Միքայել Մինասյանը, Վիգեն Սարգսյանը, կորսված պատիվն ու Երեւանը - Mediamax.am

Միքայել Մինասյանը, Վիգեն Սարգսյանը, կորսված պատիվն ու Երեւանը
10681 դիտում

Միքայել Մինասյանը, Վիգեն Սարգսյանը, կորսված պատիվն ու Երեւանը


Տարբեր առիթներով գայթակղություն ունեի ներկայացնել այս պատմությունները, բայց ինձ զսպում էի, քանի որ գործող անձինք պաշտոնյաներ էին կամ էլ ակտիվ դերակատարություն ունեին քաղաքական գործընթացներում: Արդեն անցել է, համապատասխանաբար, 10 եւ 6 տարի, այդ մարդիկ էլ գոնե հիմա քաղաքականությամբ չեն զբաղվում, ուստի որոշեցի գրել: Ցավոք, երկրորդ պատմության հերոսներից մեկն այլեւս մեզ հետ չէ:

***

2012 թվականի սկզբից նախապատրաստում էինք «Երեւան. XX դար» հատուկ նախագիծը. մեկնարկը պետք է տրվեր մարտին: Մեկ էլ մարտի 2-ին տեղեկացանք, որ Փակ շուկայի տանիքն ապամոնտաժում են. մեր լուսանկարիչն ապրում էր հարեւանությամբ գտնվող բարձրահարկ շենքերից մեկում եւ պատշգամբ դուրս գալով՝ նկատել էր:

Մեր հարցմանն ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնել էին.

«Վերականգնողական աշխատանքներ են տարվում: Քաղաքապետարանը թույլտվություն է տվել սեփականատիրոջը հիմքերի ամրակայման եւ ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար: Իրականացվող աշխատանքների ընթացքում պարզվել է, որ տանիքի ծածկի խնդիր կա, հիմա այն ամրակայում են»:

Իրականությունը սակայն այլ էր. կամարաձեւ տանիքի մի մասն ապամոնտաժվել էր, եւ գործընթացը շարունակվում էր:



Զանգեցի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին եւ տեղեկացրի կատարվողի մասին: Որոշ ժամանակ հետո նա կապ հաստատեց ինձ հետ եւ ասաց. «Համարիր, որ փրկեցիր Փակ շուկան»:

Քիչ անց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը հանդես եկավ նոր հաղորդագրությամբ.

«Ստացված ահազանգի հետ կապված, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության եւ հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին եւ ձեռնարկել համապատասխան քայլեր: Պարզվել է, որ կառույցի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն  տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ: Կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքները դադարեցված են, տարածքը  վերցված է խիստ հսկողության տակ»:

Թվում էր, որ պետական կառույցի կողմից նման երեսպաշտության այլեւս երբեք չեմ հանդիպի: Բայց ամեն ինչ առջեւում էր:

***

2016 թվականի ապրիլի 6-ի առավոտյան կինս հուզված մտավ Մեդիամաքսի գրասենյակ եւ ասաց, որ գալիս է «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների այգուց, եւ այնտեղ երկաթե սյուներ են մոնտաժում, որոնք ամբողջությամբ շրջապատում են շատրվանները: Աննան «Երեւան. XX դար»-ի ղեկավարն էր, «Էրեբունի-Երեւան 2750» շատրվաններն էլ նախագծի մեր հերոսներից էին, ուստի շատ կտրուկ էր տրամադրված ու պահանջում էր, որ ես «մի բան անեմ»:

Ապրիլյան պատերազմը հենց նոր էր ավարտվել, եւ բնականաբար, բոլորիս «ուշքն ու միտքը» Արցախում էր: Բայց երբ տեսա այգում արված լուսանկարները, հասկացա, որ իսկապես պետք է փորձել արագ մի բան ձեռնարկել, այլապես հետո ուշ կլինի:




Փորձեցի կապվել Միքայել Մինասյանի հետ. «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների գաղափարի հեղինակը եւ կյանքի կոչողը նրա պապն էր՝ Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը: Կապ հաստատել չէր ստացվում, ժամանակը գնում էր, բանվորներն էլ ակտիվ աշխատում էին: Որոշեցի խոսել ՀՀ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: 2013-ին, երբ մի քանի ամիս զբաղվում էի Dorians ռոք-խմբի գործերով, նրա հետ մի քանի անգամ հանդիպել էի:

Խոսեցինք, ասաց, որ անմիջապես կգնա այգու տարածք եւ տեղում կպարզի, թե ինչ է տեղի ունենում: Քիչ հետո զանգեց այգուց եւ ասաց, որ հանդիպել է սրճարանի սեփականատերերի հետ, նրանք ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ վստահեցնում են, որ կոնստրուկցիաները ժամանակավոր են, եւ շատրվաններին վտանգ չի սպառնում:




Բայց մեր լուսանկարներից պարզ երեւում էր, որ մետաղական կոնստրուկցիաները բետոնապատվում են շատրվանի եզրագծի երկայնքով, ինչը դժվար արվեր ժամանակավոր լինելու դեպքում:

Անկեղծ ասած՝ չիմացա, թե ինչ պատասխանեմ Ռիտա Ալեքսանդրովնային, որը ոչ միայն արձագանքել էր մեր ահազանգին, այլեւ շտապ մեկնել էր այգի: Մտքումս ասացի. «Ինչ որ կարող էիր, արեցիր, էլ ինչ կարող ես անել»:
Ապրիլի 7-ին ստացանք Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի գրությունը.

«Իրականացվում են տվյալ տարածքում երկար տարիներ գործող բացօթյա սրճարանի արդիականացման աշխատանքներ: Շատրվանների արտաքին տեսքի փոփոխման միջամտություն կամ այլ շինությունների կառուցում չի նախատեսվում»:

Իսկ սրճարանի շահագործմամբ զբաղվող ՍՊԸ-ի տնօրեն Վիոլետա Գալստյանը News.am-ի հետ զրույցում շատ ավելի անկեղծ էր.

«Էստեղ առաջ զոնտիկներ էին, անցուդարձի տեղը քիչ էր, ագռավները ծրտում էին հաճախորդներիս ուսերին: Որոշեցի տեսքի բերեմ սրճարանս, նավեսներ են լինելու, ու կարճ ապակի շատրվանի կողքին, որ ջուրը չթռնի մարդկանց վրա»:

Ապրիլի 7-ի երեկոյան հեռախոսազանգ ստացա․ ասացին, որ Միքայել Մինասյանը զրուցել է Տարոն Մարգարյանի հետ, եւ քիչ անց այգում կսկսեն շատրվանները «ազատել գերությունից», կարող ենք գնալ եւ լուսանկարել:



Թվում էր, որ հաջորդ օրը շինարարությունն արդարացնող Տիգրան Բարսեղյանը հրաժարականի դիմում կգրի, բայց դա, իհարկե, տեղի չունեցավ: «Ինչպե՞ս կորցրեցինք մեր սիրելի Երեւանը» հարցի պատասխանը հենց այստեղ է. կորցրեցինք, որովհետեւ մեր սիրելի քաղաքում պատիվը նշանակություն ուներ: Երբ պատիվը կորավ, քաղաքն էլ փոխվեց։

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին