Ճգնաժամը նաեւ նոր հնարավորությունների ժամանակաշրջան է - Mediamax.am

Ճգնաժամը նաեւ նոր հնարավորությունների ժամանակաշրջան է
2247 դիտում

Ճգնաժամը նաեւ նոր հնարավորությունների ժամանակաշրջան է


Հայաստանում ոչ առեւտրային կազմակերպությունների բարերարների եւ գումարի հոսքի մի մասը (զգալի) Սփյուռքից է, մյուս մասը՝ Հայաստանից։ Այդ իսկ պատճառով ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող, այլեւ աշխարհում ցանկացած ճգնաժամային իրավիճակ ազդում է մեր ֆանդրեյզինգի վրա։ Ճիշտ աշխատելու համար պետք է հաշվի նստենք նման իրավիճակների հետ եւ, գործի մեջ դնելով մեր ֆանդրեյզինգային քթածակը, հասկանանք, թե ինչպես պահենք մեր եղած բարերարներին, որոնք տուժում են իրավիճակից, եւ փորձենք գտնել նոր հնարավորություններ՝ մեր բյուջեի բացը լրացնելու համար։

Փորձեմ մեզ համար արդիական ու «թարմ» 3 ճգնաժամային իրավիճակներ վերլուծել։ Մեկը կլինի հենց մեր երկրինը՝ 44-օրյա պատերազմը, մյուսը՝ ամբողջ աշխարհում տարածված  Covid-19-ը, եւ երրորդը՝ երկու այլ պետությունների ներգրավվածությամբ ճգնաժամը՝ Ուկրաինայում պատերազմը։ Կոնկրետ օրինակներով փորձեմ վերհանել ճգնաժամերին բնորոշ փոփոխությունները եւ հնարավոր ֆանդրեյզինգային հնարքները։

Ի՞նչն է փոխվում

1․ Ձեւավորվում է տվյալ պահի համար գերագույն նպատակ

Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում այս պահին Ուկրաինան է։ Սկսվել են նաեւ լայնածավալ ֆանդրեյզինգային եւ աջակցության արշավներ։ Օրինակ, World Food Program-ը, Save the Children-ը եւ համաշխարհային այլ հսկայական nonrpofit կազմակերպություններ հրատապ ֆոնդահայթայթում են մեկնարկել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով։

Երբ սկսվեց Covid-19-ը, ամբողջ աշխարհում մեկնարկեցին գլոբալ եւ լոկալ ֆանդրեյզինգային արշավներ՝ ուղղված իրավիճակի մեղմացմանը։

44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի եւ Սփյուռքի ամբողջ կարողությունը կենտրոնացած էր «Համահայկական» եւ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամների շուրջ։

2․ Կան առաջնային տուժածներ, որոնց համար կա գոյատեւման/հաղթահարման խնդիր

Ուկրաինայի դեպքում դա երկրի բնակիչներն են։ Մեր պատերազմի դեպքում՝ մասնակիցներն ու իրենց ընտանիքները, նաեւ բոլորս։ Իսկ համավարակի դեպքում՝ տվյալ պահին վարակված մարդիկ։

Առաջնային տուժածների համար ճգնաժամի փուլում որեւէ այլ թեմա գոյություն չունի, եւ իմաստ չկա այլ թեմայով նրանց դիմելը։ Այսինքն, անհայտ ժամանակահատվածով այս մարդիկ դուրս են մնում իրենց ճգնաժամին չվերաբերող հիմնադրամների եւ կազմակերպությունների նախագծերի բարերարների ցանկից։

3․ Կիրառվում են սահմանափակումներ, որոնցից տուժում են կոնկրետ ոլորտներ

Քովիդ-19-ի դեպքում կարանտինի առաջին ամիսներին տուրիզմի, ռեստորանային եւ տարբեր այլ ոլորտներ տուժեցին, քանի որ առհասարակ փակվել էր ամեն ինչ։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում Ռուսաստանի հանդեպ ամբողջ աշխարհից կիրառվեցին լուրջ սանկցիաներ։ Ռուսաստանյան շատ կազմակերպություններ իրենց բիզնեսը (աշխատակիցների հետ միասին) ստիպված տեղափոխում են այլ երկրներ՝ Կիպրոս, Հայաստան, Վրաստան եւ այլ։ Ռուսաստանի քաղաքացիների համար նաեւ սահմանափակվել է արտասահմանյան հաշիվներին փոխանցում կատարելու հնարավորությունը։

Սահմանափակումներն առաջացնում են տնտեսական ճգնաժամ եւ բերում շատ մարդկանց վճարունակության նվազմանը։ Այս մարդիկ եւս ժամանակավորապես դուրս են մնում բարերարների շրջանակից։

4․ Ապագան անորոշ է

Մարդիկ ճգնաժամային փուլերում նախընտրում են խնայել գումարը եւ պահել այն «սեւ օրվա» համար։

Ի՞նչ կարող ենք անել

Ֆանդրեյզինգի կարեւոր կանոններից մեկն այն է, որ մեր ջանքերը միշտ հավասարապես պետք է բաշխենք. մի կողմից՝ եղած բարերարներին պահելու եւ վերաներգրավելու, մյուս կողմից՝ նոր բարերարներին ներգրավելու ուղղությամբ։

Մեր առկա բարերարները մեր հարստությունն են։ Նրանք մարդիկ են, որոնք հավատացել են մեզ, վստահել իրենց գումարը եւ հնարավոր են դարձրել մեր նախագծերի իրագործումը։ Այսինքն՝ իրենց հետ կապը մեզ համար կարեւոր է՝ հետագայում նորից աջակցություն ստանալու համար։ Այդ նպատակով այս համայնքի հետ պետք է տարվի շարունակական աշխատանք, որ նրանք հիշեն մեր մասին, ոգեւորվեն մեր աշխատանքով ու նորից միանան մեզ։

Բայց ի՞նչ անենք, եթե այդ մարդիկ կամ նրանց մի մասը ճգնաժամային իրավիճակում ամենաքիչը բարեգործության մասին են մտածում եւ մեր հավեսը չունեն։

Հոգատար լինել

Այն բարերարներին, որոնք որեւէ իրավիճակում առաջնային տուժած են համարվում եւ ունեն գոյատեւման խնդիր, ցանկալի է գրել նամակ-կարեկցանք։ Կարելի է հետաքրքրվել, թե ինչպես է բարերարը, նրա ընտանիքը։ Եթե այս խմբի մարդիկ ձեզ նվիրատվության խոստում են տվել, կարող եք նշել, որ հասկանում եք իրավիճակը եւ առաջակում եք չեղարկել խոստումը։

Ռացիոնալ լինել

Այն բարերարներին, որոնք տուժել են սահմանափակումների արդյունքում, եւս կարող եք նամակով կարեկցանքի ու աջակցության խոսքեր գրել։ Եթե այս խմբից ունեք բարերարներ, որոնք նվիրատվության խոստում են տվել ձեզ, առաջարկեք նվազեցնել խոստացած նվիրատվության չափը կամ հետաձգել խոստման իրականացման ժամկետը։

Անկեղծ լինել

Կարեւոր է նաեւ ձեր համայնքին ներկայացնել իրավիճակի ազդեցությունը կազմակերպության վրա եւ հնարավոր հետեւանքները (եթե կան)։

Այս բոլոր կետերում ներկայացված վերաբերմունքը եւ պրոակտիվ  առաջարկը բարերարների համար կնշանակի, որ կարեւորում ու արժեւորում եք նրանց։ Սա հավանական կդարձնի այն, որ մարդիկ կվերադառնան ձեզ մոտ, երբ նրանց կյանքը կարգավորվի։

Հնարավորություններ

Ճգնաժամերը նաեւ նոր հնարավորություններ են ստեղծում առանձին երկրների, ոլորտների, հիմնադրամների համար։

Օրինակ, Covid-19 համավարակի արդյունքում մի շարք ոլորտներ տասնապատիկ աճ գրանցեցին. առցանց առեւտուր, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլն։ Այսինքն, այդ ոլորտների կազմակերպությունները որոշ ժամանակ անց կարող են դառնալ առաջնային թիրախ՝ համագործակցության (ֆանդրեյզինգային) առաջարկով դիմելու համար։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում կրթության, գիտության եւ ռազմական պատրաստվածության թեմաները շատ ավելի կարեւորվեցին եւ դարձան թրենդային։ Սա հնարավորություն ստեղծեց այդ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին հավելյալ ուշադրություն ստանալ եւ մեծացնել բարերարների շրջանակը, ինչը դրականորեն ազդեց նաեւ ֆանդրեյզինգի վրա։

Ուկրաինայի պատերազմի դեպքում, Ռուսաստանի հանդեպ սահմանափակումները, մի կողմից, զարգացնելու են տեղական արտադրանք ներկայացնող ապրանքանիշերը։ Մյուս կողմից՝ տեխնոլոգիական շատ կազմակերպություններ չեն դիմանում եւ տեղափոխում են իրենց բիզնեսը։ Այս պրոցեսն արդեն մեկնարկել է, եւ արդյունքում ռուսաստանցիների մեծ հոսք կա դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Սա հնարավորություն է Հայաստանի համար՝ մի շարք ուղղություններով։ Ֆանդրեյզինգի տեսանկյունից՝ նոր պոտենցիալի ստեղծում։

Ինչպե՞ս։ Պետք է փորձենք ծանոթանալ, շփվել, պատմել մեր գործի, նախագծերի ու նպատակի մասին։ Այս պահին այս մարդկանցից կամ կազմակերպություններից նվիրատվություններ ակնկալել պետք չէ, քանի որ նրանք սթրեսային իրավիճակում են եւ իրենց աշխատանքը/բիզնեսը պահելու եւ զարգացնելու խնդիր ունեն, նաեւ ծանր ապրումներ՝ կատարվող իրադարձություններից։ Այս պահին հաղորդակցությունը պետք է միայն տեղեկատվական ու ոգեշնչող բնույթ կրի։ Բայց երբ ամեն ինչ կարգավորվի եւ կայունանա, կարող ենք շարունակել նրանց հետ կապը եւ փորձել առաջարկել միանալ մեր բարերարական համայնքին։

Հայաստանը եւ մեզանից շատերը այդ մարդկանց կյանքի բարդ փուլում օգնում ենք եւ հնարավորություն տալիս՝ պահելու եւ զարգացնելու իրենց ունեցածը։ Միանշանակ, շնորհակալության եւ այդ օգնության կարեւորության զգացողություններ են ունենալու։ Իսկ հայաստանյան ոչ առեւտրային կազմակերպություններին աջակցելը որոշ առումով նրանց կողմից կդառնա շնորհակալության դրսեւորում։

Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին