Ինչո՞ւ է բարերարությունը մեծ հաջողություն բերում - Mediamax.am

Ինչո՞ւ է բարերարությունը մեծ հաջողություն բերում
2692 դիտում

Ինչո՞ւ է բարերարությունը մեծ հաջողություն բերում


Այս սյունակը ես գրել եմ՝ ելնելով իմ փորձից եւ դիտարկումներից։ Այն սուբյեկտիվ է, ինչպես ցանկացած սյունակ, սակայն արտացոլում է մի միտում, որն առկա է ամբողջ աշխարհում։

Ընդամենը 15 տարի առաջ ես մի ՏՀՏ ընկերության աշխատակից էի։ Մեծ ընկերություն էր, ես էլ դրա ղեկավարներից մեկն էի։ Մեր 15 տարվա աշխատանքը բերել էր մեծ արդյունք. փոքր ստարտափը վերածվել էր միջազգային ընկերության, որն ուներ գրասենյակներ ավելի քան 20 երկրում, հազարավոր գործընկերներից բաղկացած ցանց, եւ մենք վաճառում էինք մեր համակարգերը աշխարհի ամենամեծ կորպորացիաներին։ Սակայն ես ընդամենը այդ ընկերության մասն էի, եւ իմ բոլոր հաջողությունները չափվում էին ընկերության հաջողություններով։  

Մոտավորապես այդ ժամանակ մենք հիմնեցինք «Այբ»-ը։ Այսօր ես կրթության ոլորտի մասնագետ եմ, վարում եմ կրթության կառավարման եւ առաջնորդության ծրագիր Մոսկվայի համալսարաններից մեկում, ինձ հրավիրում են տարբեր երկրներ մեծ միջազգային համաժողովների եւ միջոցառումների կազմակերպիչները ելույթ ունենալու համար: Ես բիզնես-ներդրող եմ եւ ունեմ բաժնեմասեր տարատեսակ՝ շատ արդյունավետ  ընկերություններում։ Բայց ամենակարեւորը՝ ճանաչում եւ շփվում եմ բազմաթիվ մարդկանց հետ՝ շատ հարուստ եւ ոչ այնքան, շատ հայտնի եւ ոչ այնքան, եւ այդ բոլոր մարդիկ կարեւորում են ինձ հետ շփումը։ Իսկ դա նպաստում է նոր նախագծերին, նոր հաջողություններին, նոր ֆինանսական ձեռքբերումներին։

Ինչո՞ւ այդպես ստացվեց։ Ի՞նչը ինձ դուրս բերեց մեկ հաջողված ընկերության շրջանակից եւ ինձ համար բազմաթիվ նոր դռներ բացեց։

Բարերարությունը։

Այո, այն բոլորի համար չէ։ Այո, որպեսզի մեկի հետ մի բանով կիսվես, պետք է սկզբից քո ամենաառաջնային կարիքները հոգացած լինես։ Պատկերացնենք, որ դուք դրան հասել եք։ Հիմնել եք մի գործ, որը ձեզ շատ ոգեւորում է ու նաեւ բերում է բավարար եկամուտ ձեր ընտանիքի կարիքները հոգալու համար: Կարող եք ձեզ տարատեսակ շքեղություններ թույլ տալ՝ թանկ իրեր գնել, թանկ ռեստորաններ գնալ։ Մտածում եք բնակարանն ընդլայնելու մասին՝ առանց մինչեւ վերջ հասկանալու դրա իմաստը։ Ունեք ընկերներ, հիմնականում՝ դպրոցական եւ համալսարանական տարիներից, նրանց մեծ մասն ինչ-որ տեղ աշխատում է, եւ իրենց հանդիպելիս դուք ձգտում եք ձեր գործերից չխոսել, որպեսզի իրենք շատ չնեղվեն այն բանից, որ ձեր հնարավորությունները չունեն։ Այնպես էլ չէ, որ ձեր բիզնեսը իրենց շատ է հետաքրքրում։ Ընդհանրապես բիզնեսից քիչ մարդու հետ է ստացվում խոսել, քանի որ ձեր ոլորտով զբաղվող մարդիկ հիմնականում մրցակիցներ են, իրենց հետ շատ բան չես խոսի, իսկ մնացածների ընդհանուր թեմաները սահմանափակ են։

Մարդկանց համար դուք հետաքրքիր եք այնքանով, որ լավ մարդ եք, լավ հումոր ունեք, բայց չունեք մի գաղափար, ինչով կուզենայիք կիսվել, առաջ տանել։ Այդ պատճառով ձեզ չեն հրավիրում հեռուստատեսություն, չեն ներգրավում որպես խոսնակ, եւ ընդհանրապես՝ դուք հանրային մարդ չեք։ Դուք, ձեր բիզնեսը, ընտանիքը, հարազատները, հոգսերը, ընկերները։ Այդքանը։

Բայց ժամանակ առ ժամանակ դուք տեսնում եք, որ կան խնդիրներ, որոնք ձեզ նեղում են։ Երեխաները գնում են դպրոց եւ չեն սիրում այդ դպրոցը, ու դուք չգիտեք, թե ինչ անել դրա հետ։ Գնում եք գյուղ՝ ձեր ընկերներից մեկի պապական տուն, գյուղի երեխաներին տեսնում եք, նեղվում եք այն բանից, որ իրենք աշխարհ տեսած չեն, պարզ բաներ չգիտեն։ Գործընկերներին անընդհատ պետք է վերահսկես, թե չէ մի բան այն չի լինի, եւ դուք ապշում եք՝ որքան հիմար պիտի լինես, որ երկարաժամկետ նպատակները թողած, փորձես մանր հարցերում խաբել։ Պատերազմի մասին լուրեր լսելով՝ ցավ եք զգում։ Բայց դե ամեն անգամ որոշում եք, որ դա ձեր գործը չէ, մեկ ուրիշը այդ հարցերը պիտի լուծի։ Ընկերների հետ քննարկում եք՝ ով է մեղավոր, շատ հաճախ չեք համաձայնում, բայց ամեն մեկն իր վարկածն ունի։ Գլխավորը հստակ է՝ այդ ամենը ձեր մեղքով չէ։ Բայց խիղճը, միեւնույն է, տանջում է՝ ախր մի բան պետք է անել, այսպես այլեւս չի կարելի։

Ես եւ ընկերներս այդ վիճակում էինք 15 տարի առաջ։ Մենք ստեղծեցինք «Այբ»-ը, քանի որ որոշեցինք գործել։ Կյանքը դրանից հեշտ չդարձավ, հակառակը՝ պատասխանատվությունը աճեց։ Բայց շատ նոր բաներ եկան դրա հետ։

Առաջին՝ բարերարությունը միավորում է քեզ այն մարդկանց հետ, որոնք որոշել են, որ չեն կարող մտածել միայն սեփական շահի մասին, որ պետք է հոգան այլ մարդկանց կարիքները։ Դուք կիսում եք ընդհանուր նպատակներ, գաղափարներ, ունեք բոլորի համար հետաքրքիր եւ կարեւոր թեմաներ քննարկելու եւ համատեղ գործելու համար։ Դուք ձեռք եք բերում նոր ընկերների շրջանակ։

Երկրորդ՝ դուք դառնում եք գաղափարի կրիչ։ Ունենում եք մի բան, որով ցանկանում եք բոլորի հետ կիսվել, բոլորին պատմել,  քանի որ տարված եւ ոգեւորված եք այդ գաղափարներով ու նպատակներով։ Արդեն ձեր որոշելիքն է՝ անմիջապես կխոսեք մարդկանց հետ, թե հանրայնորեն։

Երրորդ՝ նոր ընկերների շնորհիվ ընդլայնվում են ձեր պատկերացումները, աշխարհայացքը եւ հնարավորությունները։ Դուք հասկանում եք, որ ինչ-որ առումով նման էիք այդ գյուղի երեխաներին՝ աշխարհի եւ դրանում իրենց հնարավորությունների մասին իրենց սահմանափակ պատկերացումներով։ Դրա շնորհիվ աճում եւ զարգանում է ձեր բիզնեսը, ի հայտ են գալիս նոր հնարավորություններ։ Տեսնելով, որ դուք հոգում եք ոչ միայն ձեր մասին, աշխատակիցներն ավելի են ձեզ վստահում, պատրաստ են ավելին անել, օրինակ են վերցնում ձեզնից։

Բիզնեսմենի պատմությունն ընդամենը օրինակ էր։ Պետք չէ մեծ ֆինանսական հաջողություն ունենալ բարերար դառնալու համար։ Երբ հիմնեցինք «Այբ»-ը, ես աշխատավարձից բացի ֆինանսական այլ աղբյուր չունեի։ Անգամ բավարար միջոցներ ունենալով՝ նախընտրում էի դրանք հատկացնել երկրում կրթության զարգացմանը, այլ ոչ թե նոր մեքենա գնելուն։ Հարցն առաջնահերթության մեջ է, թե ինչն է քեզ ուրախացնում եւ իմաստավորում քո կյանքը՝ մեր երկրի երեխաների հաջողությունները եւ Հայաստանի ապագա՞ն, թե՞ թանկ ու հարմարավետ մեքենան։

Սակայն վերադառնանք այս սյունակի հիմնական մտքին՝ բարերարությանը: Այլոց մասին հոգալը կբերի ձեզ այնպիսի հաջողություններ, այնպիսի դռներ կբացի ձեր առջեւ, որոնց մասին պատկերացում անգամ չունեիք։ Դուք չեք ընտրում ունենալու եւ կիսվելու միջեւ։ Կիսվելով՝ դուք հարստանում եք։

Արամ Փախչանյանը ABBYY ընկերության փոխնախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին