Թուլամորթ «գլխավոր ուղեւորը» - Mediamax.am

Թուլամորթ «գլխավոր ուղեւորը»
5130 դիտում

Թուլամորթ «գլխավոր ուղեւորը»


2015 թվականի հունվարին, երբ Գյումրիում եղավ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը, ինչին իշխանությունը անկարող եղավ համարժեք արձագանքել, գրեցի Անջրպետը անդունդի է վերածվել սյունակը: Խոսքը իշխանության եւ մարդկանց միջեւ գոյացած անդունդի մասին էր:

2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի շարասյան ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց հղի կնոջը՝ մայրը եւ չծնված երեխան մահացան: Պատահարից հետո շարասյունը շարունակեց ընթացքը եւ, ենթադրում եմ, գլխավոր ուղեւորին անվնաս հասցրեց կառավարական ամառանոց: Երեւի, անվտանգության կանոնները պահանջում են, որ շարասյունը ոչ մի պարագայում չի կարող կանգ առնել: Բայց չկա այնպիսի կանոն, որը կարգելեր գլխավոր ուղեւորին ժամեր անց դիմել իր երբեմնի սիրած խաղալիքի՝ ֆեյսբուքյան «լայվի» օգնությանը, հանդես գալ կարճ խոսքով ու ցավակցել զոհված կնոջ հարազատներին:

Այդպիսի կանոն չկա, բայց կա արտահայտություն, որը «բոլորիս առջեւ խոնարհվողն» արել էր 2018 թվականի դեկտեմբերին, նախընտրական քարոզարշավի ընթացքում.
 
«…հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»:

«Ասֆալտին փռողն» այս խոսքերն արտասանել էր նախքան 2020 թվականի պատերազմ ու պարտությունը ու դրանց հետեւած անհեթեթ բազմաթիվ «խոստովանությունները», որոնց մասին, անկեղծ ասած, արդեն հոգնել եմ գրել:

Այսօր նրա իշխանությունը «թուլամորթ ու թուլակամ» էլ չէ: Այսօր նա Հայաստանում պարզապես իշխանություն չունի եւ դադարել է քաղաքական միավոր լինելուց՝ նրա իշխանությունը պահում է բացառապես իրավապահ համակարգը, որին Փաշինյանն այնպես է ենթարկեցրել իրեն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող էին միայն երազել:

Հոգեբաններն ասում են, որ բառապաշարը հաճախ մատնում է խոսողին, քանի որ երբեմն մարդն արտաբերում է բառեր, որոնք իրականում իր «ես»-ի անբաժան մասն են: Եվ այստեղ «թուլամորթ ու թուլակամից» բացի տեղին է հիշել նաեւ «շնաբարո դուրսպրծուկներին»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին