Թուրքական «շպագատ» Աթաթուրք-Էրդողան միջակայքում - Mediamax.am

Թուրքական «շպագատ» Աթաթուրք-Էրդողան միջակայքում
2722 դիտում

Թուրքական «շպագատ» Աթաթուրք-Էրդողան միջակայքում


Կարդացեք նաեւ. Էրդողանի հայտնի ու անհայտ երանգները

Երբ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, գեներալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1923թ. սկսեց տնօրինել նորաստեղծ հանրապետության ճակատագիրը, թուրքերը քաղաքակրթական շոկային թերապիայի ենթարկվեցին: Նա կարճ ժամանակում սուլթանի հպատակներից քաղաքացիների վերածված իր հայրենակիցներին հրահանգեց պատկերավոր ասած՝ մի գիշերվա մեջ արեւմտյան մոդեռն հասարակարգի ջատագովներ դառնալ ու իրենց ապրելակերպը համապատասխանեցնել դրան:

Աթաթուրքն իր կառավարման 15 տարիներին բազում արմատական փոփոխություններ կատարեց, որոնք մարսելու գործում հասարակությունը մեծ դժվարություններ ուներ: Նա իսլամը համարում էր թուրքերի հետամնացության գլխավոր պատճառ եւ անհամատեղելի առաջընթացի հետ, ուստի, ձգտում էր հնարավորինս արագ այն դուրս մղել հասարակական-քաղաքական կյանքից: Աթաթուրքի պատկերացրած Թուրքիան պիտի լիներ ազգային, աշխարհիկ, սոցիալական, իրավական, ժողովրդավար պետություն, իսկ կրոնը պիտի որպես հոգեւոր աշխարհընկալում՝ դրսեւորվեր միայն անհատի մասնավոր միջավայրում:

Գործածվող արաբական այբուբենը փոխարինվեց լատինականով, ներմուծվեց ազգանունների կրման կարգը, կանանց տրվեց ընտրական իրավունք: Ժամանակի իսլամական հաշվարկը, որը սկսվում էր հեջրայով՝ 622թ. Մուհամեդ մարգարեի՝ Մեքքայից Մեդինա փախուստով եւ առաջնորդվում լուսնային օրացույցով, փոխարինվեց գրիգորյանական օրացույցով (այն կոչվում է ի պատիվ Հռոմի Գրեգոր XIII Պապի, որը 1582թ. պապական հրովարտակով բարելավեց Հուլիոս Կեսարի նախաձեռնությամբ՝ մ.թ.ա. 45 թվականից գործող արեւային օրացույցը):

Աթաթուրքը իսլամական իրավունքը՝ շարիաթը, փոխարինեց շվեյցարական քաղաքացիական իրավունքով, որը մահմեդականների համար մինչ այդ անպատկերացնելի մի փոփոխություն եւս բերեց. կրոնափոխությունն այլեւս որպես հանցանք չէր դիտարկվում. եթե որեւէ մահմեդական կրոնափոխ էր լինում եւ քրիստոնյա կամ այլ հավատքի հետեւորդ դառնում, նա չէր բանտարկվում կամ մահապատժի ենթարկվում: Աթաթուրքն արգելեց նաեւ կրոնական հագուստների ու խորհրդանիշերի կրումը, շաբաթական հանգստի իսլամական օրը՝ ուրբաթը, փոխարինեց քրիստոնեա-եվրոպական կիրակիով: 1928թ. նա լայցիզմը (աշխարհիկություն՝ պետության եւ կրոնի տարանջատում) ներառեց Սահմանադրության մեջ:

Աթաթուրքի կրթական դիկտատուրայի համակիրները շատ չէին. հասարակության միայն փոքր՝ հիմնականում արտերկրում կրթված հատվածն էր նրա նախաձեռնություններին հավանություն տալիս: Կրոնական-ավանդական մտածելակերպով լայն հանրության համար դրանք մերժելի էին: Հոգեւոր դասը մի քանի անգամ փորձեց ընդվզել եւ մեծ աջակցություն ստացավ  հասարակությունից, սակայն դիմադրության շարժումները դաժանաբար ճնշվեցին:

1924թ. փակվեցին Ղուրանի դպրոցները եւ կրթության մենաշնորհը տրվեց պետական՝ աշխարհիկ դպրոցներին: Արեւմտյան զարգացած երկրների օրինակով կազմվող կրթական ծրագրերից հանվեց կրոնի դասընթացը եւ դրա փոխարեն ներառվեց «Էթիկա» առարկան:  Բարձրագույն կրթական հաստատություններում պարտադիր դասավանդվող Ղուրանի լեզու արաբերենը եւ իսլամական դասական գրականության լեզու պարսկերենը 1929թ. փոխարինվեցին ֆրանսերենով, անգլերենով եւ գերմաներենով: Աթաթուրքն արգելեց նաեւ մզկիթի մինարեթից օրական մի քանի անգամ հնչող աղոթքի կանչը ՝ այն համարելով  կրոնի քարոզչություն: Նա մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխեց Անկարա՝ այդ որոշումը հիմնավորելով պատմության բեռից ու հետամնացությունից զերծ ժամանակակից մայրաքաղաք ունենալու անհրաժեշտությամբ:

Եթե նկատի առնենք հանգամանքը, որ այդ տարիներին թուրքերի մոտ 90%-ը տառաճանաչ չէր, իսկ բնակչության 80%-ը գյուղերի աստվածավախ, անգամ իրենց առօրյայի մանրուքներն իսլամի կանոններով կազմակերպող բնակիչներ էին, ապա հասկանալի է, թե ինչու նրանց համար այդպիսի փոփոխությունները հավասար էին ինքնության ժխտման: Սակայն, քանի որ Աթաթուրքը օսմանյան կայսրության փլատակներից իր «երկաթե» ձեռքով կարողացել էր նոր պետություն հիմնել, նրա հեղինակությունը, այնուամենայնիվ, անվիճարկելի էր: Թուրքերին պարզ էր, որ առանց նրա կազմակերպած ռազմական դիմադրության՝ կզրկվեին պետություն ունենալու հնարավորությունից:

Աթաթուրքի ստեղծած Թուրքիան բոլոր բարեփոխումներով հանդերձ՝ մնում էր իր հիմնադրման մանիֆեստում ամրագրված «թուրք ազգի հայրենիք» խիստ ազգայնական պատկերացման շրջանակում: Շատ թուրքերի համար դա բարեփոխումները հանդուրժելու բավարար հիմք էր, քանի որ Աթաթուրքի ազգայնական գաղափարախոսությունը բացառում էր հավասար իրավունքներով բազմազգ ու բազմակրոն հասարակության գոյությունը եւ սուննի իսլամի հետեւորդ թուրքերին տալիս  արտոնյալ՝ երկրի միակ տեր ու տիրական, «տիտղոսակիր» քաղաքացիների կարգավիճակ:

Աթաթուրքը հասարակության հետամնացությունը նկատի առնելով՝ դեռեւս վաղ էր համարում իր հիմնադրած եւ գլխավորած Ժողովրդահանրապետական կուսակցությունից բացի այլ կուսակցությունների ստեղծումը: 1930թ., երբ պետությունը հարաբերականորեն կայունացել էր եւ բարեփոխումներն անշրջելի էին թվում, Աթաթուրքը կատարեց բազմակուսակցականություն տանող առաջին քայլը՝ հրահանգեց ստեղծել մի ընդդիմադիր կուսակցություն, որի հիմնադիրների թվում էին իր քաղաքական ուղեկիցներից երկուսը, նաեւ՝ իր քույրը: Սակայն, այս էքսպերիմենտը կարճ կյանք ունեցավ: Նոր՝ Ազատական Հանրապետական կուսակցությունն արագ անցավ գործի. սկսեց անխնա քննադատել կառավարության տնտեսական քաղաքականությունը եւ իրական բազմակուսակցական համակարգ թույլ չտալու որոշումը՝ այն համարելով սխալների եւ դրանց շտկման մասին բազմակողմ բանավեճի արգելափակում, ինչից տուժում է պետությունը: Ազգային Մեծ Ժողովում առաջին իսկ քննարկման ժամանակ բանավեճը վերածվեց ծեծկռտուքի: Սակայն, միայն դա Աթաթուրքին չէր ստիպի վերանայել իր որոշումը, եթե խորհրդարանում կատարվողին զուգահեռ՝ մեկ այլ գործընթաց չսկսվեր:

Կառավարությանը քննադատող եւ դրա համար անպատիժ մնացող ընդդիմադիր կուսակցության առկայությունը կրոնական խավը ընկալեց որպես կառավարության եւ Աթաթուրքի թուլության նշան եւ  կազմակերպեց նրա «անաստված» պետության դեմ զանգվածային անհնազանդություններ՝ նպատակ ունենալով տապալել նրան ու աշխարհիկ կարգերը: Աթաթուրքն ապստամբությունը խեղդեց արյան մեջ եւ արգելեց Ազատական Հանրապետական կուսակցության գործունեությունը, որի անդամներից որոշները եւս ընդվզման համակիրներ էին: Աթաթուրքի եզրահանգումը հետեւյալն էր. «Ներկա պահին ժողովուրդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի: Ես պետք է այս երկիրը դեռ 10-15 տարի ղեկավարեմ: Դրանից հետո կտեսնենք՝ արդյո՞ք ժողովուրդն ունակ է ինքն իրեն կառավարելու»:

Մասնագիտությամբ զինվորական՝ գեներալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի միակ վստահելի հենարանը պետության իր տեսլականի իրականացման գործում զինվորականությունն էր՝ սպաների ու գեներալների շարքում էին նրա ամենանվիրված ու հավատարիմ գաղափարական ուղեկիցները: Դեռ չկար առաջադեմ, քաղաքացիական այնպիսի լայն շերտ, որի աջակցությանը նա կարող էր ապավինել արեւմտյան քաղաքակրթության ճանապարհով գնալու գործում: Այդ պատճառով էլ՝ նրա քաղաքական կտակում զինված ուժերը ստացան Սահմանադրության եւ աշխարհիկ պետության պահապանի դերը՝ օժտված դրանց վտանգված լինելու դեպքում միջամտելու ինստիտուցիոնալ լիազորությամբ:

Աթաթուրքից հետոն

1938թ. Աթաթուրքը կնքում է իր մահկանացուն: Իշխանությունը փոխանցվում է նրա հավատարիմ գաղափարակից Իսմեթ Ինյոնուին: Ինյոնուն 1945թ., ի վերջո, տեղի է տալիս բազմակուսակցականություն պահանջող ակտիվ քաղաքացիական շերտի ճնշմանը եւ թույլատրում ընդդիմադիր կուսակցությունների ստեղծումը: 1946թ. Ազգային Մեծ Ժողովի ընտրություններում, որոնք ամբողջապես չէին բավարարում  հավասարության եւ ազատության սկզբունքներին, իշխող Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստացավ ձայների 85,2%-ը, իսկ հենց նույն տարում հիմնադրված Դեմոկրատական Կուսակցությունը՝ 13,3%: Սակայն, 1950թ. ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող առաջին խորհրդարանական ընտրությունների արդյունքը իշխող Ժողովրդահանրապետական կուսակցության համար իսկական մղձավանջ եղավ. ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 54,4% ստացավ Դեմոկրատական կուսակցությունը: Աթաթուրքի հիմնած կուսակցությունը ստիպված էր բավարարվել 487 մանդատներից ընդամենը 69-ով:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահ դարձած Ջելալ Բայարի եւ վարչապետ ընտրված Ադնան Մենդերեսի նախընտրական գլխավոր խոստումը եղել էր հանրային կյանքում իսլամին կրկին  պատշաճ տեղ հատկացնելը, եւ նրանք առանց հապաղելու անցան իրենց խոստումների կատարմանը: Աթաթուրքի ներմուծած համապատասխան արգելքները սկսեցին քայլ առ քայլ ուժը կորցրած ճանաչվել:

Երբ վարչապետ Մենդերեսը 1960թ. կրոնական եւ տնտեսական ոլորտներում բարեփոխումների հարցում բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Քեմալ Գյուրզելի հետ ընդհարվելուց հետո նրան պաշտոնից ազատեց, զինվորականությունը գործի անցավ. Գյուրզելի գլխավորությամբ ռազմական հեղաշրջում կատարվեց: Նա մեկ տարով ստանձնեց նախագահի եւ վարչապետի պաշտոնները: Հեռացված կառավարության անդամները մեղադրվեցին իսլամիստական ռեակցիոներ գործողությունների մեջ: Նախկին նախագահը եւ կառավարության որոշ անդամներ դատապարտվեցին ցմահ բանտարկության (նախագահին 1966թ. ներում շնորհվեց), իսկ վարչապետ Մենդերեսը եւ երկու նախարարներ հրապարակային մահապատժի ենթարկվեցին:

Աթաթուրքի մահին հաջորդած տարիներին ծավալված քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ նրա պատկերացրած աշխարհիկ հասարակարգը նույն ձեւով երկար պահպանել հնարավոր չէ, քանի որ բնակչության ծանրակշիռ մեծամասնությունը իսլամական ավանդույթների մեջ էր խարսխված: Զինվորականությունը հետագա տարիներին եւս երկու հեղաշրջում կատարեց՝ 1971թ. եւ  1980թ. (1980թ. հեղաշրջման մասին մանրամասն տես՝ Մաս Ա): Աթաթուրքի քաղաքական կտակին համահունչ՝ հեղաշրջումով աշխարհիկ կարգերին սպառնացող վտանգը չեզոքացնելուց եւ իրավիճակը կայունացնելուց հետո զինվորականությունը երկրի կառավարումը ամեն անգամ կրկին հանձնում էր նոր ընտրություններով ձեւավորված քաղաքացիական իշխանություններին:

Զինվորականությունը երկու անգամ էլ՝ 1997թ. եւ 2007թ. հեղաշրջում կատարելու սպառնալիք հնչեցրեց կառավարությանը: Առաջինը բավարարեց, որ իսլամիստ վարչապետ, Էրդողանի քաղաքական դաստիարակ Նեջմեթին էրբաքանը հրաժարական տա: Իսկ երկրորդը ազդեցություն չունեցավ. Թուրքիայում վարչապետն արդեն Էրդողանն էր, ում բարձր ժողովրդականությունն ու նպատակներին հասնելու համար միջոցների միջեւ խտրականություն չդնելը զինվորականությանը զգուշավոր էր դարձրել, ուստի, նա չշտապեց նախազգուշացումից հետո գործի անցնել:

Էրդողանին դեմ  զինված ուժերի հրամկազմը ճակատ-ճակատի ելավ միայն 2016թ. ռազմական հեղաշրջման փորձով, որը անփառունակ ելք ունեցավ նաեւ այն պատճառով, որ Էրդողանը մինչ այդ հասցրել էր արդեն մեծապես սահմանափակել զինվորականության ազդեցությունը: Ավելին,  այդ ձախողված փորձը Էդողանին հնարավորություն տվեց զինվորական վերնախավին վերջնականապես «վնասազերծելու»՝ նրան զրկելով հասարակական-քաղաքական կյանքի վրա ազդեցության ինստիտուցիոնալ եւ փաստացի բոլոր վճռորոշ լծակներից:

1980թ. հեղաշրջմամբ հաստատված ռազմական դիկտատուրայի ավարտին՝ 1983թ. խորհրդարանական ընտրություններում 45% ձայներով հաղթեց Թուրգութ Օզալը իր Anavatan Partisi (Մայր Հայրենիք) կուսակցությամբ: Նրա ուղին եւս քաղաքական իսլամի ջատագով կուսակցությունների ու գործիչների միջավայրով էր անցել՝ սկսելով Էրբաքանի կուսակցությունից, ապա դառնալով Մենդերեսի կառավարության (նաեւ դրան հաջորդած ռազմական կառավարության) տնտեսական ճգնաժամի հաղթահարման ծրագրերի համակարգող:

Օզալի հաղթանակին մեծապես աջակցել էր պահպանողական Doğru Yol Partisi -DYP (Ճշմարիտ Ուղի) կուսակցության հիմնադիր Սուլեյման Դեմիրելի, Էրբաքանի եւ գեներալ Արփարսլան Թյուրքեշի գլխավորած ճամբարը: Թյուրքեշը 1960թ. ռազմական հեղաշրջման մասնակիցներից էր, ապա՝ ծայրահեղ աջ Ազգայնական Շարժում կուսակցության -Milliyetçi Hareket Partisi՝ MHP- նախագահը: Նա փաստացի նաեւ «Գորշ Գայլերի» առաջնորդն էր: Ի դեպ, պարբերաբար շշուկներ են շրջում, թե նա հայկական արմատներ ուներ՝ Սիվասի հայ որբերից է եղել, ում որդեգրել են կիպրոսցի մահմեդական ամուսիններ: Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գյոչեկի հետ հարցազրույցում այս մասին վկայել է նաեւ Հրանտ Դինքը:

Օզալը եւս հրապարակավ ի ցույց էր դնում իր կրոնապաշտությունը: Մեքքա կատարած նրա ուխտագնացությունը, օրինակ, ուղիղ հեռարձակվում էր հեռուստատեսությամբ: Նա կազմակերպում էր կրոնական տոների, ծեսերի զանգվածային միջոցառումներ եւ անձամբ մասնակցում դրանց: Օզալը թուրքական բուհերից հրապարակային պահանջեց վերացնել գլխաշորով դասի գնալու արգելքը, նաեւ զգալիորեն ընդլայնեց կրոնի պետական կառույցի՝ դիյանեթի իրավասությունները: Հանրակրթական դպրոցներում արգելվեց Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, Ղուրանի դասընթացները ավելացվեցին: Ինչպես Մենդերեսի, այնպես էլ՝ Օզալի օրոք շարունակվեց մզկիթների կառուցումը, ընդլայնվեցին կրոնական կազմակերպությունների գործունեության հնարավորությունները, որոնցից մեծապես օգտվողներից եղավ հայտնի սուննի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը՝ ամրապնդելով ու ընդլայնելով իր գլխավորած շարժումը (Գյուլենը հետագայում նախ դարձավ Էրդողանի համախոհն ու աջակիցը, ապա՝ ոխերիմ թշնամին):

Սակայն, ի տարբերություն Էրբաքանի, ԱՄՆ-ում ուսումնառած, ապա համաշխարհային բանկում աշխատած վարչապետ Օզալը իսլամի կոշտ գծի հետեւորդ չէր: Նրա կինն էլ՝ իր շեկ ներկած մազերով, դիզայներական տների համարձակ ոճի թանկարժեք հագուստներով, հասարակության մեջ վիսկի խմելով ու սիգար ծխելով որեւէ կերպ չէր տեղավորվում կոշտ իսլամի հետեւորդի ընտանեկան ու կանանց մասին պատկերացումների ծիրում: Օզալն ինքն էլ էր երբեմն ալկոհոլ օգտագործում եւ տեսախցիկների առաջ կնոջ հետ ձեռք-ձեռքի քայլում, ինչը մշակութային շոկ էր ավանդապաշտ թուրքերի համար:

Թուրգութ Օզալը որպես վարչապետ պաշտոնավարեց 1983–1989թթ., իսկ 1989-ից մինչեւ իր մահը՝ 1993թ. զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Նրա օրոք հասարակությունում ձեւավորվեց իսլամական-պահպանողական քաղաքացիական մի լայն շերտ, որը արդիականացման ու առաջընթացի կողմնակից էր, սակայն՝ կրոնական ավանդույթների պահպանմամբ: Ի դեպ, Օզալի քաղաքական օրակարգի կարեւոր հարցերից էր նաեւ ցեղասպանության թեման: Նա գտնում էր, որ հայերի հետ հնարավորինս շուտ համաձայնության գալ է պետք ու որոշ զիջումների գնալով՝ խնդիրը մեկընդմիշտ լուծել:

Էրդողանը Օզալից սովորում է, որ պահպանողական-կրոնական եւ ազատական-տնտեսական առաջընթացի միախառնմամբ կուսակցական գաղափարախոսությունը կարող է հաջողակ լինել: Օզալի աստվածավախության ու գործնական-տնտեսական հաշվարկվածության խառնուրդը եւս Էրդողանը հետագայում ներառում է իր իմիջում:

Վարչապետ Օզալի նեոլիբերալ տնտեսական կուրսը, սակայն, ձախողվում է վատ կառավարման եւ կլանային տնտեսության պատճառով, որում մեծ շահեր ու մասնաբաժին ուներ նաեւ զինվորականությունը: Մինչ երկրի քաղաքական ու ռազմական վերնախավը, այդ թվում եւ Օզալը, ավելի էին հարստանում, բնակչությունը խեղդվում էր աղքատության ճիրաններում. 1984/85թթ. Թուրքիան հայտնվել էր իր հիմնադրման օրվանից ամենածանր տնտեսական ճգնաժամում: Չնայած այդ ամենին՝ Օզալին հաջողվեց հանրային կյանքում կրոնի ամրապնդման իր քաղաքականության շնորհիվ 1987թ. խորհրդարանական ընտրություններին եւս բավարար՝ 36,3% քվե ստանալ:

Քաղաքապետից՝ բանտարկյալ

1989թ. Էրդողանը առաջադրվում է Ստամբուլի Բեյօղլի թաղամասի քաղաքապետի պաշտոնի համար: Չնայած նա պարտվում է, բայց հարգանքի նախնական կապիտալ է կուտակում, քանի որ երկրորդ տեղն էր գրավել:

Երբ 1993թ. մահանում է նախագահ Օզալը, 1991թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքով վարչապետ դարձած Սուլեյման Դեմիրելը դառնում է նախագահ, իսկ վարչապետի պաշտոնն առաջին անգամ զբաղեցնում է կին՝ Դեմիրելի կուսակից Թանսու Չիլլերը: Իր պաշտոնավարման երեք տարիներին Չիլլերին չի հաջողվում գերլարված քաղաքական եւ տնտեսական իրավիճակում կատարել նախընտրական խոստումները: Պետական պաշտոնյայի դուստր, բարեկեցության մեջ ապրած, ԱՄՆ-ում կրթված եւ արեւմտյան վարքուբարքով Չիլլերի անձնական կարողությունը գնահատվում էր մոտ 100 մլն դոլար, ուստի, հասարակական ընկալման մեջ նա տասնամյակներ շարունակ անդադրում հարստացող քաղաքական վերնախավի տիպիկ մարմնավորում էր:

Այս ընթացքում էրդողանը զբաղված էր իր կուսակցական հենարանը կառուցելով: 1994թ. համայնքային ընտրություններում նա ուզում է որպես Բարօրության կուսակցության (Refah Partisi) թեկնածու մասնակցել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին, սակայն Էրբաքանը մերժում է նրան եւ հանդես գալիս այլ թեկնածուի օգտին: Էրդողանի արագ աճող ժողովրդականությունը քաղաքականության մեջ իր համար դեռեւս ակտիվ անելիք ակնկալող Էրբաքանի համար ցանկալի չէր: Իր դիրքորոշումը նա պատճառաբանում է Էրդողանի երիտասարդ լինելով: Սակայն, կուսակցության շարքային անդամների գերակշիռ մասը սատարում է Էրդողանին՝ հայտարարելով, որ, եթե նա չլինի թեկնածուն՝ վայր կդնեն կուսակցական տոմսերը: Էրբաքանը ստիպված էր տեղի տալ: Էրդողանը հաղթում է եւ դառնում Ստամբուլի քաղաքապետ:

Իր կառավարման չորս տարիներին նրան հաջողվում է քաղաքի շատ խնդիրների լուծում տալ: Ջեռուցման համակարգը ածխի փոխարեն անցնում է գազով շահագործման, նոր պուրակներ են հիմնվում, տնկվում է 600 000 ծառ, ինչը զգալիորեն բարելավում է քաղաքի օդը: Քաղաքի գերխնդիրներ համարվող աղբահանությունը եւ ջրամատակարարումը եւս բարելավվում են, ընդլայնվում է մետրոյի եւ ավտոբուսային ցանցը, կառուցվում են ջրամաքրման կայաններ:

Այս ժամանակաշրջանում Ստամբուլը մեծ արագությամբ ընդլայնվում էր: Անատոլիական հետամնաց ծայրագավառներից աշխատանք փնտրողների, քրդերի հետ արյունալի ընդհարումների պատճառով հարավ-արեւելյան շրջանները լքողների հոսքը դեպի մայրաքաղաք բազմապատկվում է: Նրանց առօրյա խոսակցականում «սեւ» թուրքերն էին անվանում, ի հակադրություն «սպիտակ» թուրքերի՝ աշխարհիկ, արեւմտյան վարքուբարք ու կրթական ցենզ ունեցող մայրաքաղաքային բնակչության: Էրդողանի քաղաքապետ դառնալուն նախորդած ընդամենը 15 տարում Ստամբուլի բնակչությունը ծայրագավառներից եկածների շնորհիվ գրեթե եռապատկվել էր՝ դառնալով 8 մլն (այսօր արդեն 15,5 մլն): Համապատասխանաբար՝ մեծ էր Էրդողանին որպես յուրային դիտարկող ընտրազանգվածը:

Էրդողանը հասարակության՝ «սեւ» եւ «սպիտակ» թուրքերի բաժանվածությունը եւ «սեւերի» դիսկրիմինացիան դարձրել էր իր հրապարակային խոսքի կենտրոնական թեմա: Երբ նա միջոցառումներին իր ազդեցիկ ձայնով, ձեռքերը դեպի ունկնդիրները պարզած կանչում էր «Ձեր եղբայր Թայիփը այդ «սեւերից» մեկն է եւ հպա'րտ է դրանով», միլիոնավոր թուրքեր իրենց էին տեսնում նրա մեջ եւ պատրաստ էին հետեւել նրան փակ աչքերով: Էրդողանը մինչ օրս չի հոգնում նրանց ներշնչելուց, որ իր վերելքը նրանց վերելքն է, որ իր իշխանության մնալը՝ նրանց իշխանության մնալն է, անգամ, որ իր նորակառույց 1200 սենյականոց նախագահական նոր պալատը նրա'նց պալատն է...

Քաղաքապետի պաշտոնում Էրդողանը մի կողմից պայքարում էր կոռուպցիայի դեմ, մյուս կողմից, սակայն, բազում պաշտոնների էր նշանակում իր մարդկանց, իսկ քաղաքային գնումների մրցույթներում նրա հավատարիմների ընկերություններն էին հաղթում: «Նորեկ» շահողներն էլ մեծ հանգանակություններ էին կատարում կուսակցությանը մոտ կանգնած հիմնադրամներին:

Չնայած ակնառու հաջող արդյունքներին՝ Ստամբուլի ազատական հայացքներ կրող խավը քաղաքապետ Էրդողանին անխնա քննադատում էր նրա խիստ պահպանողական-կրոնական վարքուբարքի եւ ժողովրդավարությունը որպես թեմա անտեսելու համար: Փոխարենը, սակայն, Էրդողանն արժանանում էր աստվածավախ ու ավանդապահ լայն խավի հիացմունքին: Քաղաքում, օրինակ, այլեւս արգելված էին թեթեւ հագուստով կանանց նկարներով պլակատները, քաղաքային ձեռնարկություններում տաբու էր ալկոհոլը: Էրդողանը մերժում ու քննադատում էր անգամ բալետային արվեստը՝ այն պիտակելով որպես «պոռնոգրաֆիկ»:

1995թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Նեջմեթին Էրբաքանը երկար կոալիցիոն բանակցություններից հետո 1996թ. դառնում է վարչապետ, սակայն իսլամիստական միտումները ուժեղացնող նրա մի քանի նախաձեռնությունների պատճառով զինվորականութունը նրա հրաժարականն է պահանջում եւ 1997թ. ստանում: Հաջորդ կոալիցիոն վարչապետը դառնում է Մեսութ Յըլմազը Մայր Հայրենիք՝ ANAP կուսակցությունից եւ պաշտոնավարում մինչեւ 1999թ.:

Այս ընթացքում Ստամբուլի «քարոզիչ» քաղաքապետը եւս արդեն հայտնվել էր զինվորականության եւ քեմալականների ուշադրության կենտրոնում: Նրանով զբաղվելու ժամը գալիս է, երբ  Էրդողանը 1998թ. Սիիրտ քաղաքում ելույթի ժամանակ մեջբերում է թուրք հայտնի ազգայնական, գրող Զիյա Գյոկալպի հետեւյալ տողերը. «Մինարեթները մեր սվիններն են, գմբեթները՝ մեր սաղավարտները, մզկիթները՝ մեր կայազորներն են, հավատացյալները՝ մեր զինվորները»: Դա բավարարում է, որ զինվորականությունը կարողանա Էրդողանին դատարանի վճռով տասնամսյա բանտարկության ենթարկել. մեջբերումը դատարանը համարում է աշխարհիկ կարգերը տապալելու կոչ: 1999թ. դատարանի վճռով Էրդողանը թողնում է քաղաքապետի պաշտոնը: Նրան ցմահ արգելվում է քաղաքական պաշտոն զբաղեցնել: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անում այդ վճռի դեմ: Էրդողանը մինչ բանտ տարվելը ցուցադրաբար գնում է մզկիթում աղոթելու, որից հետո հազարավոր քաղաքացիներ ուղեկցում են նրան մինչեւ բանտի դուռը:

Բանտարկումը Էրդողանին հասարակության ընկալման մեջ դարձնում է ճնշվածների հերոս: Բանտում նա զբաղվում է սեփական կուսակցություն ստեղծելու նախապատրաստությամբ՝  ուրվագծում է կանոնադրությունը եւ գաղափարական ուղղությունը: Բանտարկության ժամկետը կրճատվում է. 4 ամիս հետո  նա ազատ էր:

Ազատության մեջ հայտնվելով՝ Էրդողանը հիմնադրում է AKP-ն (Adalet ve Kalkınma Partisi՝ Արդարություն եւ Զարգացում կուսակցություն): Հիմնադիրների շարքում էին իսլամիստական նախկին կուսակցությունների շատ անդամներ, նաեւ՝ Աբդուլլահ Գյուլը: Բանտարկությունը դաս էր եղել Էրդողանին, որ հետագայում չափավորի իր կրոնական աշխարհայացքից բխող խոսքերը: Ուստի, հայտարարվում է, որ նոր կուսակցությունը պահպանողական-դեմոկրատական է եւ որ կրոնի եւ պետության առանձին լինելը անվիճարկելի է՝ կրոնը մասնավոր աշխարհայացք է: AKP-ի ներկայացուցիչները սկսում են հետեւողականորեն շրջանցել իսլամիստական թեմաները:

Անորսալի վրիժառուն

Երբ գործող կոալիցիոն կառավարության փլուզման հետեւանքով 2002թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններ են հայտարարվում՝ Էրդողանի մեկամյա AKP կուսակցությունը նետվում է պայքարի:  Կուսակցության շոգեքարշը Էրդողանն էր: «Սեւ» թուրքերի, ճնշվածների, աղքատների սիրելի եղբայր Թայիփի AKP-ն պարզապես նոկաուտի է ենթարկում հին քաղաքական էլիտային՝ 34,3% քվեներով դառնալով միանձնյա առաջատար: Մյուս կուսակցություններից 10%-անոց արգելքը հաղթահարում է միայն Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP-ն)՝ ստանալով 19,4%:  

Իրադրության ինտրիգն այն էր, որ Էրդողանը քաղաքական պաշտոն զբաղեցնելու արգելքի պատճառով չէր կարող պատգամավոր ու վարչապետ դառնալ: Վարչապետի պաշտոնը 2002թ. նոյեմբերին ստանձնում է Աբդուլլահ Գյուլը: Ազգային Մեծ Ժողովում արագ պատրաստվում է սահմանադրական մի փոփոխություն-օրենք, որով «գաղափարական կամ անարխիստական հիմքով հանցանք կատարածների» նկատմամբ համաներում կիրառելու հնարավորություն է տրվում: Նախագահ Ահմեդ Սեզերը, սակայն, վետո է դնում օրենքի վրա՝ ասելով, որ մի մարդու համար Սահմանադրություն չեն փոխում: Բայց, երբ Ազգային Մեծ Ժողովը կրկին քվեարկում է այդ հարցով՝ նա տեղի է տալիս. Էրդողանի քաղաքական պաշտոն զբաղեցնելու արգելքն այդպիսով վերացվում է:  

2003թ. գարնանը արեւելյան Անատոլիայի Սիիրտ նահանգի ընտրատարածքում նոր ընտրություններ են հայտարարվում, քանի որ ընտրական հանձնաժողովն այդ ընտրատարածքի արդյունքը ընթացակարգային սխալի պատճառով անվավեր էր ճանաչել: Էրդողանն այդտեղ պատգամավորության թեկնածու է առաջադրվում (Սիիրտ նահանգի համանուն քաղաքում էր նա արտասանել իրեն բանտ տարած տողերը, այդ քաղաքից է նաեւ նրա կինը): Քեմալականները մի վերջին փորձ են անում կասեցնելու Էրդողանի հաղթարշավը: Գլխավոր դատախազը վիճարկում է առաջադրվելու նրա իրավունքն այն հիմքով, որ կրկնակի ընտրությանը կարող են թեկնածու գրանցվել միայն նրանք, ովքեր առաջին ընտրությանն էին գրանցված: Ընտրական հանձնաժողովը մերժում է դատախազի դիմումը: Էրդողանը մասնակցում է ընտրությանը եւ ստանում քվեների 85%-ը: Այսպիսով, AKP-ն ստանում է միայնակ կառավարություն կազմելու հնարավորություն, ինչը երկար տարիներ որեւէ կառավարության չէր հաջողվել: Նախկին վարչապետներ Էրբաքանի եւ Էջեւիթի կուսակցությունները 2002թ. ընտրություններում ստացան ընդամենը 2,5%  եւ 1,2% քվե...

Էրդողանը ժամանակ չի կորցնում. հենց 2003թ. նա բարեփոխումների մի փաթեթ է ձեւավորվում, որը զինվորականության ազդեցությունը քաղաքականության եւ հասարակության վրա պետք է նվազեցներ: Քայլ առ քայլ՝ նա իր հավատարիմներով է զբաղեցնում նաեւ թոշակի անցնող կամ որեւէ մեղադրանքի հիմքով պաշտոնազրկվող դատավորների եւ գեներալների պաշտոնները: Իսկ, երբ 2007թ. ավարտվում է նախագահ  Ահմեդ Սեզերի պաշտոնավարման ժամկետը, Էրդողանի համար կանաչ լույս է վառվում՝ իր վերահսկողության տակ առնելու նաեւ այդ պաշտոնը: Թուրքիայում թեեւ կառավարումը վարչապետն էր իրականացնում, բայց նախագահը կարեւոր իրավասություններ ուներ՝ կարող էր օրենքների վրա վետո դնել, նշանակում էր բարձրագույն դատավորներին, համալսարանների ռեկտորներին: Նա նաեւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր եւ «սպիտակ թուրքերի» ազդեցության կենտրոնն էր մարմնավորում:

Ազգային Մեծ Ժողովում քվեարկությամբ հաջորդ նախագահ է ընտրվում Էրդողանի հավատարիմ ուղեկից Աբդուլլահ Գյուլը (նա եւս «սեւ» թուրքերից է՝ կենտրոնական անատոլիական Կայսերի քաղաքից), ով, սակայն, ընդամենը տեղապահ էր լինելու, մինչեւ դե ֆակտո ամեն ինչ որոշող Էրդողանը սահմանադրական փոփոխություններ կատարեր եւ բոլոր վճռորոշ լիազորությունները կենտրոնացներ նախագահի պաշտոնում՝ այն ապագայում անձամբ ստանձնելու համար: Զինվորականության փորձը՝ վիժեցնելու Գյուլի նախագահ ընտրվելը, ձախողվում է: էրդողանը մինչ այդ հասցրել էր նրանց ազդեցությունը բավականին խարխլել: Դրանից բացի՝ հասարակությունը պաշտպանում էր գեներալների ազդեցությունը պետության եւ հասարակության կյանքում նվազեցնելու էրդողանական գիծը:

Էրդողանի քաղաքական մեկնարկը վերլուծելիս ասել, թե ընտրություններին միայն կրոնապաշտներն էին նրան ձայն տվել, սխալ կլինի: Նաեւ աշխարհիկ բարքերի ջատագով շատ  ընտրողներ, որոնք մինչեւ կոկորդը կուշտ էին քաղաքական եւ զինվորական էլիտաների կոռուպցիայից, երկրի սոցիալ-տնտեսական աղետալի վիճակից, որեւէ տեսակի առաջընթացի բացակայությունից, նույն դերակատարների մասնակցությամբ անընդմեջ ներքաղաքական ինտրիգային պայքարից՝ գերադասեցին նորեկ Էրդողանին:

Վարչապետի պաշտոնում Էրդողանը ցուցադրեց ըստ անհրաժեշտության փոխակերպվելու տպավորիչ կարողություն. իսլամական ավանդույթների կարգավորիչ դերի փոխարեն՝ ժողովրդավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ԵՄ-ին անդամակցությունը, կանանց իրավահավասարությունը, ազգային փոքրամասնությունների հանդեպ ընդառաջող քաղաքականությունն էին դարձել նրա օրակարգը: Երբեմնի կրոնական քարոզիչը սահուն վերածվել էր առաջադեմ բարեփոխիչի: Նրա փաստարկներն այլեւս Ղուրանի վրա չէին հիմնվում, այլ՝ տնտեսական փաստերի ու թվերի:

Թե Թուրքիայում եւ թե նրա սահմաններից դուրս՝ ձեւավորվեցին մեծ սպասումներ: Էրդողանը կարողանում էր մարդկանց ոգեւորել՝ դիրքավորվելով որպես վճռական բարեփոխիչ, ով իսլամիստական շարժումներից ժամանակակից պահպանողական-ժողովրդավարական կուսակցություն էր կռում, ինչը մեծ աջակցությանն էր արժանանում ամենուր: Թերահավատների նախազգուշացումները, թե դա Էրդողանի երկարաժամկետ իրական այլ նպատակները քողարկող տակտիկա է միայն, մեծ լսարան չէին գտնում:  

Իր կառավարման առաջին ժամկետում Էրդողանը, իսկապես, անդադրում առաջ էր մղում եվրաինտեգրման եւ ներքին բարեփոխումները: Նաեւ տնտեսությունն էր շունչ առնում: Մեկը մյուսի հետեւից շինարարական մեգա-ծրագրեր էին կյանքի կոչվում, աշխատատեղերի թիվն անշեղորեն ավելանում էր, տնտեսությունը աճում էր տպավորիչ տեմպերով: Եկամուտների մեծացման եւ էժան վարկերի հնարավորության շնորհիվ՝ քաղաքացիների գնողունակությունը բում էր ապրում: Այս ամենին զուգահեռ՝ Էրդողանը, այնուամենայնիվ, քայլ առ քայլ ամրապնդում էր նաեւ կրոնի ներկայությունը հասարակական-քաղաքական կյանքում: Դրա խորհրդանշական գագաթնակետը եղավ 2020թ. հուլիսին Ստամբուլի Այա Սոֆիա տաճարը (Սուրբ Սոֆիայի բյուզանդական տաճարը՝ կառուցված 532-537.թթ. Հուստինիանոս կայսեր օրոք) կրկին մզկիթի վերածելը: Առաջին անգամ դա արել էր Մեհմեդ II. սուլթանը՝ 1453թ. մայիսի 29-ին գրավելով Կոստանդնուպոլիսը: 1935թ. Աթաթուրքի հրամանով մզկիթը վերածվել էր թանգարանի:

Սակայն, իսլամի ամրապնդումը հասարակական կայանքում Էրդողանը չէր ուղեկցում կրոնական վերնախավին պետության կառավարման մեջ լիազորություններով օժտելով: Նա չէր պատրաստվում որեւէ մեկի, այդ թվում եւ հոգեւոր դասի հետ, իշխանությունը կիսել: Ավելին, Էրդողանը  մեկուսացնում էր բոլոր նրանց, ովքեր կարող էին մրցակցել եւ խանգարել միահեծան իշխանության հասնելու իր ծրագրերին: Մեկուսացվողների ցուցակում հայտնվեց, օրինակ, նաեւ քարոզիչ, հետեւորդների մեծ կազմակերպված ցանց, բազում լրատվամիջոցներ, կրթական հաստատություններ եւ տնտեսական լծակներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենը: Նա AKP-ի կառավարման առաջին շրջանում Էրդողանին մեծապես աջակցում էր, սակայն Էրդողանն իր դիրքերն ամրապնդելուց հետո Գյուլենի ազդեցությունն ու նրա շարժման հետեւորդների՝ պետական մարմիններում ներկայացվածությունը հեռանկարային առումով վտանգավոր համարեց: Արդյունքում՝ Գյուլենը մեղադրվեց հակապետական տարբեր գործողությունների, նաեւ՝ 2016թ. ռազմական հեղաշրջմանը առնչության մեջ: Քարոզչին հաջողվեց, ի տարբերություն շատ այլ բախտակիցների, դուրս սպրդել Էրդողանի մամլիչից. նա այսօր ապրում է ԱՄՆ-ում:

2007թ. խորհրդարանական ընտրություններին AKP-ն ստացավ ձայների 46,6%-ը, իսկ   2011-ին՝  49,8%:  Էրդողանի համար հասունացրել էր պահը՝ կատարելու միահեծան իշխանության հասնելու վճռորոշ շտրիխները: 2010թ. անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվերով (մասնակիցների 57,9 %-ը կողմ էր քվեարկել) ի թիվս այլ փոփոխությունների, Էրդողանը սահմանափակեց զինվորականության ազդեցության ինստիտուցիոնալ լծակները: Դատական եւ կրթական համակարգերը, ոստիկանությունը, բանակի բարձրագույն պաշտոնների զգալի մասն արդեն նրա հավատարիմներով էին զբաղեցված (նաեւ դա էր պատճառը, որ զինվորականության 2016թ. նախաձեռնած ռազմական հեղաշրջումը ձախողվեց): Լրատվական դաշտի ենթարկեցումը եւս մեծ թափով առաջ էր գնում:

2014թ. Էրդողանն առաջադրվեց նախագահի պաշտոնում: Ըստ սահմանադրական փոփոխությունների՝ առաջին անգամ նախագահն ընտրվեց ժողովրդի ուղիղ քվեով. Էրդողանը հաղթեց 51,8%-ով: Դրան հաջորդած 2015թ. խորհրդարանական ընտրություններում՝  AKP-ն դարձյալ միանձնյա առաջատարն էր 49,5%-ով:

2017թ. Էրդողանը կատարեց մենիշխանության հասնելու իր բազմամյա, բազմաքայլ կոմբինացիայի վերջին քայլը. նախաձեռնեց Սահմանադրության մեծածավալ նոր փոփոխությունների հանրաքվե, որով Թուրքիան կառավարման խորհրդարանական համակարգից պիտի անցներ նախագահականի (փոփոխություններով նախագահը օժտվում էր չափազանց մեծ լիազորություններով):

Թուրք քաղհասարակությունը եւ մտավորական խավը պատկերացնում էր, թե դեպի ուր է գնում Էրդողանը եւ կենտրոնացրեց բոլոր ուժերը «ոչ» ասելու հանրաքվեի դրված փոփոխություններին: Քվեարկողների 48,59%-ը մերժեց փոփոխությունները: 51,4% «այո» ձայներով Էրդողանը հասավ իր նաեւ այս նպատակին:  2018թ. անցկացված նախագահական ընտրություններին (համաժամանակյա անցկացվեցին նաեւ խորհրդարանական ընտրությունները) նա հաղթեց 52,6%-ով, բայց AKP-ն արձանագրեց ձայների առաջին նկատելի անկումը՝ ստանալով 42,5%:

Չնայած Թուրքիայի ներկա արտաքին ու ներքին խնդիրներին, հատկապես՝ տնտեսական, Էրդողանը շարունակում է ինքնավստահություն ճառագել իր քաղաքական ապագայի հարցում: Նրա քսանամյա միայն վերընթաց հետագիծը, ինչ խոսք, դրա հիմք տալիս է: Սակայն, հարցի պատասխանը, թե արդյո՞ք Էրդողանը հատել է իր քաղաքական զենիթը, ինչը պնդում են նրա ընդդիմախոսները, կտան 2023թ. հունիսին համաժամանակյա անցկացվելիք   նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Այս պահի դրությամբ՝ Թուրքիայի քաղաքական դաշտում չկա մեծ խարիզմայով ու համոզչականությամբ օժտված որեւէ ֆիգուր, որը կարող է Էրդողանին լուրջ մարտահրավեր նետել: Սակայն, կա հանրային ակնհայտ մեծ դժգոհություն, որը մինչեւ հաջորդ ընտրություններ կարող է ահագնանալ եւ իրավիճակ փոխել:

Որոշ վերլուծաբաններ այս համատեքստում հիշում են ձախակողմյան HDP-ի (Halkların Demokratik Partisi՝ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն) նախագահ Սալահեթթին Դեմիրթաշին (ազգությամբ քուրդ, Դիարբեքիրից), ով, հավանաբար, կարող է Էրդողանի իշխանական մոնոլիտ բուրգը ցնցել, եթե ազատության մեջ հայտնվի: 2014թ. նախագահական ընտրություններում Էրդողանի հետ մրցակցած եւ երրորդ տեղը զբաղեցրած Դեմիրթաշի գլխավորությամբ HDP-ն 2015թ. խորհրդարանական ընտրություններում անակնկալ կերպով 13,1% ձայներով մտավ խորհրդարան (իսկ 2018թ.՝ 11,7%-ով): Եվրոպական մամուլում քուրդ Օբամա անունը ստացած Դեմիրթաշի ժողովրդականությունն արագ մեծանում էր: Սակայն, «հեռատես» Էրդողանը 2016թ. ռազմական հեղաշրջմանը հաջորդած հաշվեհարդարի իր կամպանիայի թոհուբոհի մեջ «ահաբեկչության քարոզչության», ապա՝ նախագահին, թուրքական պետությանը  հասցրած վիրավորանքի մեղադրանքներով մեկուսացրեց նաեւ նրան. Դեմիրթաշը մինչ օրս բանտում է:

Թե մեկուկես տարի հետո Թուրքիայում կայանալիք ընտրությունները ինչ փոփոխություններ կբերեն այնտեղ եւ դրանք ինչ ազդեցություն կունենան թուրքական ներքին եւ արտաքին քաղաքականության վրա՝ սպասել է պետք: Հայկական շահերի տեսանկյունից՝ Թուրքիայում առաջիկա ընտրությունների արդյունքները կարող են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձի ներկա ընթացքի վրա ազդել՝ դրական կամ բացասական առումով: Ուստի, Հայաստանը պետք է այսուհետ խոշորացույցով հետեւի այնտեղի զարգացումներին, որպեսզի հերթական անգամ անակնկալի չգա, ինչպես եղավ 2020թ.:

Կարդացեք նաեւ. Էրդողանի հայտնի ու անհայտ երանգները

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին