Մոռացեք «մտավորականության» մասին - Mediamax.am

Մոռացեք «մտավորականության» մասին
4193 դիտում

Մոռացեք «մտավորականության» մասին


Վերնագրում չակերտներ դնելով՝ նպատակ չունեմ որեւէ մեկին վիրավորել կամ նսեմացնել: Բայց բանն այն է, որ մենք քննադատում ենք այն, ինչը վաղուց գոյություն չունի: «Մտավորականություն» կարող էր լինել միայն խորհրդային (կամ որեւէ այլ տոտալիտար) համակարգում, որը անհատներին չէր հանդուրժում եւ տարբեր եղանակներով փորձում էր նրանց «ընդհանրացնել», գայթակղել նյութական բարիքներով եւ, ի վերջո, կառավարելի դարձնել:

Մեր ընկալման մեջ «մտավորականությունը» խորհրդային «ինտելիգենցիան» է: Եթե «ինտելիգենցիան» բառացի թարգմանենք, կստանանք խելացի (intelligent) մարդկանց հանրույթ, ինչը փաստացի հավասարազոր է արեւմտյան մշակույթում մտավորականի համար կիրառվող intellectual եզրույթին: Մենք շարունակ ցանկանում ենք տեսնել հենց «ինտելիգենցիային»՝ մարդկանց, որոնց գլխավոր արժանիքը ոչ այնքան իրենց ստեղծագործական հաջողություններն էին, այլ իշխանության մաս կազմելը կամ առնվազն իշխանության հետ «մոտիկ լինելը»:



Զարմանքով եմ հետեւում այն ալիքին, որը բարձրացավ այն բանից հետո, երբ փետրվարի 10-ին ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում «սեղան գցեց» մի քանի արվեստի գործիչների համար: Լուսանկարներից դատելով՝ սեղանի շուրջ զրույց ունենալուց հետո նրանք շփումը շարունակել են երգ-երաժշտության ուղեկցությամբ եւ լավ ժամանակ են անցկացրել:

Ալեն Սիմոնյանի պարագայում կարելի է հարց բարձրացնել՝ արժե՞ր այդ հանդիպումը հանրությանը ներկայացնել հենց այդ ձեւով: Բայց սա այլ խոսակցության թեմա է: Ինչ վերաբերում է հրավիրյալներին, ապա հանդիպմանը մասնակցել-չմասնակցելը, երգել-չերգելը բացառապես իրենց անձնական գործն է:



Ոչ ես, ոչ էլ դուք Ռուբեն Մաթեւոսյանին կամ Ռաֆայել Քոթանջյանին մեր անունից խոսելու, մեր շահերը ներկայացնելու առաքելությամբ չենք օժտել: Ոչ էլ իրենք են իրենց վրա նման պարտավորություն վերցրել: Այդ մարդիկ ներկայացնում են միայն իրենց եւ ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ազատ են իրենց որոշումներում եւ պատասխանատու են դրանց համար: Խորհրդային Միությունը երեսուն տարի է չկա, բայց մենք՝ անգամ նրանք, ովքեր ծնվել են ԽՍՀՄ փլուզումից հետո, չգիտես ինչու արվեստագետից պահանջում ենք ավելին, քան նա կոչված է անել:

Ինչ վերաբերում է ստեղծագործական միությունների ղեկավարներին (Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը ներկա էր Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը), ապա միամտություն է կարծել, որ նրանք ներկայացնում են գրողների (կոմպոզիտորների, նկարիչների) հավաքական կարծիքը: Ստեղծագործական միությունները մեկ այլ ռուդիմենտ են, որոնք ի սկզբանե հակասության մեջ են արվեստի առանցքային սկզբունքի հետ՝ իսկական արվեստագետը միայնակ է իր դեգերումներում եւ չի կարող առաջնորդվել ընդհանրացված գաղափարներով:

Խորհրդային ժամանակներում ստեղծագործական միությունները հստակ գաղափարախոսական եւ գրաքննական նպատակներ ունեին եւ օժտված էին իրենց անդամներին նյութական ամենատարբեր բարիքներով օժտելու կարողությամբ: Այսօր դրանք ընդամենը հասարակական կազմակերպություններ են, բայց շարունակում են ընկալվել իբրեւ ազդեցիկ կառույցներ: Դա նույնպիսի առասպել է, ինչպես եւ «մտավորականությունը»:

Արժեր 90-ականների սկզբին քաղաքական որոշում կայացնել եւ վերացնել թե՛ ստեղծագործական միությունները, թե՛ «ժողովրդական» կամ «վաստակավոր» արտիստների կոչումները: Միգուցե այդ պարագայում կմոռանայինք «մտավորականության» մասին եւ կարժեւորեինք իրական մտավորականներին, որոնք կան, ապրում եւ աշխատում են մեր կողքին եւ այս կամ այն ղեկավարի հետ լուսանկարվելու կարիք չունեն:

Չկա «մտավորականություն», կան անհատ մտավորականներ եւ մեր խնդիրն է գտնել ու ճանաչել նրանց: Բայց ավելի կարեւոր խնդիր է սեփական կարծիք ունենալը: «Մտավորականության» շուրջ այս կեղծ բանավեճի պատճառներից մեկը հենց դա է՝ հարմար է սեփական կարծիքի եւ սկզբունքների բացակայությունը բարդել «մտավորականության» վրա եւ ասել՝ «դե, եթե նրանք են հարմարվում, մենք ի՞նչ անենք»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին