Պատգամվել է` միշտ դեպի վեր - Mediamax.am

Պատգամվել է` միշտ դեպի վեր
3992 դիտում

Պատգամվել է` միշտ դեպի վեր


2022թ. ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանը կդառնար 90 տարեկան:

 … իսկ ես չգիտեմ ինչից սկսել ... չկա սկիզբ ու չկա վերջ ... նրա հետ խոսելու, նույնիսկ միայն նրան լսելու համար պետք էր շատ իմանալ, որովհետև իմացածիդ անգամ նա իմաստներ էր ավելացնում ու մակերեսին եղածը բացում մինչև խորքերը։ Իսկ չիմացածդ` անսպառ էր նրա մեջ … չէր սովորեցնում, սովորում էիր ակամա, որովհետև ներքուստ ապրել, իմաստավորել ու ձևակերպել էր ամենակարևորը, էականը, իմաստներ դուրս բերել անգամ կողմնակի մանրամասներից։ Ինտելեկտուալ վայելք էր նրա հետ զրույցը … ու ես ափսոսում եմ, տարիների հեռվից ավելի եմ ափսոսում, որ կարևոր ամեն ինչի մասին չէ, որ զրուցել ենք …

… բայց այսօր ավելի նրա մասին, քան իր հետ եմ խոսելու, իսկ նրա մասին խոսելու համար նախ և առաջ պետք է շուրջը նայել ... ու ես տեսնում եմ, տեսնում եմ կասկադը, տեսնում եմ մարզահամերգային համալիրը, «Զվարթնոց» օդանավակայանը, տեսնում եմ մետրոպոլիտենը, տեսնում եմ, շատ բան եմ տեսնում, «Արարատ»-ի չեմպիոնության մարզադաշտ «Հրազդան»-ն եմ տեսնում, անգամ ավերի ենթարկված Երիտասարդության պալատը ... անցնում եմ հայոց մեծ ու փոքր շեների փողոցներով ու հողաշեն հյուղակներին փոխարինած տուֆակերտ շենքերն ու շինություններն եմ տեսնում … չտեսնելն անհնար է … նա կառուցել է, կառուցել է միշտ, կառուցել է, երբ քաղաքային պաշտոնյա էր, կառուցել է, երբ քաղաքական պաշտոնյա ու հանրապետության ղեկավարն էր … ու այնպես, ինչպես նա էր կառուցում, այդպես ԵՐԿԻՐ են կառուցում, այդպես կառուցում են ոչ միայն օրվա համար, այլև ապագային հասցեագրվող ուղերձով … ուստի նրա արածի մասին խոսելիս երբևիցե սխալ է լինելու ասելը, թե Կարեն Դեմիրճյանն էր, որ … որովհետև նա ոչ միայն  ԷՐ իր ժամանակի մեջ, այլև … Է, Է, Է …  չավարտվելիք ժամանակում ևս … եղել է, կա ու մնում է որպես գործի ու իմաստնության հետ նույնացող հատուկ անուն` գուցե այդպիսի հայոց վերջինը … ու ես միակը չեմ, որ իր հետ ու մասին խոսելու համար շուրջն է նայել. «Ձեր հայրենասիրությունն ապացուցել եք Ձեր հայրենաշինությամբ»: Ձեռագիրը Գարեգին Ա Վեհափառն է փոխանցել` անձամբ …

Իսկ հայրենաշինությունը բաժակաճառ չէ … այլ` նախ և առաջ նվիրում, գաղափար, աշխատանք և իրագործում … որովհետև երկիրը, եթե հայացքը հառված է ապագային, ու կա այդ հայացքը ձևակերպողը, ոչ միայն կեցցո հացիվ, այլև ԲԱՆԻՎ … որ` ունենա հաղթության հրապարակներ, աշխարհի առաջնություններ կազմակերպելու ընդգրկուն ասպարեզներ, այլոց ասպարեզներում աշխարհի չեմպիոն դարձող նորանոր Տիգրան Պետրոսյաններ ու Յուրի Վարդանյաններ … , ունենա դահլիճներ ու բեմեր, ուր ինքնության մեղեդիներ, Կոմիտաս ու «Առավոտ լուսո», տաղ ու շարական է ելևէջում, ուր խաչատրյանական սուսերներն են շաչում, և չափ ու ռիթմի բերվում տիեզերքի` Տերտերյանի նոտագրած  բազմաձայն աղմուկները … մտորումներ, նախագծումներ, երգեր, ձայներ, խրոխտության պարեր, «Գարուն» ամսագիր, բուլգակովյան, …., …. մարկեսյան թարգմանություններ, շիրազական ըմբոստություն, Համբարձումյան, Գուրզադյան … միայն այսքանը չէր … անընդհատական զարգացումն էր միտումն ու մտածումը … այսպես էր միջավայր գոյանում, որը ժամանակ առ ժամանակ իրականությունը համաժողովրդական  տոնախմբության մասշտաբով էր չափում … այդպես էր աշունը Երևանում ոսկե, հանդիսավոր ոսկե դառնում,  Էրեբունի-Երևանը` հավերժության հավաստման ամենամյա հանդիսություն, իսկ ողբաձայն երգերի մեր ելևէջը … նորակերպվում էր մեր երգը՝ հնչում որպես «Արևիկ»-ի զվարթաձայն կարկաչ, որպես «Ազգ իմ փառապանծ» ու «Առաջին սիրո երգ»` առնոյական … հանդիսատեսած յուրաքանչյուրն էլ իր անհատական փոքր հաղթանակով էր տուն վերադառնում ... ես այնտեղ էի` ՄԵՆՔԻ մեջ … և այդ  մենքն իրական մենք էր … փոքր ու մեծ մեր հաղթանակները ՈԳԻ էին կառուցում, իսկ ՈԳԻՆ` ԵՐԿԻՐ ...  ոգի էր կառուցվում, որը զարթոնք ապրեց ... ի՜նչ զարթոնք ապրել, փոթորկվեց 88-ին … և դարձավ այն, ինչն արցախյան շարժում կոչվեց ... զարթոնք չէր միայն, ու ոչ միայն շարժում, այլև անկախության գալուստն ավետող վերածնունդ … դպրոց ու համալսարան, մշակույթ ու գիտություն, մարզահրապարակ ու գործարան … ամեն, ամեն դուռ էր ոգեղենությունը թակել … իրեն նախորդածների (ում մասին ոչ ձևական հարգանքով էր խոսում) ժամանակի դպրոցը, երբ արդեն Րաֆֆին ու Չարենցն արգելված չէին, շարունակվեց իր ժամանակում, զորացավ դպրոցը, սերունդ կերտեց … ցեղասպանությունից հետո բացառապես հայկական նարատիվով միակ հաղթանակած սերունդը … ԵՐԿԻՐ էր կառուցվում` ոչ միայն քարեղեն խոյանքով, այլև հոգևոր շաղախով, մտավոր արարմամբ, ոգեղեն նվիրումով … հանրագումարվեց այս ողջն ու նա ժողովրդյան ինքնաբուխ մկրտությամբ ԿԱՐԵՆ ՇԻՆԱՐԱՐ դարձավ … պոզիտիվը  պոզիտիվին այսպես արձագանքեց … արձագանք, որ հնչում է ցայսօր, ու որին բովանդակություն տված պատումներն իր հետ  երկարաժամ զրույցներ  դարձան …    
                     
- Հայաստանը պիտի զարգանա միշտ դեպի վեր,- ասաց մի օր ու շարունակեց ... ու ես հիշեցի, նույն պահին հիշեցի, որ տասնամյակներ առաջ դպրոցում եմ նույն նախադասությունը լսել`գրականության դասին … Դեմիրճյանի խոսքն էր, որ ժամանակի նախարարին ու կրթության կազմակերպիչներին, հետո ուսուցիչներին փոխանցվելով, մեր դասարան էր հասել ... ես հիմա չգիտեմ, թե այն քանի-քանի դասարան է մտել ... ու գուցե ոչ ոք էլ դա չի հիշում, բայց գլխավորը դա չէ ... քանի այսպիսի միտք ու տեսլական է դասարաններ ու լսարաններ հասել, որ կառուցել է թեպետ միամիտ, բայց պոռթկուն այն ոգին, որը կառուցվում էր մետրոպոլիտենի կառուցվելուն  զուգահեռ, համալիրի ու կասկադի կառուցվելուն զուգահեռ, «Զվարթնոց»-ին, նաև` ջահել աղջիկների ծիծաղով աննպատակ, որ Սևակն արդեն փառաբանել էր … յոթանասուն-ութսունականներին աշխարհի ամենաանհոգ ու երջանիկ քաղաքն էր Երևանս … ուր գրախանութ կար ամեն մի անկյունում և ուր նա կազինո ու խորովածանոց չէ, որ կառուցում էր, այլ մայրաքաղաքային այցեքարտի վերածված կասկադ, դեպի աշխարհը բացվող երկրի՝ տաճարական լուծումներով օդանավակայան, մեծագույն ներկայացումների ու հանդիսությունների համալիր, որտեղից հնչող ոգևորության աղմուկն այդպես գուցե` արդեն որպես ապրողների կենսահաստատության վկայություն, Ծիծեռնակաբերդի բարձունքի երկնքում պիտի փայփայեր զարկվածների հոգիները` հայը կա, հայն ապրում է, վերածննդի երգ է շեփորում, բերդ պարում ու ասմունքում խմբովի` կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք
 
… բայց պատահեց նաև, որ համալիրը հրո բաժին դարձավ … ու նա արտասվեց … ու ժողովուրդն արտասվեց … կառույցը սիրո թևերի մեջ առան միասնաբար … անմռունչ կառուցեցին … գորովանքի շաղախ քսվեց ամեն քարի, պատերն այդպես վեր խոյացան… կառույցը վերածնվեց … «Վերածնունդ» կոչեցին  դիմահայաց տուֆակերտ միասնությունը … շինական, զորական, մտավորական, ազնվական մեկտեղվել են, բանում են, մտածում, գծագրում, արարում` ձեռք-ձեռքի, ուս-ուսի … քանդակագործը Դեմիրճյանին էլ է մեծարել, իրեն էլ է կերպարել այդտեղ … հանդիմանել էր` ինձ այնտեղից կհանես, առավոտյան ստուգելու եմ … Ֆերդինանդ Առաքելյանը տարիներ հետո ինձ կպատմի, որ վարպետների ձեռքը չգնաց լիարժեք կատարել հանձնարարությունն ու գտան այլ լուծում … մուրճի մեկ հարված ընդամենը, որ մնա միայն կիսադեմը, այնպես, որ այլոց մեջ ինքն իրեն չճանաչի … բայց քարը համառեց, ճաք տվեց ու … չկոտրվեց … քարկոփները գործի անցան … փոփոխեցին դեմքն  ու այսօր էլ նա ներկա է այնտեղ` սակայն գրեթե կիսադեմով …

Գուցե խորհուրդ կա դրանում…խորհուրդ կա, քանի որ տասնամյակներով նրա իմաստնությունը դաս չի դառնում … Դեմիրճյանն, այո, ապրում է սրտերում, բայց պատգամները մտքերում` ոչ այնպես … մինչդեռ  բացառիկ հարստություն է նրա փորձառությունը, որի պեսն առաջիկա տասնամյակներում ունենալու ոչ մի խոստում չկա մեր ներկայում … որովհետև, երբ մենք այնտեղ էինք ու Դեմիրճյանն էր մեզ առաջնորդ, աշխարհում դեռ սոցճամբար կար ու վարշավյան պայմանագիր. աշխարհակենտրոն էր այդ կայսրությունը, և ինքը մեր դեմքն այնտեղ, նրա հետ հարաբերվելու մեր պատասխանատուն … ձգտում էր, միշտ էր ձգտում, և հնարավորինս աննկատ, խաղին ընթացք տալ իր կանոններով, Հայաստան բերել ավելին, բերել առավելագույնը … ուստի` քայլ առնելուց առաջ նախ ստրատեգիա էր պետք պլանավորել ու գրեթե միշտ այդպես` հորիզոնում երևացող, հաճախ նաև աներևույթ ամենայն ինչ կամ գոնե ամենայն ինչ կշռադատելով ընդունել որոշում … նրա որոշումներն այդպես էին ընդունվում … այսպես էր, որ գիտեր, թե ինչպես պալատներ մտնել, արժանապատվորեն դռներ բանալ ու մեծացնել հանրապետություն բերվելիք ֆոնդերը … իսկ մինչ այդ հանձնառությունը … քայլ առ քայլ ինքնահաստատում ու կայացում … ամեն պաշտոնյա չէ, որ պետական գործիչ է դառնում, գործիչ դառնում են գործով, գործը չափվում է արդյունքով, իսկ արդյունքի ամենաճշմարիտ չափումը  ժողովրդյան արձագանքն է՝ նախ և առաջ … իսկ եթե չկա նվիրում, չի լինի նաև գնահատանք, սիրո թևերը ժողովուրդն ամենքի առջև չէ, որ շռայլորեն է բացում և կամ բացում է առհասարակ … մեկ օրում չէ, որ դա լինում է, պետական գործիչը ձևավորվում է տասնամյակներով, ում մեջ, եթե տրված է, հանդարտ իմաստնությամբ բովանդակությունը բովանդակության վրա է դասվում, դառնում նոր գաղափար ու էության հետ շաղախվելով դառնում ստեղծարար իրագործում։ Իսկ իմաստուն մտքի ու պոզիտիվ էության ստեղծարարությունը լավագույնս Աստվածաշունչն է եզրաբանում`բարի է. «Լենինգրադում եղբորս հետ վարձով էինք ապրում, տանտիրուհու հետ (անուն-հայրանունն ասաց, բայց չեմ հիշում-Ա.Զ) նույն սենյակում, իմ ու եղբորս բաժինը շտորով (այդ բառն օգտագործեց-Ա. Զ.) էր առանձնացված։ Մի օր, երբ եկա տուն, տանտիրուհին լաց էր լինում, ինչո՞ւ` հարցրեցի … բժիշկն ասել էր, որպեսզի թոռան առողջական խնդիրները վերանան, ամեն օր խնձոր պետք է ուտի, իսկ ինքն ամեն օրվա խնձորի փող չունի։ Մենք էլ էինք նեղության մեջ, բայց գնացի տղայի համար մի քանի կիլոգրամ խնձոր գնեցի։ Այդ դեպքը երբեք չմոռացա, - իր ձեռնարկումներից մեկի մասին էր պատմում, - ու երբ կենտկոմի քարտուղար դարձա, որոշեցի, որ հայ ժողովուրդն այնքան խնձոր պիտի ուտի, որքան կարտոֆիլ։ Առիթը ներկայացավ, երբ սովետական պատվիրակության կազմում մեկնել էի Հարավսլավիա` կուսակցական համագումարի։ Տիտոյի վերջին համագումարն էր։ Մեր պատվիրակության ղեկավարն էր մարշալ Կուլիկովը։ Հավանեցի տեղի խնձորը, Կուլիկովին ասացի, որ այստեղից խնձոր եմ ուզում տանել, ասաց` կխնդրենք` մի քանի զամբյուղ կդնեն։ Ասացի`չէ, այդքան քիչ չեմ ուզում, հարցրեց` բա որքա՞ն, ասացի` կես միլիոն տնկի» ։

Այդպես ծաղկեցին Դեմիրճյանի այգիները, որոնց պտուղ խնձորը ժողովուրդը Դեմիրճյան սորտ կոչեց ու այն լայնորեն տարածվեց Հայաստանում։  Այսպես պիտի սիրես երկիրդ, որ քար ու քռան այգեստան դառնա, որ մարդը կապվի հողին, որ ծառը սիրի խնամողին, այգիները ծաղկուն բարեբերությամբ փթթեն, խնամված ծառը բերք տա, երկիրը շենանա ու փոխադարձության մեջ ապրեն և´ բարությունը, և´ սերը … իսկ երբ սերը, ինտելեկտն ու կենսափորձն են մեկտեղվում, այդտեղ ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆ է գոյանում ու ձեռք բերում անվանական հասցե. այս դեպքում` Կարեն Դեմիրճյան …

- Հայաստանը պիտի զարգանա միշտ դեպի վեր, - 99-ն էր, երբ սուրը փառքով էր դրված պատյանում. նոր իրականությունը լրացրել էր նախադասությունը, - ունեցածը պիտի պահպանենք, զարգանանք դեպի վեր, սպասելու ժամանակ չկա, դեպի վեր միշտ պիտի զարգանաս, ընդլայնվելով զարգանալ միշտ չէ, որ հնարավոր է, բայց դեպի վեր` միշտ … գիտելիքով, արդիական կրթությամբ, խելացի տնտեսությամբ, մշակույթով, աշխարհից չխռոված, քոնն արժևորելով, այլոցը գնահատելով …

Էին ու են կարոտով հիշում նրա ժամանակը, որ գրեթե մեկուկես տասնամյակ տևեց, իսկ անբովանդակությանը չեն կարոտում … անմնացորդ նվիրումն էր, որ ձևակերպումներ տվեց ժամանակին ու ստեղծեց այդ ժամանակը՝ ոչ նպատակադրված միտումով, ակամա ...

ու երբ արդեն նախկին երկիրը չկար և առաջացել էր արածով ու ունեցածով համեմատվելու հնարավորություն, պարզվեց, որ ըստ էության ժամանակակից երկիր է Հայաստանը, որ դեմիրճյանական  ժամանակը ետ չի մնացել միջազգային ժամանակից … ժամանակ, որին հետո, հաջորդած ժամանակներում ժողովուրդն արձագանքեց կարոտով ... պալատը՝ խանդով ... մերձպալատական մի քանի սազանդար դա կարոտախտ կոչեց ... այդպես, արդեն ի հեճուկս ու էլի ակամա՝ կարոտը հանրային գնահատանքի էտալոն դարձավ, նաև՝ չափման  կոչնակ ու հրավեր՝  հաջորդած բոլորին, գալիք բոլորին ևս … իսկ ժամանակն անողոք է ու փաստում է վերստին` սակավ են ընտրյալք ... ու միայն նրանք, ում ժամանակը ներդաշնակվում է պատմության ժամանակին ...

ասելիքը շատ է … չկա սկիզբ ու չկա վերջ, բայց եթե չգիտեի, թե ինչով սկսեմ, ապա գիտեմ, թե ինչով ավարտեմ, սկսեցի շուրջս նայելով, բայց  մի բան, այնուամենայնիվ, չտեսա … այն, ինչը հրաժարվեց անել… Մեղրիով անցնող ճանապարհը, որն այնպես ջանում էին կառուցել իր օրով … ՈՉ ասաց ու պնդեց … պինդ կանգնեց ու մոսկովյան զանգերից անգամ չերերաց … անկոտրում էր կամքը … պատրաստ էր խոցվել, բայց խոնարհվել՝ երբեք … ժողովուրդը շատ ուշ պիտի իմանար, որ իր մի կռիվն էլ նա մեն-մենակ է տվել, լուռ, անխոս, որդիական խոնարհությամբ, բայց և տեր լինելու վստահությամբ ... ու չի պահանջել հաղթության դափնիներ … պատգամ է ողջը, ոչ միայն գործը, այլև ապրածը … ապրած տեսանելին, որով նաև աներևույթն է տեսանելի դառնում …

Տարեդարձ ու հոբելյանին ազգի ընտիր մեռելներին շատերն են այցելում … աստ հանգչի … աստ՝ պանթեոնում հայոց մեծաց … Կարեն Շինարար արքան՝ էությամբ ազնվատոհմիկ վերջինը … մեր անչափում վերասլացի ճարտարապետը, մտքի, իմաստների ու գործի հսկայությունը … նրա շիրիմն իմաստնություն է ճառագում, ստեղծարար մտքի պատգամներ են խնկարկվում այստեղ … որի առջև ես խոնարհվում, չէ, ի՜նչ եմ ասում, եթե անգամ այսօր միայնակ, ես ծունր եմ իջնում` Համո Սահյանի մրմունջը մտքում.

«Եվ ջանքերիդ համար և հոգսերիդ բազում
Բանաստեղծն իր վերջին խոսքն է ասում.
-Որպեսզի հար մնար նաիրական ոգին
Քեզ պես հովիվ էր պետք մեր այս անտեր հոտին ...»

Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Վահագնական դրոշը մեր
Մեր ընտրանին