկ 20%-ը քաղաքային կարգավիճակ ունեցող ավաններում, որոնք իրապես մեծ գյուղեր են։ Բնակչության այդպիսի կառուղցվածքը ձեւավորվել է պատմականորեն, մասնավորապես, նաեւ անկախության շրջանում տեղի ունեցած դե-ինդուստրիալիզացիայի արդյունքում, բայց 21-րդ դարում ակնհայտորեն օպտիմալ չէ։ Իրավիճակը բարդացնում է այն, որ գյուղական բնակավայրերի զգալի մասը փոքր են, եւ չունեն բավարար մասշտաբ՝ նվազագույն սոցիալական ենթակառուցվածք ապահովելու։ Այսօր միջին հայկական գյուղական բնակավայր ունի մոտ 1 000 բնակիչ եւ 400 հեկտար վարելահող՝ ոչ մեկը, ոչ մյուսը բավարար չեն բնականոն սոցիալ-տնտեսական գործունեության համար։ Եթե հաշվի առնենք նաեւ, որ այդ միջինը պայմանավորված է նաեւ մի քանի տասնյակ խոշոր բնակավայրերի առկայությամբ, ապա ակնհայտ է, որ գյուղական բնակավայրերի մեծ մասը երկարաժամկետ հեռանկարում կենսունակ չեն, արդեն հիմա նրանցից շարունակական արտահոսք է տեղի ունենում։

Որքան էլ դժվար, հնարավոր ելքը Հայաստանում բնակչության համակենտրոնացումն է ավելի փոքր թվով, բայց խոշոր, բարեկարգ եւ բարեկեցիկ բնակավայրերում, որտեղ առկա է ժամանակակից կյանքի համար անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքը, տեղում կան որակյալ կրթական հնարավորություններ, իսկ աշխատուժի համակենտրոնացումը եւ ենթակառուցվածքի առկայությունը դրանք գրավիչ են դարձնում ներդրումների համար։ Սա գործընթաց է, որն արդեն սկսվել է Հայաստանում, բայց այն պետք է իրականացվի շատ ավելի մեծ վճռականությամբ։ Այս նպատակով արդեն հիմա պետք է որոշվեն յուրաքանչյուր մարզում այն բնակավայրերը, որոնք առաջնահերթ զարգացման գերակայություն պետք է ունենան, եւ պետությունը պետք է կենտրոնացված կերպով սկսի ներդրումներ կատարել այդ բնակավայրերի սոցիալական ենթակառուցվածքների բարելավման, ընդլայնման նպատակով ժամանակակից հատակագծման, այնտեղ ներդրողներ ներգրավելու բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ։ Որպեսզի խուսափենք կամայական որոշումներից, կենտրոնացված պետական ներդրումները պետք է զուգակցվեն տեղից նախաձեռնություն, նորարարական նախագծեր ներկայացնելու եւ ներդրողներ ներգրավելու կարողության հետ: Սա նաեւ ողջ երկրի տարածքում կստեղծի մրցակցային միջավայր, եւ կխթանի բնակավայրերի զարգացման տեղական նախաձեռնությունը։ Ի վերջո, պետք է նպատակ դնել առաջիկա երկու տասնամյակների ընթացքում տարեկան Հայաստանի բնակչության մոտավորապես 1% (մոտ 30 000 մարդ) տեղափոխել անհեռանկար եւ դանդաղ հանգչող բնակավայրերից արագ զարգացող բնակավայրեր՝ դրանով կբարելավվի նրանց կյանքի որակը, ի հայտ կգան նոր տնտեսական հնարավորություններ, իսկ երեխաների համար հասանելի կլինի ժամանակակից կրթությունը եւ դրանով պայմանավորված բարիքները։

Արդիականացման խոշոր խնդիրների թվարկումը կարելի է շարունակել (մասնավորապես, կրիտիկական կարեւորություն ունի պետական համակարգի արդիականացումը), սակայն մեկ հոդվածի շրջանակները, թերևս, դա թույլ չեն տալիս։

Փոխարենը կուզեի անդրադառնալ մի կարեւոր հարցի՝ ո՞վ  է լինելու արդիականացման շարժիչը։ Եթե Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության տարիներին արդիականացման հիմնական իմպուլսները տալիս էին կայսերական կենտրոնից եւ տեղում իրականացնում էին ստեղծագործ հայ մարդկանց կողմից, ապա առաջիկա տասնամյակներում, մեծ հավանականությամբ, այդպիսի «կայսերական» հովանի չի լինելու։ Հայաստանը իր արդիականացումը պետք է իրականացնի՝ համագործակցելով թե ներկա Ռուսաստանի, թե Եվրոպական Միության, թե ԱՄՆ, թե Չինաստանի, եւ թե այլ տեխնոլոգիապես առաջատար պետությունների (օրինակ, Ճապոնիա, Կորեա, Իրան, Հնդկաստան) հետ, փորձելով յուրաքանչյուր պետությունից քաղել այն, ինչ այդ պետությունները կարող են առաջարկել։ Ներկա գերբեւեռացված աշխարհաքաղաքական վիճակում սա եւս գերբարդ լարախաղացություն է պահանջելու, սակայն այն բացարձակ անհրաժեշտ է, եթե մենք ցանկանում ենք ընդլայնել այն ռեսուրսային բազան, որից սնվելու է մեր երկրի արմատական արդիականացման գերհավակնոտ նախագիծը։

Ի վերջո, միայն այդպիսի արդիականացումն է մեզ հնարավորություն տալու ոչ միայն զարգացնել երկիրը եւ դարձնել այն մրցունակ ժամանակակից աշխարհում, այլեւ բավարար ռեսուրսներ կուտակել՝ երկրի արդյունավետ պաշտպանության եւ մեր ազգային նպատակների առաջմղման համար։ Դրա մասին հաջորդիվ, իսկ մինչ այդ, եթե հասել եք այս վերջաբանին, յուրաքանչյուրդ ձեզ հարց տվեք, թե ինչ եք անում մեր երկրի արդիականացման համար եւ ինչ կարող եք անել հաջորդ փուլում՝ առկա արդյունքը տասնապատկելու համար։

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Հայահավաք

Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին